Հարցազրույց երիտասարդ նկարչուհի Լիլիթ Տոնականյանի հետ։
Լիլիթ Տոնականյանը ծնվել է Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 2009թ.-ին ավարտել է Արթիկի գեղարվեստի դպրոցը: 2016թ.-ին ավարտել է Երեւանի գեղարվեստի պետական ակադեմայի Գյումրու մասնաճուղի գեղանկարչության բաժինը: Ուսման տարիներին մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների եւ միջոցառումների, այդ թվում՝ 2013թ. -ին ԵԳՊԱ Գյումրի – «Ձմեռը մեր աչքերով» ցուցահանդեսին: 2014թ. -ին մասնակցել է Իտալական «Benetton Imago Mundi» կազմակերպված ցուցահանդեսին, նույն թվականին՝ «Գարնան մոտիվներով» ցուցահանդեսին(Արթիկի մշակույթի տուն): 2014թ.- ին արժանացել է ՀՀ Շիրակի մարզպետարանի պատվոգրին՝ Շիրակի մարզի Թորոս գյուղում կազմակերպված «Մինասի գույներով» միջոցառմանը մասնակցության համար: 2015թ – անհատական ցուցահանդեսներ է բացել ԵԳՊԱ Գյումրի (Աշնան գույներով), 2015թ.- Կալինինո, Տաշիր,2016 թ.-ին Դիլիջան եւ այլ քաղաքներում։ 2016 անհատական ցուցահանդես է բացել հայրենի քաղաքի Վարազ Սամուելյանի մշակույթի տանը :
– Տարիների հեռվից գնահատելով ձեր անցած ճանապարհը, ինչպե՞ս կներկայացնեք այսօրը՝ որտեղից ուր եք հասել:
-Տարիների անցած իմ բուռն ջանքերի շնորհիվ ,որը ես նվիրել եմ իմ արվեստին ,այսօր հասել եմ լուսավոր մի կետի և շարունակում եմ ստեղծացործել։
–Ձեր բնորոշմամբ ինչպիսի՞ հատկություններով պետք է օժտված լինի իսկական նկարիչը:
-Իսկական նկարչին բնորոշ է աշխատասիրություն, մեծ եռանդ և նվիրվածություն իր ստեղծագործական աշխատանքների հանդեպ։
– Ինչի՞ վրա է բևեռացված մեր հասարակությունը, ի՞նչ որակ է ձևավորում այսօր ստեղծվող արվեստը մեր երկրում:
–Այսօր մեր հասարակությունը բևեռված է գոյատևելու և բարեկեցիկ կյանք ապահովելու պայքարի թոհուբոհի մեջ։ Այս ամենին զուգահեռ մեր հայկական սպորտային արվեստը միշտ առաջատար տեղ գրավելով թե միջազգային ասպարեզում, թե Հայաստանի այլ մարզերում ապացուցում է մեր ուժեղ եւ հզոր կամքի մասին
– Մշակույթը ներկայացնում է տվյալ ժողովրդի դիմագիծը, կարո՞ղ ենք այսօր պարծենալ մեր մշակույթով:
-Անկասկած, մենք իհարկե պետք է հպարտանանք հայկական մշակույթով՝ այն տարածելով ամենուր։ Նաեւ անհատական ցուցահանդեսների միջոցով պետք է ներկայացնել մեր հարուստ մշակույթը
–Մտավորականի ու նկարչի Ձեր բնորոշումը:
-Մտավորականի գաղափարական հարուստ ներաշխարը ինչպես և նկարչի ստեղծագործական աշխարհայացքն ու ընկալումը պետք է առաջատար դիրքում լինի, որպեսզի մենք մեզ համարենք հոգով հարուստ
–Կա՞ մի բան,որ չասել չեք կարող։
–Ստեղծված իրավիճակից է կախված կլռեմ, թե կասեմ
–Ի՞նչ հասարակական պահանջ է դրված նկարչի առջև։
-Նկարիչը ինքն իր առաջ պետք է դնի միշտ ստեղծագործելու և արարելու խնդիրը։
–Իսկ ի՞նչն է տարանջատում մեր այսօրվա նկարիչներին։
-Բոլոր նկարիչները ունեն իրենց ուրույն ձեռագիրը և մոտեցման ձև եորով տարբերվում են միմյանցից։
–Իսկ որքա՞ն հաճախ եք հանդես գալիս անհատական ցուցահանդեսներով ու դրանք ինչպիսի՞ բնույթ են կրում։
-Ամեն տարի ունենում եմ անհատական ցուցահանդեսներ , որտեղ իմ նոր գործերն եմ ներկայացնում , իմ աշխատանքներում գերիշխում են վառ ու լուսավոր գույները , որոնք փորձում եմ հաղորդել հանրությանը
–Մի քանի խոսքով խնդրում եմ ներկայացրեք, թե ինչպե՞ս են ընտրվում Ձեր նկարների թեմաները։
-Տվյալ պահին առաջացած մտքերս ու հույզերս տալիս են նոր թեմաներ, որը հաղորդում եմ կտավին
–Արդյոք այսօրվա նկարիչները գնահատվում կամ խրախուսվում են պետության կողմից։
-Իմ փորձից ելնելով չէի ասի։ Մինչ այժմ ես ճանաչում եմ ձեռք բերել միայն իմ ջանքերի շնորհիվ։
–Ո՞րն է նկարչի տեղը հասարակության մեջ։
-Նկարիչը պետք է առաջատար տեղ գրավի հասարակության մեջ, քանզի մեր մշակույթը չպետք է անտեսվի։
–Որևէ անմոռանալի դեպք կպատմեք Ձեր կյանքից։
– 7 տարեկան հասակում տպավորիչ էր , երբ ստացա առաջին մրցանակս՝ քաղաքային մանկական նկարչական մրցույթում։ Քաղաքի ենտրոնական հրապարակում բոլոր երեխաները նկարելու էին գետնին։ Անկեղծ ասած չեմ հիշում, թե ինչ էի նկարել, բայց բազմաթիվ երեխաներից ժյուրին ինձ հանձնեց առաջին կարգի մրցանակը։ Այդ դեպքը հուզումնալից էր և անմոռանալի։
-2016-ը` Ձեր կյանքում, մեր երկրի համար և աշխարհում:
–2016 իմ կյանքում եղել է ստեղծագործական ձեռքբերումների տարի ….ցավալի փաստ է, բայց նաեւ կորուստներ ունեցանք, հուսամ այս տարի կլինի խաղաղության և հաջողության տարի։
Գարիկ Ավետիսյան