Երիտասարդ գիտնականի ամբիոն
ՅոՅուլիա Անտոնյանը մշակութային մարդաբան է, Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի Մշակութաբանության ամբիոնի դասախոս: Գիտնականի լիարժեք կարիերան սկսել է ընդամենը 6 տարի առաջ: Մինչ այդ աշխատել է այլ բնագավառում, թեև ազատ ժամանակ «ինքն իր համար» հետազոտություններ է արել, որոնք իր թեկնածուական դիսերտացիայի հիմք են հանդիսացել: Հետո, իր խոսքով, հանկարծ որոշել է փոխել կյանքն ու անել այն, ինչ ուզում է, այլ ոչ թե այն, ինչ պատահի: Գիտական հետաքրքրությունները կապված են մի քանի բնագավառների հետ, որոնցից թերևս ամենաընդարձակը ժամանակակից կրոնական գործընթացներն են: Մինչ այսօր նրա ուսումնասիրման դաշտը կապված է եղել ժամանակակից մոգական պրակտիկաների, նեո-հեթանոսության շարժման, ժամանակակից եկեղեցաշինության և պատկերապաշտության մարդաբանական ասպեկտների հետ. «Ժամանակ առ ժամանակ փորձում եմ նաև փորփրել հարևան բնագավառները, օրինակ, իրականացրել եմ «հայ մտավորականություն» հասկացության սոցիալական և մարդաբանական ասպեկտներին նվիրված մի հետազոտություն»: Հաջողությունների մասին դժվարանում է խոսել. «Չգիտեմ՝ ի՞նչը պետք է համարել հաջողություն այս կյանքում: Ունեմ կյանքի և հետազոտական հետաքրքիր փորձ, տարբեր լեզուներով տպագրված հոդվածներ, մշակած հետաքրքիր կուրսեր, որոնք հավեսով դասավանդում եմ իմ ուսանողներին: Ու ամենակարևորը` ունեմ գործունեության ասպարեզ ու հետագա աշխատանքի լիքը պլաներ»:
–Յուլիա, ի՞նչ միջազգային գիտաժողովներում ու այլ գիտական ֆորումներում եք ներկայացրել Ձեր աշխատանքները և ինչպիսի՞ արձագանքներ են դրանք ստացել։
–Միջազգային գիտաժողովների շատ չեմ մասնակցել (ընդամենը՝ 6-7), նախ` ընտանեկան պատճառով (երեխաներս դեռ փոքր են) և ֆինանսական պատճառով, քանի որ համալսարանը, ինչպես ասում են, միջոցներ չունի՝ գիտնականներին միջազգային կոնֆերանսներ ուղարկելու, իսկ ես ժամանակ չունեմ՝ ուրիշ տեղերից միջոցներ հայթայթելու: Իմ մասնակցած վերջին մի քանի գիտաժողովներից կուզենայի առանձնացնել 2011 թ. Կրոնի սոցիոլոգիայի միջազգային հանրության կոնգրեսը Էքս-ան-Պրովանսում և 2012 թ. Սանկտ-Պետերբուրգում Եվրոպական համալսարանի կողմից կազմակերպած՝ ժամանակակից կրոնական շարժումներին նվիրված միջազգային գիտաժողովը: Աշխատանքներիս մասին դրական արձագանքներ ստացվում են և ո՛չ միայն գիտնականներից, այլ նաև սովորական մարդկանցից, ինչն առանձնապես հաճելի է:
–Ի՞նչ միջազգային գիտական համագործակցություններում եք ընդգրկված և ինչպիսի՞ն է դրա արդյունավետությունն ու օգտակարությունը։
–Ես հիմա ընդգրկված եմ միջազգային հետազոտական մի ծրագրում, որի նպատակն է՝ ուսումնասիրել կրոնի, քաղաքականության և ժողովրդավարության հետ կապված գործընթացների փոխկապվածությունը Հարավային Կովկասում: Այդ ծրագիրը մեր և արտասահմանյան գիտնականների համագործակցության հետաքրքիր փորձ է: Այժմ աշխատում եմ միացյալ, համագործակցային մի քանի ծրագրերի առաջարկների վրա, դեռ արդյունքը հայտնի չէ: Բոլոր դեպքերում, համարում եմ, որ ցանկացած համագործակցություն արդյունավետ է:
–Ինչպե՞ս եք գնահատում միջազգային գիտական տարածքին Ձեր և ձեր խմբի ինտեգրվածության աստիճանը, ի՞նչ հեռանկարներ եք տեսնում։
–Միջազգային գիտական տարածքին իմ ինտեգրվածությունը կայացման ընթացքում եմ համարում: Բայց հայ գիտնականների միջազգային գիտական տարածք ինտեգրվելու հարցը շատ լուրջ է: Խնդիրը միայն այն չէ, որ հայ գիտնականները մասնակցեն միաջազգային ծրագրերում, դրամաշնորհներ ստանան կամ սովորեն ու աշխատեն արտասահմանում: Առանձին գիտնականների օրինակով դա արդեն տեղի է ունենում, ու հավանաբար գործընթացը ակտիվանալու է: Բայց դա չի նշանակում՝ ամբողջ հայկական գիտության ինտեգրումը միջազգային գիտական տարածք: Ինտեգրման գործընթացը առաջին հերթին պահանջում է ամբողջ գիտական համակարգի վերափոխումը, ստանդարտ համարվող տեսական գիտելիքների ու գործնական ունակությունների վերանայումն ու արդիականացումը, գիտական հաղորդակցման որակի փոփոխությունը: Հայկական ակադեմիայում և բուհերում այդ գործընթացը ֆորմալ խրախուսվում է, իսկ գործնականում` խոչընդոտվում, հաճախակի ավագ սերնդի վերաբերմունքի և դիրքի պատճառով: Ավագ սերնդից շատ քչերն են տեղյակ ու հետևում ժամանակակից միջազգային գիտական զարգացումներին, ու դա պայմանավորված է օբյեկտիվ պատճառներով` օտար լեզուների թույլ իմացությամբ, ժամանակակից ինտերնետ տեխնոլոգիաներից օգտվելու անկարողությամբ և այլն: Բայց, միևնույն ժամանակ, նրանցից մի մասը չի էլ ուզում ընդունել իրենց գիտական տկարության փաստը: Ինձ հայտնի են դեպքեր, երբ երիտասարդ գիտնականի արտասահմանում ստացած գիտական աստիճանը արհամարհվում է Հայաստանյան ղեկավարների կողմից, արտասահամնում տպագրվող հոդվածները չեն նկատվում ու նույնիսկ չեն մտցվում գիտական հաշվետությունների մեջ` «Դուք մեզ ձեր օտար լեզուներով ե՞ք փորձում զարմացնել»: Ժամանակակից տեսության իմացությունը արժանիք չի համարվում ավագ սերնդի նման ներկայացուցիչների կողմից, անգամ որոշ դեպքերում դիտվում է՝ որպես թերություն, որն իբր խանգարում է (հումանիտար գիտություններում) հայկական նյութի խորը իմացությանը և նման անհեթեթ բաներ: Ի՞նչ ինտեգրման մասին կարող է լինել խոսքը, երբ տեղական գիտաժողովների ժամանակ չի ծավալվում որևէ լուրջ քննարկում, քանի որ մասնակիցների մակարդակները սար ու ձորի նման տարբեր են, ու նրանք խոսում են տարբեր գիտական «լեզուներով»: Դրա արդյունքն է՝ Հայաստանի ակադեմիայի շրջանակներում ուժեղ, արդյունավետ, գործունակ գիտական կոլեկտիվների բացակայությունը` անգամ առանձին որակյալ շատ գիտնականների խմբերի առկայության դեպքում: Ես գիտեմ, որ ինձ միգուցե և առարկելու են՝ մատնացույց անելով բազում գործող լաբորատորիաներ, որոնք առաջին հայացքից հետազոտություններ են անում, հոդվածներ տպագրում, բայց հավատացնում եմ, դրանց մեծ մասը կամ միջազգային մակարդակից շատ ավելի ցածր է, կամ մեկ-երկու տաղանդավոր ու գրագետ գիտնականի ջանքերի (այն էլ՝ չհատուցվող) շնորհիվ են գոյատևում, այն էլ՝ արտասահմանյան կազմակերպությունների հետ համագործակցության հաշվին:
–Ի՞նչ գիտական մրցանակներ և դրամաշնրհներ եք ստացել, որքանո՞վ են դրանք կարևոր։
–Մրցանակներ չեմ ստացել ու չեմ էլ առաջադրվել: Դրամաշնորհներ, իհարկե, ստացել եմ, հիմնականում՝ անհատական հետազոտությունների համար` Բյոլլ հիմնադրամից, Կարնեգի հիմնադրամից (Կովկասյան հետազոտական ռեսուրսների կենտրոնի միջոցով): Դրամաշնորհային ծրագրերը, լրացուցիչ ֆինանսավորման տեսակետից, իհարկե, շատ կարևոր են, բայց երբ նրանք դառնում են գոյատևման հիմնական աղբյուր, դա նշանակում է գիտության վերջը: Դրամաշնրհային ծրագրերը սովորաբար առաջարկում են կոնյունկտուրային թեմաներ, որոնց շրջանակներում սովորաբար որևէ լուրջ գիտական բացահայտում անելու հնարավորությունը շատ փոքր է, քանի որ ֆինանսավորողները պահանջում են հստակ ու արդեն հայտնի տեսական շրջանակներում ընդամենը էմպիրիկ հետազոտություններ: Լավագույն դեպքում, կարելի է առաջարկել ծեծված թեմայի ինչ–որ օրիգինալ մեկնաբանում:
–Ինչքա՞ն ժամանակ եք աշխատել արտասահմանում, որտե՞ղ։ Ի՞նչ հիմնական տարբերություններ կթվարկեք Հայաստանում և դրսում գիտական աշխատանքով զբաղվելու հարցում։
–Ես արտասահմանում չեմ աշխատել, սակայն գտնվել եմ արտասահմանյան գիտական միջավայրում՝ կարճատև ուսումնական և ճանաչողական այցերով (Բերկլիի, Աբերդինի համալսարաններում) և հնարավորություն եմ ունեցել՝ ուսումնասիրելու առաջարկվող հնարավորությունները, նաև այնտեղ աշխատելու բոլոր պլյուսերն ու մինուսները: Տարբերությունների թվարկելը պետք է սկսել նրանից, թե ո՞ր կարգավիճակում են մարդիկ աշխատում արտասահամանում` որպես Postdoc, faculty member, PhD student, թե՞ ուրիշ: Տարբերություններն այդ կարգավիճակների միջև շոշափելի են թե՛ աշխատավարձի, թե՛ կարիերային հնարավորությունների, թե՛ այլ արտոնությունների տեսակետից: Բոլոր դեպքերում, արտասահմանյան գիտական համակարգում անգամ միջակությունները շատ անգամ ավելի պրոֆեսիոնալ են, քան թե մեր անվանի որոշ պրոֆեսորներ: Պահանջներն ավելի մեծ են, չափանիշները՝ ավելի դաժան, իսկ պայմանները՝ անհամեմատ լավ (հարուստ գրադարանային միջոցներ, պրոֆեսիոնալ գիտական դիսկուրսի մեջ ընդգրկված լինելու ավելի լայն հնարավորություններ, հետազոտության ժամանակակից տեխնիկական ու լաբորատոր հագեցվածություն):
–Ինչպե՞ս եք գնահատում ներքին համագործակցության մակարդակը Հայաստանում գործող գիտնականների, գիտական խմբերի միջև։
–Դեռ շատ ցածր է, բայց վերջին մի քանի տարում իրավիճակը զգալիորեն լավանում է: Նախ, Արմակադ ցանցն է շատ օգնում, երկրորդը` ակտիվանում են տարբեր եիտասարդ գիտնականների ասոցիացիաները, օրինակ, կենսաբանության, սոցիոլոգիայի բնագավառներում: Մենք` մշակութաբաններս, մարդաբաններս, ազգագրագետներս էլ նախաձեռնում ենք մի շարք շարունակական միջոցառումներ (սեմինարներ, հանդիպումներ, դասախոսություններ, քննարկումներ համացանցում), որոնք նպաստում են ժամանակակից գիտական դիսկուրսի զարգացմանը: Հայաստանում ձևավորվում են երիտասարդ գիտական ուժեր, որոնք, ես հույս ունեմ, հեղափոխելու են ամբողջ համակարգը: Պարզապես, դա պետության կողմից գործադրած որոշ ջանքերի շնորհիվ կարող է մի քիչ ավելի շուտ տեղի ունենալ, ինչից բոլորը շահելու են:
Մանե Հակոբյան