Մայիսի 7-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը Վաշինգտոնի «Կարնեգի» հիմնադրամում ներկայացրել է Արցախի հակամարտության վերաբերյալ ԱՄՆ-ի քաղաքական դիրքորոշումը:
Դիրքորոշումն ամբողջովին հիմնված է Մադրիդյան սկզբունքների վրա: Այն է.
1. Արցախին տալ միջանկյալ կարգավիճակ, իսկ ավելի ուշ պարտադիր անցկացնել հանրաքվե:
2. Ինքնակառավարման համար ստեղծել անվտանգության պայմաններ:
3. Յոթ շրջանները վերադարձնել Ադրբեջանին:
4. Պետք է լինի միջանցք, որը կկապի Արցախը Հայաստանի Հանրապետության հետ, որը պետք է ունենա բավարար լայնություն, որպեսզի անվտանգ անցում ապահովի, բայց չի կարող ընդգրկել Լաչինի ողջ շրջանը:
5. Ներքին տեղահանվածները հնարավորություն կստանան վերադառնալ իրենց նախկին բնակավայրեր:
6. Խաղաղապահ զորքեր կտեղակայվեն հակամարտության գոտում:
Ուորլիքը նաև հայտարարել է, որ քաղաքական դիրքորոշումը հիմնված է ՄԱԿ-ի խարտիայի, Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների և միջազգային այլ փաստաթղթերի վրա:
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ հայ ժողովուրդը պետք է վստահի այդ փաստթաղթերի վրա հիմնված համաձայնությանը, եթե հենց իր աչքի առաջ նման փաստաթղթերի վրա հիմնված պայմանագրերը խախտվում են, իսկ ԱՄՆ-ը պատշաճ քայլեր չի ձեռնարկում խախտված իրավունքները վերականգնելու համար:
Խոսքը վերաբերում է Ուկրաինայի շուրջ ընթացող գործընթացին: Դեռ 1994թ. ստորագրվեց Բուդապեշտի հուշագիրը, որի համաձայն ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը պարտավորվել էին հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ձեռնպահ մնալ վերջինիս նկատմամբ ուժ կիրառելուց, ինչպես նաև քայլեր ձեռնարկել հուշագրի պարտավորությունների հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում։ Արևմուտքը համոզել է Կիևին հանձնել միջուկային զենքը և անվտանգության երաշխիքներ տվել, սակայն այսօր, երբ ռուսական զորքն Ուկրաինայի տարածքում է, համաձայնագրի կողմերից ոչ մեկը շոշափելի քայլեր չի ձեռնարկում, որպեսզի չեզոքացնի վերջինիս համար ստեղծված վտանգը։
Բազմաթիվ դեպքեր ցույց են տալիս, որ խաղաղապահ զորքերը անվտանգության երաշխավոր չեն կարող լինել: Օրինակ` 1995թ. Սրեբրենիցայի ցեղասպանությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ խաղաղապահ ուժերը իրենց պարտականությունները պատշաճ չեն կատարում: Երբ 8000 մարդ սպանվեց Սրեբրենիցայում, Նիդեռլանդների խաղաղապահ զորքերը որևիցե քայլ չձեռնարկեցին կանխելու դա: Նույնը կարող է կրկնվել և Արցախում:
Ներկայիս իրողությունները ցույց են տալիս, որ միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներին մարտահրավեր է նետված: Չկա որևիցե երկիր կամ երկրների խումբ, որ պատրաստ է պատշաճ պարտավորություն ստանձնել այդ սկզբունքները պաշտպանելու գործում: Այդ իսկ պատճառով ցանկացած պետության անվտանգության երաշխիքը դառնում է սեփական ռազմական ուժը:
Հայաստանի ու Արցախի անվտանգության երաշխավորը եղել է և մնում է հայկական բանակը և ազատագրված տարածքները: Հայկական բանակը չի կարող հեռանալ ազատագրված տարածքներից, որովհետև այդ տարածքները խաղաղության ամենակարևոր երաշխիքներն են: Իսկ եթե հեռանան ըստ Ուորլիքի ներկայացրած քաղաքական դիրքորոշման, ապա պատերազմն անխուսափելի կդառնա։