ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն ասում է, որ այն բանից հետո, երբ ՀՀ նոր իշխանությունները ի դեմս վարչապետ Փաշինյանի հայտարարեց, որ այլևս արցախյան բանակցություններում չի բանակցելու Արցախի Հանրապետության ներկայացուցիչների փոխարեն, և՛ Արցախյան խնդիրը, և՛ Նախիջևան խնդիրը նոր փուլ են մտել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը ներկայացրեց իր տեսակետը արցախա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի ակտիվության, հատուկ նշանակության ստորաբաժանումների տեղաշարժերի, դիպուկահարների ակտիվության և ՀՀ ոստիկանության ներքին զորքերի տեղակայման վերաբերյալ:
«Ինքս, որ տարիներ շարունակ զբաղվում եմ այս հարցով, անորոշության մեջ եմ հայտնվել, քանի որ հայտարարությունից պարզ չէ, թե ինչ իմաստով են մտնելու բանակցային գործընթաց: Եթե Հայաստանի նոր իշխանություններն ասում են, որ չեն նստելու բանակցությունների սեղանի շուրջ Արցախի փոխարեն, դա նշանակում է, որ Հայաստանը բանակցային գործընթացում ինքն իրեն է ներկայացնելու: Այստեղ էլ վտանգ կա, որ Հայաստանը կարող է դառնալ հակամարտության կողմ: Մի բան, որը հենց Բաքվի նպատակն է: Պետք է լավ մշակվեն այդ բանաձևերը: Առաջինը՝ մենք ներկայանո՞ւմ ենք որպես հակամարտության կողմ, թե ոչ և երկրորդը՝ ի՞նչ հարցերով ենք ներկայանում»,- ասաց Ալեքսանդ Մանասյանը և կարևորեց, որ այդ նույն սեղանի շուրջ պետք է բարձրաձայնվի նաև Նախիջևանի հարցը:
Ըստ քաղաքագետի՝ գովելով նախորդ նախագահների դիրքորոշումները արցախյան հարցում՝ պետք է նշել, սակայն, որ նրանց պատճառով նախիջևանյան խնդիրը դուրս է մղվել քաղաքական և աշխարհաքաղաքական քննարկումների դաշտից: Պատճառը մեկն է՝ բարձրաձայնելով Նախիջևանի խնդիրը, նշանակում էր հակադրվել Ռուսաստանին՝ հաշվի առնելով Կարսի պայմանագիրը:
Այն դիտարկմանը, որ վերջին շրջանում Ադրբեջանի ԱԳՆ-ն մեծ անհանգստություն է ցուցաբերում ՀՀ ոստիկանության ներքին զորքերի ենթադրելիք տեղակայման հարցով, քաղաքագետը նշեց, որ ներքին զորքերի տեղակայումն արվում է Արցախի անվտանգության համար, քանի որ Հայաստանը Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն է:
Քաղաքագետն առաջիկայում լայնամասշտաբ ռազմական գործողություններ չի նախատեսում:
Միլենա Մկրտչյան