Ստամբուլում երեկ և այսօր միջոցառումներ են կազմակերպվել` Անիի ճարտարապետական ժառանգության վերաբերյալ: Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է Կ.Պոլսում հայերեն և թուրքերեն տպագրվող հայկական «Ակօս» շաբաթաթերթը:
Աղբյուրի համաձայն, երեկ` մարտի 13-ին, Ստամբուլի «Դեփո» անվամբ մշակութային կենտրոնում ցուցահանդես է բացվել` «Քարերի պոեզիան` Անին. ճարտարապետական գանձարան մշակույթների խաչմերուկում» խորագրով: Ցուցահանդեսին ներկայացված են 2016 թ. ՅՈՒՆԵՍԿՈ-յի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված Անիում արված լուսանկարներ և տեսագրություններ: Սույն ցուցահանդեսն այցելուների առջև բաց կլինի մինչև ապրիլի 29-ը: Ցուցադրված են Արա Գյուլերի, Մարտին Մանուկյանի, Մուրադ Գերմենի և Վեդաթ Աքչագյոզի հեղինակած լուսանկարները:
Իսկ այսօր` մարտի 14-ին, Ստամբուլի Ջեզայիր սրահում կոնֆերանս կկազմակերպվի` «Անի. համաշխարհային մշակույթի ժառանգություն Թուրքիայում» խորագրով, որին կմասնակցեն Նորվեգիայի Մշակութային ժառանգության ուսումնասիրության ինստիտուտի նախկին տնօրեն Քարստեն Փալուդան-Մյուլլերը, նույն ինստիտուտի փոխնախագահ Արմեն Ղազարյանը, վերականգնող ճարտարապետ Յավուզ Օզքայան և լուսանկարիչ Վեդաթ Աքչագյոզը, ովքեր զեկուցումներ կներկայացնեն` Անիի մշակութային պատմության թեմայով:
http://www.agos.com.tr/tr/yazi/20328/depoda-bir-dunya-mirasi-sergisi
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net