ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, «Արցախփրէս».- Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեան «Արցախփրէս» լրատուական գործակալութեան եւ «Ազատ Արցախ» թերթին տուած հարցազրոյցին մէջ անդրադարձաւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ 5 Յունիսի ճեպազրոյցին ընթացքին կատարած յայտարարութիւններուն:
«ՀԱՐՑՈՒՄ.- Պարո՛ն նախագահ, այսօր Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանն լրագրողների հետ ճեպազրոյցում նշել է, որ նախորդ իշխանութիւնների ժամանակ Արցախի ղեկավարութիւնը տեղեակ չի եղել բանակցային գործընթացի մանրամասներին: Արդեօք պաշտօնական Ստեփանակերտը տեղեակ չէ՞ր այդ մանրամասներին:
ԲԱԿՕ ՍԱՀԱԿԵԱՆ.- Գիտէք, երբ Նիկոլ Փաշինեանն ստանձնեց Հայաստանի Հանրապետութեան վարչապետի պաշտօնը, բանակցային գործընթացն այն առաջնային հարցերից էր, որոնց շուրջ քննարկումներ են եղել մեր միջեւ: Դրանք ես կարող եմ որակել որպէս ազնիւ եւ սկզբունքային, ինչի մասին բազմիցս հրապարակայնօրէն յայտարարել եմ:
Վերջերս Հայաստանի Հանրապետութեան վարչապետը տրամադրել է մեզ որոշ փաստաթղթեր բանակցային գործընթացի մասին: Մենք էլ մեր հերթին Հայաստանի Հանրապետութեան վարչապետին ենք փոխանցել բանակցային գործընթացին առնչուող մեզ մօտ առկայ փաստաթղթերի փաթեթը:
Առհասարակ, ե՛ւ հիմա, ե՛ւ նախկինում Ադրբեջանի հետ բանակցութիւններից առաջ եւ դրանցից յետոյ Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնները տեղեակ էին պահում Արցախի ղեկավարութեանը քննարկուող հարցերի եւ վերջին զարգացումների մասին:
Ընդհանրապէս, ուզում եմ ընդգծել, որ շահարկումներ թոյլ չտալու լաւագոյն եւ գուցէ միակ հնարաւորութիւնը բանակցութիւնների լիարժէք ձեւաչափի վերականգնումն է՝ Արցախի անմիջական մասնակցութեամբ:
ՀԱՐՑՈՒՄ.- Վարչապետ Փաշինեանը նաեւ յայտարարել է, որ կան որոշ դաւադիրներ եւ Արցախի իշխանութեան ներկայացուցիչներ, որոնք իրենց օգնականներին յորդորում են «ֆէյսբուք»ում գրառումներ կատարել, թէ Փաշինեանը հողեր է ծախում: Ի՞նչ կ՛ասէք սրա մասին:
ԲԱԿՕ ՍԱՀԱԿԵԱՆ.- Նմանատիպ հարցեր ինձ արդէն ուղղել են, մասնաւորապէս՝ ս.թ. 20 Մայիսին ՀՀ Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցութեան անդամների ու լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ես ասել եմ, որ եթէ կան դաւադիրներ, նրանք պատժուելու են, եւ եթէ որեւէ մէկին յայտնի են կոնկրետ անձինք եւ նրանց դաւադրութեան ապացուցուած փաստեր, ապա թող մեզ տեղեկացնեն, եւ մենք համապատասխան քայլեր կը ձեռնարկենք:
Մեր ամենակարեւոր ձեռքբերումներից մէկը մեր միասնականութիւնն է, եւ անթոյլատրելի եմ համարում այն խարխլելուն ուղղուած ցանկացած քայլ՝ լինի դա Արցախում, Հայաստանում թէ Սփիւռքում: Անընդունելի եմ համարում դաւադրական պահելաձեւն առհասարակ: Եթէ կան կասկածներ, անվստահութիւն այս կամ այն երեւոյթի, անձի կամ պաշտօնեայի նկատմամբ, կարեւոր եմ համարում այդ բոլոր հարցերի շուրջ փոխադարձ յարգանքի մթնոլորտում քննարկումների եւ ընդհանուր յայտարարի գալու անհրաժեշտութիւնը: Մենք ունենք մէկ հայրենիք, եւ բոլորիս պարտքն է անել ամէն ինչ նրա միասնականութիւնը պահպանելու համար»:
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինեան լրագրողներու հետ զրոյցի մը ընթացքին անդրադարձած էր Արցախի հարցի բանակցային գործընթացին վերաբերեալ շահարկումներուն:
Անդրադառնալով իր կողմէ բազմիցս դաւադիրներու մասին կատարուած յայտարարութիւններուն՝ Փաշինեան նշած է, որ այդ հարցը յառաջացած է Հայաստանի եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութիւններուն հետ հանդիպումներէ ետք:
«Ես Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարութեան եւ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարութեան հետ մի քանի անգամ հանդիպումներ եմ ունեցել, եւ ներկայացրել եմ Արցախի հարցի լուծման վերաբերեալ իմ տեսլականը, եւ հետաքրքրուել եմ՝ իմ առաջադրած տեսլականի հետ կապուած համաձայն են, թէ ոչ: Պարզուել է, որ դրա հետ բոլորը համաձայն են: Եւ, երբ դրանից յետոյ այդ սեղանի շուրջ ներկայ մարդիկ հրահրում են՝ ասելով, որ այս կառավարութիւնը հողեր է ծախում, իմ մօտ հարց է առաջանում՝ ես այս մարդու հետ գաղտնիութեան պայմաններում նստել, խօսել եմ, թէ ինչ պայմաններում պէտք է գնանք առաջ, եթէ այս մարդը դուրս է գալիս, իր օգնականին ասում է՝ «Ֆէյսպուք»ում գրի, որ Փաշինեանը հողերը ծախում է, ինչի՞ համար է դա անում: Ես եմ Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերաբերեալ փաստաթղթերը փոխանցել Արցախի իշխանութիւններին: Նրանք դրանից առաջ տեղեակ չեն եղել, թէ ինչ է բանակցուել ինձնից առաջ», ըսած էր վարչապետը: