ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ
«Ծաղկում չի լինի, չի լինի ծաղկում
թէ չփխրեցնես սուրբ հողը խղճիդ»
ՌԱԶՄԻԿ ԴԱՒՈՅԵԱՆ
… Ոգեղէ՜ն հաց, ոգեղէ՜ն հաց, մտքի, երեւակայութեան աննիւթական հաց, ինչպէս նաեւ` հաւատի հաց եւ նշխար, ու այնքա՜ն շօշափելի, որ կարծես իրական մեղրահաց են դրել առջեւդ:
Համաշխարհային Բ. պատերազմի նախադրանը ծնուած բանաստեղծ Ռազմիկ Դաւոյեանը դեռ մանկուց է երազել իրական, շօշափելի հաց ուտել, տնական կաթի սէրով թոնրի լաւաշ ճաշակել, բայց աւա՜ղ, սնուել, սնուել սովորական առօրեայ հացով` այնքան էլ դիւրին չէր այդ տարիներին` Լոռու Մեծ Պարնի գիւղում ծնուած երեխայի համար, երբ գիւղում գրեթէ գործ անող տղամարդ չէր մնացել: Բոլորը հայրենիքի պաշտպանութեան դիրքերում էին: Ուշիմ, խելացի երեխան շատ շուտ հասկացաւ, որ սովորական հացից բացի` կայ նաեւ ոգեղէն, հոգու հաց, որին պիտի տիրանալ ընթերցանութեամբ` իր նման լոռեցի ՄԵԾՆ Թումանեան կարդալով:
Ռազմիկ Դաւոյեանը փոքրուց ընդունեց Աստծոյ պատուիրանը, որն ասում է` «Ոչ միայն հացիւ կեցցէ մարդ, այլ բանից, որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ»: Ամբողջ կեանքում է առաջնորդուել Ռազմիկ Դաւոյեանը Ոգեղէնով, հոգեկան հացով : Պատահական չէ, որ նա իր կեանքի վերջալոյսին ասել է.
– Ես աչքը կուշտ մարդ եմ, ակնկալիքներ էլ չունեմ: Եւ սակայն`
Հիմա նայում եմ հեռու մանկութեանն իմ փշրուած
արի՜ւն… սարսա՜փ, ու մի փշուր մաքուր հաց:
Ու այդ` «մի փշուր» հացով իմաստնացաւ, հզօրացաւ, առնականութիւն, ոգեղէն ուժ, բանաստեղծելու երկնային կարողութիւն ձեռք բերեց Դաւոյեանը ու դարձաւ ՌԱԶՄԻԿ, ռազմիկ` պայքարելու, յաղթելու համար, ինչո՞ւ չէ, պարտուելու նաեւ, պարտուելու, որպէսզի միշտ մնայ յաղթական….
– Ի՞նչ յաղթական, ի՞նչ յաղթող, երբ պարտուած է մի ամբողջ ժողովուրդ, իր ժողովուրդը… Եղած յաղթանակներն էլ այն չեն… դրանց մէջ անգամ տառապում է բանաստեղծի հոգին:
Առաջին օրը տառապանքի ցաւ
եւ վերջին օրս տառապանք ու ցաւ
– Ի՞նչ է սա, իրերի, իրականութեան բացայայտո՞ւմ, ո՜չ: Ուրի՜շ է բանաստեղծի միտքը, առաջին օրը տառապանք էր ու ցաւ` իրական հացի պատճառով, իսկ այսօ՜ր ցաւ ու տառապանք է ոգեղէն հացի, ոգեղէն սովի պատճառով: Իր ոգեղէն հացով լեցուն հոգին տառապում է ուրի՜շ ուրի՛շ ցաւերի համար, այնքա՜ն խորն է բանաստեղծի ցաւը, որ վստահ լինելով, թէ մենք տեղեակ ենք այդ ցաւին, սակայն վստահ չէ, գիտե՞նք արդեօք այդ ցաւի տարողութիւնը:
Իմ խուլ ցաւերով տառապողն անգամ
ցաւերիս ցաւին անտեղեակ է միշտ
Շաբաթը վեց օր տառապող բանաստեղծը պէտք ունի մխիթարութեան: Ո՞վ կարող է դա անել, եթէ ոչ Տէրը` Յիսուս Քրիստոսը, որին էլ պիտի դիմել
Ո՞ւր է` տառապանքի Կիրակին, ՏԷ՜Ր ԻՄ
– Սա արդէն ՆԱՐԵԿԱՑԻ է, մեր օրերի Նարեկացին:
Ընդհանրապէս Ռազմիկ Դաւոյեանը շատ է խօսում Տիրոջ հետ: Ինչպէս Նարեկացին թողութիւն խնդրում չգործած մեղքերի համար, որոնք իրենը չեն, մարդկութեանն են, որոնց պառճառով`
Հայոց աշխարհ-Եկեղեցի` գմբէթներով բազում
Զանգերդ սուրբ ղօղանջիւնով պատարագ են ասոմ
– Այո՜ , մի ողջ Հայաստան աշխարհ պատարագ է մատուցում կորցրածի համար. հե՞շտ է ասել «կորցրածի», այդ մե՛նք գիտենք, թէ ի՛նչ ենք կորցրել ու կորցնում ենք նաեւ այսօ՛ր, ամէ՛ն օր, ամէ՛ն ժամ:
Ա՜յս է ուզում ասել Ռազմիկ Դաւոյեանը` ՌԱԶՄԻԿ բանաստեղծը:
Ռազմիկ` մարտնչող բանաստեղծներ շատ են եղել, սակայն ուրիշ է Դաւոյեանի ՌԱԶՄԻԿ լինելը, որովհետեւ նա ծնուեց հէնց այդպէս` որպէս ռազմիկ` մարտնչող մարտիկ: Պարզապէս կեանքն ու դառն իրականութիւնը նրան այդպիսին դարձրին: Արդիւնքում` ՌԱԶՄԻԿ անունը իրական կերպարանք առաւ, թէ՛ որպէս անուն եւ թէ՛ որպէս անձին բնորոշող շոյիչ ածական:
1960-ականների սկզբներին Հայաստանում մէջտեղ ելաւ Պարոյր Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոէմը: Սա իրական յեղափոխութիւն էր հայ գրականութեան մէջ: Ծփում էր Երեւանը, ուրախութիւնից արբեցած մարդիկ, Սեւակի հատորեակը ձեռքներին, միմեանց ողջունելով, կարծես թռչկոտելով էին քայլում ապրիլեան շնչով լցուած Աբովեան փողոցով: Քաղաքի բոլոր գրախանութներում վայրկեանների ընթացքում չքացել էին Սեւակի հատորները:
Եւ այդ ժամանակ էր, որ հազիւ երրորդ տասնամեակը ոտք դրած երիտասարդ Դաւոյեանը, կեանքի դաւերին դեռեւս անտեղեակ, այդ գիւղացի տղան գրեց իր առաջին մեծածաւալ «Ռեքուիէմ» պոէմը: Բանաստեղծը ամբողջ ձայնով մարդկանց երեւակայութեան մէջ մեխեց արտաքուստ յայտնի, մինչ այդ չասուած ճշմարտութիւններ.
Մի ծառ ծաղկում է,
երկրորդը ծաղկում է,
երրորդը ծաղկում է,
հարիւրը, միլիոնները
բոլորը ծաղկում են:
Մի ծառ չորանում է,
երկրորդը չորանում է,
երրորդը չորանում է
հարիւրեւերը, միլիոնները,
բոլորը չորանում են:
– Որո՞նք են այդ բոլորը, միլիոնները. այդ մե՛նք ենք, մե՛նք, մեր միլիոններով: Մենք, որ տխուր ենք նաեւ այսօր, յաւիտենական տխրութեամբ պարուրուած…
Միշտ լոյս փնտռեց Ռազմիկ Դաւոյեանը, երբեմն էլ յուսահատական պահերին բղաւեց.
Ո՞ւր է Արարիչը, որ խեղդուելով մթից,
Գոռաց` «Եղիցի լոյս…» եւ «Լոյս եղեւ
Գոռաց` «Համակարգուիր, քաոս…»
– Ինչի՞ համար է լոյս փնտռում հայրենասէր բանաստեղծը, այն էլ` Արարչի «միջնորդութեամբ». որովհետեւ քաոս է իրական կեանքը, երկրային, քաոս, որ չի համակարգւում գէթ մե՛զ համար, հայ ազգի համար, որ, թէեւ ունի «Դրախտի երկիր», սակայն մատնեմատի չափ բախտ անգամ չունի:
Դրախտի երկիր, անհուն դրախտ,
մեծ երազների փոքրիկ օրրան,
քո մէջ ծնուեցին քաղցր յոյսեր
եւ քո վիհերում անդարձ կորան:
Դրախտի երկիր, անհո՜ւն դրախտ,
մեծ օրհնութիւն քեզ, եւ… փոքրի՜կ բախտ:
– Արարիչ, լոյս, հաւատ. այս եռանկիւնով է պայմանաւորուած հայրենասէր բանաստեղծ Ռազմիկ Դաւոյեանի հաւատամքը: Եթէ մարդկութիւնը այսօր աւերներ է գործում, չարիք տեղում անմեղ ազգերի գլխին, դա նրանից է, որ նրանք չեն ճանաչում Արարչին, չեն հաւատում Արարչի գոյութեանն ու նրա աչք շլացնող լոյսին, որովհետեւ այդ նոյն մարդիկ`
Մարդիկ աշխարհը ծաղկեցնում արեամբ
վիշտ ու հառաչանք ծածկում են գոյնով
մէկտեղ ծիծաղում, առանձին լալիս,
խեղդում են իրար միեւնոյն արիւնով:
Սարսափազդու եւ, դժբախտաբար, մեր դարի համար միանգամայն ճիշդ այս բնորոշման մէջ, Ռազմիկ Դաւոյեանը առանձի՛ն միտք, առանձի՛ն մտածում ունի իր ժողովրդի մասին: Հայաստանը ամէ՛ն, ամէ՛ն ինչ է նրա համար:
– Հայաստան աշխարհն ինձ համար,- ասում է նա,- ամենաթանկագին բանն է մոլորակի վրայ, այս աշխարհից դուրս ես իմ կեանքը չ եմ պատկերացնում առանց նրա:
Ու այս «արեամբ ծաղկած» աշխարհում, բանաստեղծ Դաւոյեանը իր հոգու ամենանուրբ անկիւնում մի լուրջ խրատ ունի մեզ համար, իր ժողովրդի համար:
Աստծոյ նման խաղաղ պահիր քեզ
Աստծոյ նման եղիր բարեսիրտ
նրա պէս եղիր հաւասարատես
ու ծաղկեցրու նշխարը լոյսիդ:
Ռազմիկ Դաւոյեանի ընդգրկած նիւթերի մէջ բարձրակէտը հայրենասիրութեան թեման է: Ամէն, ամէն ինչ` սէր, բնութիւն, ընտանիք, փիլիսոփայութիւն, անցնում են «Հայրենասիրութիւն» պրիսմակի (բազմանիստ) միջով: Դաւոյեանի անեզր հայրենասիրութիւնը չափազանց ուսանելի է ու վարակիչ նաեւ:
Դժբախտաբար մէկ ամիս առաջ 81 տարեկան հասակում կեանքին հրաժեշտ տուեց տաղանդաւոր բանաստեղծ, քաղաքական գործիչ, հրապարակագիր, բազմաթիւ շքանշանների եւ պատուոգրերի արժանացած Ռազմիկ Դաւոյեանը` իմ պատանեկութեան եւ երիտասարդական տարիների լաւագոյն ընկերներից մէկը:
Յիշողութեանս մէջ է Ռազմիկ Դաւոյեանի անչափ այժմէական, Սիլվա Կապուտիկեանի ոճով յօրինուած բանաստեղծութիւն-պատգամը, որ ուղղուած է մեր զաւակներին, որոնք կեանքի դժուարագոյն պայմանների պատճառով (մանաւանդ` ՍՓԻՒՌՔՈՒՄ) օրէ օր հեռանում են տնից, հայրենական օճախից: Ահա այդ Պատգամը.
Քեզ ի՞նչ տամ, զաւակս,
Ի՞նչ տամ քեզ… ի՞նչ ասեմ
Աշխարհին այս չարակամ,-
Ի՞նչ զաւակ, որ իր մօր օճախում
Չկտրի մի պատառ հաց անգամ:
* * *
Սոյն յօդուածի առաջին տարբերակը տպագրուել է խորհրդային օրերին` 1987թ. յունիսին Քալիֆորնիայի «Նոր Կեանք» շաբաթաթերթում: Մինչ օրս չգիտեմ, թէ ո՛վ էր Ռազմիկ Դաւոյեանին հրաւիրել Լոս Անճելըս` իրեն նուիրուած երեկոյի, բայց այն անակնկալը, որն ինձ ապշեցրեց ու զարմացրեց, հաճոյքով եմ յիշում:
Հեռաձայնում է իմ պատանեկութեան տարիների ընկերներից շնորհալի քանդակագործ Երուանդ Գոջաբաշեանը:
– Հենրի՛կ, ճիշդ է, վաղուց չենք խօսել միմեանց հետ, բայց հիմա իսկ գործ-բան թող ու արի «Կարուսել» ճաշարան, գիտես ի հարկէ, քո տնից շատ մօտ է: Ես ու Ռազմիկ Դաւոյեանը քեզ ենք սպասում:
– Ի՞նչ, Ռազմիկն այստեղ է, եւ ես տեղեակ չե՞մ… ե՞րբ է եկել:
– Ինչպէ՞ս տեղեակ չես… չէ՞ որ երկու օր հայրիկիդ հիւրն է եղել, ձերոնք բան չե՞ն ասել:
– Չէ, ոչ, չեն ասել, զարմանալի է: Հիմա գալիս եմ:
Յաջորդիւ զգացի, որ թէ՛ հայրիկս եւ թէ՛ Ռազմիկ Դաւոյեանը խուսափում են իրենց հանդիպման մանրամասնութիւնների մասին ինձ տեղեակ պահել: Ակամայ մոռացութեան տուի եղածը, սակայն այսօր, հոգուս խորքում ի մի բերելով Ռազմիկ Դաւոյեանի անցած կեանքի ուղին, գիտեմ, թէ ինչի՛ համար է եղել այդ օրերի համար յոյժ գաղտնի այդ հանդիպումը` անուանի պատմաբան, հայագէտ, մատենագէտ Յակոբ Անասեանի հետ: