Պատերազմի օրերին ԱԺ-ում «դադարած» քաղաքական կյանքը վերադառնում է խորհրդարան։ Բայց այն այլևս հինը չէ։ Խորհրդարանի միջանցքներում ավելի շատ են մեկնաբանություններից խուսափողները և լրագրողների հարցերից դժգոհող պատգամավորները։
Խորհրդարանական համամասնության մեջ դեռ շարունակվում են փոփոխությունները։ Քաղաքական մեծամասնության ներկայացուցիչբները շարունակում են հրաժարվել իրենց ուժից։
Խորհրդարանական մեծամասնության՝ «Իմ քայլը» խմբակցության շարքերը շարունակում են նոսրանալ։ Հերթական պատգամավորն այսօր հայտնեց «Իմ քայլը» խմբակցությունը լքելու մտադրության մասին։ Գոռ Գևորգյանը հրաժարվում է թիմից, բայց պահպանում է մանդատը և մնում խորհրդարանում անկախ պատգամավորի կարգավիճակով։ Որոշման և պատճառների մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքում գրառման միջոցով, որպես հիմնավորում ներկայացնելով թիմի հետ ունեցած սկզբունքային տարաձայնությունները։
Այսօր մամուլում արդեն հրապարակում եղավ, որ խորհրդարանական մեծամասնությունը արտահերթ ընտրությունների գնալու որոշում է կայացրել։ Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը գերադասում է ոչ թե հստակեցնել, այլ՝ չպատասխանել հարցերի։ Թիվ մեկ քաղաքական մարմնում քաղաքական մեծամասնության ղեկավարը հարցազրույցներից անժամկետ հրաժարվելու որոշում է կայացրել․
«Մեկնաբանություն չունեմ ․․․ Պատասխան չունեմ։ Այն մթնոլորտը, որ կա այսօր ՀՀ–ում, և այն մթնոլորտում, որտեղ որևէ միտք, գաղափար նորմալ, առողջ քննարկման չի ենթարկվում և նորմալ երկխոսություն չի ձևավորվում, այս պարագայում ես ժամանակավորապես որևէ հանրային մեկնաբանություն չեմ տալու։ Եվ առաջարկում եմ, որպեսզի մեր լրատվամիջոցները նույնպես նպաստեն այդ առողջ մթնոլորտի ձևավորմանը»։
Երեկ թիմը լքեց նաև Սյունիքի մարզպետը։ Մարզից ընտրված պատգամավոր, «Իմ քայլ»–ից Կարեն Համբարձումյանը երեկ այնտեղ էր, բայց հրաժարական ներկայացրած Հունան Պողոսյանի հետ ոչ հանդիպել է, ոչ էլ՝ զրուցել։ Այն, ինչ տեսել է հարազատ մարզում՝ պատգամավորի մոտ անհանգստություն չի առաջացրել։
«Մարզպետի հրաժարականի մասով պարոն Պողոսյանի հետ չեմ խոսել , բայց ամեն ինչ նորմալ է։ Երեկ եմ եկել, Սիսիանում եմ եղել։ Մեր, խաղաղապահ և Ադրբեջանի զորքերը սահմանը գծելով գալիս են։ Հասել էին Կապան համայնքի տակ, ոչ մի արտառոց դեպք կամ խուճապ չկա Սյունիքում։ Ամեն ինչ նորմալ է։ Եվ Նախիջևանի սահմանի հետ կապված էլի Սիսիանը սահման ունի, այնտեղ էլ խոսել եմ տղաների հետ, ամեն ինչ նորմալ է։ Այս իրավիճակում այսօրվա դրությամբ պետք է բոլորս միասնական մեկ բռունցք լինենք, որպեսզի այս ճգնաժամը ավելի խորը կամ անդունդը չգլորենք։ Կարող է հիմա չկարողանամ ինչ -որ բաներ ասել, բայց վստահ կասեմ, որ եթե մենք միասնական լինենք` ամեն ինչ, վստահաբար եմ ասում, լավ է լինելու»։
Մինչ իշխող թիմի որոշ անդամները հեռանում են, նորերը փոխարինում են նրանց։ Հերթական նորանշանակ նախարարն այսօր խորհրդարանում էր։ «Իմ քայլը» խմբակցության անդամները ցանկացել էին ծանոթանալ էկոմոնիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանի հետ։ Դռնփակ հանդիպումը տևեց մոտավորապես մեկ ժամ, բայց դրանից հետո նախարարը չպատասխանեց լրագրողների հարցերին։ Պատերազմի ավարտից և սահմանները բացելուց հետո ադրբեջանական ու թուրքական շուկա մուտք գործելու կամ հայկական շուկայում այդ պետությունների ապրանքի հնարավոր վաճառքի մասին նրա հայտարարությունը արդեն բավականին աղմուկ է բարձրացրել։ Վահան Քերոբյանը պնդում է՝ իր ասած խոսքերը մանիպուլացվում են և խոստանում առաջիկայում ասուլիս հրավիրել։ Բայց օրինակ՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլ»–ից պատգամավոր Հայկ Գևորգյանը նորմալ է վերաբերվում նախարարի հայտարարությանը։
«Եթե մենք մեր ապրանքները կարողանանք վաճառել Ադրբեջանում` դրա մեջ որևէ վատ բան տեսնո՞ւմ եք դուք։ Ոչ մի տեղ չտանող խոսակցություններ են։ Ես չգիտեմ, այդ մտածելակերպով ո՞ւր եք գնում»։
Իշխող ուժի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի համար անհասկանալի են կառավարությունում նոր նշանակումները։ Իշխանական թևից հնչող՝ մեկ բռունցք դառնալու կոչերին հակառակ, թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական ուժերը ապագան շարունակում են կապել բացառապես իշխող ուժի հրաժարականի հետ։ 16 կուսակցությունների դաշինքի անունից դաշնակցական Աղվան Վարդանյանի համար նաև անհասկանալի է ՀՀ նախագահի կեցվածքը, որն արդեն հայտարարել է կառավարության հրաժարականի անհրաժեշտության մասին։
«Այսօր էլ, փաստորեն, Նիկոլը կառավարության անդամներ է նշանակում և ինչ–որ մեկն էլ այդ հրամանագրերը ստորագրում է։ Այն մեկը, որը նույնպես պահանջում էր կառավարության հրաժարականը։ Աբսուրդ։ Այս բոլոր նշանակվածները «բեսպիլոտնիկներ» են, մարդ չկա մեջը, բայց ավերներ կարող են գործել»։
Հակառակ ընդդիմադիրների պնդումներին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների անդամների մի մասը հավատում է, որ այս կառավարությունը դեռ կկարողանա հաջորդ տարվա համար ապահովել երկնիշ տնտեսական աճ։
Խորհրդարանական ընդդիմությունն իր հերթին տարբեր պահանջներից անցել է գործնական քայլերի։ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները միավորվել են այս անգամ համատեղ մեկ այլ նախաձեռնության համար։ Հրատապ քննարկում են նախաձեռնում հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդիրը քննարկելու համար։ ԱԺ կանոնակարգի համաձայն, քննարկումը տեղի կունենա հաջորդ երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 8-ին։