Լեզուի պետական կոմիտէի նախագահ պարոն Դաւիթ Գիւրջինեանին,
Մի քանի րոպէ առաջ ստացայ կցուող ազդի լուսանկարը: Առաքող բարեկամս յոյժ վրդովուած էր, որ երկու իբրեւ թէ հայազգի երգիչներ Երեւանի սրտում իրենց տալիք համերգի ազդը տպել են ՄԻԱՅՆ անգլերէն: Նշոյլ իսկ չկայ ՀՀ պետական ՄԻԱԿ լեզուից՝ հայերէնից:
Տեղեկացնելով այս մասին, պահանջում եմ, որ այս երկոտանի արարածների եւ նրանց ազդը տարածողների նկատմամբ Լեզուի պետական կոմիտէն ԱՆՅԱՊԱՂ քայլերի դիմի, ընդհուպ համերգի պարտադիր չեղարկումը եւ ՀՀ լեզուական օրէնսդրութիւնն ու մեր ազգային արժանապատուութիւնը ոտնակոխողների նկատմամբ խստագոյն ուրիշ պատիժների կիրառումը:
Գէորգ Եազըճեան
Երեւան, 29 յունուար 2023, գիշեր
ՅԳ. Զգուշացնում եմ, որ այս խայտառակութիւնները շարունակուելու դէպքում՝ համախոհների հետ դիմելու ենք համապատասխան ինքնակամ քայլերի՝ ամբողջ պատասխանատուութիւնը բեռցնելով հարկատուներիս հաշուին սնուող, բայց ԱՆԳՈՐԾՈՒՆԵԱՅ ՀՀ պետական մարմիններին: Իսկ եթէ մեր նկատմամբ ինչ-ինչ պատժիչ քայլերի դիմուի՝ դրանց եւս պատրաստ ենք: ԹՈՂ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ ՄԵԾԱԳՈՅՆ ԱՄՕԹՈՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԻ, ՈՐ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒԻ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ՆՐԱՆ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒԻ ԻՍԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ ՀԱԼԱԾՈՒՄ ԵՆ ԵՒ ՊԱՏԺՈՒՄ: