Թարգմանութիւնը՝
ԿԱՐԷՆ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆի
Ռուսական «Կոմերսանտ» թերթը ծաւալուն յօդուած է հրապարակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղուած դիմումի վերաբերեալ: Փաշինեանը Պուտինին Շաբաթ օրը դիմել էր՝ սկսելու անյապաղ երկկողմ խորհրդակցութիւններ Ռուսաստանի հնարաւոր ռազմական օգնութիւնը քննարկելու համար:
Ժընեւում ձեռք բերուած՝ ղարաբաղեան հակամարտութեան գօտում հրադադարի վերաբերեալ արդէն չորրորդ պայմանաւորուածութեան տապալումը եւ ադրբեջանական բանակի շարունակուող յարձակումը ստիպեցին Երեւանին գնալ ծայրայեղ քայլերի, գրում է թերթը:
Ղարաբաղեան նոր պատերազմի ընթացքում առաջին անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը դիմել է Ռուսաստանին՝ խնդրելով քննարկել Ռուսաստանի աջակցութիւնը իր երկրի անվտանգութեան ապահովման գործում: Երեւանում, ըստ թերթի, հասկացնել են տալիս, որ առաջիկայ օրերին նախատեսուած խորհրդակցութիւնների ընթացքում կը բարձրացուի ռազմական օգնութեան հարցը:
«Նիկոլ Փաշինեանի ուղերձը Մոսկուային շատ դժուար ընտրութեան առաջ է կանգնեցրել: Բաքուի եւ նրա հետեւում կանգնած Թուրքիայի հետ հակամարտութիւնը Մոսկուայի համար անընդունելի է, սակայն Մոսկուան չի կարող թոյլ տալ իր դաշնակցի պարտութիւնը, որը հարուած կը լինի յետխորհրդային տարածքում Ռուսաստանի հեղինակութեանն ու շահերին»,- գրում է «Կոմերսանտ»ը:
«Հասկացնելով, որ ինքը բացառում է Ղարաբաղի հարցում փոխզիջման հնարաւորութիւնը՝ Նիկոլ Փաշինեանը գնաց արմատական քայլի, որը չէր համարձակւում անել նախկինում: Շաբաթ առաւօտեան Հայաստանի ղեկավարը ուղերձ յղեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ նրան կոչ անելով խորհրդակցութիւններ սկսել անվտանգութեան ապահովման հարցում Հայաստանին աջակցութեան հարցով: Հայաստանի ԱԳՆ յայտարարութեան մէջ չեն բացայայտւում պարոն Փաշինեանի նամակի մանրամասները, սակայն նշւում է, որ նա «մանրակրկիտ ներկայացրել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում եւ առաջացած մարտահրաւէրները»»:
«ՌԻԱ Նովոստ»ի գործակալութեանը Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանեանն ասել է, որ խորհրդակցութիւնները կը սկսուեն առաջիկայ օրերին:
«Կոմերսանտ»ի կողմից հարցուած փորձագէտների կարծիքով՝ հակամարտութեան գօտում ռազմական անյաջողութիւնների ֆոնին սրման վրայ խաղալով եւ օգնութեան խնդրանքով դիմելով Ռուսաստանին՝ Հայաստանի միակ հնարաւոր արտաքին պաշտպանին՝ Նիկոլ Փաշինեանը դիմել է ծայրայեղ քայլի: Այդ քայլը ոչ միայն բարդ դրութեան մէջ է դնում Մոսկուային, այլեւ կարող է հետեւանքներ ունենալ Հայաստանի առաջնորդի քաղաքական ապագայի համար:
«Դատելով ամէնից՝ Փաշինեանը մտադիր է Մոսկուայից ուղիղ պահանջել դաշնակցային պարտաւորութիւնների կատարում՝ ե՛ւ բազմակողմ (ՀԱՊԿ շրջանակում), ե՛ւ երկկողմ (Հայաստանում ռուսական ռազմակայանի գտնուելու մասին պայմանագրով)», «Կոմերսանտ»ին պարզաբանել է «Անատոլի Սոբչակ» հիմնադրամի փորձագէտ Սերգէյ Ստանկեւիչը, որը 1990ականներին ՌԴ նախագահի քաղաքական հարցերով խորհրդական էր եւ մասնակցել է յետ-խորհրդային տարածքում հակամարտութիւնների կարգաւորման բանակցութիւններին:
«Մոսկուայի համար անընդունելի է հակամարտութեան մէջ ներքաշուել Ադրբեջանի եւ նրա թիկունքում կանգնած Թուրքիայի հետ Ղարաբաղի շուրջ վէճի պատճառով: Նման քայլը կարող է յանգեցնել աղէտալի կորուստների առանց որեւէ դրական իմաստի: Մոսկուան բոլոր հիմքերն ունի մերժելու Երեւանին ուղղակի ռազմական օգնութեան պահանջը՝ հաշուի առնելով, որ Ղարաբաղը Հայաստանի մաս չէ, եւ նրա կարգավիճակը չի ճանաչել անգամ Երեւանը», նշում Է Սերգէյ Ստանկեւիչը:
«Նիկոլ Փաշինեանի ուղերձը Ռուսաստանի ղեկավարութեան առջեւ բարդ երկընտրանքներ է դնում: Հայաստանի կողմում բացայայտ ռազմական միջամտութիւնն անխուսափելիօրէն հարց կ՛առաջացնէր Մոսկուայի հաւասարութեան եւ հակամարտութեան մէջ նրա միջնորդական դերի մասին: Այդ դէպքում նոյն Անկարան կը յայտարարէր, որ իր դիրքորոշումը ոչնչով վատ չէ, քանի որ եւրասիական երկու խոշոր տէրութիւնները սատարում են իւրայիններին»,- նշում է Մոսկուայի միջազգային յարաբերութիւնների պետական ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգէյ Մարկեդոնովը:
«Մէկ այլ սցենար (բեմագրութիւն-Խմբ.)՝ դիմումը բացառապէս ֆորմալ-իրաւական սիւժեներին (ենթականերուն-Խմբ.): Սակայն նման դիրքորոշումը կ՛ամրապնդի Հայաստանի ներսում տրամադրութիւնները նր-անց մօտ, ովքեր Ռուսաստանի հետ դաշնակցային յարաբերութիւնները ռազմավարական տեսանկիւնից ձեռնտու չեն համարում: Հայ քաղաքական հանրութեան համար այն, ինչ տեղի է ունենում Ղարաբաղում, անբաժան է բուն Հայաստանից», ասում է Մարկեդոնովը:
Նրա կարծիքով՝ իրավիճակում, երբ «խաղադրոյքները շատ բարձր են, կարեւոր է պահպանել հակամարտութեան երկու կողմերի վրայ ազդեցութիւնը եւ բաց չթողնել տարածաշրջանում քաղաքական նախաձեռնութիւնը»:
«Բոլորովին պարտադիր չէ ամէն ինչ տանել ընտրութեան՝ բաց ռազմական միջամտութիւն կամ լռութիւն: Բաւական է պողպատէ նոտաներ աւելացնել Մոսկուայի ձայնին՝ անյապաղ հրադադարի եւ բանակցութիւնների սեղանի շուրջ վերադառնալու պահանջների վերաբերեալ: Դիւանագիտական ակտիւացումը (աշխուժացում-Խմբ.) շատ կարեւոր է: Եւ չարժէ այդքան կոշտ կապուել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի հետ: Բացի այդ, Մոսկուան կարող է մեծացնել իր սեփական գործողութիւնները», ասել է Մարկեդոնովը:
«Ռուսաստանի կողմից ղարաբաղեան հակամարտութեանը ուղղակի ռազմական միջամտութիւնը խելամիտ չէր լինի՝ հաշուի առնելով, որ նման գործողութիւններն անմիջապէս կը զրկէին նրան կողմերի միջեւ առանցքային միջնորդի դերում հանդէս գալու իրաւունքից: Որեւէ հիմք չկայ ենթադրելու, որ Մոսկուան կ՛ընտրի այդ սցենարը հաշուի առնելով նրա բոլոր նախկին յայտարարութիւններն ու անսպասելիօրէն մեղմ դիրքորոշումը, որը նախագահ Պուտինը ստանձնել է Բաքուի թիկունքում կանգնած Թուրքիայի նկատմամբ: Բացի այդ, Մոսկուայում չեն կարող իրենց հաշիւ չտալ, որ ներկայիս իրավիճակը շատ բանով հրահրել է ինքը՝ Նիկոլ Փաշինեանը՝ Ադրբեջանի հասցէին իր ընդգծուած կտրուկ յայտարարութիւններով, որ իրենց թոյլ չէին տալիս նրա նախորդները», ասում է ՌԴ միջազգային գործերի խորհրդի գլխաւոր տնօրէն Անդրէյ Կորտունովը:
«Սակայն, վերապահումներ ունենալով Նիկոլ Փաշինեանի նկատմամբ՝ Մոսկուան չի կարող թոյլ տալ, որ իր ազդեցութեան ուղեծրից հեռանայ վիրաւորուած Հայաստանը. նման սցենարը վատ օրինակ կը լինի յետ-խորհրդային տարածքում այլ դաշնակիցների հետ յարաբերութիւնների համար եւ խիստ տհաճ հետեւանքներ կ՛ունենայ Ռուսաստանի ռազմավարական շահերի համար ողջ Եւրասիայում: Այդ պատճառով հրաժարուելով պատերազմել Հայաստանի համար՝ Ռուսաստանը պէտք է դիտարկի Երեւանին օգնելու տարբերակները, ներառեալ սպառազինութիւնների մատակարարումները, որոնք կարող են նրա դաշնակցին զերծ պահել պարտութիւնից», ասել է Անդրէյ Կորտունովը: