ԳԷՈՐԳ ՔՐԻՍՏԻՆԵԱՆ
Կարդում ու զարմանում եմ, նայում ու զարմանում եմ…
Սոնիա Մկրեանը կերտել է մի ինքնատիպ աշխարհ, զարմանալի աշխարհ, պօէտական մի անուշ եւ գեղարուեստական մի զմայլելի աշխարհ: Սոնիա Մկրեանի բանաստեղծական հատորները արդէն որդեգրել են հայ ընթերցողները, պօէզիայի երկրպագուները: Սոնիայի գեղանկարները եւս պօէտական են, հմայիչ ու արեւային, հայկական ու համամարդկային…
Ս. Մկրեանը ինքնատիպ գեղագէտ է, գեղանկարիչ: Նրա աշխարհը գրաւիչ է եւ ինքնատիպ: Մտածող անհատականութիւն է Սոնիան: Հայրենի հողն ու ջուրը, քարն ու լեռնաստանը, Արարատն ու Արագածը, Շիրակ աշխարհն ու արարատեան բիբլիական հովիտները Սոնիա Մկրեանի հոգու երգն են, նրա ապրելու եւ գոյատեւելու կռուանները… Նրա գրիչը կերտում է մեր աշխարհի շնչով ու ոգեղէն խորհրդով… Հայոց աշխարհը, հայ ժողովուրդը, մեր պատմութիւնը, մեր ծաղկող առաւօտը՝ Սոնիայի բանաստեղծական ներշնչանքի ջինջ ու անապական աղբիւրն են, նրա քնարի սնուցիչը, ձայնը, ղօղանջը, սէրը, երջանկութիւնը…
Սիրոյ եւ համերաշխութեան լոյսեր են ճառագում նրա վրձնած գրաւոր էջերում: Սոնիա Մկրեանի հոգու երգը քրիստոնէութեան արդարութիւնն է, միմեանց ներելու ու բարութիւն սերմանելու արարմունքն է, որ սրբագործուած է դարերով, երկու հազար տարի շարունակ: Մեծն Նարեկացու պատգամները մշտապէս առաջնորդում են մեր բազմադարեան գրական մշակութային նաւը, որ դիմացաւ ու չխորտակուեց պատմութեան փոթորկալի վայրագութիւնների թատերաբեմում:
«Անդաստան» ժողովածուն բանաստեղծուհու ստեղծագործութեան մի նոր հանգրուանն է՝ բեղմնաւոր, հարուստ, բովանդակալի գաղափարական եւ ճակատագրական հիմնաւորումներով:
Հէնց այդպէս է ժամանակի պահանջը, ժամանակի շունչը, չարենցեան պահանջը, թումանեանական խորհուրդը: Հայաստանի պահանջն այսօր հայ ժողովրդին համակած բազում, բազմաբնոյթ կարիքներն ու հոսգսերն են. ժողովրդի ծանր սոցիալական-տնտեսաական եւ հոգեկան վիճակը, տիրող անիրաւութիւնները, ցաւը, տառապանքը, արտագաղթը, երկրի հայաթափութեան պատճառած աղէտները, անհատական ու համաժողովրդական բազում ու բազմաբնոյթ ցաւերն ու կարիքները: Գրողի, բանաստեղծի ճակատագիրը բարդ է, հպարտ, անարատ, միաժամանակ ցաւոտ ու խենթաւուն, վիրաւոր ու արիւնալի… Կարդացէք «Հայրենական» բաժնում ընդգրկուած «Վտանգուած անկախութիւն», «Նամակ Հ. Սահեանին», «Արարատի Վիշտը», «Եղիշէ Չարենցի Հետ», «Մթագնած Երկինք», «Տեղահանութիւն» եւ միւս, այս շարքը տաքացնող քերթուածները: Լսէք ու ապրէք բանաստեղծուհու սրտի, հոգու, մտքի զգայական սիմֆոնիան. ի՜նչ հարազատութիւն, ինչպիսի՜ հեռաւոր, անտեսանելի կապերի, գոյների, շշունջների հարուստ ու հարազատ ներկապնակ: Այնտեղ «Ես»ի ու «Մենք»ի միասնութիւն կայ, հայաստանեան խենթացնող զգացումներ, որ յորդում են Սոնիա Մկրեան հայ բանաստեղծուհու սրտից. ցաւած, վիրաւոր, կարօտի քուրայում տապակուող սրտից: Դա նաեւ մերն է, մեր հոգու ցաւն է: Դա մեր ժողովրդի միասնութիւնը աղաւաղող եւ աղարտող բռնութեան դէմ մարտակո՛չ է…
Մռայլ ամպեր են կախուել երկնքում
Հայրենիքիս բազմաչարչար գլխին…
… Բռնուած մոլուցքով ընչաքաղցութեան
Ազգիս հասցրին խոր թշուառութեան…
Գրողը բացայայտում է. «Գողը տանից է»:
Բանաստեղծուհուն անհանգստացնում է Հայաստան երկրի հայաթափումը. «Առանց հայի էլ ի՞նչ Հայաստան», տագնապում է գրողը: Նա շատ է մտորում նաեւ երկրաշարժից կիսակործան եղած Գիւմրիի մասին, որտեղ ապրել է իր գիտակցական կեանքը, ուսում ստացել, դարձել է գիտական աշխատող:
Արդարացի է գրողի հարցումը.
Միլիարդատէրերը Հայաստանի
Արդեօք ի՞նչ խղճով
Գլուխները դնում են բարձին…
Այս բաժնում, որ նուիրուած է Հայաստանին ու նրա ճակատագրին, ինձ խորհելու լուրջ առիթ տուեց «Կոմիտաս Վարդապետ» ծաւալուն քերթուածը, որ կարելի է պօէմ համարել (էջ 44-54):
Սա լաւ եւ յուզիչ պատմութիւն է գրուած ազատ տողերով (վերլիբր), էպիկական պատումնաշարով: Շատերն են գրել մեծն Կոմիտասի մասին (բանաստեղծութիւն, պօէմ, վէպ, կենսագրական պատմութիւն եւ այլն):
Սոնիա Մկրեանը իր հոգուն հարազատ Կոմիտասին է ներկայացրել իր պօէմում, յիշելով նաեւ Պ. Սեւակի հզօր պօէմը: Սոնիայի մօտ էլ կան զգայական նոր երանգներ, որոնք Կոմիտասին բացայայտում են մեր օրերի ընթերցողի համար: Այսպէս, էջ 47ում նա գրում է.
Շարականները եկեղեցական
Նրա մեծ հոգու զեղումները եղան՝
Բանալու ինքզինք իր Աստծուն,
Իր ողջ կեանքը յանձնելու Նրան:
Ուշագրաւ են բանաստեղծուհու «Խոհական» բաժնի մի շարք զեղումներ: Ահա մի տեղ նրա կարօտների հեռաւոր շշուկները, համանուագ դարձած, ջերմացնում են մեր հերոսի հոգին, գրքի հերոսի, որ ինքը բանաստեղծն է: Եւ նա մտորումների ալիքներում զտւում է, պայծառանում ու նորովի է ապրում կեանքը.
Ապրե՛մ սիրոյ մէջ,
Քայլե՛մ լոյսի մէջ,
Տամ՝ ինչ որ ունեմ,
Հաշտուեմ մարդու հետ,
Որ խաղաղուի հոգիս
Ու զգամ շուրթերիս
Անմահական համը յաւէրժի…
Հրաշալի է ասուած. տեղին ու ժամանակին է ասուած, մեր օրերի համար է ասուած:
«Խոհական» բաժնում կան հրաշալի բանաստեղծութիւններ, պօէմներ, որոնք արտացոլում են մեր բարդ, տագնապալի ժամանակը, ողջ մարդկութեան ցաւը, երազանքները, գոյամարտը, քաղաքական-տնտեսական խլրտումները, խաբկանքները, հիասթափութիւնները. անհատական, հասարակական եւ յատկապէս հայաստանեան տագնապները: Ռուս մեծ բանաստեղծ Վ. Բրիւսովը հայ պօէզիայի մասին ասել է.«Իր ամբողջ կրքոտութեամբ հանդերձ, հայ երգը ողջախոհ է եւ որ ամբողջովին բոցաշունչ լինելով, նաեւ զուսպ է եւ համեստ, ինչպէս հայ կինը, հայ մայրը… Նաեւ լեցուն՝ արեւելեան գունագեղութեամբ եւ արեւմտեան (եւրոպական) իմաստութեամբ»: Ես այս տպաւորութիւնն ստացայ Սոնիայի խոհական բաժնի երգերից:
Այդ երգերից մէկը այսպէս է ամփոփւում.
Մի ողջ տիեզերք
Ամփոփուեց իմ մէջ
Սակայն մնացի
Թոյլ ու խոցելի
Քանզի մարդ էի… (էջ 118)։
Հարուստ եւ ինքնադրոշմ են նաեւ «Անդաստան» հատորի «Սիրոյ-Մայրական» եւ «Հաւատք»ի բաժինները: «Արձակ էջերում» ծաւալուած յուշապատումներն ու տպաւորութիւնները, դատողութիւնները, կարօտով լեցուն յօդուածները, էսսեները, հայրենիքի Սոնիա Մկրեանական գունագեղ նկարագրութիւններ են: Կարդացէք «Ներբող Հայ Մայրերին», «Մարտի 8ը», «Օրհնանքս», «Սիրոյ Յաղթանակը» եւ միւս քնարա-էպիկական շռինդով յորդահոս պօէմ-քերթուածները եւ դուք կ՛առնչուէք մեր ժամանակի մարդու, մօր, քրոջ, հայ կնոջ, հայ ազատ ու բարձրաթռիչ մտածող անհատների, մարդու իրական-ժամանակակից զգացումներով հարուստ, խելացի, զարգացած, գրագէտ կերպարների, որ կերտել է Սոնիա Մկրեանը:
Սրտանց շնորհաւորում եմ ոչ միայն մեր տաղանդաւոր հեղինակին, այլ ձեզ՝ հայ գրականութիւնը փայփայող ընկերներին եւ ընթերցող հայ ժողովրդին:
Սոյն թուի Յուլիսի 17ին, Փասատինայի Եղբայրութեան եկեղեցւոյ դահլիճում, ընթերցասէրների, գրողների եւ մտաւորականութեան հոծ բազմութեան ներկայութեամբ կայացաւ գրող եւ գեղանկարիչ Սոնիա Մկրեանի «Խճանկար» եւ «Անդաստան» հատորների շնորհանդէսը՝ կազմակերպութեամբ Կալիֆորնիայի Հայ գրողների միութեան եւ Մաշտոց քոլեջի:
Ծ.Խ.- Վերը ներկայացուցած գրութիւնը Կալիֆորնիայի Հայ Գրողների Միութեան նախագահ Գէորգ Քրիստինեանի ելոյթն է՝ միջոցառման ժամանակ: