Հարցազրույց «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն, նկարիչ-դիզայներ Լիլիթ Մելիքյանի հետ
–Ե՞րբ է հիմնադրվել կենտրոնը:
-«Տերյան» մշակութային կենտրոնը հիմնադրվել է 2002-ին: Առաջին 3 տարիներին կենտրոնն ուսումնասիրում էր միայն այն, ինչ կապված էր հայ ականավոր բանաստեղծ Վահան Տերյանի, նրա ծննդավայրի՝ Ջավախքի հետ, կազմակերպվում էին այցելություններ դեպի Ջավախք, հրապարակվում էին գրքեր: Որոշ ժամանակ անց, սակայն, հաշվի առնելով, որ ես նկարիչ-դիզայներ եմ, դեկորատիվ-կիրառական արվեստի սիրահար, որոշեցի սեփական նախասիրությունս դարձնել հիմնական աշխատանք: Ես միշտ մտածում էի, թե ինչպես արտերկրում աչքի ընկնել՝ լավ իմաստով: Հասկացա, որ անհրաժեշտ է կրել հայ ազգային տարազի էլեմենտներ: Մտածում էի՝ որքան լավ կլիներ ժամանակակից հայի առօրյա հագուստում էլ առկա լինեն օրինակ հայ ասեղնագործության մոտիվներ: Իմ կողքին հայտնվեցին փայլուն մասնագետներ՝ ազգագրագետներ, դերձակներ, դիզայներներ, մենք 6 տարվա ընթացքում զարկ տվեցինք հայ ազգային տարազային համալիրների ստեղծմանը: Մենք գիտակցեցինք, որ ոճավորումից առաջ պետք է ստեղծել իրական՝ թանգարանային նմուշը, ապա նոր անցնել ոճավորված, բայց օրիգինալին մոտ տարբերակին, ուստի, յուրաքանչյուր տարազ պատրաստում էինք 2՝ թանգարանային ու ոճավորված տարբերակներով: Մեր ուշադրության կենտրոնում հայտնվեցին հայ ասեղնագործության կարատեսակները, որոնք կորսման եզրին էին: Գտանք մարդկանց, ովքեր մեր տատերի կիրառած այդ կարատեսակները վերածնեցին: Այդպիսով, մենք ներկայումս ունենք 4 շրջանը ներկայացնող 45 թանգարանային տարազային համալիր:
–Ներկայում ի՞նչ ծրագրեր է կյանքի կոչում և ի՞նչ նախաձեռնություններ է իրականացնում կենտրոնը:
-Այս պահին զբաղված ենք «Տարազ» տոնահանդես-ցուցադրության կազմակերպման ուղղությամբ: Այն երկար ժամանակ է մշակվել, վերջին 6 ամսում միայն նախապատրաստվում ենք, քանի որ թանգարանային նմուշները ստեղծելը երկարատև աշխատանք է պահանջում:
–Ապագա ծրագրերից կպատմե՞ք:
-2015-ին մեր կենտրոնը նախատեսում է ապրիլի 24-ի առավոտյան երթ կազմակերպել, ներկայանալ բոլոր շրջանների տարազային համալիրներ կրող մարդկանց քայլքով: Նաև ուզում ենք Հայաստանի տարբեր շրջաններում ուսումնական-մշակութային կենտրոններ հիմնել, հայ ասեղնագործությունը սովորեցնել տեղաբնակներին:
–Եվ վերջում նշեք Ձեր կենտրոնի արդյունավետ գործունեությունը պայմանավորող 3 հիմնական սկզբունք:
-Առաջինը՝ լինել նվիրյալներ, նյութական գաղափարներից վեր կանգնել, երկրորդը՝ մեր արած աշխատանքը պետք է, անպայման, լինի որակով, թեկուզ դրա ստեղծումը երկար ժամանակ պահանջի: Կարծում եմ՝ հենց այս սկզբունքի շնորհիվ է, որ մինչ օրս մեր կենտրոնի հասցեին խիստ քննադատություններ չեմ լսել: Եվ առհասարակ, որակյալ գործ կատարող անձը չի կարող լինել վատ մարդ, լինել նախանձախնդիր, նա կմատուցի բարձրորակ աշխատանք: Երրորդն ու շատ կարևորը՝ լավ և համերաշխ թիմ, որտեղ արդեն ոչ մի պատահական և ոչ պրոֆեսիոնալ մարդ չկա: Մեր գրասենյակում միշտ հնչում է ազգային երաժշտություն ու ներկայացվում է ազգային պար: Մենք գալիս ենք աշխատանքի ժամը 8-ին և տուն գնում ուշ գիշերվա ժամերին: Մթնոլորտն ու մեր թիմի մարդկային որակներն ապահովում են առողջ ստեղծագործական մթնոլորտ:
Panorama.am