ԳՐԻՇ ԴԱՎԹՅԱՆ
Հեռուների կարոտը ինձ հեռուներն է տանում
Հայրենու հուր մորմոքը, բոցավառում մոխրանում․․․
Մոխրոտում է կապույտը, հորիզոնը մթնում է,
Ու ամպում են աստղունքը, դառն արցունքը կաթում է։
Ծավալի մով անհունում լուսնից շաղվում է ոսկի,
Բայց ապարժան է մնում, ու չի հասնում հանգստի․․․
Տենչում եմ մեն հեռանալ մրմուռներս փնջելու,
Մութ հողվարքում խորանալ, անթեղվելու, թաղվելու․․․
Չկար․․․ չկա հույսի ցոլք, լոկ մթան ցող է թափվում,
Ավարտվում է ջլատված նպատակը աղուրում․․․
Ռուս ու թուրքը միացել վաղեմի նույն գործարքով
Հայրենիքս են կիսկիսում, հարբում ազգիս արյունով․․․
․․․Ա՜․․․ արնախեղդ կլինեն, թանձր է արյունս ազգիս
Արյունարբուն արնախեղդ, արնակոլոլ մի հասպիս․․․
Գլենդել, Կալիֆորնիա, 20201111
ԳՐԻՇ ԴԱՎԹՅԱՆ
ՀԱՎԵՐԺԱԿԱՆ
Մենք չենք պարտվել,
Մեզ մատնել են պարտության․
Իսկ մատնելը՝
Դավակցությամբ է լինում․
Ռուս են թե թուրք՝
Օտար են ու դավաճան,
Իրենց կյանքը մեր մահով են ցանկանում․․․
Չեն հաջողի․․․
Մենք մաքուր ենք ձյունի պես,
Իսկ արեվը
Չի հալում ձյունը ճերմակ,
Որ Մասիսի հաղթ գագաթին է մնում
Ճերմակ, անբիծ,
Մաքուր ու նվիրական,
Նոյյան աղավնին վրան․․․
Գլենդել, Կալիֆորնիա, 202011