Ռուբէն Յովակիմեան
«Հողը, աշխատող մարդու
քրտինքի է ծարաւ եւ
ոչ զինուորի արեան»:
Ի վերջոյ, ուկրաինական տարածք ներխուժեց ռուսական բանակը եւ դադարեց մկան ու կատուի խաղը: Չեմ կարծում թէ Գողիաթի եւ Դաւթի նմանուող առճակատում է եղածը, բայց ուժերը անհամեմատ են եւ ոչ համադրելի: Ռազմական փորձառու քաղաքագէտ կամ քանքարաւոր իմաստուն լինելու կարիք չկայ, հասկանալու, որ պետական բարձր մակարդակի գործիչները զուրկ են զգացումից, որի տեղը գրաւում է երկրի շահի հոգսը, մանաւանդ, երբ ուժերի յարաբերութիւնը հաւասարակշիռ չէ, իսկ մէկը ցանկանում եւ կարողանում է միւսին թելադրել իր կամքը: Ում համար է գաղտնիք, որ մէկ մարդ սպանողին դատում են որպէս մարդասպան, իսկ հազարներով ոչնչացնողներին՝ հերոս գովերգում:
Պատերազմը ժամանակներից ի վեր անցանկալի է եղել եւ մնում է այդպիսին: Նա հիմնում, ստեղծում է նոր գերեզմանատներ եւ երեք տեսակի հասարակութիւն՝ ողբացողներ, հաշմանդամներ, եւ գող-աւազակներ: Առաջին երկուսը իրենց իւղի մէջ տապկուելով մի կերպ գոյատեւում են, յարմարուելով իրենց վիճակի հետ իսկ երրորդ տեսակը, որ մեծ ի մասամբ լինում է բաղկացած արկածախնդիր, անկիրթ, կիսագրագէտ անձանցով, որ սողոսկում են, իշխանութեան կառոյցներ եւ կերտում սակաւապետ (օլիգարխ) համակարգ, ինչպէս այն եղաւ մեր աւետեալ երկրում, մեր դրացիների մօտ եւ այլուր, որից զերծ չմնաց նաեւ Կիեւի պետական համակարգը:
Իրաւ է, որ անցեալով պիտի չդատենք ներկան, բայց տխմարութիւնից հեռու չէ, եթէ դաս չքաղենք ոչ միայն մեր այլ նաեւ ուրիշների անցեալի սխալներից, օրինակ՝ եթէ Հիտլերը, Բոնապարտի սխալին ծանօթ լինէր եւ ընդունէր, ապա նոյնը չեր կրկնի՝ աշխարհին դժոխային չարիքի ենթարկելով:
Երբ, մեր հարեւան Վրաստանում Սահակաշուիլին, որի իշխանութեան գալու միջոցները մութ մնացին, բազմեց երկրի ղեկավարի աթոռին, իր նպատակների առաջին հանգրուանը եղաւ թեքուել դէպի արեւմուտք ՆԱՏՕ-ին անդամակցելու անուրջով եւ ստիպուած էր հակադրուել ու բախուել Ռուսաստանին: Կարծելով, թէ Արեւմուտքը ամէն տեսակով սատար է լինելու իր նախաձեռնութիւններին, փոխանակ օր առաջ ձեռք մեկնելու հաշտութեան միտումով, քանզի պայքարի եւ յաղթելու ոչ մէկ հնարաւորութիւն ունէր, հետեւանքը եղաւ, որ ունեցան թէ մարդկային եւ թէ տարածքային կորուստ, իսկ իր մաշկը փրկելու համար լքեց երկիրը՝ պատսպարուելով ուկրաինացի համախոհների մօտ:
Նոյն պատկերը չէ՞ր 44-օրեայ դժոխքի եւ մեր երկրում եղած կորուստների պարագային, իսկ միթէ նոյնը չէ՞, որ տեղի է ունենում Կիեւում: Փոխանակ, ժամ առաջ ջանք չխնայել հրադադարի հասնելու, նախագահ Զելինսկին զէնք է բաժանում բնակիչներին, միեւնոյն ժամանակ օգնութեան կոչեր ուղղելով արեւմտեան երկրներին: Կարեւոր է նշել նաեւ, որ նա դեռ չի հասկացել, որ նախ իր ունեցած մարտական ուժը բաւարար չէ Ռուսաստանին դիմակայելու եւ յետոյ ոչ մէկ այլ երկիր իր փոխարէն կռուելու պատրաստ չէ, եթէ ինքնապաշտպանումի անընդունակ ես, իսկ այդ ընթացքում կան զոհեր եւ տառապողներ, իսկ պարոն նախագահը հրադադարի բանակցութեան կը գնայ միայն այն դէպքում, եթէ ԵՄ-ը անյապաղ ընդունի Ուկրաինայի անդամակցութիւնը եւ միաժամանակ ռուսական բանակը կը հեռանայ իրենց տարածքից:
Թերեւս սխալ չէ պահանջը, բայց անհնար է չմտահոգուել եւ հարց չտալ, քանի որ ա՛յս չամոքուող ցաւը եւ ամէնուրեք տիրող խուժամուժը, որին գումարելի է մեր ներքին անհանդուրժողականութիւնը եւ անկայուն վիճակը, ի՞նչ ազդեցութիւն կարող են ունենալ մեր երկրի կեցութեան համար: Կարեւորը, յանցաւոր եւ անմեղ փնտրելը չէ, այլ այն փաստացի անգործունէութիւնը՝ իմա հակադիր մթնոլորտը, որ տիրում է օրէնսդիր մարմնի շրջանակում: Չեմ կարող հանդուրժել, ներել եւ մոռանալ այն անվայել դէպքը, երբ ԵԽ-ի նիստերից մէկի ընթացքին, մեր երկրի վերաբերեալ հարցը քուէարկութեան է դրւում՝ հայ պատգամաւոր Հայկ Մամիջանեանը իր ձայնը տալիս է ազերիների օգտին, արդարանալով, թէ ինքը Փաշինեանի դէմ է գործել․- կարծեմ ասելիք չկայ, քանզի տխմարութեան ու նողկանքի շաղախ է եղածը եւ այդ նուաստը հայ է:-
Նոյն հոգեբանութեամբ անձանց մի բանակ եռանդով պայքարում է Հայ-թուրքական բանակցութեան դէմ, որ միայն սաղմնային վիճակի է, մինչդեռ անկախութեան առաջին օրերից ի վեր, 139 կազմակերպութիւն թուրքական մասնակցութեամբ արձանագրուած են մեր երկրի տարբեր ոլորտներում գործելու եւ քիչ չեն Երեւանում բնակարան առնող թուրքերը: Այսու կարելի է եզրակացնել, որ սահմանների լիակատար բացման դէպքում եւ արտագաղթի փաստով, թուրքերի օրինական ներխուժումը հնարաւոր տարբերակ կարելի է համարել է եւ մեր պատկան մարմինները այդ վտանգը կանխելու բոլոր միջոցները պիտի նախատեսեն, մանաւանդ որեւէ պայմանագիր ստորագրելու ընթացքին:
Պարզ չի, թէ ինչ հետեւանքներ կ՝ունենայ ներկայ բախումը մեր երկրի տնտեսութեան եւ գոյութեան համար միայն մի բան պարզ է, որ ըստ ստորագրած դաշնագրի Պուտին-Ալիեւ համագործակցութիւնը ջերմանում է աւելի, չնայած վերջինս խոստացաւ աւելացնել գազի մատակարարումը դէպի Ուկրաինա, իսկ թոյլատրելի չէ՞ ենթադրել, թէ ռուս ղեկավարի փայփայած երազանքն է վերականգնել խորհրդային շրջանի հզօր եւ մեծ Ռուսաստանը իր նախկին բաղադրիչներով:
Ո՞վ գիտի: Մեզ մնում է զգաստ մնալ եւ զգուշանալ թէ դրսից եւ թէ ներսից:
28-2-2022[1]– Սեն Ռաֆայել
[1]ԱՐՁԱԳԱՆԳ․ Զգօն, խոհեմ, զուսպ ու ճիշդ վերլուծումներով յագեցած յօդուած է: Ա․Յ․