ՎԱՐԴՈՒՀԻ ՔՈՒՇԵՐԵԱՆ
Վերոնշեալ գիրքը՝ նուիրուած Հայոց Ցեղասպանութեան 100ամեակին, լոյս է տեսել 2014ին, Հայաստանում, Երեւանի Պետ. համալսարանի հրատարակչութեամբ: Հայոց Ցեղասպանութեան մասին ցայսօր լոյս տեսած բազմաթիւ հրատարակութիւնների մէջ այն առանձնանում է ուշագրաւ նոր մօտեցումներով: Գիտնականի ուսումնասիրութեան հէնքը եւ գործիքը Բառն է՝ գործածուած բազմաթիւ առումներով, որ նա հմտօրէն բացայայտել է լեզուաբանական իր քննութիւններում:
Գրքի առաջին գլուխը վերնագրուած է՝ «Հ. Մորկընթաուի խորհրդածութիւնները Հայոց Ցեղասպանութեան մասին» (H. Morgenthaus Reflections on the Armenian Genocide»: Մէջբերումները կատարուած են նրա «Ազգի Մը Սպանութիւնը» գրքից: Հարցին մօտենալով լեզուաբանական տեսանկիւնից, Ս. Գասպարեանը մեկնաբանում է Մորկընթաուի կողմից ուսումնասիրուած թուրք եւ հայ ժողովուրդներին բնորոշ յատկանիշները, ընտրելով եւ ընթերցողին ներկայացնելով ընդգծուած բառեր եւ հոմանիշներ: Մորկընթաուի դիտարկումների համաձայն՝ հայը օժտուած է մտային բարձր կարողութիւններով, նա կարգապահ է, աշխատասէր եւ քաղաքակիրթ: Ի հակադրութիւն հային, թուրքը կռուասէր է (bully), բայց ոչ քաջութեան կամ խիզախութեան իմաստով. թուրքը նաեւ վախկոտ է (coward) նայած հանգամանքներին, նրա համար հայը խոզ է եւ ստոր արարած, որին նա նայում է վերեւից: Թուրքի բառապաշարում գոյութիւն չունեն մարդկայնութիւն եւ քաղաքակրթութիւն, արդարութիւն եւ պարկեշտութիւն բառերը: Ուշագրաւ է ծերունի թուրքի կողմից իր թոռան տրուած հետեւեալ բացատրութիւնը. «Որդիս, տեսնո՞ւմ ես այդ խոզերին, որոնց մի մասը սպիտակ գոյնի է, միւսները՝ սեւ, մի մասը մեծ է, միւսները՝ փոքր, բայց բոլորն էլ խոզեր են: Նոյնպէս եւ քրիստոնեաները»: Թուրքի կողմից տրուած բացատրականից կարելի է հետեւեցնել նախաեղեռնեան իրավիճակի, հայ եւ թուրք յարաբերութիւնների եւ մեծ ոճրի կանխամտածուածութեան մասին: Գրքում տեղ է գտել նաեւ Թուրքիայում ամերիկեան դեսպան Հ. Մորկընթաուի յիշողութիւններից եւս մի դրուագ, ուր խօսւում է նրա եւ Թալէաթի հանդիպման մասին: Ի պատասխան կոտորածների համար դեսպանի յայտնած մտահոգութեան, Թալէաթը հարցնում է՝ «Նրանք ամերիկացինե՞ր են», ապա, չարախինդ փայլն իր աչքերում, հասկացնում է նրան, որ դրանք իրենց ներքին հարցերն են, եւ ոչ մէկը իրաւունք չունի միջամուխ լինելու:
Գրքի երկրորդ գլուխը վերնագրուած է Guenter Lewy and His «Truth՛»՝ «Գիւնտեր Լիւին եւ իր «ճշմարտութիւնը», ուր քննարկման է ենթարկուած Գ. Լիւիի «Հայկական Կոտորածները Օսմանեան Թուրքիայում՝ «Վիճարկելի Ցեղասպանութիւն» աշխատութիւնը, ներկայացնում է պատմաբանի անհիմն փաստարկները այն ժամանակուայ Թուրքիայի ղեկավարութեան յանցաւորութիւնը ապացուցող փաստաթղթերի չգոյութեան մասին: Հեղինակի կողմից ցեղասպանութեան հանդէպ ժխտական կեցուածքը արդէն իսկ պարզ է դառնում գրքի վերնագրից՝ «Վիճարկելի Ցեղասպանութիւն»: Հեղինակը սխալ է համարում նաեւ Գ. Լիւիի այն միտքը, որ նա չի տեսնում ոչ մի յարաբերակցութիւն Հայոց Ցեղասպանութեան եւ Հրէական Հոլոքոստի միջեւ: Շարունակելով կեղծիքի իր շարանը, նա եզրակացնում է, որ «Օսմանեան կայսրութեան ղեկավարութիւնը չի ունեցել եւ չէր կարող ունենալ որեւէ կապ հայկական կոտորածների հետ, քանի որ հայերը մահացել են մասսայական տեղահանումների հետեւանքով»:
Գրքի յաջորդ գլխում հեղինակը քննութեան է ենթարկում նաեւ ցեղասպանագէտ Ռոնալտ Սիւնիի կեղծ պնդումները, թէ՝ չնայած հայերի հանդէպ կիրառուած խտրականութեան եւ բռնաճնշումներին, հայերը կարողացան ձեռք բերել նկատառելի շահոյթներ: Ընդհակառակը, թուրքի կողմից օգտագործուած բառապաշարը եւ արհամարհական վերաբերմունքը վկայում են ստրկատէրի եւ ստրուկի փոխյարաբերութեան մասին: Ռ. Սիւնիի «Ցեղասպանութեան Հարցը» գրքից առանձին հատուածների մէջբերումով թուարկուած են նրա կողմից օգտագործուած բառերը՝ (demonize, threat, enemies, radical opposition) եւ դրանց առնչութիւնը թուրք եւ հայ փոխյարաբերութեան հետ: Այստեղ, դարձեալ շեշտը դրւում է լեզուի եւ օգտագործուած բառապաշարի վրայ: Մէջբերում կատարելով Ռ. Սիւնիի գրքից, հեղինակը գտնում է, որ փարատւում է այն տեսակէտը, որ հայերն ու թուրքերն ապրել են ներդաշնակ գոյակցութեամբ, երբ գոյութիւն ունի 17րդ դարի պատմիչ Առաքէլ Դաւրիժեցու «Պատմութեան» մէջ մելանով արուած գծագրութիւնը (diagram)՝ օղակաձեւ փաթաթուած օձ, որ ներկայացնում է Օսմանեան կայսրութիւնը: Փաստը խօսում է Թուրքիայում ապրող հայերի, ինչպէս նաեւ այլ փոքրամասնութիւնների ճնշուած վիճակի մասին:
«Israel: Realpolitik or Exclusivity Syndrome?». հեղինակը սոյն ենթագլխում, քննութեան ենթարկելով Իսրայէլի եւ այլ պետութիւնների կողմից Հայոց Ցեղասպանութեան ընդունման հարցով ժխտական վերաբերմունքը, պատճառներից մէկը համարում է այն, որ երկրներն իրենց քաղաքականութիւնը տանում են առաջնորդուելով ոչ թէ բարոյական սկզբունքներով, այլ՝ ելնելով քաղաքական շահերից: Իսրայէլի կողմից ժխտողական կեցուածքի պատճառներից մէկն այն է, որ այդ պետութիւնը եւ Թուրքիան ռազմավարական դաշնակիցներ են: Բացի այդ, հրեաների մօտ արմատացած է այն հասկացութիւնը, որ Հրէական Հոլոքոստը առանձնայատուկ ֆենոմեն է եւ որպէս այդպիսին, որեւէ նմանութիւն չպէտք է փնտռել Հոլոքոստի եւ հայկական անհիմն պնդումների (allegations) միջեւ (Շ. Փերեզ):
Մեկնելով լեզուաբանական դիտարկումների իր տեսանկիւնից, պրոֆ. Գասպարեանը վկայակոչում է Փերեզի եւ նման մտածողների մօտ նկատելի այն փաստը, որ նրանք խուսափելով ցեղասպանութիւն բառի օգտագործումից, օգտագործում են սպանդ, ողբերգութիւն, ջարդ, կոտորած եւ այլ բառեր: Հեղինակը թուարկում է նաեւ Շ. Փերեզի եւ նրան նմաններին հակադրուող ցեղասպանագէտների եւ այլ մեծ հեղինակութիւնների՝ Հ. Մորկընթա-ուի, Ֆ. Վերֆելի, Շ. Թալկովսկիի, Ի. Չարնիի եւ այլոց անաչառ մօտեցումը Հայոց Ցեղասպանութեան հարցին:
Պրոֆ. Ս. Գասպարեան՝ նշելով թուրք պատմաբան Թանըր Աքչամի «Ամօթալի Արարք՝ Հայկական Ցեղասպանութիւնը Եւ Թրքական Պատասխանատուութեան Հարցը» գրքի մասին, յայտնում է, որ նա առաջիններից մէկն էր, ով հակառակ գոյութիւն ունեցող կարծրատիպերին, 1915ի դէպքերը որակում է որպէս ցեղասպանութիւն: Ընդունելով հանդերձ կատարուածը, թուրք պատմաբանը չի վարանում արդարացնելու պանթուրքիզմի նպատակների իրականացման ճանապարհին, որպէս խոչընդոտ հայերից, յոյներից եւ միւս փոքրամասնութիւններից երկիրը մաքրելու անհրաժեշտութեան պատրուակը, փաստօրէն ժխտելով Հայոց Ցեղասպանութեան պատմական բնոյթը:
Գրքի նախավերջին գլուխը վերնագրուած է՝ ««Հայ»ը եւ «թուրք»ը որպէս ճանաչողական հասկացութիւն»: Այս նիւթի շուրջ եւս խորազնին ուսումնասիրութիւն է կատարուած: Առաջին հայեացքից այս երկու՝ հայ եւ թուրք հասկացութիւնները, ազգային ինքնութեան ցուցանիշներ են: Սակայն բերուած մէջբերումներից պարզւում է, որ դրանք սոսկ բառեր չեն, այլ տուեալ ազգը բնորոշող նկարագրային յատկանիշներ: Հեղինակի կողմից նշուած է ուշագրաւ մի փաստ. 1853ին ամերիկեան «Դէյլի Թրիբիւն» թերթում Կարլ Մարքսի հետեւեալ բնորոշումը թուրքի մասին. «Եւրոպայում թուրքական ներկայութիւնը լրջօրէն խոչընդոտում է այդ տարածաշրջանի զարգացմանը»: Դեսպան Հ. Մորկընթաուն համոզուած էր, որ օսմանեան կառավարութեան կողմից իրականացուող հայերի տեղահանումը յանգեցնելու է հայ ցեղի ոչնչացման: Ի տարբերութիւն թուրքերի, հայերը ներկայացուած են որպէս խաղաղասէր ժողովուրդ: Ճանաչողական իմաստով ուշագրաւ է 1915ին, աւստրիացի բարձրաստիճան անձի կողմից տրուած վկայութիւնը. «Վերջերս Թալէաթ պէյը մեծ բաւականութեամբ ինձ հաղորդեց, որ Էրզրումի մէջ հազիւ թէ հայ մնացած լինի»: Յենուելով սոյն եւ գրքում զետեղուած այլ օրինակների վրայ, հեղինակը գալիս է այն եզրայանգման, որ թուրքը բնորոշող յատկանիշը շատ պարզ է՝ «սպաննող, բարբարոս, չափազանց դաժան, ատելութեամբ եւ բռնութեամբ լցուած եւ օժտուած է մտային ցածր մակարդակով…»:
«Եղեռն-Ցեղասպանութիւն. համարժէքութեան հարց. այստեղ, լեզուաբանական տեսանկիւնից, հեղինակի դիտարկումները կենտրոնանում են վերոնշեալ բառերի իմաստային նմանութիւնների ու տարբերութիւնների վրայ: Եղեռն բառի դիմաց նշուած հոմանիշների ցանկը երկար է՝ սպանդ, ջարդ, կոտորած, անարգանք, ստորութիւն եւ այլն: Հեղինակի համաձայն՝ սրանք բացարձակ հոմանիշներ չեն, բայց բոլորը պարունակում են իմաստային նոյն բաղադրիչը՝ սպաննել: Օրինակ՝ misdemeanor (չար ընթացք, վատաբարոյութիւն) բառը անպայմանօրէն չի նշանակում, որ կատարուածը ահաւոր եւ լուրջ իրողութիւն է: Իսկ ցեղասպանութիւն բառը աւելի համապարփակ հասկացութիւն է՝ հնագոյն քաղաքակրթութիւն ունեցող ազգի բնաջնջում, հայրենի հողատարածքի զաւթում, նիւթական եւ մշակութային արժէքների ոչնչացում: Որպէս աղբիւր հեղինակը օգտագործել է Հր. Աճառեանի «Հայերէն Արմատական Բառարան»ը, օգտուելով նաեւ օտար հեղինակների գործերից, ուր համեմատութիւններ են արուած հին անգլերէնի եւ գերմաներէնի հետ, հետազօտելով բառարմատների ծագումը:
Գրքի առաջաբանը գրել է ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիայի պատմութեան ինստիտուտի տնօրէն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնեանը, իսկ գրախօսականը՝ բանասիրական գիտութիւնների դոկտոր, Մոսկուայի Լոմոնոսովի անուան համալսարանի պրոֆ. Իրինա Մագիդովան:
Գիրքը բաղկացած է առանձին վերնագրեր ունեցող եօթ գլուխներից, որոնցից իւրաքանչիւրը, ինքնին, լուրջ ուսումնասիրութիւն է, ուր արտացոլուած է սերտ առնչութիւնը պատմագիտութեան եւ լեզուաբանութեան միջեւ: Ցեղասպանագէտների եւ պատմաբանների համար որպէս լրացուցիչ եւ շահեկան աղբիւր կարող են ծառայել էջատակի յղումներն ու գրքի վերջում տրուած մատենագիտական ցանկը: Գրքի ձեւաւորումը եւ բարձրաճաշակ նկարազարդումները կատարուած են ժամանակակից տաղանդաւոր նկարիչ Գէորգ Եղիազարեանի կողմից:
Յօդուածն աւարտում ենք գրքում զետեղուած պրոֆ. Ի. Մագիդովայի գրախօսականից առանձնացրած հետեւեալ պարբերութեամբ, ուր նա, մեծապէս արժեւորելով պրոֆ. Ս. Գասպարեանի աշխատութիւնը, լաւագոյնս ներկայացնում է գրքի գաղափարական բովանդակութեան յամառօտ բնութագիրը. «Սոյն գրքի հեղինակը՝ պրոֆ. Սեդա Գասպարեանը, անգլիագիտական հետազօտութիւնների ոլորտում ճանաչուած մասնագէտ, բարձրակարգ բանասէր, յայտնաբերել է մի հայեցակարգ, որը մինչ օրս երբեւէ չի քննարկուել Հայոց Ցեղասպանութեան ուսումնասիրութեան բնագաւառում, այն է՝ պատմական փաստերի տարբեր բնորոշումների լեզուական արտայայտութեան քննութիւնը: Հեղինակը փորձում է դիտարկել այս հարցին առնչուող զգալի թուով խնդիրներ, հայեցակէտ ընտրելով լեզուն՝ ամենահրաշալի, ամենայստակ եւ ամենահամոզիչ ապացոյցը, որ մարդկութիւնը երբեւէ ունեցել է, քանզի հէնց լեզւում է արտացոլւում մեզ տրուած աշխարհը եւ լեզւում են ծածկագրուած մեր բոլոր խոհերն ու հակումները»:
Գիրքը գրուած է անգլերէն՝ «The Armenian Genocide: A Linguocognitive Perspective» եւ նախատեսուած է ցեղասպանագէտների, պատմաբանների եւ ընթերցող հասարակութեան համար:
Յուլիս 19, 2015