Պրոֆ. Լեւոն Չուգասզեան, Երեւան
Որքան կարդում եմ կարծիքները, գալիս եմ եզրակացութեան, որ սա ոչ միայն բիւջէն լցնելու հնարաւորութիւն է, քանի որ ներկայիս կառավարութիւնը չի համարձակւում կամ չի կարողանում բիւջէն (ամավարկ) լցնել, բռնագրաւելով նախկինների թալանածը, բայց նաեւ սադրանք է (պրովակացիա), որի նպատակներից է՝
- Հասարակութեան տարբեր մասերը իրար դէմ հանելը եւ անմիաբանութիւնն ու քաոսը սրելը:
2.Աղմուկ ստեղծելով, հանրութեան ուշադրութիւնը շեղել համավարակի տարածումը կանխելու կառավարութեան անկարողութիւնից, ինչպէս անում էին նախորդները, շեղելով մարդկանց ուշադրութիւնը՝ հասարակական ցնցումներ ստեղծելով (հայկական դպրոցների խնդիրը, Մատենադարանի ձէռագրերի թուանշայնացման խնդիրը եւ այլն):
- Ներկայիս կառավարութեան դիրքերը աւելի սասանելը եւ դժգոհութիւնը աւելացնելը:
- Երկրում գործող 5-րդ շարասեան դիրքերի ուժեղացումը եւ հների վերադարձը իրականացնելը: Մի կողմից «Բաժանիր, որ տիրես» քաղաքականութիւնն է իրականացւում, միւս կողմից կառավարութեան մէջ ամէն տեսակ գործակալների ձէռքն է զգացւում: Քաղաքի կենտրոնից բնիկների կամ հնաբնակների կամ աբորիգենների (ինչպէս կ’ուզեն թող անուանեն կամ ծաղրեն) վերջնական դուրս մղումը հնարաւորութիւն է ստեղծելու Երեւանը վերջնականօրէն պարզապէս հողամասի վերածելու: Չէ՞ որ հնաբնակնեը պահողներն են քաղաքի պատմական յիշողութեան, նրանք գիտեն, թէ որտեղ էր ապրում Քաջազնունին, Լեւոն Շանթը, Նիկոլ Աղբալեանը, ո՞ր տեղերով էր տնային կալանքի ենթարկուած Չարենցը, գիշերը գաղտնի, տնից դուրս գալիս եւ գնում հանդիպելու եւ զբօսնելու Աւ.Իսահակեանի հետ, որտեղ էր Կոնդում ապրում Արշիլ Գորկին մինչեւ Ամերիկա մեկնելը, որտեղ էին հաւաքւում Գուրգէն Մահարին, Հրաչեայ Ներսէսեանը, Կոստան Զարեանը, Երուանդ Քոչարը, ներկայիս ՛«Սենթրալ» ռեստորանի կողքի շէնքից ինչպէս էին գիշերները գալիս ձերբակալում եւ աքսորում հայ մտաւորականներին եւ այլն:
Ահա այս պատմական նուրբ հիւսուածքի կործանմանն է միտուած բարձր գոյքահարկի խնդիրը: Այդ միջոցով ուզում են վտարել հնաբնակներին կենտրոնից եւ վաճառել թալանչիներին: Ի՞նչ պիտի անեն առանց պատմական այդ հւիսուածքի բարձր գոյքահարկը պարտադրողները: Պարզ է, նրանք պիտի ապրեն հողամասում, որը շարունակելու են Երեւան կոչել: Բայց հնաբնակներն են քաղաքի աղը: Առանց նրանց ներկայութեան քաղաքը հողամաս է, բիզնեսի վայր: Յիշողութիւն չունեցող մանկուրտներ են պէտք մեր թշնամիներին եւ այս ծրագիրն իրականացւում է տգիտութեան վրայ խարսխուող չարութեան ու նախանձի հողի վրայ: Սա նաեւ քաղաքացիական պահուածք ունեցող եւ քաղաքի ու Հայաստանի շահերի համար տարիներով պայքարող ու մշակոյթ պահող, պայքարող հնաբնակների դէմ սկսուած արշաւ է, նրանց կողմից, ովքեր դա չեն արել նախկինում եւ հիմա քաղաքացիութեան դասեր են փորձում տալ մեզ՝ տեղաբնիկներիս (աբորիգեններիս): Արտայայտուած կարծիքներից պարզ է, որ կենտրոնում ծնուածներին ու տարիներով ապրողներին չեն ներում դա:Տարբերութիւն չի դրւում նրանց եւ մեծ գներով բնակարաններ առած երկիրը թալանածների միջեւ եւ դա ձէռնտու է առաջին հերթին թալանչիների համար: Չէ՞ որ ուշադրութիւնը նրանց վրայից շեղւում է: Վերջիններիս դրդումով է, որ բազմաթիւ ձայներ են հնչում գոյքահարկը բարձրացնելու օգտին եւ ցեխ է նետւում հնաբնակների կամ եթէ կ’ուզէք աբորիգենների վրայ: Թալանչիներից միլիոններ չեն պահանջում այդ ձայները, քանի որ վախենում են: Վախեցել են միշտ եւ հիմա էլ վախենում են: Աւելի հեշտ է հնաբնակներին քարկոծելը: Ու՞ր պիտի հասնեն Երեւանում ապրողների զաւակները առանց հնաբնակների, որոնց համար ՀԱՅՐԵՆԻՔԸ սկսւում է Երեւանից, իրենց բակից ու փողոցից, որի ամեն քարը թանկ է ու անգին յիշողութիւն: