ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ որևէ փաստաթուղթ ինքը չի ստորագրել, որևէ փաստաթղթի նախագիծ անգամ չկա, այսպիսով ՀՀ զինվորներին հրամայում է կանգնել երկրի սահմանների, տարածքային ամբողջականության, պաշտպանության դիրքերում, չտրվել մանիպուլյացիաների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ հեռարձակմամբ։
«Քիչ առաջ իմացա՝ մարդիկ լուրեր են տարածում, թե ես որևէ փաստաթուղթ եմ ստորագրել: Դա իրականության հետ ոչ մի կապ չունի: Ես պաշտոնապես ասում եմ, որ որևէ թուղթ ստորագրված չէ, ավելին՝ որևէ թուղթ չի նախապատրաստվում ստորագրման, որևէ թղթի մասին խոսակցություն չկա: Եվ սա արվում է հատուկ, որպեսզի սահմանին կանգնած մեր զինվորի դիմադրությունը թուլացնեն»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ որև փաստաթուղթ չի պատրաստվում ստորագրել:
Նա հավելեց՝ ինչ ինքն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին ասել է, նախկինում իր ասած հրապարակային դիրքորոշումներից չի տարբերվում որևէ բանով: Վարչապետը հիշեցրեց՝ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի համար առաջարկել է կետեր, հայկական կողմն ասել է, որ այդ կետերում անընդունելի ոչինչ չկա, սակայն դա օրակարգի ոչ բոլոր հարցերն է ներառում, լրացրել է այդ օրակարգը, որը ներառում է նաև ԼՂ-ի ժողովրդի իրավունքները, անվտանգության երաշխիքները և սրանից բխող այլ պայմանները, որոնք երաշխավորում են ԼՂ հայության անվտանգությունն ու իրավունքների իրացումը:
Իսկ թե ինչու է ինքն այսօր ԱԺ-ում խոսել Հայաստանի 29 հազար 800քմ տարածքի մասին, ՀԽՍՀ-ի մասին՝ նա պարզաբանեց, որովհետև այսօր ոտնձգության է ենթարկվում ՀՀ-ն:
«Մենք ասել ենք, որ Հայաստանի տարածքով միջանցք որևէ մեկին չենք տալու: Մենք թուղթ չենք ստորագրելու, որը ՀՀ տարածքային ամբողջականությունը որևէ ձևով կդնի կասկածի տակ: Բացառվում է նման բան»,-վստահեցրց վարչապետը:
Նա ևս մեկ անգամ վստահեցրեց, որ որևէ թուղթ չի ստորագրել:
«Ոչ մի թուղթ չեմ ստորագրել: Նման բան նախատեսված չի եղել, թղթի նախագիծ չկա այսօր իմ սեղանին դրած, որը պիտի կամ ստորագրվի, կամ չստորագրվի: Առաջիկա օրերի համար էլ նման բան նախատեսված չէ: Այս պահին ընդհանրապես որևէ բան՝ տեքստ, թուղթ չկա, որ ստորագրեմ կամ չստորագրեմ: Ինձ ասում են՝ այսօր զինվորներն են սահմանից զանգում, ասում՝ ճի՞շտ է, որ թուղթ է ստորագրվել, այսինքն մեր սահմանն էլ չենք պահո՞ւմ»,-ասաց Փաշինյանը:
Նա կոչ արեց համախմբվել պետականության շուրջ՝ պաշտպանելու ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը:
«Մեր հայրենիքը՝ ՀՀ-ն, ավելին է, քան սրբությունը, դա սակարկման ենթակա չէ: Այսօր ես սա եմ ասել ԱԺ ամբիոնից: Մենք, կլինի միջանցքով, թե այլ բանով, չենք պատրաստվում մեր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը սակարկման առարկա դարձնել, չենք պատրաստվում: Ես հայտարարել եմ, որ մյուս կողմից մենք չենք խուսափի պատասխանատվությունից, եթե տեսնենք, որ թեկուզ ոչ երազանքային, բայց այնուամենայնիվ կա մի լուծում, որը չի հատում Հայաստանի շահերի կարմիր գծերը, մենք նաև դրա պատասխանատվությունն ենք պատրաստ ստանձնել և գնալ այդ լուծումներին»,-ասաց նա:
ՀՀ զինվորներին հրամայեց կանգնել երկրի սահմանների, տարածքային ամբողջականության, պաշտպանության դիրքերում, չտրվել մանիպուլյացիաների: