ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը ընթանում է ըստ նախանշված օրակարգի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունիսի 2-ին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ ընդգծելով, որ վավերացման հարցում անհանգստանալու կարիք չկա:
«Հունիսի 1-ից Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն անցել է ժամանակավոր հիմքով իրականացման: Այս պահին համաձայնագրով նախատեսված դրույթների 80 տոկոսը ուժի մեջ են մտնում: Վավերացման գործընթացը Եվրամիության անդամ երկրներում ընթանում է ըստ նախանշված օրակարգի: Որոշ անդամ երկրներ արդեն վավերացրել են այդ համաձայնագիրը, իսկ մյուսները բավականին առաջադիմել են այդ գործընթացում: Հուլիսին Եվրոպական խորհրդարանը կանցկացնի քվեարկություն: Եվ, հետևաբար, պետք է վստահ լինել, որ համաձայնագիրը Եվրոպայի Միության բոլոր անդամների կողմից պատշաճ սահմանված ժամկետում կվավերացվի»,- ընդգծեց Սվիտալսկին և հավելեց, որ այսօր` Եվրոպայի օրը, լավ առիթ է դա տոնելու:
2017 թվականի նոյեմբերի 24-ին Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Համաձայնագիրը ստորագրեցին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Եվրամիության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ: ԵՄ երկրներից համաձայնագիրն արդեն վավերացրել են Լատվիան, Լիտվան, Էստոնիան: Ներքին ընթացակարգերով անցկացրել և վավերացրել է նաև Հայաստանը: