https://www.lragir.am-Մեր զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան, Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը
Պարոն Գանդահարյան, Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ և Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկխոսության նպատակով նշանակված հատուկ ներկայացուցիչների հանդիպումը։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարում է, որ Թուրքիան կիսում է Հայաստանի հետ առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը։
Երևան-Անկարա երկխոսության գործընթացի նախաշեմին Անկարան փորձում է փոխել խաղի կանոնները։ Դասական նախապայմանները՝ ցեղասպանության ճանաչման պահանջից հրաժարումը կամ ցեղասպանության ճանաչման օրակարգը արտաքին քաղաքականությունից դուրս բերումը, երկկողմ պայմանավորվածությամբ ընդհանուր սահմանի կամ տարածքային ամբողջականությունների փոխճանաչումը մղվել են երկրորդ պլան։
Իսկ արցախյան տարածքներից հայկական ուժերի հեռացման նախապայմանը վերափոխվել է․ և այստեղ է, կարծում եմ, խնդրի ամբողջ մեխը։ Անկարան պաշտոնապես ասում է, որ ամեն ինչ համաձայնեցնելու է Բաքվի հետ։
Նկատի ունենանք, որ ինչպես Բաքուն, այնպես նաև Անկարան մի քանի անգամ պաշտոնապես հայտարարել են, որ Արցախի խնդիրն անցյալին է պատկանում, և դա թուրքական տեսանկյունից ուղենշային իմաստ է ստացել։
Հիմա ինչ է ստացվում․ ստացվում է այն, որ Երևան-Անկարա երկխոսությունն ու հայ-ադրբեջանական հակամարտության լուծումը փոխկապակցվում են, ինչը Անկարայի վաղեմի մոտեցումն է։ Պատահական չէ, որ գործընթացները գնում են զուգահեռ՝ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման, սահմանագծման և հայ-թուրքական երկխոսության։ Պարզ է Անկարայի առաջադրանքը։ Թուրքիան կբացի սահմանը, երբ կլինի Ադրբեջանի հետ սահմանազատումն ու սահմանագծումը։ Այդ դեպքում սահմանի բացումը կբխի Թուրքիայի շահերից։ Դեպի Ադրբեջան և Կենտրոնական Ասիա Հայաստանի վրայով Թուրքիան ինքը կապաշրջափակվի։ Հրատապ օրակարգը այս տրամաբանությամբ՝ Անկարայի համար կամրջումն է դեպի Ադրբեջան․ դրա համար դասական նախապայմանները մղվել են երկրորդական պլան։ Ամենևին չի նշանակում, որ դրանք չեն վերադառնալու։
Այսինքն՝ որևէ դրական ակնկալիք հայկական կողմը չի՞ կարող ունենալ այս հանդիպումից։
Հայկական կողմը, կարծում եմ, նկատի է առել հետևյալ կետերը․ առաջին՝ Թուրքիայի բանագնացի կենսագրականը, հատկապես հայկական գործոնի ուղղությամբ իր ձեռնարկած գործողություններն աշխարհագրական տարբեր միջավայրերում։ Երկրորդ՝ հայ-թուրքական երկխոսության նախկին արարներին Անկարայի պաշտոնական մոտեցումների հոլովույթը և ձախողեցման մարտավարությունները։ Երրորդ՝ աշխարհաքաղաքական ներկա համապատկերը և գերտերությունների առնչվածության տարողությունները։ Չորրորդ՝ Անկարա-Բաքու համաձայնեցվածությունն ու հայ-թուրքական երկխոսությունն ու Արցախյան հակամարտության հանգուցալուծման գործընթացը փոխկապակցելու ռազմավարությունը։