ԳԷՈՐԳ ԱՂԱԲԱԲԵԱՆ
Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պատմական Կիլիկիայի տարածքում գտնուող Սիսի նստավայրը եւ կալուածքները վերադարձնելու պահանջով, ինչի մասին Կիլիկիոյ Հայոց կաթողիկոս Արամ Ա.ն խօսել էր դեռեւս նախորդ տարուայ Սեպտեմբերին՝ Երեւանում կազմակերպուած Հայաստան-Սփիւռք 5րդ համաժողովի ընթացքում:
Այսպիսով՝ Արամ Ա.ն հայկական իրականութեան մէջ առաջին անգամ ձեռնարկում է եկեղեցապատկան կալուածքներն իրաւական ճանապարհով վերադարձնելու նախաձեռնութեանը: Դրանով ոչ միայն փորձ է արւում նոր հուն տեղափոխել Ցեղասպանութեան հետեւանքների վերացման եւ պահանջատիրութեան գործընթացը, այլեւ փաստացի Ցեղասպանութեան 100ամեայ տարելիցը զուտ ճանաչման գործընթացից տեղափոխել փոխհատուցման առաջնահերթութեան շրջանակ: Սա ոչ միայն համարձակ, այլեւ նոյնիսկ առաւել քան ռիսկային նախաձեռնութիւն է:
Ակնյայտ է, որ Կիլիկիոյ կաթողիկոսութեան հիմնական նշանակէտը Մարդու իրաւունքների եւրոպական դատարանն է: Հաշուարկը, թերեւս այն է, որ եթէ Թուրքիայի ՍԴը բաւարարի այդ հայցապահանջը, ապա ոչ միայն հնարաւոր կը լինի վերադարձնել Սիսի կաթողիկոսութեան նստավայրն ու նրան պատկանող եկեղեցիներն ու կալուածքները, այլեւ նախադէպ կը հանդիսանայ այլ՝ քաղաքացիական ու համայնքային շրջանակների կողմից թուրքական դատարանները նմանատիպ հայցապահանջներով հեղեղելու համար, եւ ուղղութիւն ու փորձառութիւն կը տայ՝ այդ պահանջները պաշտպանելու առումով, ելնելով թուրքական արդարադատութեան եւ օրէնսդրութեան նրբութիւններից: Իսկ եթէ չի բաւարարի, ինչն առաւել քան հաւանական է, քանի որ Թուրքիայում լաւ են հասկանում ինչի կարող է այն յանգեցնել, ապա դա գոնէ իրաւական հիմք կը ստեղծի՝ հարցը Մարդու իրաւունքների եւրոպական դատարան տեղափոխելու համար:
Ակնյայտ է, սակայն, որ ՄԻԵԴին դիմելը եւս չի երաշխաւորում գործի յաջողութիւնը երկու հիմնական պատճառով: Նախ՝ հայցապահանջը պէտք է այնքան ամուր իրաւական ու փաստական հիմք ունենայ, որ ՄԻԵԴին մանեւրելու հնարաւորութիւն չթողնի, ինչպէս, օրինակ, «Փերինչէքն ընդդէմ Շուէյցարիայի» գործի պարագայում էր: Երկրորդ՝ ակնյայտ է, որ Թուրքիան կը գործադրի բոլոր հնարաւոր ու անհնար միջոցները՝ կա՛մ գործը ՄԻԵԴին չհասցնելու, կա՛մ այնտեղ դրա տապալմանը հասնելու ուղղութեամբ, ինչը, բացի իրաւականից, նաեւ քարոզչական եւ քաղաքական լուրջ դիմակայութիւն է ենթադրում:
Հետեւաբար, մնում է յուսալ, որ խիստ պատասխանատու, ըստ էութեան, հայոց իրաւական պահանջատիրութեան հիմքերն ստեղծող այս նախաձեռնութիւնն իրականացնելուց առաջ թէ՛ Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը եւ թէ՛ այդ հայցապահանջի ձեւակերպման ու դատական գործընթացում ներգրաւուող թիմը ճիշդ է հաշուարկել հետեւանքները, որովհետեւ ձախողումն այստեղ կարող է դառնալ թուրքական ժխտողականութեան հիմնական զէնքերից մէկը:
Տակտիկապէս թերեւս արդարացւում է Թուրքիայի ՍԴին Ապրիլի 24ից անմիջապէս յետոյ դիմելու քայլը: Միջազգային հանրութիւնը դեռեւս 100րդ տարելիցի տպաւորութիւնների տակ է, իսկ Ցեղասպանութեան միջազգայնօրէն ճանաչման ուղղութեամբ վերջին շաբաթների աննախադէպ արդիւնաւէտ գործընթացները կարծես ձեւաւորել են նման քայլ կատարելու համար անհրաժեշտ մթնոլորտը: Հարցն այն է՝ որքանո՞վ է այս քայլը կրում համակարգային, ծրագրուած բնոյթ, այսինքն՝ սա զուտ առանձին, անհատական նախաձեռնութի՞ւն է, թէ մասշտաբային ու հետեւողական ինչ որ պրոցես (գործընթաց-Խմբ.) սկսելու նախերգանք:
Այն, որ Հայ Դատի յանձնախումբը այս նախաձեռնութեան արմատներում է, թոյլ է տալիս ենթադրելու, որ սա ինչ որ նոր պրոցեսի սկիզբ է: Բայց, եթէ այդպէս է, ապա առնուազն երկու հարց է առաջանում. նախ՝ որքանո՞վ է այլ գործերի հարցում պատրաստուած հայկական կողմը, եւ երկրորդ՝ որքանո՞վ է այս մեկնարկը համաձայնեցուած Հայաստանի հետ: Ընդամէնը ժամեր առաջ յայտնի լրագրող Վլադիմիր Պոզներին տուած հարցազրոյցում ՀՀ նախագահ Սերժ
Սարգսեանը, պատասխանելով այն հարցին, թէ ի՞նչ է նշանակում 100րդ տարելիցի համար ընտրուած «Յիշում եմ եւ պահանջում» կարգախօսի երկրորդ բաղադրիչը, պատասխանեց, թէ պահանջը վերաբերում է միայն ճանաչմանը: Եթէ նկատի ունենանք, որ այդ կարգախօսն ընտրուել է 100րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական յանձնաժողովի կողմից, որտեղ նաեւ Սփիւռքի ներկայացուցիչներ են, ապա Արամ Ա.ի այս նախաձեռնութիւնը փաստացի հակադրւում է նման մօտեցմանը:
Կիլիկոյ Հայոց կաթողիկոսը, փաստօրէն, ապացուցում է, որ Սփիւռքի ընկալմամբ «պահանջում եմ»ը վերաբերում է հատուցմանը, այլ ոչ միայն ճանաչմանը: Բացի դրանից, Ցեղասպանութեան 100րդ տարելիցի համահայկական հռչակագրում խօսւում էր այն մասին, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը միասնական կամք են ցուցաբերում Հայոց Ցեղասպանութեան փաստի համաշխարհային ճանաչման հասնելու եւ Ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարման հարցում, ինչի համար «մշակում է իրաւական պահանջների թղթածրար՝ դիտելով այն անհատական, համայնքային եւ համազգային իրաւունքների եւ օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ»: Այլ կերպ ասած՝ հռչակագրով պահանջատիրական գործընթացի մեկնարկ էր համարւում «իրաւական պահանջների թղթածրար»ի մշակումը, որը ներառում է թէ՛ պահանջների շրջանակը, թէ՛ դրանք պաշտպանելու մեխանիզմները: Մինչդեռ Կիլիկիոյ կաթողիկոսութեան քայլը կոնկրետ գործողութիւն է, որը ոչ մի կերպ հնարաւոր չէ տեղաւորել թղթածրարի մշակման աշխատանքի համատեքստում:
Հարց է առաջանում. այս նախաձեռնութիւնն արւում է ի հեճուկս Հայաստանի կողմից Թուրքիայից պահանջներ չունենալու մասին պաշտօնական Երեւանի կողմից վերջին օրերին արուող յայտարարութիւնների՞, թէ պարզապէս տակտիկա (մարտավարութիւն-Խմբ.) է, որի իմաստը մի կողմից Հայաստանի միջազգային գործօնի մեծացման եւ Թուրքիայի հանդէպ ճնշումների ներկայիս էֆեկտը պահելն է՝ դրանից հնարաւորինս շատ դիւիդենդներ (շահաբաժիններ-Խմբ.) քաղելու համար, իսկ միւս կողմից՝ պահանջատիրութեան հիմնական բեռը Սփիւռքի վրայ կենտրոնացնելով, Հայաստանի հանդէպ Թուրքիայի թշնամանքի խորացումը թոյլ չտալը: Այս իմաստով ձեռնարկը յաւելեալ բացատրութիւնների կարիք ունի: