ԵՐԵՒԱՆ, «Թերթ».- Ռուսահայ գործարար եւ բարերար Ռուբէն Վարդանեան յայտարարեց Արցախ տեղափոխուելու եւ Արցախի անվտանգութեան ու զարգացման ճակատ ստեղծելու որոշման մասին: Ան ամբողջ աշխարհի հայութեան կոչ ուղղեց՝ միանալու յանուն Արցախի պայքարին, որովհետեւ Արցախը կը նկատէ «հայութեան արմատներն ու հիմքը»:
Ան 1 Սեպտեմբերին տեսաուղերձ մը նկարահանած է Արցախի մէջ, աշխարհի հնագոյն ծառերէն մէկուն՝ առաւել քան 2000 տարեկան Տնջրի ծառին մօտ:
«Այս ձայնագրութիւնն անում եմ Արցախում՝ բացառիկ Տնջրի ծառի մօտ, որն ամբողջ աշխարհում յայտնի է որպէս հնագոյն ծառերից մէկը: Այս ծառը կեանքի խորհրդանիշ է: Խորհրդանիշն այն բանի, որ, չնայած բոլոր հողմերին, կեանքը շարունակւում է, եթէ կան արմատներ, որոնք պահում են ծառը: Արցախը համայն հայութեան արմատն ու հիմքն է: Եւ այստեղ է ահա, որ ուզում եմ դիմել ձեզ հետեւեալ խօսքով: Ես որոշել եմ տեղափոխուել Արցախ: Այսօր արցախցիները հոգեբանական ծանր ճգնաժամ են ապրում, վստահութիւն չունեն վաղուայ օրուայ նկատմամբ: Երկու պատերազմ տարած եւ անկախութեան համար պայքարում իրենց հարազատներին ու մերձաւորներին կորցրած արցախցիներն իրենց լքուած ու մոռացուած են զգում: Կարծում եմ, որ 2020 թուականի պատերազմից յետոյ մենք՝ ողջ աշխարհի հայերս, պարտաւոր ենք արցախցիների հետ լինել: Մենք պէտք է նրանց աջակցենք ոչ միայն խորհրդանշական կերպով, այլեւ օգնենք գործնական աշխատանքով: Սա հայութեան կենտրոնն է, որը մեզ համար միշտ եղել է իրական զօրութեան վայր, եւ մենք չենք կարող թոյլ տալ, որ այն ամէնը, ինչ հազարաւոր տարիներ ստեղծել են մեր նախնիները, մոռացութեան մատնուի: Այդ պատճառով որոշեցի հրաժարուել Ռուսաստանի քաղաքացիութիւնից եւ տեղափոխուել Արցախ: Այս որոշումն ընդունելն ինձ համար հեշտ չէր, բայց վստահ եմ, որ դա է ճիշտը: Յոյսով եմ՝ ռուս գործընկերներս ու ընկերներս իմ այս որոշումը կ՛ընդունեն ըմբռնումով՝ որպէս իրենց բարեկամի որոշում», տեսերիզին մէջ ըսաւ Վարդանեան՝ աւելցնելով. «Ուզում եմ դիմել Ռուսաստանին: Ես շնորհակալ եմ, որ Ռուսաստանն այսօր ներկայ է Արցախում, որի խաղաղապահները պաշտպանում են արցախցիների անվտանգութիւնը: Կարծում եմ, որ խաղաղապահների մանդատը պէտք է ամրապնդուի այնքան ժամանակ, քանի դեռ մենք պատրաստ չենք լինի ինքներս լիարժէքօրէն ապահովել Արցախի ժողովրդի անվտանգութիւնը:
Ուզում եմ դիմել մեր հարեւաններին, որոնք յաճախ շատ ագրեսիւ (յարձակողապաշտ) հռետորաբանութիւն են գործածում. ուզում եմ նրանց ասել՝ դադարեցրէք սեղմել զսպանակը: Սա վտանգաւոր ու անհեռատես ճանապարհ է, եւ կիրառուող ուժն անպայման մի օր բումերանգի պէս ետ կը հարուածի: Պէտք է հասկանաք, որ մենք՝ հայերս, թոյլ չենք տայ, որ Արցախում էթնիկ զտումներ տեղի ունենան: Մենք թոյլ չենք տայ, որ հայերին աստիճանաբար դուրս մղէք այստեղից: Դա անհնար է, քանի որ սա հայութեան պատմական հայրենիքն է, սա հայոց ինքնութեան բնօրրանն է: Այստեղ Մեսրոպ Մաշտոցը հիմնել է իր առաջին դպրոցը, որտեղ երեխաները սովորել են հայերէն տառերը: Սա այն վայրն է, որտեղ թաղուած են հազարաւոր տարիներ այստեղ ապրած հսկայական թուով հայերի նախնիները: Ուզում եմ երախտագիտութիւնս յայտնել Ադրբեջանում Ֆրանսիայի եւ ԱՄՆ դեսպաններին, որոնք չգնացին Շուշի ու Հադրութ՝ յստակ նշելով, որ կարգավիճակը որոշուած չէ: Համոզուած եմ, որ Արցախի ապագայ կարգավիճակը կարող է որոշել միայն միջազգային հանրութիւնը, որտեղ անպայման պէտք է ներկայացուած լինեն բուն Արցախի բնակիչները եւ Ռուսաստանը, Ֆրանսիան ու Ամերիկան»:
Վարդանեան տեսերիզին մէջ յայտնեց նաեւ հետեւեալը. «Ուզում եմ դիմել համաշխարհային հանրութեանը: Աշխարհում այսօր բազմաթիւ հակամարտութիւններ կան, եւ բոլորին անհանգստացնում են միայն նրանք, որոնք մօտ են իրենց սահմաններին: Բայց այն, ինչ կատարւում է Արցախում, վերաբերում է բոլորին: Սա պարզապէս հինաւուրց հող ու էթնոս չէ. սա քաղաքակրթութեան օրրաններից մէկն է, քրիստոնէութեան օրրաններից մէկն է: Եւ մշակութային, եւ էթնիկ զտումներն այստեղ անհնարին են ու աներեւակայելի: Այստեղ՝ այս հողի վրայ, կան հսկայական թուով քրիստոնէական եզակի յուշարձաններ, ողջ մարդկութեան մշակոյթի եւ ժառանգութեան եզակի յուշարձաններ: Ի վերջոյ, այստեղ պարզապէս մեծանում են երեխաներ, որոնք պէտք է նախ ողջ լինեն, ապա նաեւ՝ առողջ, երջանիկ, ինչպէս ուրիշ երկրներում ապրող իրենց հասակակիցները: Ուզում եմ դիմել իմ հայրենակիցներին: Այսօր մենք կանգնած ենք գրեթէ նոյն իրավիճակի առջեւ, ինչ 100 տարի առաջ, երբ հայութիւնը, ուժերը հաւաքած, առաց զէնք ունենալու հրաշք գործեց՝ Սարդարապատում կանգնեցնելով թշնամուն: Սարդարապատը սոսկ ճակատամարտ չէ, այն ազգի վերածննդի եւ ամենադժուար ու օրհասական պահին պաշտպանուելու կարողութեան խորհրդանիշն է: Հիմա համայն հայութեան համար վրայ է հասել գոյաբանական Սարդարապատը: Նո՛ր Սարդարապատը: Այն ռազմական չէ, այլ նման է ճառագայթման, որը չես տեսնում ու չես զգում, եւ քեզ թւում է, թէ ոչինչ չի կատարւում: Իրականում սակայն ճառագայթումը ոչնչացնում է ապրող ամէն բան: Մենք պէտք է արթնանանք: Մեզանից իւրաքանչիւրը պէտք է ամէն բան անի, որ կասեցնի այս աղէտը, որը մահացու է լինելու՝ անկախ նրանից, թէ որտեղ ենք ապրում: Երկու շաբաթ առաջ ես առաջարկեցի ստեղծել Արցախի անվտանգութեան եւ զարգացման ճակատ՝ համախմբելու համար բոլոր հոգատար մարդկանց, ողջ հայութեանը: Ցանկանում եմ եւս մէկ անգամ ընդգծել, որ այդ ճակատը կապ չունի պատերազմի հետ: Դուք ձեռնարկատե՞ր էք. մասնաճիւղ բացէք Արցախում: Ուսանո՞ղ էք. եկէք աշխատելու որպէս կամաւոր: Ուսուցի՞չ էք, բժի՞շկ կամ իրաւաբա՞ն. եկէք եւ առցանց խորհրդատուութիւններ անցկացրէք: Լրագրո՞ղ էք կամ բլոգե՞ր: Եկէք գրելու եւ նկարահանելու, թէ ինչպէս է ապրում Արցախը: Այսօր իշխանութիւններն ակնյայտօրէն չունեն Արցախի խնդիրները լուծելու ռեսուրսներ կամ ցանկութիւն: Միայն միասին, միաւորուած մէկ միասնական ճակատում, մենք կը կարողանանք կասեցնել սողացող պատերազմը, որը շարունակւում է մի քանի տասնամեակ: Միայն հզօր, զարգացած Արցախը, որտեղ մարդիկ հաւատում են ապագային, կարող է դառնալ մի վայր, որտեղ երբեք չեն հնչի կրակոցներ: Սեփական օրինակով ես ուզում եմ ցոյց տալ, թէ որքան կարեւոր է Արցախն ինձ եւ բոլորիս համար»: