Ռուբէն Յովակիմեան
«Հայաստան ասելիս
այտերս այրւում են,
Հայաստան ասելիս
ծնկներս ծալւում են,
Չգիտեմ ինչո՞ւ է այդպէս»:
Համօ Սահեան
Պիտի խոստովանեմ, որ օրուայ ընթացքին, ինչ մտորումների մէջ որ լինեմ, միեւնոյն է, եզրայանգումը լինում է մեր աւետեալ երկրի արդի վիճակը:
Չգիտեմ ինչո՞ւ է այդպէս:
Իրաւ է, երբ հազարաւոր կիլոմետր հեռու լինելով երեւոյթներ ենք տեսնում, նրանք ոչ միայն մեզ վշտացնում, այլ նաեւ վրդովում են: Ենթադրում եմ, թէ ի՛նչ է մեր որոշ զգայուն ու խելամիտ հայրենակիցների հոգեկան վիճակը: Թերեւս,ինչպէս դեղաչափերի (dose) առաւել լինելու պարագային՝ զգայարանները բթանում են, ծայրայեղ դէպքում, չդիմանալով՝ լքում են երկիրը:
Գրեթէ բոլոր երկրները տնտեսական խնդիրների դէմ պայքարելու հրամայականը ունեն, եւ մերոնք չէին կարող զերծ մնալ: Բայց՝ մերը ուրիշ է: Պիտի խուսափեմ որակական գնահատումներ անել իշխանական, բազմաճիւղ ընդդիմադիր միաւորումների եւ յարակից բարձրաստիճան գործիչների մասին, միայն թէ ակնբախ է, որ համակեցութեան եւ միացեալ ուժերով երկիրը ոտքի հանելու մասին խօսք անգամ լինել չի կարող, իսկ հայհոյանքների տարափը եւ միմեանց յօշոտելու ձգտումը՝ վաղուց անցել են կարմիր գիծը: Հանդուրժել բառը իր բովանդակութեամբ այլեւս գոյութիւն չունի, մինչդեռ, միաւորուելու կարիք երբեք այսօրուայ չափ եւ անհրաժեշտութեամբ չենք ունեցել:
Ժողովրդավար երկրներում իշխանութիւնների կողքին ընդդիմադիր ուժերի առկայութիւնը՝ համարում են բարիք, քանզի նրանք են, որ հակադիր գաղափարի, վերահսկողի եւ կարգաւորիչի առաքելութիւնն ունեն: Բայց դարձեալ, ըստ աւանդութեան՝ մերը ուրիշ է:
Չկարողացայ հասկանալ եւ ընդունել , թէ ի՛նչ եւ ո՛ր տրամաբանութեամբ ու կանոնադրութեամբ է, որ արդի իշխանութեանը անուանում են բռնակալ (usurpateur) եւ անօրէն: Ընդդիմադիրների շարքերից փորձառու եւ իմաստուն մէկը վստահաբար յայտարարում էր, որ այս կառավարութիւնը երեք ամսից աւել չի դիմանայ, իսկ նրա դեղնակտուց շատ աշխոյժ գործունեայ ընկերը բարձրաձայնում է, թէ կառավարութիւն այլեւս չկայ, մինչդեռ վերջին երեք ընտրութիւններին նրանք ունեցան քուէների բացարձակ մեծամասնութիւն:
Ձայն բազմաց ․․․
Ի՞նչ անուն կարելի է տալ, եթէ ոչ ողբալի, երբ խորհրդարանում բազմած՝ հայրենիքի բարգաւաճման հոգսերով տառապող ընդդիմադիր ուժերը ոչ մէկ խնդրով զբաղուելու տրամադիր չեն, բացի խանգարելու նստաշրջանի աշխատանքները: Նրանք լքում են բոլոր քննարկումները, մինչեւ իսկ հրաժարուելով երկրի նոր նախագահի թեկնածու առաջարկելը, մերժում են, նոյնիսկ դէմ արտայայտուել եղած թեկնածուի նկատմամբ, բայց անպակաս են հերիւրանքները: Նոյն վերաբերմունքն է երկրի համար կարեւոր եւ կենսական հարցերի վերաբերեալ, ինչպէս՝ պատերազմի հանգամանքների քննարկումը, թուրքերի հետ յարաբերութիւնների հաստատումը, բանակի երեսնամեակի նշումը, մինչդեռ բոլորը ներկայ են եւ գործունեայ մասնակից հրաժարականի պահանջ ներկայացնելու պարագային՝ սանձարձակ ելոյթներով:
Իրականում ցաւով պիտի նշենք, որ արդի դրութեամբ Հայաստանը գտնւում է անյարմար եւ բարդ իրավիճակում՝ սեղմուած տարբեր լուրջ խնդիրների ճնշման ներքոյ, երբ քաղաքական մթնոլորտը անկայուն եւ թունաւոր է, ռազմական ոլորտը լիովին վերականգնելու կարիք ունի, հանրային միջավայրը բարոյագիտական նոյն կարգի վերակառուցման կարօտ է, մանաւանդ այն ոլորտում ուր կաշառքի հնարաւորութիւն կայ եւ խօսքը առաւելաբար որոշ պաշտօնեաներին է վերաբերւում, որոնք երբեմն մոռանում են առաքելութեան կարեւորութիւնը: Բնականաբար պէտք է դիմակայել այդ բոլոր լուծում պահանջող մարտահրաւէրներին եւ դա բոլորի եւ ոչ միայն վարչապետի պարտականութիւնն է:
Վերջին կարեւոր իրադարձութիւններից էր երկրի նախագահի հրաժարումը, որ համապատասխան չէ իր հայրենասէրի կոչերին եւ իմաստուն լինելու համբաւին: Անհասկանալի էին նրա, որպէս պետական գործիչի միայնակ այցը եռաբլուր՝ զոհուածների շիրիմին եւ վարչապետի հրաժարականը պահանջելու քայլերը, ըստ երեւոյթին ինչ որ տեղից եկած հրահանգի: Արդի ասէկօսէների համաձայն բաւական խճճուած է եղել իր քաղաքացիական վիճակը եւ չեմ կարող հարց չտալ, թէ Սերժի առաջարկած նախագահի աթոռը ինչո՞ւ եւ ի՞նչ հեռանկարով ընդունեց եւ ինչո՞ւ չհրաժարուեց նրա հետ մէկտեղ:
Մէկ այլ անհաճոյ երեւոյթ է երկրորդ նախագահի դատավարութիւնը, որ շարունակ յետաձգում են մեղադրեալների բացակայութեան պատճառով: Զարմանալի է, որ պատկան մարմինները նրանց ներկայութիւնը չեն ապահովում, որ մի օր շուտ վերջանայ այդ խայտառակ խեղկատակութիւնը: Արգելուած չէ ենթադրել, որ այդ քայլերով խորամանկ աղուէսը փորձում է ժամանակ շահել յուսալով, թէ իր ցանկացած յեղաշրջումը յաջողացնելու պարագային ազատ կը լինի գործը կարճել եւ անմեղի թիկնոց կրել: Այլեւս մարտի-1 եւ հոկտեմբեր 27 գոյութիւն չեն ունեցել, միւս բոլոր խարդաւանքների հետ:
Միջանկեալ նշենք Բելոռուսի լիրբ նախագահի վայրահաչութիւնը մեր երկրի մասին իր ասուլիսի ընթացքին մամուլում, որ ենթադրաբար իր արժանի դիւանագիտական պատասխանը դեռ չի ունեցել: Սա եւս դժուար է հասկանալ, թէ ի ՛նչն է դրդել այդ ճիւաղին՝ բացասական արտայայտուել մեր հասցէին:
Չգիտեմ ինչո՞ւ է այդպէս:
13-2-22 – Սեն Ռաֆայել