ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ քսան երիտասարդ գրականագետներ իրենց ուսումնասիրություններով հանդես են գալիս երիտասարդ գրականագետների հանրապետական գիտական երկօրյա նստաշրջանին:
Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտում Երիտասարդ գրականագետների հանրապետական գիտական երկօրյա նստաշրջանի բացմանը, ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը նշեց, որ գրականագետների նոր սերունդը ոչ միայն զբաղվում է գիտությամբ, այլ նաև խոսք ունի ասելու:
«Ողջունում եմ նստաշրջանի մասնակիցներին և կազմակերպիչներին: Ես եկել եմ այն համոզման, որ թյուր են այն տեսակետները, որ գիտության նկատմամբ փոխվել է վերաբերմունքը դեպի վատ և չունենք երիտասարդ գիտաշխատողներ» ,- «Արմենպրես»–ի հաղորդմամբ` ասաց Յուրի Սուվարյանը:
ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բ.գ.դ Վարդան Դևրիկյանը հայտնեց, որ նստաշրջանն ունի և թեմատիկ, և աշխարհագրական լայն ընդգրկում:
«Գիտական նստաշրջանին մասնակցում են ՀՀ գրեթե բոլոր ուսումնական հաստատությունները: Թեմաները հիմնականում ընտրված են մասնակիցների թեկնածուական ատենախոսություններից, ինչը կարելի է համարել նախաներկայացում: Սովորական նստաշրջաններից այս մեկը կարող է գիտական առումով նորություն լինել, քանի որ ամեն մեկն իր թեզի վրա աշխատել է տարիներով»,-ասաց Վարդան Դևրիկյանը:
Նստաշրջանին ներկայացված են հայ գրականության բոլոր փուլերը` թե միջնադարյան, թե նորագույն, ինչպես նաև արտասահմանյան գրականության տեսության հարցերը: Թեմաները կոնկրետ հետազոտված աշխատանքներ են:
Անի Սարգսյան