Մեր զրուցակիցն է Միչիգանի համալսարանի Դիրբոռն քաղաքի մասնաճյուղի Հայագիտական հետազոտությունների կենտրոնի վարիչ, դոկտոր Արա Սանջյանը
Պարոն Սանջյան, կարծիք կա, որ Հայաստանի անկախության պատմության մեջ առաջին անգամ է, որ Սփյուռքը փորձում է ներգրավվել Հայաստանի ներքաղաքական պրոցեսներին:
Երբ 1920-ականների սկիզբին միջազգային քաղաքականության ասպարեզից դուրս մղվեց հայկական հարցը, եղեռն վերապրածների՝ իրենց բնօրրան վերադարձը դարձավ անհնարին: Խորհրդային սահմաններից դուրս բնակվող սփյուռքահայության մոտ միշտ կար երկվություն՝ ո՞րն է հայապահպանության առանցքը կազմող իր «գործնական» հայրենիքը` պատմական Հայաստանն ու Կիլիկիա՞ն, որտեղից մեծ մասամբ սերում են իրենց նախնիները, թե՞ պատմական Հայաստանի հայերի կողմից բնակված ու կառավարվող, այդ ժամանակ` խորհրդային, արևելյան հատվածը։
Սփյուռքի կազմավորման առաջին չորս տասնամյակներում, երբ առաջացան մերօրյա կառույցների մեծ մասը, սփյուռքահայ ներքաղաքական պայքարի ջրբաժանը Հայաստանի խորհրդային վարչակարգի հետ հաշտվել-չհաշտվելու հարցն էր։ Թուրքիայից պահանջատիրությունն առաջնային դարձավ միայն 1960-ականներից հետո, և այդ ժամանակվանից սփյուռքահայ քաղաքական ուժերի միջև առաջացած որոշակի փոխհասկացողությունը երբեք բավարար չեղավ վերացնելու «սառը պատերազմի» տրամաբանությունից բխած սփյուռքահայ կառույցների փոխմրցակցությունը։
Սփյուռքի ներսում 1920-ականներից զուգահեռաբար կարելի է նկատել պայմանականորեն ասած «պահանջատիրական» ու «երևանամետ» ուղեգծեր։
Խորհրդային տարիներին սփյուռքյան կառույցների համար Հայաստանի ներքին քաղաքական կյանքին մասնակցելու մեծ հնարավորություն չկար։ 1990-ից հետո սփյուռքի մեջ գործող հայ ավանդական երեք կուսակցությունները շեփորով ու ծնծղայով վերադարձան Արևելահայաստան, բայց իրենց արձանագրած հաջողությունները շատ սահմանափակ են։ Առավել ևս, այդ կուսակցությունների արտասահմանյան կառույցներն աստիճանաբար ենթակա դարձան Երևանի մեջ իրենց նոր կուսակիցների կողմից առնված որոշումներին, որոնք միշտ չէ, որ ընկալելի են սփյուռքի մեջ։
Վերջին քսան տարիներին, հնչակյան ու ռամկավար կուսակցությունների հայաստանյան մասնաճյուղերը մնացին շատ թույլ, հաճախ` պառակտված, և նրանց գործունեության մասին շատ բան չկար պրոպագանդելու իրենց համապատասխան արտասահմանյան կուսակիցների կողմից։ Այս պայմաններում այս երկու կուսակցությունները մեծ մասամբ շարունակեցին խորհրդային իշխանության տարիներից ժառանգված, հետևողականորեն Երևանի կառավարության համակիրն ու պրոպագանդիստ լինելու սովորույթը։ Այս առումով միակ բացառությունը 2008-ին Հնչակյան Կուսակցության Կալիֆոռնիայի մասնաճյուղի կտրուկ, բայց կարճատև դիրքորոշումն էր հօգուտ Լևոն Տեր-Պետրոսյանի։
Այսինքն՝ հիմնականում սփյուռքում գործում է Հայաստանի մասին լավ կամ ոչինչ հայտնի բանաձե՞ւը:
Միշտ Հայաստանի կառավարության, իրենց բնորոշմամբ, պետականության հետ լինելու այս դիրքորոշումը խոր արմատներ ունի սփյուռքի մեջ և շատ ավելի լայն տարածում, քան հնչակյան ու ռամկավար կուսակցությունների համեմատաբար նեղ շրջանակները։ Այս դիրքորոշման հենքը կազմում է այն ամրացած համոզմունքը, թե սփյուռքի մեջ հայրենասիրական ոգին բարձր պահելու համար պետք է միշտ շեշտել Հայաստանի մասին դրականը։ Օրինակ, վերջին ամիսներին Հայաստանի հետ սերտ կապեր ունեցող սփյուռքահայ գործիչներից լսել եմ փաստարկներ, թե սփյուռքի մեջ շատ պետք չէ բարձրաձայնենք Հայաստանի մեջ փտածության (կոռուպցիա) ու կաշառակերության մասին, որովհետև դա սփյուռքահայ հնարավոր նվիրատուների համար կարող է պատրվակ հանդիսանալ, որ խուսափեն նյութապես օժանդակել Հայաստանին, կամ պետք չէ շատ շեշտել Հայաստանի բուհական համակարգին մեջ կաշառակերությունը, որոշ մասնագիտությունների դեպքում` ուսումնական ծրագիրների հնացածությունը և տարբեր համալսարաններում օրեցօր ավելացող միակուսակցականությունը, որովհետև մեր ձգտումը պետք է լինի սփյուռքահայ երիտասարդներին մղել, որ Հայաստան գնան և իրենց բարձրագույն կրթությունը այնտեղ ստանան։
Հայաստանի թերությունները հրապարակային քննարկումներից հեռու պահելը երկար տարիներ սահմանափակել է սփյուռքահայ մշակութային ու կրթական հաստատությունների կողմից հանրության համար կազմակերպվող միջոցառումների` դասախոսությունների, քննարկումների օրակարգը։ Իհարկե, Հայաստանի թերությունների կողքին, սփյուռքի մեջ կան նաև այլ «տաբուներ»` կապված ներքին խնդիրների հետ։ Քննարկել Հայաստանի կամ սփյուռքի թերությունները, նշանակում է ընդունել, թե ամեն ինչ փայլուն չէ հայ իրականության մեջ, և սա հաճախ ոչ հայրենասիրական, նույնիսկ հայ հասարակությունը պառակտող հանգամանք է համարվում։
Իսկ Դաշնակցության դիրքորոշումը տարբե՞ր է հնչակյաններից ու ռամկավարներից։
Դաշնակցական սփյուռքահայ լրատվամիջոցների հետաքրքրությունը Հայաստանի ամենօրյա թերություններով վերջին քսան տարիներին ուղիղ համեմատական է եղել Երևանում կուսակցության քաղաքական դիրքորոշումների հետ։ Դաշնակցական սփյուռքահայ մամուլը, Լևոն Տեր-Պետրոսյանի տարիներին, անխնա քննադատության էր ենթարկում հայաստանյան իրավիճակը, բայց Ռոբերտ Քոչարյանի տասը ու Սերժ Սարգսյանի առաջին երկու տարիներին` մինչև հայ-թուրքական պրոտոկոլների նախաստորագրությունը, նույն լրատվամիջոցները համարյա քար լռություն պահպանեցին Հայաստանի նույն, ըստ որոշ մարդկանց՝ նույնիսկ ավելի վատացող իրավիճակի շուրջ։ Այսպիսով, 1994-95-ին Դաշնակցության դեմ Հայաստանի մեջ քաղաքական հալածանքը մանրամասն ու մեծ կիրքով մեկնաբանվեց սփյուռքի դաշնակցական լրատվամիջոցների կողմից, բայց 2008-ի գրեթե տասնապատիկ ավելի ծանր հալածանքները, այս անգամ` ո՛չ Դաշնակցության դեմ, համարյա անտեսվեց։
Կարո՞ղ ենք ասել գիտակցական փոփոխություններ են տեղի ունենում նաև սփյուռքահայության մեջ:
Այն, ինչ կատարվեց սփյուռքի տարբեր գաղութների մեջ փետրվար 18-ից հետո, բնական զարգացում էր` կապված հաղորդակցության միջոցների և տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած նոր հնարավորությունների հետ։ Սփյուռքի մեջ վաղուց կան «երևանամետ» գործիչներ ու մտավորականներ` եռակուսակցական համակարգից դուրս կամ այդ կուսակցությունների մեջ` իբրև փոքրաթիվ ընդդիմություն։ Այս խմբի մեջ կարևոր տեղ են գրավում անձինք, որ խորհրդային տարիներին Հայաստանում են ստացել իրենց բարձրագույն կրթությունը կամ հետխորհրդային ժամանակաշրջանում մի քանի ամսով կամ տարիով Հայաստանում են գտնվել տարբեր ծրագրերով։ Հայաստանում առցանց լրատվամիջոցների տարածվելը այս խավը անկախ դարձրեց սփյուռքյան լրատվամիջոցներից` հայրենիքի մասին տեղեկություն ստանալու առնչությամբ, իսկ ավելի ուշ, սոցիալական ցանցերը առիթ հանդիսացան, որ նույն մարդիկ նաև կարողանան իրենց խոսքը անմիջականորեն հայրենիք հասցնել` շրջանցելով սփյուռքահայ ու Հայաստանի պաշտոնական լրատվամիջոցների «ֆիլտրերը»։ Այս փոփոխությունը պիտի լինի տևական և Հայաստանի մեջ քաղաքականությամբ հետաքրքրվող հատշվածին ավելի ճիշտ պատկերացում պիտի հաղորդի սփյուռքի մէջ գոյություն ունեցող քաղաքական բազմակարծության մասին։
Բայց, չպետք է նաև գերագնահատել Հայաստանի հանրության համար միայն վերջերս բացահայտված սփյուռքահայ այս հատվածի ներուժը` փոխելու համար նույն ինքն այն գաղութները, ուր իրենք ապրում են։ Այս խումբը նոսր է։ Գործնականորեն համախոհ անձանց միջև չկա կառուցվածքային համագործակցություն։ Նրանք չեն սփյուռքյան կրոնական, քաղաքական, մշակութային, մարզական ու կրթական կառույցների ղեկավարները։ Նրանք դեռևս չունեն ներուժ` կազմակերպելու սփյուռքյան մարդաշատ հանրահավաքներ` առանց ավանդական կառույցների համամտության։ Նրանց համար դեռևս հեշտ չի իրենց տեսակետները պարզաբանել սփյուռքահայ ավանդական լրատվամիջոցներով։ Նրանք սոցիալական ցանցերի կարիքն ունեն իրենց գաղափարները նույնիսկ իրենց ապրած քաղաքներում տարածելու համար։ Օրինակ, երբ 2009-ին ՀՅԴ-ն որոշեց ընդդիմանալ հայ-թուրքական պրոտոկոլներին, այն կարողացավ նախագահ Սարգսյանի արտասահմանյան երթուղու տարբեր կանգառներում վերջինիս դեմ ի մի բերել մի քանի հարյուր կամ մի քանի հազար ցուցարար։ Մյուս կողմից, երբ 2012-ի ամռանը Լիբանանում էի գտնվում, և առաջացավ եռակուսակցական համակարգից անկախ նախաձեռնություն` հոգեհանգիստ կատարելու հայկական բանակի սպա բժիշկ Վահե Ավետյանի հոգու համար, ներկաների թվաքանակը հազիվ մեկ տասնյակ էր, ներառյալ` ես, որ այդ մասին իմացել էի միայն Ֆեյսբուքից։ Սփյուռքյան ավանդական կառույցները Լիբանանում այդ լուրը համեմատաբար անկարևոր էին համարել։
Այն սփյուռքահայերը, որոնք այսօր զորակցություն են հայտնում Հայաստանի մեջ անմիջական և արմատական վերափոխումներ պահանջող ընդդիմությանը, սովորաբար նաև վաղուց քննադատներն են իրենց ապրած հայագաղութների ավանդական կառույցներին։
Հարցազրոյցը վարեց՝
Սիրանոյշ Պապեան
ԼՐԱԳԻՐ