https://hraparak.am-Սերգեյ Առաքելյան
Մայիսի 5-6-ին Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով Երևանում էր։ Այցելության ընթացքում առաջնահերթ ուշադրություն դարձվեց 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների գործնական ասպեկտների իրականացմանը։
Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է լիբանանյան «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր, միջազգայնագետ Շահան Գանտահարյանի հետ։
– Պարո՛ն Գանտահարյան, Լավրովը եկավ Հայաստան, ու հայտարարություններում հիմնական շեշտադրումներն արեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վրա։ Ու նույնիսկ երբ հարց ուղղվեց Լեռնային Ղարաբաղի կարգավորման խաղաղ գործընթացը սկսելու վերաբերյալ, Լավրովը պատասխանեց, որ խաղաղ գործընթացը սկսել է հենց նոյեմբերի 9-ի հայտարարությունով։ Նրա հայտարարությունից ի՞նչ տպավորություն ստացաք։ Ռուսաստանն այստեղ ի՞նչ է փորձում անել թե՛ Հայաստանի դեպքում, թե՛ Արցախի դեպքում, թե՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում։
– Կարծում եմ, որ Ռուսաստանն այստեղ որոշ առումով զգայուն վիճակում է։ Այն առումով, որ ինքը և՛ անդամ է ԵԱՀԿ համանախագահների միջնորդական ձևաչափի, և՛ մյուս կողմից՝ շրջանցելով այդ ձևաչափը, Թուրքիայի հետ պայմանավորվելով՝ ըստ էության հրադադարի համաձայնության է եկել։ Այսինքն՝ Մոսկվայի մի ոտքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահական ձևաչափում է, մյուս ոտքը՝ Թուրքիայի հետ Հարավային Կովկասում նոր ստատուս-քվո ձևակերպելու, առարկայացնելու գործընթացներում։ Որովհետև, ըստ էության, հրադադարը Ռուսաստանի և Թուրքիայի միջև կայացած համաձայնության մեջ է, կարծում եմ։ Եվ նոյեմբերի 9-ի հայտարարության ամբողջ մեխը 9-րդ կետն է, որը խոսում է ապաշրջափակման գործողությունների մասին։ Գործընթացները փոխկապակցված են։ Եվ պատահական չէ, որ Լավրովի այցի ընթացքում կատարած հայտարարությունների ընդգծումները, շեշտադրումները վերաբերում էին 9-րդ կետին՝ սահմանների բացմանը ենթակառուցվածքների, կոմունիկացիաների առումով։ Սա չի վերաբերում հակամարտությանը։ Արցախյան պատերազմի հրադադար է, բայց եթե 9-րդ կետին ավելի ուշադիր նայենք, սա վերաբերում է և՛ Թուրքիայի, և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի սահմաններին։ 9-րդ կետն ավելի տարածաշրջանային հնչեղություն ունի։ Եվ պատահական չէ, կարծում եմ, որ Լավրովի շեշտադրումները սրանք էին։ Սրան, իհարկե, ուշադրությամբ հետևում են տարածաշրջանում գլխավոր այլ խաղացողներ՝ Իրանը, նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները [Ֆրանսիա, ԱՄՆ]։ Հետաքրքիր է, որ նաև այս առիթով Հայաստանի արտգործնախարարը խոսեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի վերակենդանացման մասին։ «Վերակենդանացում» ձևակերպումը, բառը հետաքրքիր էր այն առումով, որ նշանակում է, որ այդ միջնորդական ձևաչափը քնի մեջ էր։ Սա կարևոր էր, որովհետեւ ես չեմ կարծում, որ Միացյալ Նահանգները զուտ նախագահական նախընտրական մթնոլորտի պատճառով էր, որ չմասնակցեց իբրև միջնորդ, համանախագահ, դեր չվերցրեց պատերազմական գործողությունները կասեցնելու առումով, որովհետեւ այնտեղ նկատվում էր այլ գործընթաց։ Փաստորեն իրանյան սահմանների կարգավիճակն էր, չէ՞, փոխվում պատերազմի ընթացքում։
– Նկատի՞ ունեք՝ ԱՄՆ-ը սպասում էր, թե պատերազմում ինչ արդյունքներ կգրանցվեն, և հետո փորձեր ակտիվություն ցուցաբերել։
– Այո, գուցե արդյունքներն ԱՄՆ-ի համար շատ էլ անընդունելի չէին։ Որովհետև ԱՄՆ սկսում էր ակտիվանալու որոշակի նախադրյալներ ցույց տալ նոր ստատուս-քվոյից հետո։ Այս անգամ նաև որոշակի անհանգստություն ցույց տալով, որ միայն ռուսների և թուրքերի համաձայնությամբ չէ, որ գործընթացները շարունակվելու են, այստեղ կան նաև համանախագահող այլ երկրներ։ Եվ նաև ներշնչում է, քաջալերում է, որ Փարիզն էլ սկսի ակտիվություն ցույց տալ․ ինչը որ կատարվում է, առնվազն դեկլարատիվ առումով։ Եվ նաև քաղաքական դրսևորումերով։ Պատահական չէ, որ Ֆրանսիայի և՛ Ազգային ժողովը, և՛ Սենատն ընդունեցին Արցախի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը նշող բանաձևեր։ Իհարկե, գործադիր իշխանությունը չգնաց այդ քայլին, բայց սրանով Ֆրանսիան փորձում է ցույց տալ, որ սա խաղաթուղթ է և կարող է օգտագործվել, եթե լիարժեք չվերականգնվի իր դերակատարությունը։
– Լավրովը նաև հայտարարեց, որ շարունակում են ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ աշխատել, պաշտպանել բոլոր մարդասիրական հարցերի լուծումը, ներառյալ կալանավորվածներին վերադարձնելու գործընթացի ավարտը: Նաև նշում էր, որ սա կառուցողական մթնոլորտ կստեղծի հետագայում առաջընթացի համար, վերջնական կարգավորման հարցերում։ Կրկին շեշտեց նոյեմբերի 9/10-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների դերակատարումը, որ Ռուսաստանը խթանի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը՝ մնացած հարցերի լուծման նպատակով առավել դրական մթնոլորտ ստեղծելով։ Կարելի՞ է ենթադրել, որ Ռուսաստանը փորձում է նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի համաձայնությունները կյանքի կոչել և հետո ավելի գործուն մասնակցություն ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման, հետագայում կարգավիճակի հստակեցման հետ կապված։
– Այո, այո։ Ակնարկներ, հղումներ էր անելում նոյեմբերի 9-ի հայտարարությանը, որի հիմնական ճարտարապետներից է, եթե ոչ գլխավոր ճարտարապետը։ Բայց նաև այդ հայտարարությունում պետք է տեսնել կարևոր կետերը։ Ես հայերենն եմ կարդացել, ռուսերենը պետք է ստուգել։ Որովհետեւ բառերը, եզրերն այստեղ նաև քաղաքական նշանակություն ունեն։ Եթե Լավրովն օգտագործել է «հետկոնֆլիկտային իրավիճակ» բառակապակցությունը, տարբեր է, եթե «հետպատերազմական իրավիճակ», այլ է։ Եթե «հետկոնֆլիկտային» է ասում, ինչ-որ տեղ նույնանում է Ալիևի այն հայտարարության հետ, որ «հակամարտությունն արդեն անցյալում է»։ Եթե ասում է «հետպատերազմյան», ուրեմն հրադադար է, և դեռևս հակամարտությունը չի լուծվել։ Պետք է ստուգել ռուսերեն բնագիրը։ Որովհետև ձևակերպումները, բառակապակցությունները քաղաքական նշանակություն ունեն և որոշակի առումով նախանշում են այդ երկրի պաշտոնական դիրքորոշումը։
– Ինքն ասում է, որ տարածաշրջանում իրադրության մեջ կարևոր ներդրում է ունենում տնտեսական և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խումբը, և որ այդ աշխատանքը որոշիչ նշանակություն կունենա պայմանների ապահովման համար, համագործակցության համար հետկոնֆլիկտային շրջանում։
– Կարծում եմ՝ «հետկոնֆլիկտայինը» ճիշտ բնորոշումը չէ մեր հայեցակետից, որովհետեւ կոնֆլիկտը չի լուծվել, որպեսզի հետկոնֆլիկտային իրավիճակի մասին խոսենք։ Հակամարտությունը չի լուծվել, դա ընդամենը հրադադար է։ Եվ հակամարտության լուծման համար բանակցությունները պետք է վերսկսվեն։ Այսինքն՝ խաղաղության պայմանագիր չկա, հրադադարով հակամարտություն չի լուծվում։ Հրադադարով ռազմական գործողություններն են սառեցվել, ստեղծվել է նոր շփման գիծ, ստեղծվել է նոր ստատուս-քվո, բայց դա չի նշանակում, որ մենք գտնվում ենք հետկոնֆլիկտային իրավիճակում։ Կարծում եմ, որ այստեղ քաղաքական իմաստով եզրաբանությունը շատ կարևոր է։ Սա պետք է ֆիքսել։ Իսկ 9-րդ կետը, որ անընդհատ շեշտում եմ, կետերի հաջորդականությունը նաև ինչ-որ նշանակություն ունի։ Իսկ երբ որ 8-րդ կետը ասում է կալանավորվածների, ձերբակալվածների, ռազմագերիների մասին, այստեղ նաև շատ կարևոր է «ռազմագերի» բառն օգտագործելը։ Որովհետեւ ռազմագերին միջազգային ռազմական օրենքներին համաձայն և՛ վերաբերմունքի առումով, և՛ փոխանակման առումով, և՛ արտահանձնման առումով իր իրավաչափությունն ունի։ Իսկ ձերբակալվածը, կալանավորվածը նաև իրավական իմաստով քրեականություն է ենթադրում և այլն։ Ուզում եմ ասել, նման բարձրաստիճան պաշտոնյաների ձևակերպումները տարբեր քաղաքական մեկնաբանությունների դուռ են բացում։
– Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ իր խոսքում, որ տեսագրվել է և տեքստը հրապարակված է ՌԴ ԱԳՆ կայքում, Լավրովն ասել է, որ «խաղաղապահ զորախումբը կշարունակի իր ջանքերը Լեռնային Ղարաբաղում, որ եռակողմ համաձայնագիրը ապահովում է խաղաղապահների լիազորություններն այն բանում, որ կապված է ԼՂ բնակչության անվտանգության և Լաչինի միջանցքի ֆունկցիոնալության հետ, խաղաղապահները կանեն ամեն ինչ` լուծելու մնացած խնդիրները, որոնք կապված են շփման ճշգրիտ գծի սահմանման, դրա ընդունման վերաբերյալ փոխշահավետ համաձայնությունների տրամադրման հետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիան, դեմարկացիան հնարավոր կդառնա, հենց այս բոլոր քայլերն իրականացվեն»։ Ի՞նչ ենթադրել, որ Ռուսաստանը ցանկանում է վերջնական որոշել ԼՂ-ում շփման գիծը, Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիան, դելիմիտացիան իրականացնել և հետո՞ անցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման քայլերին։
– Այո, Ռուսաստանի գերդերակատարությունն ընդգծող հայտարարություններ են՝ ասելու համար, որ ամբողջ պատերազմը կասեցնելու, խաղաղությունը երաշխավորելու և այդ ամբողջի պատասխանատուն և այդ ամբողջ անվտանգության երաշխավորը Մոսկվան է։ Եվ իրողապես այդպես է, որովհետեւ խաղաղապահ զորքերն այնտեղ են, և ռազմական գործողություններ չկան խաղաղապահ զորքերի մուտք գործելուց հետո։ Բայց մնացյալը… մենք պետք է զգույշ լինենք այդ բոլորը վերլուծելու, նույնիսկ արձագանքելու առումով, որովհետև ինքը հակամարտություն է, շատ կարևոր է քաղաքական եզրաբանությունը։ Ինքն Արցախի և Ադրբեջանի հակամարտություն է։ Արցախն է ինքնորոշվել, անկախություն հայտարարել, և ադրբեջանական կողմն էր, որ անընդհատ փորձում էր հակամարտությանը տալ հայ-ադրբեջանական բնութագիր՝ մերժելով Արցախն ընդունել իբրև միավոր։ Այն հայտարարությունները, որոնք արվում են՝ «Հայաստանի և Ադրբեջանի սահմաններ», «Հայաստանի և Ադրբեջանի դելիմիտացիայի գործողություններ», ևս նպաստում են հակամարտության բնութագիրը, էությունը, բովանդակությունը տեղափոխելուն արցախյան-ադրբեջանականից հայ-ադրբեջանական՝ Հայաստան և Ադրբեջան։ Այս բոլորը, կարծում եմ, չեն նպաստում նաև Ստեփանակերտի իբրև կոնֆլիկտի կողմ բանակցային սեղանի վերադարձին։ Որովհետեւ մենք չպետք է մոռանանք, որ շատ կարևոր մի իրողություն է նաև արձանագրվել։ Հայաստանը բանակցություններին մասնակցում էր իբրև Արցախի անվտանգության գլխավոր երաշխավոր։ Այդ իրավակարգով, այդ կարգավիճակով էր մասնակցում։ Պատերազմից հետո, և մանավանդ խաղաղապահ ուժերի տեղակայումից հետո փաստորեն Հայաստանը կորցրել է անվտանգության գլխավոր երաշխավորի իր հանգամանքը։ Այնտեղ խաղաղությունը կամ անվտանգությունը Ռուսաստանն է ապահովում։ Նաև Միջազգային ընտանիքի մոտ, կարծում եմ, այդ առիթը պետք է ծառայեցվի՝ շեշտելու Ստեփանակերտի՝ բանակցային սեղան վերադառնալու անհրաժեշտությունը։ Սա նաև կնպաստի մեր բանակցային ռազմավարական փիլիսոփայությանը, որ հակամարտությունն արցախա-ադրբեջանական է։ Այս բոլորը հուշում են, որ հայկական կողմը բանակցային նոր ռազմավարության մշակման հրամայականի առջև է կանգնած՝ իր բանակցային դիրքերը վերաամրապնդելու նոր մոտեցումերով։ Իհարկե, միշտ նկատի ունենալով տարածաշրջանում և՛ ռազմավարական կարևոր գործընկերոջ շահերը, և՛ նոր իրավիճակը, և՛ աշխարհաքաղաքական տարողության միտումները, հատկապես մյուս համանախագահող երկրների ակտիվացման առումով։ Եվ եթե իրենք վերստին որոշել են առնչվել, ներգրավվել, ակտիվանալ, սա նշանակում է, որ հակամարտությունը վերստին կստանա տարածաշրջանային, աշխարհաքաղաքական տարողություն, որի ուղղությամբ ինչպես նաև արտգործնախարարը հաստատեց՝ ասելով «համանախագահական միջնորդական առաքելության ձևաչափի վերակենդանացում»։
– Պարո՛ն Գանտահարյան, Լավրովն, անդրադառնալով Ալիևի՝ Մեղրիի միջանցքն ուժով բացելու հայտարարություններին, երբ որ լրագրողը հարց հնչեցրեց դրա վերաբերյալ, ասաց, որ «եռակողմ մեխանիզմը ենթադրում է համաձայնություններ, որոնք կարող են բացառապես լինել կամավոր՝ փոխշահավետ հիմքի վրա, որոնք չեն ենթադրում ոչինչ բացի դիվանագիտական համաձայնությունը և որոշումները»։ Ըստ Ձեզ՝ Ռուսաստանն ի՞նչ դիրքորոշում ունի այդ միջանցքի հետ կապված, կո՞ղմ է, որ բացվի, թե՞ կողմ չէ, Ռուսաստանն ինչպե՞ս կուզենա, որ այդ երթուղու բացման պարագայում վերահսկողություն իրականացվի։ Ռուսաստանն այստեղ ի՞նչ է ուզում։
– Եթե ներառել է հրադադարի հայտարարության մեջ, կարծում եմ, Ռուսաստանն իր համաձայնությունը տվել է։ Որովհետեւ այդ հայտարարությունը չէր լինի առանց Ռուսաստանի համաձայնության և առանց Ռուսաստանի ճարտարապետության։ Կարծում եմ, որ խնդիրը նաև պետք է հետևյալ կերպ դիտարկել։ Օրինակ, Ռուսաստանի դիտանկյունից Վրաստանի երթուղային մենաշնորհի այլընտրանք ստեղծվի այս առումով, և Վրաստանը կշրջանցվի որոշակի առումներով՝ և՛ կոմունիկացիա, և՛ մայրուղիներ, և՛ ենթակառուցվածքներ և այլն։ Ներկա տարածաշրջանային գործընթացները նկատի ունենալով՝ կարծում եմ, որ դա կբխի նաև Ռուսաստանի շահերից, որովհետեւ, գիտեք, Թիֆլիսի քաղաքական առևելումների փոփոխությունը և այլն։ Եթե ԱՄՆ-ի համար իրանյան սահմանների վերաձևավորման խնդիրն էր կամ իրանյան սահմանամերձ շրջանների փոփոխության խնդիրն էր նաև, ռազմական առումով, մյուս երկրների համար, օրինակ, Հարավային Կովկասում դեպի Արևմուտք դարձած Վրաստանի շահերի հարվածումը կամ շրջանցումն է, այս առումներով։ Այսինքն՝ գլխավոր խաղացողների՝ Հարավային Կովկասում ունեցած ազդեցությունների, շահերի ընդհանուր այս համատեքստում պետք է նայել ընդհանուր համաձայնությունը, որին հանգել են երկրները։ Բայց սա անվերջ կարող է հարափոփոխ լինել։ Իսկ ներկա պայմաններում այդ նոր երթուղիների անվտանգության խնդիր կարող է դրվել։ Այդ դեպքում նաև չի բացառվում, որ Ռուսաստանի խաղաղապահ առաքելության աշխարհագրությունն էլ կարող է փոխվել։
– Որտե՞ղ զորախումբ տեղակայեն կամ ի՞նչ անեն։
– Առնվազն այդ նոր բացվելիք երթուղիների անվտանգությունը ստանձնելու առումով։ Սա պարզապես վարկած է, որը չի բացառվում։