Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը «Ս. Էջմիածնի գիտական ժառանգութիւնը» շարքով լոյս է ընծայել Հոգեշնորհ Տ. Զաքարիա վարդապետ Բաղումեանի «Անապակ բաժակի խնդիրը Հայոց Եկեղեցում» աշխատութիւնը, որն առաջին անգամ համակողմանիօրէն անդրադառնում է ծիսաաստուածաբանական մէկ խնդրի, թէ ինչո°ւ Հայոց Եկեղեցին, ի տարբերութիւն քրիստոնէական միւս եկեղեցիների, Ս. Պատարագի ժամանակ ջուր չի խառնում հաղորդութեան բաժակի մէջ:
Ուսումնասիրութեան նպատակն է Հայոց Եկեղեցու հայրերի, վարդապետների եւ Սրբազան Աւանդութեան միջոցով տեսնել եւ ցոյց տալ, թէ ինչպէ°ս է մեր Եկեղեցին մեկնաբանել այս կամ այն սուրբգրային տեղին, հարկ եղած դէպքում ինչ փաստեր եւ հակափաստարկներ է բերել` ապացուցելու համար անապակ գինով պատարագելու իր Աւանդութիւնը:
Աշխատութիւնը նախատեսուած է աստուածաբանների, հայագէտների եւ ընթերցողների լայն շրջանակի համար:
Գիրքը տպագրուել է Հիւսիսային Ամերիկայի Հայոց Արեւմտեան թեմի մեկենասութեամբ: