ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 6-ը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի տարածած հաղորդագրությունը, դատական նիստին չէին ներկայացել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները։
Պաշտպան Հայկ Ալումյանը տեղեկացրել է դատարանին, որ չի կարող ներկայանալ՝ այլ դատական նիստին մասնակցելու պատճառով։ Իսկ Հովհաննես Խուդոյանը հայտնել է, որ չի կարող ներկայանալ առողջական խնդիրների պատճառով։
Ինչ վերաբերում է պաշտպան Արամ Օրբելյանին, ապա, ինչպես հայտնեց Ռոբերտ Քոչարյանը, պայմանավորվածություն կա, որ նա գալիս է միայն միջնորդություն ունենալու դեպքում։
Մյուս պաշտպանների չներկայանալու մասին նա տեղեկացված չի եղել։ Հաշվի առնելով, որ պաշտպանների բացակայության դեպքում նիստը չի կարող շարունակվել, դատարանը հետաձգեց նիստը մինչև դեկտեմբերի 6-ը։
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927 միլիոն դրամին ՀՀ դրամին համարժեք 3 միլիոն դոլար ԱՄՆ դոլար կաշառք։
Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպչական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից ու տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վճարելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008թ․ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309 միլիոն ՀՀ դրամին համարժեք 1 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։