ԱՅՇԷ ՀԻՒՐ
Թարգմ.՝ Անահիտ Քարտաշեան
Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութիւնը տեղահանութեան եւ կոտորածների ժամանակ բաւականին վարպետօրէն օգտագործել է քրդերի, թուրքերի, չերքեզների, վրացիների, հայերի, ալեւիների, սուննիների, քրիստոնեաների եւ եզդիների միջեւ առկայ լարուածութիւնները:
1915թ. Մայիսի 27ին «պատերազմական պայմաններում կառավարութեան հրահանգներին ընդդիմացողների համար զինուորների կողմից կիրառուելիք միջոցների վերաբերեալ ժամանակաւոր օրէնքով պաշտօնապէս սկսուած 1915թ. Հայոց Ցեղասպանութիւնը (մէկ այլ յօդուածով կը բացատրեմ, թէ ինչու եմ այսպէս անուանում)», որի սկիզբը խորհրդանշական համարւում է 1915թ. Ապրիլի 24ին մի խումբ հայ մտաւորականների դէպի Այաշ եւ Չանքըրը աքսորը, հիմնականում Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեան կողմից ուղղորդուող թուրքական ազգայնականութեան՝ փլուզման եզրին կանգնած Օսմանեան կայսրութեան փոխարէն թուրքական ազգային պետութիւն հիմնելու ճանապարհին որպէս առաջին քայլ՝ երկիրը ոչ մուսուլման տարրերից մաքրելու եւ կապիտալը (ունեցուածքը, Խմբ.) իսլամականացնելու-թրքացնելու գործունէութիւն էր:
ՈՐԱԿԵԱԼ ՄԵՂՍԱԿՑՈՒԹԻՒՆԸ
Նման յանցագործութիւնը բնականաբար հնարաւոր կը լինէր իրականացնել կայսրութեան հպատակների զգալի հատուածի հետ համագործակցութեան արդիւնքում: Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութիւնը տեղահանութեան ու կոտորածների ժամանակ վարպետօրէն օգտագործել է թէ՛ քրդերի, թուրքերի, չերքեզների, վրացիների ու հայերի, թէ՛ ալեւիների, սուննիների, քիրստոնեաների, եզդիների եւ թէ շրջանների, քաղաքների, գիւղերի, աշիրեթների եւ նոյնիսկ՝ անձերի միջեւ առկայ լարուածութիւնը:
Այսպիսով, հայերի (եւ բնականաբար յոյների, ասորիների) նկատմամբ իրականացուած փախցնելու եւ բնաջնջման գործողութիւնների ժամանակ Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեան ընդյատակեայ Յատուկ կազմակերպութեանը եւ բանակային միաւորումներին աջակցող, բազմաթիւ վայրերում այս գործողութիւնները անձամբ համակարգող եւ գործադրող այնպիսի տարբեր էթնոսներից (ցեղերէ-Խմբ.) բաղկացած մուսուլման խմբերի միջեւ, ինչպիսիք են թուրքերը, քրդերը, չերքեզները, չեչենները, վրացիները, «որակեալ» մեղսակցութիւն է ստեղծուել: Մնացեալ հայկական ունեցուածքը թալանած, հայ երեխաներին որպէս ծառայ կամ հոգեզաւակ վերցրած, աղջիկներին իրենց կանանոց առած տեղական ղեկավարները կամ էլ ժողովրդական զանգուածները, հայերից բռնագրաւած հարստութիւնը սեփական կապիտալի վերածած առեւտրական բուրժուազիան (քաղքենի դասակարգը-Խմբ.), հայերից դատարկած արհեստի ասպարէզը զբաղեցրած արհեստաւորները եւս դարձել են այս մեծ յանցանքի բացայայտ կամ գաղտնի մեղսակիցները:
ՎԱՏԵՐԸ
Տեղահանութիւն իրականացրած անձնակազմում էին Հարբիյէ ռազմական ակադեմիայի շրջանաւարտներից 3րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ Մահմուդ Քամիլ փաշան, գլխաւոր շտաբի Հետախուզութեան վարչութիւնից գնդապետ Սէյֆին, ռազմական նախարար Էնուէր փաշայի հօրեղբայր Հալիլ փաշան, եւ խորթ եղբայր Նուրի (Քըլլըգիլ) փաշան, Մոսուլի 6րդ բանակային կորպուսի հրամանատար Ալի Իհսան Սաբիս փաշան, Յատուկ կազմակերպութեան մարդասպան Եակուբ æեմիլը եւ «գիժ» Հալիթը (Քարսըալան), այնպիսի բժիշկներ, ինչպիսիք են Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեան կենտրոնական կոմիտէի անդամ Բահաէդդին Շաքիրը, Նազըմը կամ էլ Դիարբեքիրի նահանգապետ Մեհմեդ Ռեշիդը, այնպիսի բարձրաստիճան բիւրոկրատներ (վարչակազմի անդամներ, Խմբ.), ինչպիսիք են «մահակով կառավարի»չ մականունով Տրապիզոնի նահանգապետ æեմալ Ազմին, նախ Երզնկայի նահանգապետ, այնուհետեւ Բիթլիսի (Բաղէշ-«Ակունք»), Բաղդատի եւ Մոսուլի նահանգների ընդհանուր նահանգապետ Մեհմեդ Մեմդուհը, կրթութեան նախարար Ահմեդ Շիւքրիւն, անվտանգութեան տնօրէն Իսմայիլ æանփոլադը, տեղական աւագանին, ինչպէս օրինակ՝ Գիրեսունից (Կերասուն-«Ակունք») Թօփալ Օսման աղան եւ Տրապիզոնից Եահեա Քահեան, Մալաթիայի միւֆթի Զագիրզադէն:
Բնականաբար, ամենասարսափելի յանցագործութիւնները գործել են տեղահանութեան քարաւանների վրայ օսմանեան պատմութեան մէջ մինչ այդ նմանը չունեցող բարբարոսութեամբ յարձակուած, կողոպտած աւազակապետերն ու աւազակային խմբերի անդամները, որոնք ծագում էին տարբեր հասարակութիւններից: Այս բարբարոսութեան ընդհանուր պատճառն այն էր, որ այս աւազակախմբերը անդամների մեծ մասին արիւնախում մարդասպանների միջից ջանասիրաբար ջոկել էին Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեան կենտրոնական կոմիտէի անդամ դոկտոր Բահաեդդին Շաքիրն ու Նազըմը: Նրանց, յատուկ հրամանով, բանտերից ազատել էին, որպէսզի իրականացնէին այդ դաժան պարտականութիւնները:
ԼԱՒԵՐԸ
Ի հակադրութիւն վատերի՝ եղել են նաեւ ղեկավարներ եւ բնակիչներ, ովքեր հայերին սպանելու հրամանին ընդդիմանալու համար սպանուել են, հայերին իրենց տներում թաքցրել են՝ դրանով իսկ վտանգելով սեփական կեանքը. օրինակ՝ 1914 թ. սկսած նախ Հալէպի, այնուհետեւ Կոնիայի նահանգապետ æելալ բէյը թոյլ չի տուել, որ իր նահանգի հայերին տեղահանեն: Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեան կենտրոնական կոմիտէի անդամի այն խօսքին, թէ այս արիւնոտ ճանապարհորդութիւնը «ազգային իդէալի» համար է, նա պատասխանել է. «Ո՞ր ազգային իդէալի: Թուրքերն ու մուսուլմանները այս ոճրագործութիւնների պատճառով արիւն են լացում, սակայն չեն կարողանում խոչընդոտել: Նման դաժանութիւններն ազգային իդէալ անուանելը ազգի համար ամենամեծ հայհոյանքն ու զրպարտանքն է»: Մինչեւ 1915թ. Հոկտեմբերը, երբ պաշտօնից ազատուեց, խոչընդոտել է բազմաթիւ հայերի՝ նաեւ շրջակայ գաւառներից, Դեր Զօր աքսորելուն: 1915թ. Օգոստոսին Անկարայի նահանգապետ Մազհար բէյը (յետագայում՝ 1918թ. Մազհար բէյը նշանակուեց Օսմանեան կայսրութեան ներքին գործերի նախարարութեան կողմից ստեղծուած այն հետաքննիչ յանձնաժողովի նախագահը, որը 1918թ. վերջերին եւ 1919թ. սկզբներին զբաղուեց հայերի տեղահանութեան եւ կոտորածների պատասխանատուների հետաքննութեան գործով-«Ակունք») պաշտօնից ազատուել է այն բանի համար, որ դէմ է արտայայտուել իր նահանգի հայերին աքսորելու հրամանին: Մազհար բէյը հետեւեալ կերպ է մեկնաբանել հրամանին դէմ արտայայտուելու իր որոշումը՝ «Ես նահանգապետ եմ, ոչ թէ աւազակ»:
Քութահիայի (Կուտինա-«Ակունք») կառավարիչ Ֆաիկ Ալին (Օզանսօ) չի բաւարարուել լոկ իր շրջանի հայերին աքսորելու հրամանին չենթարկուելով, Բալըքեսիրից, Աֆէօնից, Իզմիթից եւ Ադափազարից Քութահիա եկած հայերին ցուցաբերել է տարատեսակ օգնութիւն: Որպէսզի Քութահիայում չկուտակուեն, եկած հայերին, ըստ մասնագիտութեան եւ արհեստի, ուղարկել է շրջակայ գաւառներ եւ գիւղեր: Նա միւս գաւառներից Քութահիայում ապաստանած հայ աղքատներին է բաժանել այն 500 ոսկին, որը հաւաքել եւ Կարմիր մահիկին էին տուել Ֆաիկ Ալիի հովանու տակ վերցուած հայերը: Ֆաիկ Ալին գաղթականների համար ճաշարաններ է կառուցել: Որպէսզի հայ երեխաներն անուս չմնան, դպրոց է բացել եւ տնօրէն նշանակել մի հայի:
Կաստամոնուի նահանգապետ Ռեշադ բէյը, Եոզղաթի կառավարիչ æեմալ բէյն ու Էրզրումի նահանգապետ Թահսին բէյը չեն ենթարկուել բնաջնջման հրամաններին: Մալաթիայի քաղաքապետ Ազիզօղլու Մուսթաֆա աղան տեղահանութիւնը խոչընդոտելու իրաւասութիւն չունէր, սակայն բազմաթիւ մարդկանց է թաքցրել իր տանը: Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեան անդամներից մէկի որդին սպանել է նրան՝ ասելով, թէ «պաշտպանում է անհաւատներին»: Լիջէի քայմաքամ Հուսէին Նեսիմի բէյին, Բեշիրի քայմաքամ Մուաւինի Սաբիթ բէյին, Բասրայի նահանգապետ Ֆերիթ բէյին, Միւնթեֆեկի կառավարիչ Բեդիի Նուրի բէյին եւ լրագրող Իսմայիլ Մեսթային սպանել են Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեան պարագլուխներից դոկտոր Ռեշիդ բէյի հրամանով: Իսկ Մարդինի կառավարիչ Հիլմի բէյը վերջին պահին է փրկուել մահից:
Սաւուրի քայմաքամ Սըթքը բէյը 200 դոմինիկեան միսիոների թաքցրել է իր տանը: Միդեաթի քայմաքամ Նուրի բէյը, Չերմիքցի Մուհամմեդ Համդի բէյը, սաւուրցի Մեհմեդ Ալի բէյը, սիլուանցի Իբրահիմ Հաքքը բէյն այն անձինք էին, ովքեր հայերին եւ ասորիներին օգնութիւն են ցուցաբերել: Եդեսիայի մայոր Սըթքը բէյը մահից փրկել է ասորի համայնքին եւ հայ կաթոլիկ համայնքի առաջնորդներին: Եդեսիացի Հաջի Հալիլը մի ընտանիքի 7 անդամներին փրկելու համար թաքցրել է իր տան առաստաղում:
Բացի այդ, Տրապիզոնի շրջանի եւ Կաստամոնուի մի խումբ սուննի թուրքեր, Կոնիայի մեւլանաները, Մարդինի ասորիները, Սինջարի եզդիները եւ Դերսիմի ղըզըլբաշ աշիրեթների մեծ մասը փրկել են հայերին: Մինչդեռ Դերսիմի ցանկապատ հանդիսանող Արաբկիրում, Էղինում (Ակն-«Ակունք»), Գիւրունում, Քեմախում, Երզնկայում, Դերջանում, Քըղիում եւ Բալուում հայերին ոչ միայն թալանել, այլեւ սպանել են: Նոյն կերպ Սիրիայի Դեր Զօրում հայերին ապաստանած եւ ուտելիքով ապահոված բազմաթիւ արաբ աշիրեթների կողքին եղել են բեդուիններ, որոնք թալանել եւ սպանել են: Ռաս ուլ Այնում որոշ չեչեններ հայերի վրայ յարձակուել, որոշներն էլ՝ պաշտպանել են:
ԿՈՆԻԱՅԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏ
ՋԵԼԱԼ ԲԷՅԻ ՅՈՒՇԵՐԸ
Յօդուածն աւարտենք «լաւ թուրքերից» Կոնիայի նահանգապետ æելալ բէյի 1919թ. «Վաքի»չ թերթում լոյս տեսած «Հայկական դէպքեր, պատճառներն ու ազդեցութիւնը» վերնագրուած յուշերից մի հատուածով. «Այո՛, մի խումբ հայեր օգնել են թշնամուն: Որոշ հայ պատգամաւորներ, նախընտրելով աւազակութիւնը, բազմաթիւ ոճրագործութիւններ են գործել: Կառավարութեան պարտականութիւնը մեղաւորներին ձերբակալելն ու միայն նրանց պատժելն էր: Եթէ սա անհնար էր, ապա պէտք էր այդ շրջանի հայերին ոչ թէ թշնամաբար, այլ բարեկամաբար եւ ժամանակաւոր այլ վայրեր տարագրել: Աւազակն ամէն ինչ կարող է անել, որովհետեւ աւազակ է: Իսկ կառավարութիւնը հետապնդում է միայն մեղաւորներին: Սակայն, ցաւօք, այն ժամանակուայ կառավարութեան մեծամեծերը քանի որ երբեք չէին կորցրել գաղտնի կազմակերպութեան ոգին, այս տեղահանութիւնն իրականցրեցին անխոհեմ ձեւով, որն անգամ արիւնարբու աւազակը չէր կարող իրականացնել: Այդ ժամանակուայ կառավարութիւնը քանի որ մտածում էր՝ ռուսները յարձակուելու են Սաքարիայի հովտի վրայ, հայերն էլ նրանց աջակցելու են, որպէս կանխարգելիչ միջոց՝ ասում էին, որ տեղահանութիւնը տարածուելու է մինչեւ Անկարա, Կոնիա եւ Էսքիշեհիր: Այդ ժամանակ քանի որ ռուսները դեռ նոր էին զրահանաւերով մատակարարուել, մենք դեռ իշխում էինք Եաւուզում, Լեսբոսում եւ Սեւ ծովում, անհնար էր, որ ռուսների զինուորները մտնէին Սաքարիայի աւազան: Եկէք այս հնարաւորութիւնն էլ ընդունենք… Ինչո՞ւ Բուրսայի, Էդիրնէի (Ադրիանապոլիս-«Ակունք») եւ Թեքիրդաղի հայերին տեղահանեցին: Այս տեղե՞րն էլ էին մտնում Սաքարիայի աւազանի մէջ: Հալէպում նահանգի բնակչութեան 1/70 անգամ չկազմող հայերից ի՞նչ էին ուզում: Ճիշդ, սխալ հայրենիքի բարօրութեան համար հայերին իրենց բնակավայրերից հանելը եթէ անգամ անհրաժեշտութիւն լինի, նման ձեւո՞վ պէտք է իրականացուի: Կառավարութիւնը, որը հրամայում է հայերին ուղարկել Դեր Զօր, մտածե՞լ է, թէ այս խեղճերն այնտեղ արաբ քոչուոր ցեղերի մէջ առանց կացարանի ու սննդի ինչպէ՞ս են ապրելու: Եթէ մտածել է, ապա հարցնում եմ՝ այնտեղ որքա՞ն սնունդ են ուղարկել, գաղթականների համար քանի՞ տուն է կառուցուել: Հայերի նման դարեր շարունակ նստակեաց կեանքով ապրող ազգին Դեր Զօրի անապատներում, որտեղ ջուր եւ շինարարական այլ նիւթեր չկան, բնակեցնելու նպատակը ո՞րն էր: Ցաւօք, խնդիրը մերժելու եւ աղաւաղելու հնարաւորութիւն չկայ: Նպատակը ոչնչացումն էր, ոչնչացրեցին: Կրկին թաքցնել ապարդիւն է, այս որոշումը կայացրել են Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեան ընդհանուր կենտրոնի յայտնի անդամներից ոմանք, եւ, բնականաբար, այն կեանքի է կոչել կառավարութիւնը, որը բաղկացած է այդ ընդհանուր կենտրոնի անդամներից:
ՄԱԿի ընդհանուր կենտրոնը Բալկանեան պատերազմից առաջ հեշտութեամբ կարգաւորել է նաեւ Մակեդոնիայի հարցը: Կենտրոնի անդամներից մէկի կարծիքով Մակեդոնիայի հարցը բնակչութեան հարց է. եթէ իսլամ բնակչութիւնը շատանայ, ապա հարցն ինքնըստինքեան կը կարգաւորուի: (…) Երկու թուերի միջեւ յարաբերակցութիւնը որոշելու համար թուերից մէկը պէտք է մեծացնել, միւսը՝ փոքրացնել: Ռումելիի բնակչութեան միջեւ առկայ տարբերութիւնը վերացնելու համար բուլղարներին, յոյներին, սերբերին ոչնչացնելու հնարաւորութիւն չկար, դրա համար էլ փորձեցին Բասրայից բերել իսլամ գաղթականներին:
Իսկ Անատոլիայում նման դժուարութեան կարիք չկար: Կազմակերպեցին հայերի ոչնչացումը: Սա անձամբ իրականցրել է ոչ թէ ընդհանուր կենտրոնը, այլ այն ժամանակուայ կառավարութիւնը: Եթէ այդպէս չլինէր, ապա կոտորածներին չմասնակցած քայմաքամներին սպանելու, կառավարիչներին եւ նահանգապետերին աշխատանքից ազատելու դէպքում, կոտորածներին մասնակցածները կարիերայում առաջ չէին գնայ: Տեղահանութիւնը Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեան անդամների հսկողութեամբ չէր իրականացուի:
Այսպէս, ըստ իս՝ գալիս եմ խնդրի ամենակարեւոր կէտին. այս խառնաշփոթի, այդ կոտորածների եւ ոճրագործութիւնների համար թուրքերը եւս պատասխանատո՞ւ են, թէ՝ ոչ:
(…)
Ենթադրում եմ, որ առնուազն 3-4 հարիւր հազար (մէկ ու կէս միլիոն-«Ակունք») հայ է մահացել: Մի ազգ, որն այսքան արիւնաքամ է եղել, ճչալու եւ բողոքելու իրաւունք ունի: Այս իրաւունքի դէմ ոչ ոք չի կարող առարկել, սակայն միայն հայ չի մահացել: 2 միլիոնից աւելի թուրք ու արաբ էլ է մահացել: Թուրքերն ու արաբները եւս հայերի պէս խաբուած եւ անճար են: Նրանք էլ ճչալու եւ բողոքելու իրաւունք ունեն: Օսմանեան կայսրութեան ներկայիս վիճակը նմանեցնում եմ Էրզրում (Կարին-«Ակունք») նահանգի վերոնշեալ վիճակին, այսինքն՝ ողջ երկրում երկու դասի մարդ կայ՝ բռնութեամբ օրէնքից շահ հետապնդող բռնակալներ եւ նրանց բռնութիւնների արդիւնքում ճնշուած թուրքեր, արաբներ, հայեր…: Բոլորիս համար էլ աղէտի ծնունդ տուող պատճառներ կան: Հայրենիքից բաժանուելով՝ ճանապարհներին մահացած կամ էլ սպանուած հայերի հետ եւ Սիրիայի անապատներում, Էրզրումի լեռներում քաղցից, հիւանդութիւնից, տապից մահացած կամ սպանուած թուրքերը Ալժիրում եւ Սիրիայում քաղցից փողոցներում հեծելով մահացող արաբների եւ æեմալ փաշայի հրամանով մահապատժի ենթարկուած եւ աքսորավայրերում ծայրայեղ աղքատութեան մէջ, տարաբախտ ուժը նոյն ուժն է: Հետեւաբար ե՛ւ թուրքերը, ե՛ւ արաբները հայերի պէս հայցուոր են: Մենք էլ ենք արդարութիւն պահանջում: Մէկս միւսին մեղադրելու փոխարէն, ձեռք ձեռքի տուած՝ քաղաքակիրթ աշխարհից արդարութիւն պահանջենք եւ դարեր ի վեր եղբայրաբար ապրած արաբներին, թուրքերին եւ հայերին այս վիճակին հասցրածների պատիժը պահանջենք ու քանի դեռ ուշ չէ, բաւականին յարմար կը լինի կրկին փորձենք եղբայրաբար ապրել»:
«Ակունք»