Նայրի Հոքհիքեան
Մաս 1
2020թ․ սեպտեմբերի 21-ին նշում էինք ՀՀ անկախության տոնը։ Գործընկերս հարցրեց, թե ինչ ծրագրեր ունեմ հաջորդ օրվա համար։ Հանկարծ երկուսս էլ նույն բանն ասացինք․ «եթե, իհարկե, վաղը պատերազմ չսկսվի․․․»։ Նայեցինք իրար, հասկացանք, որ երկուսս էլ նույն բանն ենք մտածում, երկուսս էլ վաղուց զգացել էինք պատերազմի հոտը, բայց վախենում էինք խոստովանել ինքներս մեզ։
2020թ․ սեպտեմբերի 27-ը կիրակի էր։ Առավոտյան 9-ին արթնացա զարթուցիչի ձայնից և ինքնաբերաբար ձեռքս մեկնեցի հեռախոսին։ Լրահոսը տնքում էր պատերազմի բոթի ծանրությունից․ «Առավոտյան 7։30-ին Ադրբեջանը հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկայնքով․․․»։
Հիշեցի հուլիսի 12-ի Տավուշի մարզի վրա հարձակումը, մեր քննարկումները այն մասին, որ դա ընդամենը նախավարժանք է մեծ պատերազմից առաջ։ Զանգեցի Արցախ, ոչ ոքի հետ կապ հաստատել չստացվեց։ Հասկացա, որ ամեն ինչ ավելի բարդ է, քան կարող ենք պատկերացնել առաջին ժամերին։
Ժամը 11-ին տնից դուրս եկա խանութ գնալու պատճառաբանությամբ։ Հասա Էջմիածնի զինկոմիսարիատ։ Մի քանի տասնյակ մարդ արդեն կանգնած էր դռան մոտ։ Ներս մտա, խնդրեցի կամավորագրել։ Հերթապահը բացեց մատյանը։ Աչքիս ընկավ 144 թիվը։ Իմ անունը գրեց հենց այդ թվի ներքո՝ ասելով, թե վերջին 2 ժամվա ընթացքում այդքան մարդ արդեն կամավորագրվել է Արցախ մեկնելու համար։
Վերադարձա տուն։ Սկսվեցին լրահոսին հետևելու ծանր ժամեր։ Հաջորդ 4 օրը լարված աշխատանքային էր։ Գործընկերներիս հետ գիշերը անցկացնում էինք համակարգիչների առաջ։ Որոշեցինք 3 հերթափոխով աշխատել, որ շուրջօրյա գրաֆիկով տեղեկություններ տանք պատերազմի մասին։ Արցախից եկող լուրերը մտահոգիչ էին զոհերի առումով, բայց տարածքային կորուստների մասին խոսք չկար։ Հետո որոշում կայացվեց օգտվել բացառապես պաշտոնական լրահոսից։ Անձնական կապերով ստացվող տեղեկությունները դարձան ոչ հավաստի։ Թրենդային դարձան ՊՆ-ի Արծրուն Հովհաննիսյանը և Շուշան Ստեփանյանը։
Հոկտեմբերի 2-ին էլի գնացի զինկոմիսարիատ՝ ճշտելու, թե երբ կարող եմ մեկնել Արցախ։ Կրկին ասացին, թե կկանչեն։ Պետք է մնալ բնակության վայրում և սպասել։
Հոկտեմբերի 3-ին գործարար ընկերս՝ Վահրամն ասաց, որ Արցախում լուրջ կարիք կա թիկունքային աշխատանքի։ Մարդկային ռեսուրսները չեն բավականացնում։ Կապվեցի Արցախում այդ հարցերի համակարգող Գայանեի հետ, հետո խոսեցի գեներալ Վարդան Բալայանի հետ։ Երկուսն էլ խնդրեցին հնարավորինս արագ ջոկատով հասնել օգնության, քանի որ թիկունքային աշխատանքներում լուրջ խնդիրներ ունեն։
Հոկտեմբերի 6-ին մեր ջոկատին մեկնելու ժամ նշանակեցին՝ 19։00-ին, ԿԳՄՍ նախարարության մոտից։ Գեներալ Բալայանն ասաց, որ մեքենան կտրամադրի կրթական գերատեսչությունը, խնդրեց, որ ես կապվեմ նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ Քանի որ անձամբ վաղուց ճանաչում էի նախարարին, գրեցի իրեն։ Եղավ պատասխան․ «Դու որպես ո՞վ ես ինձ գրում։ Թող Վարդան Բալայանն անձամբ դիմի ինձ․․․»։ Արայիկի պատասխանը փոխանցեցի գեներալ Բալայանին, ասաց, դիմել է, խնդիր չէ, եթե ինքնահաստատվելու ժամանակն է, ինքը էլի կդիմի։ Մեկ ժամ անց ինձ զանգեցին նախարարությունից՝ ասելով, որ մեքենան մեզ է սպասում։
20։30-ին մենք արդեն Արցախի ճանապարհին էինք։
11 հոգի էինք։ Սկզբում եղանք Գորիսում։ Հետո լուսադեմին պիտի մեկնեինք Ստեփանակերտ։ Վարորդը Շուշիի մոտակայքում ասաց, որ իրեն շտապ հետ են կանչում, հետևաբար մեզ պետք է իջեցնի հարմար մի տեղ, իսկ մենք այդ ժամանակ թշնամու հրետակոծության տակ էինք։ Գիշերը ժամը 3-ին քայլելով հասանք Ստեփանակերտի առաջին տներին և բախեցինք առաջին դուռը՝ մի քանի ժամ անցկացնելու համար։ Սպասում էի, որ հրետակոծության տակ նկուղներում ապրող արցախցիները գուցե հրազենով դիմավորեն մեզ։ Առաջին տան մոտ միայնակ տարեց մարդը գրկաբաց չընդունեց՝ ասելով, թե տեղ չկա իր տանը այդքան մարդու համար։ Փոխարենը առաջարկեց հարևան տուն մտնել, այնտեղ մեծ է։
Ես դիմացից էի քայլում։ Թակեցի նկուղի դուռը, դուրս եկավ տարեց մի տղամարդ։ Մինչև ժամը 5-ը անցկացրինք նրա հետ միասին։ Սուրճ, թեյ պատրաստեց բոլորիս համար։ Մրսել էինք, բավական տաքացանք։ Հետո եկավ նրա որդին, և տունը մեզ թողնելով՝ միասին գնացին էլեկտրակայան՝ նորոգումներ անելու։
5։30-ին մեր ջոկատի Արշակն ու ես քայլեցինք դեպի շտաբ։ Ծանոթացանք փոխգնդապետ Յարամիշյանի հետ, ով պետք է համակարգեր մեր ծառայությունը։ Կանչեց ՌԴ-ից Արցախ եկած Շալվա անունով մի վրացահայի՝ խնդրելով, որ մեքենայով մեր ջոկատի մյուս ընկերներին տեղ հասցնի։ Նստեցինք Շալվայի մեքենան և շարժվեցինք։
Մի քանի փողոց անցնելով՝ ընկանք հրետակոծության տակ․․․
Պատերազմում իմ տեսածը․ մաս 2
«Հաց» գործողությունը․
Ստեփանակերտի Թումանյան փողոցում ենթարկվեցինք թշնամու հրետակոծության: Շալվան մեքենան վարում էր հնարավորինս արագ, ինչի պատճառով հետիոտնի անցումների բարձր հատվածների վրայով անցնելիս անընդհատ թռչում էր մեքենան, մենք էլ այս ու այն կողմ էինք խփվում: Մի կերպ հասանք ընկերներիս թաքստոց, մեքենան կանգնեց պատսպարված վայրում, որ իրերը բերենք: 1-2 րոպեում հասցրինք տեղավորվել և նույն արագությամբ մեկնել շտաբ: Մեր ջոկատի միակ աղջիկը՝ Հերմինեն, թեպետ լռում էր, բայց նրա աչքերի մեջ վառ արտահայտվում էին վախն ու միաժամանակ ատելությունը թշնամու նկատմամբ:
Տեղավորվեցինք ապաստարանում: Չկար ինտերնետ, էլեկտրականություն, հեռախոսակապը գրեթե բացակայում էր: Յուրաքանչյուր 5-10 րոպեն մեկ հնչում էր օդային տագնապը:
Մեզ հանձնարարված էր պատրաստ լինել Արցախի տարբեր բնակավայրերում իրականացնել ամենատարբեր տիպի առաջադրանքներ: Առաջինը հացի արտադրամասի վերականգնումն էր:
Կեսգիշերին մոտ բեռնատար Կամազ ավտոմեքենայով մեկնեցինք նշանակված վայր: Մեքենայի լույսերն անջատած էին, որ թշնամու ԱԹՍ-ները չնկատեն: Հասանք նախկին «հացի փուռ»: Ավերակների կույտ էր: Պարզ երևում էր, որ եղել է թշնամու թիրախ, որպեսզի Արցախը հիմնականում զրկվի առաջին անհրաժեշտության ապրանքից:
Մենք պիտի վերականգնեինք հացի արտադրությունը, քանի որ Բերձորի ճանապարհը ևս հրետակոծության էր ենթարկվում, ինչի հետևանքով ՀՀ-ից ևս գրեթե անհնար էր հաց բերել:
Մեր ջոկատի տարիքով ավագ, սցենարիստ Խորենի նախաձեռնությամբ կազմեցինք շղթա և անցանք գործի: Միմյանց փոխանցելով՝ արագ բարձեցինք ապրանքի մի մասը: Մութ գիշեր էր, և միակ լուսավորությունը արցախցի Նարեկի սովորական, ոչ սմարթֆոն հեռախոսի լույսն էր: Բոլորիս հեռախոսները անջատված էին՝ չդիտարկվելու համար:
Ամեն ինչ արագ և լավ էր ընթանում: Հաց թխելու սարքավորումներով բարձած Կամազով վերադարձանք բունկեր: Դատարկեցինք, կրկին մեկնեցինք քանդված արտադրամաս: Շարունակեցինք բարձել, բայց արդեն ավելի հանգիստ՝ վստահ լինելով, որ ոչինչ չի սպառնում:
Ժամը 2-ն էր: Եղանակը սառն էր, բայց քրտնած լինելով՝ չէինք զգում օդի սառնությունը: Հանկարծ հնչեց օդային տագնապը, որից վայրկյաններ անց լսեցինք պայթյունի ձայնը: Ջոկատի ղեկավարը հրահանգեց վազել դեպի կիսաքանդ շենքի խորքը: Իմ դիմացից գնում էր Մարտակերտցի Գևորգը: Հանկարծ լույս առկայծեց, որին հաջորդեց ուժեղ պայթյունը շենքի կողքին: Շենքի դեռևս չկոտրված ապակիները փշրվեցին և լցվեցին մեզ վրա:
Հարվածի ալիքից բացվեց դարպասը, բոլորս հայտնվեցինք այդ ալիքի տակ՝ ընկնելով այս ու այն կողմ: Մթության մեջ նկատեցի, որ կողքիս Հայկարամն է՝ Պատմության ինստիտուտի գիտնականը:
Մինչև կհնչեր երկրորդ պայթյունը, հասցրինք դուրս գալ շենքից և թաքնվել կողքի նկուղի նմանվող հատվածում: Մթության մեջ փոքրիկ սենյակում լսվում էին անհասկանալի ձայներ: Վառեցինք լույսը՝ հասկանալու, թե էլ ովքեր կան մեզնից բացի: Մեզ ողջունեցին մի խումբ բավական մեծ առնետներ:
Օդային տագնապը կրկին աշխատեց, կրկին հնչեց պայթյուն: Սկսեցինք հաշվել պայթյունների պարբերականությունը: Ամեն 7 րոպեն մեկ մեր կողքին կամ մոտակայքում մեկ արկ կամ հրթիռ էր ընկնում: Ամեն անգամ ուրախանում էինք, որ այդ մեկն էլ շենքի վրա չընկավ։ Այդպես՝ 3 ժամ շարունակ:
Ժամը 5-ին մոտ մեծ արագությամբ մի մեքենա մոտեցավ հրետակոծված հացի արտադրամասին: Արցախցի երկու դեռահասներ էին՝ 16 և 17 տարեկան տղաներ, որ բունկերից վերցրել էին Նիվա մեքենան ու շտապել մեզ օգնության: Անփորձ տղաները վառել էին մեքենայի լույսերը, ինչը նրանց ավելի խոցելի էր դարձրել…
Շարունակելի…