ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ
Ես մեծ ակնածանք ունեմ Հին Կտակարանի առասպելների ու լեգենդների նկատմամբ, քանի որ նրանց մեջ ժողովրդական հիշողությունն է ու իմաստությունը։ Բայց ահա այդ լեգենդներից մեկի հետ ոչ մի կերպ չեմ կարողանում հաշտվել։ Ղովտի կնոջ մասին լեգենդն է դա։ Այսպես. Սոդոմի և Գոմորի բնակիչները մեղանչել են Աստծո դեմ, ու երբ նրանց մեղքը խիստ ծանրացել է, Աստված որոշել է պատժել նրանց, կրակ ու ծծումբ տեղալով այդ քաղաքների վրա։ Բայց Գոմոր քաղաքում ապրելիս է եղել Ղովտ անունով մի արդար մարդ։ Աստված որոշել է նրան փրկել և իր հրեշտակների միջոցով պատվիրել է առնել կնոջն ու դուստրերին, հեռանալ քաղաքից, պայմանով, սակայն, որ ոչ ոք հետ չնայի։ Բայց ահա ճանապարհի կեսին Ղովտի կինը չի դիմացել, հետ է նայել ու աղե արձան է դարձել։
Հին Կտակարանը չի բացատրում, ու ես էլ ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե Աստված ինչու՞ հետ չնայելու պատվիրանը տվեց նրանց։ Տրամաբանությունը հակառակն է հուշում, մեղավորների ահեղ պատիժը կարող էր, այսօրվա բառ ու բանով ասած, «դաստիարակչական նշանակություն» ունենալ այդ փրկված մարդկանց համար, մանա-վանդ, որ նրանց մեջ, հանձին Ղովտի դուստրերի, կային նաև «աճող սերնդի ներկայա-ցուցիչներ»։
Հետ չնայել…
Ինձ թվում է, որ մարդկային այդ փոքրիկ խմբի մեջ միակ ճշմարիտ ու արդար մարդը Ղովտի կինն է եղել, որ չի դիմացել ու հետ է նայել… Չի դիմացել, որովհետև,
հավանաբար, շատ թանկ հիշատակներ է թողել այդ քաղաքում. մանկություն, հայրենի տուն, երիտասարդ օրերի սեր, հարազատներ, մտերիմներ, հոգևոր արժեքներ…
Ո՛չ։ Ղովտի կինը չէր, որ պիտի աղե արձան դառնար, աղե արձան պիտի դառնային և չկարողանային իրենց ճանապարհը շարունակել նրանք, ովքեր հետևում թողած թանկ հիշատակների նկատմամբ հարգանք չունեցան։ Աղե արձան պիտի դառնային Ղովտի դուստրերը, որ փեսացուներ էին թողել այրվող քաղաքի բոցերում, բայց հետ չնայեցին, չցավեցին իրենց կորած սիրո համար։ Եվ մի հետաքրքիր հանգամանք, որ երևի Հին Կտակարանի բազմաթիվ հավասարություններից մեկն է. կատարելով Աստծո պատվիրանը, հետ չնայելով, Ղովտի դուստրերը մեծագույնս մեղանչեցին, դարձյալ այսօրվա բառ ու բանով ասած, հասան «բարոյական այնպիսի անկման», որ հարբեցրին իրենց հորը, պառկեցին նրա հետ ու արնապղծությամբ զավակներ ունեցան նրանից։
Հիշենք նաև Չինգիզ Այթմատովի հիշողությունը կորցրած հերոսին, որ ակամա հանցագործ է դառնում ու ձեռք բարձրացանում սեփական մոր կյանքի վրա։
Հանցագործներն են, որ ամենից ավելի վախենում են հետ նայելուց։ Երիտթուրքերի այսоրվա ժառանգների ծավալած հակահայկական ամբողջ պրոպագանդան, պատմությունը եղծելու ու կեղծելու ճիգերն, ի վերջո, ուղղված են մի նպատակի՝ թույլ չտալ, որ մարդկությունը հետ նայի ու տեսնի, թե 1915 թվականին ի՞նչ է կատարվել Արևմտյան Հայաստանում։
1985 թ․,,ՊԱՏՄՈԻԹՅՈԻՆԸ ԵՎ ՄԵՆՔ,, հատված հոդվածից․