ԳԵՐՄԱՆԱԿԱՆ «DIE TAGESPOST» ԹԵՐԹԻ ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՇԱՒԱՐՇ ՔՈՉԱՐԵԱՆԻ ՀԵՏ
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շաւարշ Քոչարեանը հարցազրոյց է տուել գերմանական «Die Tagespost» թերթին, որում մասնաւորապէս անդրադարձել է հայ ինքնութեան պահպանման մէջ քրիստոնէական հաւատի դերին, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ Հայաստանի յարաբերութիւններին, Հայոց Ցեղասպանութեանը եւ Հռոմի Ֆրանսիսկոս պապի Հայաստան այցին:
ՀԱՐՑ.- Պարոն Քոչարեան, Հայաստանը ընդունել է քրիստոնէութիւն 301 թուականին որպէս իր պետութեան եւ ժողովրդի կրօն: Ինչպէ՞ս կը նկարագրէիք քրիստոնէական հաւատի դերը Հայաստանի այսօրուայ ինքնութեան մէջ:
ՇԱՒԱՐՇ ՔՈՉԱՐԵԱՆ.- Քրիստոնէութիւնը, կրօն լինելուց զատ, պէտք է դիտարկուի նաեւ որպէս արժեհամակարգ, որը կանգնած է ժամանակակից ժողովրդավարութեան ակունքներում: 301 թուականին քրիստոնէութիւնը որպէս պետական կրօն առաջինն ընդունելու փաստը առանցքային դեր է խաղացել հայ ժողովրդի պատմութեան մէջ: Ինչպէս վկայել է պատմութիւնը, քրիստոնէական արժեհամակարգը դարձաւ հայոց ինքնութեան անբաժանելի մասը, եւ պայմանաւորուած արտաքին ուժերի ճնշման պայմաններում այդ ինքնութեան պահպանման համար պայքարը վերածուեց նաեւ պայքարի յանուն արժեհամակարգի եւ քրիստոնէական հաւատի:
ՀԱՐՑ.- Պատմութեան գրեթէ ողջ ընթացքում Հայաստանին սպառնացել են հարեւան գերիշխող ուժերը: Ինչպէ՞ս է հայոց ազգային ինքնութեանը յաջողուել դիմակայել:
ՇԱՒԱՐՇ ՔՈՉԱՐԵԱՆ.- Չափազանցութիւն չի լինի, եթէ այսօր աշխարհում գոյութիւն ունեցող ժողովուրդներին համեմատենք սառցալեռի երեւացող հատուածի հետ: Բազմաթիւ ժողովուրդներ վերացել եւ վերանում են՝ առաջին հերթին պայմանաւորուած ոչ թէ ֆիզիկական վերացման, այլ ինքնութեան կորուստի եւ այլ ժողովուրդներին ձուլուելու հետ: Չնայած տարբեր հզօր տէրութիւնների աւերիչ արշաւների եւ տիրապետութեան՝ հայոց ինքնութիւնը պահպանուել է քրիստոնէական արժէքների վրայ հիմնուած ինքնութեան պահպանմանն ուղ-ղուած իր պայքարի շնորհիւ:
ՀԱՐՑ.- Արդեօք այսօր նոյնպէս Հայաստանը գոյատեւման պայքա՞ր է մղում, հրահրուած Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, Լեռնային Ղարաբաղի հարցում:
ՇԱՒԱՐՇ ՔՈՉԱՐԵԱՆ.- Հայկական տարբեր պետութիւններ են գոյութիւն ունեցել հայ ժողովրդի հազարամեայ պատմութեան ընթացքում: Եղել են նաեւ տեւական ժամանակահատուածներ, երբ հայութիւնը զուրկ է եղել սեփական անկախ պետութիւնից: 20րդ դարում հայ ժողովրդին բացառիկ հնարաւորութիւն ընձեռնուեց երկու անգամ անկախանալու: 1918թ. Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը գոյատեւեց ընդամէնը երեք տարի եւ պարտադրաբար դարձաւ բոլշեւիկեան Ռուսաստանի մաս՝ ֆեդերատիւ սուբյեկտի (միացեալ ենթակայի-Խմբ.) կարգավիճակով: Որպէս պատմական Հայաստանի մաս Ստրաբոնի, Պլինիոս Աւագի, Կլաւդիոս Պտղոմէասի, Պլուտարքոսի, Դիոն Կասիոսի եւ այլ անտիկ հեղինակների կողմից յիշատակուող Լեռնային Ղարաբաղը (Արցախը) 1918-1921թթ. ունէր սուվերենութեան (անկախութեան-Խմբ.) բոլոր ատրիբուտները (յատկանիշները-Խմբ.) եւ Ազգերի լիգայի կողմից ճանաչուել էր որպէս վիճելի տարածք: 1921թ. բոլշեւիկեան կուսակցական մարմնի որոշումով, ի հակառակ Արցախի ժողովրդի ցանկութեան, Լեռնային Ղարաբաղը ներառուեց խորհրդայնացուած Ադրբեջանի կազմում: 1991թ.՝ դեռեւս Խորհրդային Միութեան գոյութեան ժամանակահատուածում, ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Լեռնային Ղարաբաղում լիովին համապատասխան միջազգային իրաւունքին եւ Խորհրդային Միութեան սահմանադրութեանը, տեղի ունեցան հանրաքուէներ, որոնց հիման վրայ ձեւաւորուեցին ժամանակակից Հայաստանի Հանրապետութիւնը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը: ԽՍՀՄ փլուզումից յետոյ երկու Հայոց պետութիւններն առաջնորդւում են ժողովրդավարական ուղիով իրենց զարգացումն ապահովելու քաղաքականութեամբ: Լեռնային Ղարաբաղն ունի լրացուցիչ խնդիր՝ պայմանաւորուած 1990ականների սկզբին Ադրբեջանի կողմից ինքնորոշուած ԼՂ դէմ ծաւալուած ագրեսիայի (յարձակումներ-Խմբ.) հետեւանքները վերացնելու հետ, Ադրբեջանի կողմից ԼՂ հետ շփման գծում մշտական լարուածութեան պահպանմամբ եւ ռազմական գործողութիւնների վերսկսման վտանգի հետ, ինչի ականատեսը եղանք այս տարուայ Ապրիլի առաջին օրերին: ԼՂՀ նկատմամբ ցանկացած ռազմական ոտնձգութեան դէպքում Հայաստանի Հանրապետութիւնը իր ողջ կարողութիւններով պաշտպանելու է Լեռնային Ղարաբաղի բնակչութեան անվտանգութիւնը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը ձգտում է միջազգային ճանաչմանը, սակայն դեռեւս որեւէ պետութիւն, այդ թւում նաեւ՝ ՀՀն, դէ իւրէ (իրաւաբանօրէն-Խմբ.) չի ճանաչել ԼՂՀն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան միջնորդութեամբ ընթացող բանակցային գործընթացը չտապալելու համար: Այդ գործընթացի հիմնական տարրերից մէկն է ԼՂ վերջնական կարգավիճակի որոշումը ԼՂ ժողովրդի՝ պարտադիր իրաւական ուժ ունեցող կամարտայայտութեան միջոցով: Ապրիլեան ռազմական գործողութիւնների ժամանակ Ադրբեջանի զօրամիաւորումների կողմից իրականացուած բարբարոսութիւնները՝ Լեռնային Ղարաբաղի դպրոցների հրետակոծումը, որի արդիւնքում զոհուել եւ վիրաւորուել են աշակերտներ, Լեռնային Ղարաբաղի գիւղերից մէկում երեք տարեց անձանց, ներառեալ՝ 92ամեայ կնոջ, դաժան կտտանքների ենթարկուելը եւ սպանուելը, ԼՂ զինուած ուժերի գերեվարուած երեք զինուորներ ԴԱԷՇին բնորոշ ոճով գլխատելը, ինչպէս նաեւ նմանօրինակ պատերազմական յանցագործներին Ադրբեջանի նախագահի մակարդակով պարգեւատրելը, բացայայտեցին, որ ինչու Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Ադրբեջանի նախագահը տարածքային պահանջներ է ներկայացնում նաեւ Հայաստանի Հանրապետութեան հանդէպ, յայտարարելով, որ Հայաստանի տարածքները բաժանում են Թուրքիան եւ Ադրբեջանը, եւ որ դրանց պատկանելութիւնը Հայաստանին պատ-մական անարդարութիւն է: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այն Լեռնային Ղարաբաղի հարցում լիարժէք սատարում է Ադրբեջանին:
ՀԱՐՑ.- Որքա՞ն վատթարացած են յարաբերութիւնները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ՝ պատմութեան եւ թուրք-ադրբեջանական գործընկերութեան պատճառով:
ՇԱՒԱՐՇ ՔՈՉԱՐԵԱՆ.- Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների կարգաւորմանը խոչընդոտում է երկու հանգամանք. առաջինը՝ 1915թ. Օսմանեան կայսրութեան կողմից իրականացուած Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ Թուրքիայի ժխտողական քաղաքականութիւնն է, իսկ երկրորդը՝ Թուրքիան, ի սատարումն Ադրբեջանի՝ Հայաստանին շրջափակման մէջ պահելու քաղաքականութեան, միակողմանի փակել է Հայաստանի հետ իր սահմանը: Դրանով, հայ-թուրքական սահմանը հանդիսանում է Եւրոպայի միակ փակ սահմանը: Հայաստանի նախաձեռնութեամբ եւ միջնորդ պետութիւնների աջակցութեամբ մշակուեցին եւ 2009թ. Ցիւրիխում ստորագրուեցին հայ-թուրքական յարաբերութիւնները կարգաւորելու մասին արձանագրութիւնները: Արձանագրութիւնները ուղ-ղուած էին առանց նախապայմանների քայլ առ քայլ երկու պետութիւնների յարաբերութիւնների կարգաւորմանը: Սակայն Թուրքիայի իշխանութիւնները, առաջ քաշելով նախապայմաններ՝ կապուած Հայոց Ցեղասպանութեան ժխտողականութեան եւ Ղարաբաղի հարցում պրօադրբեջանական պահանջներ ներկայացնելու հետ, տապալեցին արձանագրութիւնների վաւերացումը: Արդիւնքում Թուրքիան, սատարելով Ադրբեջանին, շարունակում է շրջափակման մէջ պահել Հայաստանը եւ իր յայտարարութիւններով աւելի է կոշտացնում Ադրբեջանի՝ առանց այն էլ ապակառուցողական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում: Իսկ Ադրբեջանը, իր հերթին, նոյնիսկ աւելի կատաղի է ժխտում Օսմանեան կայսրութեան կողմից իրականացուած Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը: Դա պայմանաւորուած է այն հանգամանքով, որ Ադրբեջանը, ի պատասխան ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրացմանը, Սումգայիթում, Բաքւում, Կիրովաբադում եւ այլ բնակավայրերում իրականացուած հայ բնակչութեան դէմ ջարդերով եւ էթնիկ զտումներով ապացուցեց, որ հանդիսանում է Օսմանեան կայսրութեան՝ հայերի դէմ իրականացուած ցեղասպան քաղաքականութեան շարունակողը: Այդ համատեքստում պատահական չէ, որ Ադրբեջանի ղեկավարը իր երկրի համար մէկ թշնամի է յայտարարել աշխարհի ողջ հայութեանը, եւ հերոսացնում ու պարգեւատրում է հայերին սպաննած յանցագործներին, ինչը տեղի ունեցաւ Բուդապեշտում ՆԱՏՕի զօրավարժութիւնների ժամանակ քնած հայ սպային կացնահարած եւ ապրիլեան ագրեսիայի ժամանակ գերեվարուած հայ զինուորին գլխատած մարդասպանների դէպքում: Թուրքիայի կողմից հայ-թուրքական արձանագրութիւնների վաւերացումը, Հայոց Ցեղասպանութեան հարցում ժխտողականութիւնից հրաժարուելուն հետ մէկտեղ, ստուգում էր Թուրքիայի իրական պատրաստուածութիւնը Եւրոպայի հետ ինտեգրուելու, Եւրոպական արժեհամակարգը ընդունելու հարցում: Պատահական չէ, որ այդ քննութեան տապալումը համընկաւ Եւրոպական ուղուց Թուրքիայի նահանջով:
ՀԱՐՑ.- Այսօր ի՞նչ դեր ունի Ցեղասպանութիւնը հայերի ինքնութեան հարցում՝ ինչպէս Հայաստանում, այնպէս էլ Սփիւռքում:
ՇԱՒԱՐՇ ՔՈՉԱՐԵԱՆ.- Ցեղասպանութեան զոհ դարձան մէկուկէս միլիոն հայեր եւ հարիւր հազարաւորներ հայրենազրկուեցին՝ սփռուելով աշխարհով մէկ: Եւ այսօր գրեթէ չկայ հայ, որի վրայ այս կամ այն եղանակով ազդեցութիւն չի թողել Ցեղասպանութիւնը: Ցեղասպանութեան ցաւը աւելի է խորանում այն պատճառով, որ մենք առ այսօր առերեսւում ենք դրա ժխտողականութեանը: 20րդ դարի առաջին ցեղասպանութիւնը վերապրած հայ ժողովուրդը հաւատում է, որ իրականացուած ցեղասպանութիւնների ճանաչումը եւ դատապարտումը անհրաժեշտ է ոչ միայն ցեղասպանութիւն վերապրած ժողովրդի համար՝ որպէս արդարութեան վերականգնում, այլ նաեւ ողջ մարդկութեանը, քանի որ ուղղուած է ապագայ հնարաւոր ցեղասպանութիւնների կանխարգելմանը: Պատահական չէ, որ Հայաստանը նախաձեռնեց՝ Ժնեւում ՄԱԿի Մարդու իրաւունքների խորհուրդի կոնսենսուսով (համախոհութեամբ-Խմբ.) ընդունուած՝ ցեղասպանութեան կանխարգելման վերաբերեալ բանաձեւը, որը համահեղինակեցին եօթ տասնեակից աւելի երկրներ եւ որի առաջարկութիւնների հիման վրայ ՄԱԿի ԳԱն Դեկտեմբերի 9ը հռչակեց որպէս ցեղասպանութեան յանցագործութեան զոհերի յիշատակի օր: Բանաձեւը ցեղասպանութեան յանցագործութեան ժխտ-ման եւ արդարացման փորձերը դիտում է որպէս ցեղասպանութեան կանխարգելմանն ուղղուած քայլերին լուրջ խոչընդոտ: Նոյն նպատակին է ծառայում նաեւ Երեւանում Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեայ տարելիցի շրջանակներում մեկնարկած եւ պարբերական բնոյթ ստացած «Ընդդէմ ցեղասպանութեան յանցագործութեան» գլոբալ ֆորումը (համերկրային ժողովը-Խմբ.), որը վերածուել է ոլորտի մասնագէտների եւ տարբեր երկրների ներկայացուցիչների միջեւ այդ հիմնախնդրի վերաբերեալ մտքերի փոխանակման հարթակի: Ցեղասպանութիւն վերապրած հայ ժողովուրդը, ականատես լինելով ցեղասպանութիւնների նոր փորձերին եւ դրանց ժխտման նոր մարտավարութիւններին, համոզուած է, որ, ինչպէս հարիւր տարի առաջ, այնպէս էլ այսօր, մարդկութեան դէմ յանցագործութիւնների կանխարգելման խնդիրը շարունակում է մնալ հրամայական:
ՀԱՐՑ.- Ռուսաստանը, կարծես թէ, հանդիսանում է Հայաստանին պաշտպանող ուժը: Սակայն միեւնոյն ժամանակ, Մոսկուան նպաստում է Ադրբեջանի զինմանը: Ի՞նչ դեր է խաղում Ռուսաստանը տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան հարցում:
ՇԱՒԱՐՇ ՔՈՉԱՐԵԱՆ.- Նախ ընդգծենք, որ պաշտպանութեան եւ անվտանգութեան հարցերում Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղն ապաւինում են առաջին հերթին սեփական ուժերին: Միեւնոյն ժամանակ Հայաստանը տարբեր երկրների եւ միջազգային կառոյցների հետ իր համագործակցութեան խորացումը դիտարկում է որպէս զսպող գործօն տարածաշրջանում կայունութեան խախտման դէմ: Այդ նպատակին է ծառայում նաեւ Հայաստանի ռազմա-քաղաքական համագործակցութիւնը Ռուսաստանի հետ: Ռուսաստանը Հարաւային Կովկասն աւանդապէս համարում է իր ազդեցութեան գօտին եւ փորձում է իր շահերից բխող հաւասարակշռուած քաղաքականութիւն վարել տարածաշրջանի երկրների հետ: Հաւասարակշռուած քաղաքականութիւն վարելը բխում է նաեւ իր ներգրաւմամբ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգաւորման գործընթացում՝ որպէս Մինսկի խմբի երեք համանախագահներից մէկը: Ռուսաստանի միջնորդութեամբ էր, որ 1994թ. Մայիսին կնքուեց եռակողմ՝ Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան, հրադադարի մասին համաձայնագիրը, ինչը հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ընթացող խաղաղ բանակցային գործընթացի հիմքը: Այդ զինադադարը խախտուեց այս Ապրիլին, Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի դէմ նախաձեռնած ագրեսիայով: Եւ կրկին Ռուսաստանի միջնորդութեամբ Ապրիլի 5ին ձեռք բերուեց բանաւոր պայմանաւորուածութիւն՝ վերականգնելու 1994թ. զինադադարի ռեժիմը:
ՀԱՐՑ.- Ի՞նչ քայլեր էք ակնկալում Եւրոպայից՝ կայունութեան եւ հայերի ինքնորոշման առնչութեամբ:
ՇԱՒԱՐՇ ՔՈՉԱՐԵԱՆ.- 1991 թուականից ինքնորոշուած հայկական երկու պետութիւնները՝ Հայաստանի Հանրապետութիւնը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը, բարձր են գնահատում Եւրոպական երկրների դիրքորոշումը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը բացառապէս խաղաղ ճանապարհով կարգաւորելու եւ մեր տարածաշրջանում խաղաղութիւն ու կայունութիւն պահպանելու առնչութեամբ: Միեւնոյն ժամանակ կարեւոր է, որպէսզի միջազգային հանրութեան արձագանգը տարածաշրջանում իրադրութեան սրման վերաբերեալ լինի հասցէական: Քանի որ Ադրբեջանը ընկալում է եւրոպական արժեհամակարգին բնորոշ հանդուրժողական յայտարարութիւնները՝ որպէս քարտ-բլանշ իր անհանդուրժող քաղաքականութեան համար: Հէնց այդ ընկալումն էր ընկած Լեռնային Ղարաբաղի դէմ Ադրբեջանի՝ ծանր զինտեխնիկայի, հրետանու, օդուժի կիրառմամբ վերջին լայնածաւալ ագրեսիայի սանձազերծման հիմքում: Եւրոպան իր ներդրումը կարող է բերել՝ թոյլ չտալու Ադրբեջանին յետ կանգնելու Մայիսի 16ին Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ ձեռք բերուած պայմանաւորուածութիւններից: Այդ պայմանաւորուածութիւններով նախատեսուած ԵԱՀԿ օժանդակութեամբ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի եւ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հետաքննութիւնների մեխանիզմի ներդրումը հնարաւորութիւն կ՛ընձեռնի բացայայտել իւրաքանչիւր միջադէպի դէպքում հրադադարի ռեժիմի խախտման նախաձեռնողին: Տուեալ մեխանիզմի ներդրումը, ինչպէս նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մոնիտորինգային (մշտադիտարկումի-Խմբ.) թիմի եւ կարողութիւնների աւելացումը կը նպաստեն հրադադարի ռեժիմի ամրապնդմանը եւ նոր ռազմական գործողութիւնների բացառմանը, ինչն անհրաժեշտ պայման է բանակցային գործընթացն արդիւնաւէտ իրականացնելու համար:
ՀԱՐՑ.- Ի՞նչ էք ցանկանում եւ ակնկալում Հռոմի պապ Ֆրանսիսկոսի Հայաստան այցելութիւնից:
ՇԱՒԱՐՇ ՔՈՉԱՐԵԱՆ.- Հռոմի պապ Ֆրանսիսկոսի Հայաստան այցը ունի համաքրիստոնէական նշանակութիւն, քանի որ դա այց է առաջին քրիստոնէական երկիր: Այն խանդավառութիւնը, որով հայ ժողովուրդը սպասում է Հռոմի պապ Ֆրանսիսկոսի այցին, պայմանաւորուած է նաեւ այն հանգամանքով, որ անցեալ տարի Ապրիլի 12ին՝ Ս. Պետրոս տաճարում Հայոց Ցեղասպանութեան հարիւրերորդ տարելիցին նուիրուած պատարագի ընթացքում, կաթոլիկ առաջնորդը կիսեց հայ ժողովրդի ցաւը՝ կոչ անելով Թուրքիային առերեսուելու իր պատմութեանը եւ իր յարգանքը մատուցելու Հայոց Ցեղասպանութեան ժառանգներին: Այս այցը նաեւ առիթ է մեր ողջ ժողովրդի համար, Հայաստանում եւ Սփիւռքում, մեր երախտագիտութիւնը յայտնել Հռոմի պապ Ֆրանսիսկոսին՝ Հայոց Ցեղասպանութեան հարցում իր ունեցած սկզբունքային դիրքորոշման համար, որը դրսեւորուել էր նախքան նրա՝ Հռոմի պապ ընտրուելը: Միաժամանակ, օգտուելով ընձեռնուած հնարաւորութիւնից, ցանկանում եմ շնորհակալութիւն յայտնել Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչած բոլոր երկրներին, եւ, մասնաւորապէս, Աւստրիային, որի խորհրդարանը 2015թ. Ապրիլի 22ին՝ Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեայ տարելիցին ընդառաջ, համապատասխան բանաձեւով ճանաչեց Հայոց Ցեղասպանութիւնը:
ՀԱՐՑ.- Կարո՞ղ է արդեօք Հռոմի պապը, ով նաեւ Սեպտեմբերին այցելելու է Վրաստան եւ Ադրբեջան, նպաստել հարեւան երկրների միջեւ հաշտեցմանը:
ՇԱՒԱՐՇ ՔՈՉԱՐԵԱՆ.- Որքան էլ որ ադրբեջանական կողմը քայլեր է ձեռնարկում ղարաբաղեան հակամարտութեանը եւ հայ-ադրբեջանական յարաբերութիւնների սրմանը տալ կրօնական բնոյթ, դա այդպէս չէ. դրա էութեան հիմքում ընկած է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրացման յայտը՝ տնօրինելու իր ճակատագիրը եւ ապագան, եւ Ադրբեջանի պատասխանը՝ արտայայտուած բռնութիւններով, էթնիկ զտումներով եւ լայնամասշտաբ պատերազմով: Հաւատում ենք, որ Հռոմի պապի այցը Հայաստան, իսկ աւելի ուշ՝ Սեպտեմբերին, Վրաստան եւ Ադրբեջան, հանդուրժողականութեան եւ խաղաղութեան խորհուրդ է բերելու ողջ տարածաշրջան:
168.am