Այս տարվա մարտի 1-ին գործող նախագահ Սերժ Սարգսյանը չեղարկեց հայ-թուրքական արձանագրությունները, որոնց դեմ ավելի քան ութ տարի շարունակ բողոքում էին Սփյուռքի տարբեր շրջանակներ, առաջին հերթին՝ Դաշնակցությունը: Մարտի 2-ին նախագահ ընտրվեց Արմեն Սարգսյանը, որը վայելում է այդ շրջանակների աջակցությունը: Երրորդ նախագահն իր այդ մտադրության մասին խոսում էր վաղուց, իսկ չորրորդ նախագահի ընտրության հարցն էլ, ըստ էության, լուծված էր առաջադրման պահին: Բայց քաղաքականության մեջ իրադարձությունների հաջորդականությունը կրում է առնվազն խորհրդանշական բնույթ, իսկ խորքում նաեւ ունի, կարծում եմ, ներքին տրամաբանություն: Սովորաբար ասվում է, որ Արմեն Սարգսյանի առաջադրումը ժեստ էր՝ ուղղված Արեւմուտքին: Դա ճիշտ է միայն մասամբ: Ընտրված նախագահը, երկար ժամանակ ապրելով Բրիտանիայում, անշուշտ կապված է արեւմտյան մշակույթի հետ՝ այդ բառի լայն իմաստով. նկատի ունեմ աշխատանքի կազմակերպումը, շփման ոճը եւ այլն: Բայց, որքան ինձ հայտնի են Արմեն Սարգսյանի կենսագրության առանձնահատկությունները, նա որոշակի կապեր ունի նաեւ ռուսաստանյան տնտեսական («էներգետիկ») վերնախավի հետ: Սակայն եթե խոսենք «ժեստերի» մասին, ապա նման թեկնածության առաջադրումն ուղերձ էր նաեւ Սփյուռքին: Հիշո՞ւմ եք, երբ քննարկվում էր նոր Սահմանադրությունը, գաղափար կար, որ չորրորդ նախագահն ընտրվելու է նաեւ Սփյուռքի կառույցների ներկայացուցիչների կողմից: Այնուհետեւ այդ գաղափարից հրաժարվեցին՝ հավանաբար, այն պատճառով, որ դա տեխնիկապես շատ դժվար կլիներ իրականացնել, եւ այդ կառույցներն իրար հետ վիճելու են, թե իրենցից ով իրականում ինչ կշիռ ունի Սփյուռքում: Բայց Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրումն ինչ-որ չափով մեղմում է այդ դրությունը, որովհետեւ նրա «նախընտրական» հանդիպումները Եվրոպայի ու Լիբանանի սփյուռքյան կառույցների հետ, կարծես թե, վկայում են, որ 4-րդ նախագահի հարցում այդ կառույցներում հակասություններ չկան: Չնայած 26 տարի խոսվում է Սփյուռքի կարեւորության մասին, մենք (նկատի ունեմ մեզ բոլորիս՝ աշխարհով սփռված առնվազն 10 միլիոն հայերիս) դեռեւս չենք գտել համագործակցության ալգորիթմը, որն էապես կտարբերվեր Սփյուռք-Խորհրդային Հայաստան հարաբերություններից. դրանց նշանակությունը նույնպես չարժե նսեմացնել՝ պարզապես անկախ պետության պարագան, ինչպես հասկանում եք, բոլորովին այլ է: Չեմ կարծում, որ վաղն այս հարցում ամեն ինչ կփոխվի, բայց գուցե Արմեն Սարգսյանը կսկսի փնտրել այդ ալգորիթմը: Խոսքը, բնականաբար, ավանդական Սփյուռքի մասին է՝ այն հայրենակիցների, որոնց մի քանի սերունդները հաստատվել են աշխարհի տարբեր երկրներում: Ավելի բարդ է այն հարյուր հազարավոր մարդկանց խնդիրը, ովքեր Հայաստանից գնացել են վերջին 25 տարվա ընթացքում եւ, որպես կանոն, դառնացած են հայրենիքից: Նրանց հետ նույնպես պետք է աշխատել, բայց ինչպես՝ ես, ճիշտն ասած, չգիտեմ:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ամբողջական յօդուածը կարող էք կարդալ այս հասցէով` http://www.aravot.am/2018/03/03/940516/