«Այս գիրքը կը նուիրեմ բոլոր Արշալոյսներուն, Վարդուհիներուն, Վեհինէներուն, Մանուշակներուն, Եսթերներուն, Լուսինէներուն, Ռաքէլներուն, Հայկուհիներուն, Սիրարբիներուն, Վալենտինաներուն եւ բոլոր անոնց, որոնք վերապրեցան թրքական դաժանութիւնները»:
Սօսի Տ. Գեւօնեան
Ասում են «Ցեղասպանությունից փրկված»… Ես համամիտ չեմ այդ արտահայտության հետ, քանի որ խոսքը ֆիզիկական փրկության մասին է լոկ… Իսկ այն հոգեկան տրավման, որին ենթարկվել են Ցեղասպանությունից մազապուրծ հայերը, պիտի ընդմիշտ դրոշմված մնա նրանց հոգում… Ավելի տեղին է ասել «Ցեղասպանությունից մազապուրծ» կամ «Ցեղասպանությունը վերապրած»… «Ցեղասպանությունը վերապրած»` ոչ միայն ֆիզիկապես փրկված լինելու իմաստով, այլ նաև այն փաստի, որ Եղեռնի վերապրումը, Ցեղասպանության տարիներին կատարված դեպքերի վերհիշումն անընդհատ ուղեկցել են արևմտահայերին…
Մեծ եղեռնից մազապուրծ հայերի մեջ, սակայն ուրույն և առանձնահատուկ է Արշալույս կամ Օրորա Մարտիկանյանը: Յուրահատուկ է նրանով, որ այս արիասիրտ հայուհին, այս հայկական «Ժաննա դ’Արկը», ինչպես նրան կոչել են ամերիկացիները, ճակատագրի բերումով, հարկադրված է եղել նորից ու նորից վերապրել հայոց Գողգոթան և վերապրել` ոչ միայն իր հուշերում… Արշալույս Մարտիկանյանը ստիպված է եղել վերապրել Ցեղասպանության սարսափահարույց դեպքերի մանրամասները, երբ հեղինակել է «Հոշոտված Հայաստան» հուշագրությունը և դարձյալ հարկադրված է եղել ապրել այն, երբ դարձել է «Հոգիների աճուրդ» ֆիլմի գլխավոր դերակատարուհին, քանի որ գլխավոր հերոսուհին, ցավոք, եղել է հենց ինքը… Սարսափելի է անգամ պատկերացնել, թե որքան դաժան է վերապրել Ցեղասպանությունը ոչ թե մեկ, այլ… երեք անգամ, ինչու՞ երեք, բազմաթիվ անգամներ` նորից ու նորից…
Հենց այս հայուհու պատմությունն է ներկայացնում Սոսի Գևոնյանի «Մինչ հոգիներու աճուրդը» նկարազարդ գիրքը:
Ինչպես գրքում նշում է Սոսի Գևոնյանը, տասնյոթամյա Արշալույս Մարտիկանյանը, մի կերպ մահից փրկվելով և մի շարք քրդական ու թուրքական հարեմներից ազատվելով, մերժելով, հանուն կյանքի փրկության, մահմեդական դառնալու բոլոր առաջարկները, 1917 թ. հասնում է ԱՄՆ: Արշալույսը հորեղբորը գտնելու նպատակով հայտարարություն է տալիս Նյու Յորքի թերթերին: Այդ հայտարարությունը գրավում է հանրության ուշադրությունը: Հատկապես մեծ հետաքրքրություն են ցուցաբերում թերթի թղթակից Հենրի Գեյդսը և վերջինիս տիկինը, ովքեր իրենց հովանավորության տակ են վերցնում Արշալույսին և խնդրում նրան, որ գրի առնի իր պատմությունը: Այդ գիրքը վերնագրվում է «Հոշոտված Հայաստան» անունով: Ըստ Սոսի Գևոնյանի` Արշալույսի հուզիչ պատմությունը գրավում է նաև Նյու Յորքի բարձր հասարակության տիկնանց հետաքրքրությունը, ովքեր մի կոմիտե են կազմում` երևելի անձանցից բաղկացած, որպեսզի օգնության հասնեն Ցեղասպանությունից վերապրած հայերին: Նրանք կազմում են Հայերի և սիրիացիերի աջակցության ամերկյան կոմիտեն (American Committee for Armenian and Syrian Relief), որի անդամներն էին այնպիսի ազդեցիկ դեմքեր, ինչպիսիք են` ԱՄՆ-ի նախագահ Վիլյամ Թաֆթը, դատախազ Չարլզ Հյուզը, եպիսկոպոս Գրիրը և այլք: Կոմիտեի անդամները քննարկում են, թե ինչ միջոցներով է հնարավոր օգնության հասնել հայերին, և որոշում դրամահավաքի արշավ կազմակերպել` անտուն մնացած հայերին սովամահ լինելուց փրկելու նպատակով: Նրանք հատկապես մտահոգված էին անապահով երեխաներով և նպատակ ունեին հավաքել 30 միլիոն ամերիկյան դոլար: Կոմիտեի անդամները նաև որոշում են մի ֆիլմ նկարահանել, որում պետք է նկարագրվեին փոքրիկ Արշալույսի կրած տառապանքները: Ըստ նրանց` ֆիլմը կարող էր էական հնարավորություն ստեղծել դրամահավաքի համար, բացի այդ` ազդեցիկ միջոց կդառնար` ամերկյան ժողովրդին Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի կրած հալածանքները ներկայացնելու առումով: Որբ Արշալույսի պատմությունն այնքան անհավանական է թվում, որ կոմիտեն աշխատանքներ է տանում` պատմության հերոսուհու հաղորդած տեղեկությունները ճշտելու ուղղությամբ: Սցենարի հեղինակն է դառնում Ֆրեդերիկ Շապինը: «Հոգիների աճուրդը» առաջին անգամ հեռարձակվում է 1919 թ. հունվարի 19-ին և գնահատվում որպես բեմադրիչ Օսկար Աբֆելի գլուխգործոց: «Հոգիների աճուրդը» կազմված էր 20 վայրկյանոց 8 ժապավեններից և 531 տեսարաններից, որոնց մեծ մասում ցուցադրվում էին այն բարբարոսությունները, որոնց ենթարկվել էր հայությունն իր ծննդավայրում: Այսօր ֆիլմից ընդամենը մնացել է մեկ տասներորդ մասը, իսկ մնացածը` անհետացել: Այդ հատվածը պահպանվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, որի ցուցասրահներից մեկը նվիրված է հենց Արշալույս Մարտիկանյանին:
Մելինե Անումյան
Պատմական գիտությունների թեկնածու