Հերմինե Օհանյան
Սուսաննա Նանյանը ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի հայցորդ է, աշխատում է Գիտակրթական միջազգային կենտրոնի [1] օտար լեզուների ամբիոնում: Անգլերենի մասնագետ է: 2021թ.-ին մասնակցել է “Cambridge Assessment – Teaching Knowledge Test Modules 2021” [2] ծրագրին:
-Անգլերեն դասավանդողների համար նախատեսված վերապատրաստման ծրագիր է՝ Քեմբրիջի համալսարանի դասախոսների կազմած թեստերով: Դեռևս միայն պատրաստվել եմ թեստին: Հավանաբար մայիսին կհանձնեմ՝ որակավորումս բարձրացնելու նպատակով:
–Ձեր գիտական հոդվածներն անգլալեզու են, վերաբերում են անգլերենի դասավանդման հարցերին: Ի՞նչ խնդիրներ եք արձանագրել:
–Դպրոցական դասագրքերում բառապաշարի բարդության խնդիր կա, ինչը աշակերտներին թույլ չի տալիս լավ յուրացնել նյութը: Հետևանքներն ի հայտ են գալիս արդեն բուհերում ուսանողների մոտ: Անհրաժեշտ է նորացնել դասագրքերը և փոխել դասավանդման մեթոդիկան:
-Ի՞նչ կարծիքի եք միջազգային վարկանիշ ունեցող պարբերականներում հրապարակումներ ունենալու մասին:
-Իմ հոդվածներն առայժմ հրապարակվել են Գիտակրթական միջազգային կենտրոնի [3] գիտական հոդվածների ժողովածուի մեջ և Հայաստանի ամերիկյան համալսարանի պարբերականում (թվային պահոց): 2018թ.-ին հրապարակված “Lexical challenges in English speaking skills among Armenian students” [4] հոդվածին հղում են արել թաիլանդական՝ «Asian Social Issues» ամսագրում: Հոդվածում ներկայացված խնդիրը հայկական պետական բուհերում անգլերենի դասավանդման մեթոդիկայի մասին է: Փաստացի, բարձրացված խնդիրներն այլ երկրներում ևս կարող են լինել: Կոնկրետ այս դեպքում իմ հոդվածը օգտակար է եղել: Կարծում եմ՝ միջազգային պարբերականների շնորհիվ ավելի մեծ ճանաչում են ձեռք բերում: Բացի այդ, վարկանշային պարբերականներում [5] հրապարակված հոդվածներում նշված խնդիրները լսելի են: Իսկ եթե լսելի են, գուցե նաև համահեղինակման միջոցով լուծման միասնական տարբերակներ գտնվեն:
–Ինչո՞վ է Ձեզ գրավել աշխատանքը ԳԿՄԿ Օտար լեզուների ամբիոնում:
-Փորձ եմ ձեռք բերել՝ գիտական, վարչական, մանկավարժական: Ամերիկյան համալսարանը նոր էի ավարտել, երբ ընդունվեցի այստեղ աշխատանքի՝ որպես դասախոս: Արդեն չորս տարի է՝ աշխատում եմ, և կարող եմ ասել, որ նաև ինքնավստահ եմ դարձել:
-Որպես հայցորդ՝ ուսումնասիրում եք «Ռասզիմի խնդրի տարբեր մեկնաբանություններն ամերիկյան արձակում 19 դարի վերջում և 20 դարի սկզբում» գիտական թեմայի ուսումնասիրությունը: Ինչո՞ւ եք նախընտրել այս թեման:
–Ցանկանում էի ուսումնասիրել արդիական թեմա, որն աշխարհում ընթացող իրադարձությունների հետ անմիջական կապ կունենա և որպես գիտական աշխատանք՝ իսկապես նշանակալի կլինի: Ինչ որ տեղ էթնիկ խտրականությունը համարում եմ նաև 2020թ.-ի պատերազմի պատճառներից մեկը: Մեր հանդեպ նույնպես անարդար վերաբերմունք է ցուցաբերվել:
-Ի՞նչ խնդիր եք դրել Ձեր գիտական թեմայի ուսումնասիրության հիմքում:
-Վերլուծելու եմ ռասիզմի դրսևորումներն ամերիկացի գրողների մոտ, վերջում անդրադառնալու եմ հակադարձ ռասիզմին, երբ արդեն խտրականությունը տեսնում ենք ոչ թե սևերի, այլ՝ սպիտակների հանդեպ:
-Ո՞ւմ վերլուծություններին եք ծանոթ:
-Ինձ համար ազդեցիկ է Ֆրանց Ֆանոնի [6] «Սև մաշկ, սպիտակ դիմակներ» գիրքը, որը բնութագրում է, թե ինչպես է մարդու մաշկի գույնը փոխում ամեն ինչ: Անդրադառնալու եմ նաև Մարգարեթ Միթչելի «Քամուց քշվածները» վեպին. շատերն են վերլուծել այդ գիրքը: Ցանկություն կա ծանոթանալու, թե ինչ ուսումնասիրություններ են հրապարակված նաև միջազգային պարբերականներում:
-Ֆրանց Ֆանոնի ո՞ր միտքը կցանկանաք ընդգծել:
-Եթե փիլիսոփայությունը և բանականությունը օգտագործվում են մարդկանց հավասարությունը ներկայացնելու համար, դրանք նաև օգտագործվում են մարդկանց բնաջնջումն արդարացնելու համար:
-Խնդրի ի՞նչ լուծում եք առաջարկում:
-Պետք է խոսվի էթնիկ խտրականության մասին, ինչքան հնարավոր է շատ: Մարդիկ պետք է տարբերակեն ճիշտն ու կեղծը. գիտակցեն՝ ինչ է կատարվում աշխարհում: Եվ կրկին մեջբերեմ. «Կարևորն աշխարհը ճանաչելը չէ, այլ՝ այն փոխելը»:
Հղումներ
- ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կառուցվածքային միավորներից է, հիմնադրվել է 1997թ.-ին: Ի սկզբանե կենտրոնի գործունեությունը նպատակաուղղված էր ասպիրանտուրայի, հայցորդության և դոկտորանտուրայի միջոցով ՀՀ ԳԱԱ նյութատեխնիկական բազայի հիման վրա գիտամանկավարժական բարձրորակ կադրերի պատրաստմանը՝ https://www.isec.am/home.html :
- “Cambridge Assessment – Teaching Knowledge Test Modules 2021”-ը վերապատրաստման ծրագիր է՝ https://www.cambridgeenglish.org/teaching-english/teaching-qualifications/tkt/?fbclid=iwar10zslia95nuoemdewbol47ru-pr4qxp7llggjpbn6jrr_yacdlyikgqoy :
- Susanna Nanyan, Ani Hovhannisyan, “VOCABULARY PROFILING OF ENGLISH TEXTBOOKS USED AT ARMENIAN PUBLIC SCHOOLS”, 2021, International Scientific-Educational Center NAS RA, https://isec.am/images/gitakan_hraparakumner/hetazotakan_karoxutyunneri_zargacum.pdf#page=248 .
- Susanna Nanyan, “Lexical challenges in English speaking skills among Armenian students”, 2018, American University of Armenia, https://dspace.aua.am/xmlui/handle/123456789/78?show=full .
- Scimago-ն ցուցադրում է 1996 թ.-ից ի վեր Scopus տվյալների բազայում թվարկված ամսագրերի գործունեությունը: Ապահովում է ազատ հասանելիություն, ներկայացնում է երկրների հրապարակումների վարկանիշները, https://www.scimagojr.com/journalrank.php?fbclid=IwAR2FYXQ_8CJCvbAQu2ldI6E2bXqPNsyT6B50WFEFVO5LfHOBGuAsCCFKPeM :
- Frantz Fanon, also known as Ibrahim Frantz Fanon, was a French West Indian psychiatrist and political philosopher from the French colony of Martinique.His works have become influential in the fields of post-colonial studies, critical theory and Marxism, https://en.wikipedia.org/wiki/Frantz_Fanon .