Երիտասարդ գիտնականի ամպիոն
Զրոյցս երիտասարդ գիտնական Շահանէ Էքսուզեանի հետ սկսուեց հետաքրքիր ձեւով. հարցիս, թե արդեօք ինչպէ՞ս է վերաբերւում երիտասարդ գիտնականների կողմից իրենց ֆինանսական խնդիրների բարձրաձայնմանը ֆէյսպուքում եւ այլ վիրտուալ կամ իրական հարթակներում, արդեօ՞ք գիտնականը չի դադարում գիտնական լինել այն պահից, երբ սկսում է մտածել իր գործով վաստակելու մասին, պատասխանեց. «Գիտնականները մարդիկ են, որոնք կիրառում են գիտական մեթոտներ՝ փորձելով ստանալ աւելի խոր հասկացում (понимание), գիտելիքներ բնութեան մասին» (մէջբերում վիքիպետիայից): Կարծում եմ, որ եթէ նոյնիսկ մինչեւ վերջ կարդամ վիքիպետիան, չեմ հանդիպի գիտնականի սահմանման՝ որպէս մարդու, որ չպէտք է ուշադրութիւն դարձնի հողեղէն–նիւթական բաներին, եւ որի միակ գործը պէտք է լինի բացառապես գիտութեամբ զբաղուելը»: Որպէս համաձայնում իր այն մտքին, որ գիտնականներրն է՛լ մարդիկ են, ես «ցիտեցի» մի հատուած իմ մի յօդուածից. «Գիտնականները Նախագահի կողմից մեղադրուեցին կենցաղային հարցեր բարձրացնելու մեջ, որ վայել չէ իրենց, իսկ դահլիճից հնչած հարցին` իսկ ի՞նչ է. գիտնականը սովա՞ծ պիտի մնայ, նա հայեացքով գտաւ հարցը հնչեցնողին ու ասաց. «Իսկ ի՞նչ է՝ դու հիմա սովա՞ծ ես» (…տղայ՛ ջան): Իսկ ի՞նչ է՝ շա՞տ զարմանալի կը լինէր, եթէ 27 հազար ստացողը սոված լիներ»։
Հարցին, թէ ի՞նչ վիճակում է Հայաստանում գիտութիւնը, ինչո՞ւ հասարակութիւնը չի կարեւորում այն, Շահանէն պատասխանեց՝ «Կարծում եմ, որ ոչ մի տեղ էլ հասարակութի’ւնը չի կարեւորում գիտութիւնը: Գիտութիւնը կարեւորելը պետութեա՛ն գործն է»: Իսկ թէ՝ ինչպէ՞ս ելք գտնել այս վիճակից, պատասխանը շատ պարզ է՝ «Կարծում եմ՝ վիճակը շտկելու համար պէտք է պետութիւնը սկսի կարեւորել»:
Հետաքրքիր է՝ ի՞նչ միջազգային գիտաժողովներում ու այլ գիտական ֆորումներում են ներկայացնում իրենց աշխատանքները երիտասարդ գիտնականները, ի՞նչ կարգի յղումներ կան այդ աշխատանքներին և ինչպիսի՞ արձագանգներ են դրանք ստանում։ «Լոմոնոսով-2011 երիտասարդ գիտնականների միջազգային գիտաժողով, Պորֆիրինների և ֆտալոցիանինների VII միգազգային գիտաժողով – 2012, Քիմիական Ֆիզիքայի Արդի Խնդիրները–2012»,–թուարկում է Շահանէն, ով աշխատում է ՀՀ ԳԱԱ ՕԴՔԳՏԿ-ի Մոլեքուլի կառույցի ուսումնասիրութեան կենտրոնում, ուսումնասիրում մի բարդ՝ մեզ՝ հասարակ մահկանացուներիս համար անհասկանալի բան՝ «Օքսի-hեմ մոտելաւորող համակարգերի կատարած՝ ազոթի օքսիտի տիօքսիգենացման ռեակցիան (Nitric oxide dioxygenation reaction mediated by օxy-heme modeling systems)»։ «Այստեղ հեմը՝ հեմոգլոպինի ոչսպիտակուցային մասն է, որը տեղափոխում է թթուածինը», բացատրում է ու շարունակում. «Իմ համահեղինակութեամբ տպագրուել է մէկ յօդուած, որտեղ մօտ 40%-ը իմ ներդրումն է»:
Բաւականին ընդարձակ հարցիս՝ «Այս տարի, Հայկեան մրցանակաբաշխութեան արդիւնքներն ամփոփելիս, որպէս հիմք ընդունուել է միջազգային ազդեցութեան գործակից ունեցող կամ գիտական շտեմարաններում ինտեքսաւորւող ամսագրերում տպագրութիւնների քանակը, իսկ անցեալ տարի դիտարկւում էր յղումների թիւը։ Ձեր կարծիքով ո՞ր չափանիշն է աւելի լաւ արտացոլում մրցանակի անվանակարգը՝ «Լաւագույն երիտասարդական գիտական նուաճում»։ Ընդհանրապէս, ի՞նչ կարծիքի էք. ի՞նչ չափանշներով արժէ անցկացնել այս մրցոյթը յաջորդ տարիներին», Շահանէն պատասխանեց հակիրճ ՝ «Կարծում եմ, որ լաւագոյն երիտասարդական գիտական նուաճումը մէկ չափանիշով չի որոշւում. երկուսն էլ կարեւոր են»:
-Շահանէ, իսկ ինչպէ՞ս եք վերաբերում խրախուսական մրցանակներին ու մրցանակաբաշխութիւններին։ Արդեօ՞ք դրանք զգալիօրէն չեն փոխում իրավիճակը։
–Մրցանակաբաշխութիւններին վերաբերւում եմ դրական, սակայն դրանք հարցի լուծում չեն: Դժուար թե մրցանակաբաշխութիւնները ոգեւորէն նոր երիտասարդների՝ զբաղուել գիտութեամբ:
– Կարո՞ղ էք թուարկել Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած հիմնական խնդիրները և ասել, թե ինչպէ՞ս էք տեսնում դրանց լուծման ճանապարհները։
-Չեմ կարող: Կարող եմ միայն ի՛մ առջև ծառացած խնդիրներն ասել: Օրինակ` արդեօ՞ք շարունակել գիտութեամբ զբաղուել 35.000 դրամ աշխատավարձով, թէ՞ փոխել մասնագիտութիւնս:
-Ինչպէ՞ս էք վերաբերւում յետթեկնածուական կարգավիճակի PostDoc համակարգի ներդրմանը Հայաստանում։
–ՓոստԴոքը կարեւոր է թէ՛ գիտնականի համար, որը կ’ունենայ հնարաւորութիւն՝ ձեռք բերելու նոր գիտելիքներ և հմտութիւններ այլ լապորատորիայում, թէ՛ լապորատորիայի համար՝ նոյն պատճառով: Այո՛, մասնագիտական աճի հեռանկարների տեսակէտից պէ՛տք է արագօրէն ներդնել այդ համակարգը Հայաստանում:
–Ինչքա՞ն ժամանակ էք աշխատել արտասահմանում, որտե՞ղ։
–Մէկ ամիս աշխատել եմ Առափնեայ Գարոլինայի համալսարանի (Coastal Carolina University) ֆիզիքայի և քիմիայի ամպիոնում, ԱՄՆ։
-Ի՞նչ հիմնական տարբերութիւններ կը թուարկէք Հայաստանում եւ դրսում գիտական աշխատանքով զբաղուելու հարցում։
–Հիմնական տարբերութիւններ… Գիտական յօդուածների ազատ հասանելիութիւն, նիւթերի, ռեակենտների առկայութիւն. երբ վերջանում էր, ուղղակի նորն էին պատուիրում, ժամանակակից սարքաւորումների առկայութիւն: Առանձնապէս յիշատակելի են 2 դէպք. անուանենք՝ զուգահեռներ՝ այնտեղ ու այստեղ.
1. Այնտեղ. երբ տեսայ, թե ինչպէս են մէկ անգամեայ օգտագործման համար նախատեսուած յատուկ քիմիական նիւթեր հաւաքելու պիպետկաների գլխիկները իրօք մէկ անգամ օգտագործելուց յետոյ դեն նետում… ուզում էի ասել, դեն մի՜ նետէք, տուէք՝ տանեմ Հայաստան, մենք այստեղ դրանք կը լուանանք և դեռ մի քանի ամիս կ’օգտագործենք…
2. Այնտեղ. երբ ուսանողները յանկարծ ջարդում էին ինչ-որ բաւականին թանկարժէք ապակեայ բաներ, դէմքի հանգիստ արտայայտութեամբ դեն էին նետում և վերցնում նորը: Այստեղ, կոտրողից սկսած եւ ղեկավարով վերջացրած, բոլորը ստանում են կաթուած… Հարց է առաջանում՝ որտեղի՞ց կամ նորը ճարել, կամ ո՞ւմ հաշուին եւ ո՞վ պէտք է նորոգի կոտրուածը:
Զուգահեռներ… զուգահեռներ… 🙂
-Ձեր մասնագիտական յետագայ աճը, ապագան Հայաստանո՞ւմ էք պատկերացնում, թե՞ արտասահմանում։
–Ներկայ պայմաններում, եթէ զբաղուել գիտութեամբ, ապա՝ միանշանակ՝ արտասահմանում:
Զրուցեց Մանէ Յակոբեանը