Թուրքիայի նախագահը խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պատրաստակամության մասին` անելով մի շատ կարևոր շեշտադրում. փոխադարձ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման պայմանով։ Էրդողանը նշում է, որ այդ հարցի շուրջ քննարկումներ է ունեցել նաև ռուսական և ադրբեջանական իշխանությունների հետ։
Եվ այստեղ մեզ համար կարևոր մի հարց է առաջ գալիս. ինչու՞ է հիմա այդ մասին խոսում Էրդողանը։ Թերևս պարզ է, որ պատերազմում պարտվելուց հետո Հայաստանի դիմադրողականությունը խիստ ընկել է, պետության իմունիտետը չի աշխատում։ Եվ հիմա է հարմար պահը Հայաստանից առավելագույնը պոկելու համար, այդ թվում` պատմական իրավունքից հրաժարվելու (հրեաները լավագույնս կիրառել են` ստեղծելով Իսրայել պետությունը), տարածքային զիջումների և Արցախից հրաժարվելու նպատակով։ Ըստ էության` Ադրբեջանի հետ սահմանային վեճը Հայաստանի վրա եռակողմ ճնշումների լավագույն լծակն է, որում համահունչ են ռուս-թուրք-ադրբեջանական շահերը, քանի որ եթե ՌԴ-ն չի ընդունել ադրբեջանական կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման փաստը (որքան էլ առերևույթ ցույց տա, թե Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կա լարվածություն), ապա դա իրականում իրեն վիճելի տեղերում տեղակայվելու և հաղորդուղիները վերահսկելու հնարավորություն է տալիս, իսկ ադրբեջանական կողմին` կայուն լարվածություն պահելու առիթ։ Այս իմաստով` չնայած, որ Գորիս-Կապան ճանապարհը բացվեց` դա այլ ազդեցության դասավորություն բերեց տեղանք` տեղակայելով ռուսներին և նաև նրանց փոխանցելով վերահսկողության լծակը Իրան-Հայաստան միջպետական ճանապարհի նկատմամբ, որի տվյալ հատվածի հայկական լինելուց իշխանությունը, ըստ էության, հրաժարվեց` նշելով, որ Ադրբեջանը հայկական տարածք չի մտել։ Ռուսական ուղեկալ տեղակայված է նաև Ոսկեպարում` Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին կրկին ադրբեջանական կողմի հետ վիճելի համարվող տարածքում, որից դեռ չենք հրաժարվել։ Այսինքն` ադրբեջանական գործոնը Հայաստանի սահմաններին հնարավորություն է տալիս Ռուսաստանին ավելացնել իր ռազմական ներկայությունը և իր ձեռքը վերցնել Հայաստանի ռազմավարական կետերը։ Թերևս, սահմաններից զինուժի հետքաշման և սահմանապահների տեղակայման հեռանկարն այդ մասին է վկայում։
Ստացվում է, որ եռակողմ տանդեմը Հայաստանին ուղղված ադրբեջանական սպառնալիքի ներքո լավագույնս իրացնում է իր շահերը։ Ռուսները եկել են մեզ “փրկելու”։ Ադրբեջանը սպառնում է իր զորքը տեղակայել Հայաստանի ցանկացած կետում, իսկ Թուրքիան խոսում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին։ Ահա այսպիսի եռանկյունի է ձևավորվել Հայաստանի շուրջ։ Եվ ահա այսպիսի պայմաններում են ուզում անել սահմանազատում և սահմանագծում, ուզում են պարտադրել թվացյալ խաղաղություն, որի մասին մենք ենք խոսում խորհրդային սահմաններով (ԽՍՀՄ 30 տարի է լուծարվել է, իսկ Ադրբեջանը չի ընդունել դրա իրավահաջորդությունը), որոնք Հայաստանին իրականում կզրկեն կենսունակությունից, հետևապես` դե ֆակտո նաև` ինքնիշխանությունից։ Այս իրողությունները երկրորդում են ռազմագերիների վերադարձի, Արցախի կարգավիճակի մասին օրակարգը, որի մասին խոսում է Արևմուտքը։ Ի դեպ` ռազմագերիների վերադարձի երաշխավոր Ռուսաստանը, կարծես, էլ այդ հարցով շահագրգիռ չէ։ Մենք էլ նախկինի պես հաճախակի այդ հարցը լուծել չենք պահանջում` մասնավորապես ընտրություններից հետո։
Ավելին` Էրդողանը նաև խոսում է 6-ի ձևաչափի մասին, որից դուրս են մնում արևմտյան երկրները, որոնք Մինսկի խմբի եռանախագահության առանցքն են` Ֆրանսիան և ԱՄՆ-ը։ Եվ հենց այս պետություններն էին, որ խոսում են Արցախի կարգավիճակի, ռազմագերիների վերադարձի, Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև ֆինանսական մեծածավալ օժանդակության մասին։ Այս պետությունների դեսպաններն էին, որ լարված իրավիճակներում այցելում էին Սյունիք, որ “Շուշայի” փոխարեն ասում էին ՇՈՒՇԻ, խոսում Հադրութի հայկական լինելու մասին (Ֆրանսիայի դեսպանը)։
Եվ այս ամենից հետո Հայաստանում կան շրջանակներ, որոնք, կարծես, խանդավառվել են Էրդողանի հայտարարությունից, ով 1 տարի առաջ Արցախում իր ահաբեկիչներով նոր արմենոցիդ արեց։ Մենք էլ աշխարհին օգնության էինք կանչում և մեղադրում, որ չեն օգնում, աշխարհի հայերով փող էինք հավաքում` հավատալով, որ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ, թուրքական բայրաքթարի դետալների առաքման դեմ էինք պայքարում, արգելում էինք թուրքական ծագման ապրանքների ներմուծումը, խոսում էինք Արցախի` անջատում հանուն փրկության (remedial secession) բանաձևի մասին։ Իսկ հիմա Էրդողանի “բարեգութ” հայտարարությունից հետո ոմանց թվում է, թե բաղձալի խաղաղությունը վերջնականապես հաստատվելու է։
Ինչևէ` քաղաքական միտքը մեզանում այդպես էլ չի հասունանում ինքնիշխան և անկախ պետության գիտակցման աստիճանի…