Կարինե Ավագյան
Անշուշտ, շատ մեծ է մամուլի դերը հայ ինքնության, մշակույթի, լեզվի պահպանման գործում; Մամուլը հզորագույն զենք է, որի ճիշտ, խելացի, տեղին աշխատանքը կարող է հսկայական դեր խաղալ վերոնշյալ թեմաների հարցում:
Իմ դիտարկումն այս առումով տխուր է, քանզի թե՛ հայաստանյան, թե՛ սփյուռքյան մամուլն այս հարցում ներկայումս նահանջ է ապրում. չկա անհրաժեշտ զգոնությունը, նոսրացել են պայքարողների շարքերը: Բնականաբար՝ անհրաժեշտաբար, մամուլն ավելի մեծ տեղ է տալիս քաղաքական թեմաներին, ցնցող նյութերին և, ցավոք, հաճախ այն նմանվում է հետաքրքրասեր, բամբասող կնոջ…Մինչդեռ այս դաշտը, այս մեծ ուժը, այս զենքը պետք է լավագույնս օգտագործել հայ ինքնության, մշակույթի, լեզվի պահպանմանն ուղղված նյութերի հրապարակման համար: Այն, ինչ չեն կարող անել տասնյակ համալսարաններ, համաժողովներ, քննարկումներ, գրքեր, դա կարող է անել Մամուլը, մամուլի ճիշտ օգտագործումը:
Առաջարկս այն է, որ մեր տպագիր մամուլը՝ թերթերը, հանդեսները, գրքերն ավելի շատ իրենցում ներառեն ազգային ոգի. դա մեզ համար պահպանման ու պաշտպանության հզոր վահան է, ինչու չէ՝ նաև առաջընթաց… չմոռանանք, թե ինչերի միջով է անցել հայ ժողովուրդը և այսօր ինչ մարտահրավերների առջև է կանգնած:
Ես կարծում եմ, որ նահանջ են ապրում մշակույթը, լեզուն, առավել ևս՝ Սփյուռքի մի շարք հատվածներում, ինչպես օրինակ՝ Ռուսաստանի Դաշնությունում, Միացյալ Նահանգներում, Եվրոպայում, և դրա պատճառներից մեկը մամուլի դաշտի թուլացումն է:
Հարկավոր է մամուլն առավել նպատակաուղղված դարձնել, իսկ մեր՝ հայության, գերագույն նպատակը պետք է լինի մեր ինքնության պահպանումն օտար ափերում, լեզվի և մշակույթի պահպանումը ինչպես Հայրենիքում, այնպես էլ՝ Հայրենիքից դուրս:
Մամուլը պետք է հզորանա, կատարի առաջնորդի, փարոսի դեր: Մամուլը պետք է համընթաց քայլի ժամանակի հետ, մամուլն ինքը պետք է մաքուր պահի իր լեզուն, մամուլը պետք է թելադրի նաև և սոսկ կատարողի դերում չլինի:
Մամուլն այսօր ինչ-որ տեղ դարձել է ինքնանպատակ, ասես ննջած , հանգած մի հրաբուխ. ժամանակն է, որ այն դուրս ժայթքի և ոչ թե ծառայի ամեն մի իշխողի, այլ լինի ազատ, անկախ, անաչառ, համարձակ, բայց ոչ՝ գռեհիկ, աննահանջ, բայց ոչ՝ անիմաստ նախահարձակ, կրթող ու սովորեցնող, ուղղորդող, բայց ոչ՝ ապակողմնորոշող: Մամուլը պետք է բարձրանա և բարձրացնի:
Այսքանը, հարգելի՛ գործընկերներ. պատրաստ եմ իմ մասնակցությունն ունենալ մամուլի հետ կապված յուրաքանչյուր հարցի քննարկմանն ու դրանց իրականացման գործընթացում:
Շնորհակալությու՛ն, բարի և արգասաբեր ընթացք: Շնորհակալություն նաեւ Շաքէ Մանկասարեանին այս նախաձեռնությանը համար, որպէսզի տեսակետս յղեմ:
Կարինե Ավագյան
19.06.2019թ.
Կարինե Ավագյան- ՀՀ, Երևան, բանաստեղծուհի, լրագրող-խմբագիր, հրապարակախոս . /ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը / [email protected], հեռախոս՝ /+374/ 055-733-788