Երիտասարդ գիտնականի ամբիոն
Սարգիս Հայոցյանը քիմիական գիտությունների թեկնածու է, աշխատում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Օրգանական և դեղաբանական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում՝ որպես գիտաշխատող: Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է 2010 թ.՝ օրգանական քիմիա մասնագիտությամբ:
Գիտության մեջ Սարգիսին ձգում է, նախ և առաջ, ազատությունը՝ բառի լայն իմաստով. «Գիտության դյութիչ կողմը անընդհատ զարգացման և նորի հետ շփվելու հնարավորությունն է և դու ազատ ես՝ զբաղվելու այն խնդրով, որը համարում ես հետաքրքրական, ազատ ես՝ մտածելու և բացառելու իրավունքի մեջ (իհարկե, գիտականությունը չոտնահարելու պայմանով)։ Ցավոք, ՀՀ–ում ազատությունը դրսևորվել կարող է միայն վիրտուալ, իմացական մակարդակի վրա, քանի որ իրականության մեջ ստիպված կատարում ես միայն այնպիսի փորձեր, որոնց հնարավորությունը ներկա պահին ունես` նյութատեխնիկական բազայի բացակայության (հենց այդպես` բացակայությա՛ն) պատճառով:»:
Սարգիսն ուղղամիտ և արդարամիտ անձնավորություն է, իր խոսքը հստակ է, տրամաբանված։ Հայաստանում գիտությունը ֆինանսավորման խղճուկ վիճակի պատճառների հիմնասյունը համարում է ոչ թե հասարակության մեջ հարգանքի կամ վարկի անկումը, այլ «հենց կառավարական (իշխանական) օղակներում գիտության հանդեպ քամահրական վերաբերմունքը: Դրա պատճառը, ըստ երևույթին, կայանում է նրանում, որ ներկայիս իշխանությունները շատ լավ գիտակցում են, որ իրապես գիտելիքահեն հասարակության և գիտելիքի վրա հիմնված հանրապետության առկայության դեպքում իրենք, որպես կառավարող օղակ, անհամատեղելի կլինեն, ասել է թե՝ մականունավորներ և օլիգարխիկ տեր տեարրեր տեղ չեն կարող ունենալ գիտելիքի վրա հենված երկրում»:
Զրուցեցինք «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) մասին։ Սարգիսն այդ ծրագրի ղեկավար մարմնի կազմում ընդգրկված է որպես Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ՊԳՖԱ) ֆեյսբուքյան նախաձեռնության ներկայացուցիչ։ Ինչպես հայտնի է, այդ նախաձեռնության անդամները «պահանջում են ՀՀ կառավարությունից` անհապաղ, կտրուկ և առանց նախապայմանների գիտության ֆինանսավորման աճ՝ մոտ ապագայում մինչև Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 2-3%» քանի որ «գիտակցում են, որ Հայաստանի կայուն և մրցունակ զարգացումը հնարավոր է միայն և միայն գիտության նկատմամբ կառավարության խորը հարգանքի և գնահատականի պայմաններում»։
Խմբի մասնակիցները ԵԳԱԾ-ը դիտում են միայն որպես մի փոքրիկ քայլ, որն իրականում չի կարող էականորեն շտկել վիճակը քանի որ հատկացված գումարների ծավալը շատ փոքր է։ Այնուհանդերձ, ծրագիրն ընդունակ է առաջ քաշել մեր իրականության համար նոր սկզբունքներ, ցուցաբերել նորարարական մոտեցումներ, և իրականացնել պիլոտային ծրագրեր։ Այդ պատճառով ծրագիրն առաջ է բերել մեծ հետաքրքրություն և դրա արդյունավետության, ձեռքբերումների, ինչպես նաև սպասելիքների հետ կապված բազմաթիվ քննարկումներ են ընթանում։
Սարգիս, Դուք, որպես Նախագահի հատկացրած 100 մլն գումարով իրականացվող «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» ղեկավար մարմնի անդամ, կարո՞ղ եք թվարկել ծրագրի իրականացման հիմնական արդյունքները։
Ծրագրի շրջանակներում մինչ այս պահը իրականացվել են մի շարք միջոցառումներ.
ա) համաֆինանսավորվել են մի քանի տասնյակ երիտասարդական գիտական գիտաժողովներ, դպրոցներ և այլ տիպի գիտական միջոցառումներ,
բ) մի շարք երիտասարդ գիտնականներ ստացել են միջազգային գիտաժողովների մասնակցելու համար ֆինանսական աջակցություն (կրկին համաֆինանսավորման սկզբունքով),
գ) ԳԱՏԱՀ–ի հետ համատեղ հայտարարվել է «Երիտասարդ գիտնականների հետազոտությունների աջակցության ծրագիր–2013»-ը որի շնորհիվ ներգրավվել է արտաբյուջետային ևս 20.000.000 ՀՀ դրամ` ԳԱՏԱՀ և ՔՀՄՀ Գլոբալ–ի խողովակներով: Գիտության պետական կոմիտեի հետ համատեղ իրականացվել է «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիր–2012»-ը, որտեղ ԵԳԱԾ–ը ֆինանսավորել է 2 հայտ,
դ) հայտարարվել է Երիտասարդ գիտնականների մրցանակաբաշխությունը, որին մասնակցության հայտ են ներկայացրել 100-ից ավել երիտասարդ գիտնականներ,
ե) հայտարարվել է նաև գիտական լրագրության մրցույթ, որի վերջնաժամկետը ս.թ. փետրվարի 1-ն է,
զ) համաֆինանսավորվել է Ավետիք Գրիգորյանի «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գրքի տպագրությունը, որը, իմ կարծիքով, մեր քայլերի մեջ ամենից ֆունդամենտալը կլինի՝ գիտության զարգացմանն օժանդակելու տեսակետից, քանի որ միտված է ոչ թե արդեն գիտության ուղին բռնած երիտասարդությանը, այլ տակավին նոր՝ գիտության հետ շփվող աշակերտների մեջ դրա հանդեպ սեր և ըմբռնում սերմանելուն:
Ինչպիսի՞ ձեռքբերումներ կնշեիք։
Որպես ձեռքբերում, կարելի է նշել լիովին նոր որակի մոտեցումը գիտությանը հատկացված գումարների ուղղորդման պրոցեսին, քանի որ իրոք սա աննախադեպ պրոցես է, երբ 9 երիտասարդ լիովին (կամ մասամբ 🙂 ), անտեսելով սեփական շահերը և, մի մեծ ժամանակ սեփական գործերից հատկացնելով այս ծրագրին, կարողանում են շատ լավ և թափանցիկ կազմակերպել միջոցների բաշխումը: Կողքից միգուցե քիչ երևա, սակայն տարվում է բավական ծանր աշխատանք, և ես անձամբ շատ ուրախ եմ, որ դեռևս կան սկզբունքային անհատականություններ, ովքեր կարող են, եսապաշտական ձգտումները մի կողմ դրած, աշխատել ընդհանուրի համար:
Իսկ թերություննե՞ր, բացթողումնե՞ր, ինչպիսի՞ն են ծրագրի գործունեության լավացման ու հետագա զարգացման ուղիները։
Բացթողումներից և թերություններից կցանկանայի հատկապես նշել միջազգային գիտաժողովներին մասնակցության հայտերի պայմանների մի հանգամանք, այն է՝ բացառապես բանավոր զեկույցների ֆինանսավորումը, ինչի պատճառով էապես ընկնում է ներկայացված գիտաժողովների որակը, քանի որ երիտասարդ գիտնականին դժվար է բանավոր զեկույցի համաձայնություն ստանալ բարձրակարգ գիտաժողովների դեպքում (խոսքը հատկապես բնական գիտությունների մասին է): Խնդիրը բարդ է այնքանով, որ դեռևս հստակ չափորոշիչներ հնարավոր չի լինում մշակել՝ գիտաժողովի մակարդակը գնահատելու համար, սակայն այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, և, հուսով եմ, որ ծրագրի շարունակական լինելու դեպքում կկարողանանք նոր չափորոշիչների կիրառությամբ քննարկել նաև ոչ բանավոր զեկույցներ ենթադրող հայտերը: Ընդհանուր առմամբ, ծրագիրը բավական ճկուն է իրականացվում, և շատ բացթողումներ կամ թերություններ արագորեն շտկվում են:
Որքանո՞վ է հավանական, որ ծրագիրը շարունակական կլինի, արդյո՞ք կավելանան գումարները, ինչպես խոստացել էր Նախագահը, եթե ծրագիրը հաջողությամբ իրականացվի:
Ս.Ա. Սարգսյանի ընտրական ծրագրում տեղ է գտել երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի մասին հիշատակում, ուստի, կարծում եմ, որ ընտրություններից հետո շատ հնարավոր է, որ ԵԳԱԾ-ը ստանա երկրորդ տարվա կյանքի իրավունք։ 🙂 Սակայն, որպես երիտասարդ գիտնական, շատ կուզենայի, որ ԵԳԱԾ-ը գիտության համալիր բարեփոխումների ընդամենը մի փոքրիկ մասը լիներ:
Մանե Հակոբյան