Մայիսի 15-22 Բեյրութի Հայկազյան համալսարանում կայացավ «Հայկական անդրազգային տարածականությունը և արդի հաղորդակցության և համացանցի միջոցները» խորագրով գիտաժողով, որին մասնակցում էր նաև ՀՀ սփյուռքի նախարարության Տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության պետ Վաղինակ Վարդանյանը:
Գիտաժողովի, լիբանանյան այցի մասին է «Հայերն այսօրի» թղթակցի հարցազրույցը Վաղինակ Վարդանյանի հետ:
– Պարո՛ն Վարդանյան, գիտաժողովի նպատակը ո՞րն էր:
– Հայկազյան համալսարանի Հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի «Հայկական անդրսահմանային տարածականությունը և արդի հաղորդակցական միջոցները» խորագրով գիտաժողովն իր բնույթի և տեսակի մեջ առաջինն էր:
Այն նպատակ ուներ վեր հանելու հայկական իրականության կամ, իրենց բնորոշմամբ, հայկական անդրսահմանային տարածականության մեջ վերջին 4-5 տարիների ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ գործարկված բոլոր այն ծրագրերը (տեղեկատվական, ուսուցողական բնույթի կայք-էջեր, էլեկտրոնային պարբերականներ), որոնք արծարծում են հայկական իրականությանը վերաբերող թեմաներ:
Համաժողովի նպատակներից էր նաև ուղիներ նախանշել, փորձել ապագայում համագործակցության եզրեր գտնել՝ այդ ամենը գիտական հիմքի վրա դնելու համար:
Համաժողովում առանձնակիորեն շեշտված էր ՀՀ սփյուռքի նախարարության մասնակցությունը:
Լինելով համահայկական մտածողությունը պետական դաշտ բերող մարմին՝ կարևոր էր, որ գիտաժողովին ներկայացվեին նաև Սփյուռքի նախարարության կողմից ձեռնարկված էլեկտրոնային, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կազմված ծրագրերը, գիտաժողովի մասնակիցներին տեղեկացվեր ծրագրերի ստեղծման, նպատակների և ընթացքի մասին (նախարարության պաշտոնական կայքը, «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականը, ուսուցողական, տեղեկատվական կայք-էջերը՝ էլեկտրոնային գրադարան, վիրտուալ թանգարան), միաժամանակ՝ տվյալների համապարփակ շտեմարանը, «Հայերենի և հայագիտության ինտերնետային կենտրոն» փոխարկիչ ծրագիրը, որոնք բավականին լայն պահանջարկ ունեն սփյուռքյան համայնքներում:
– Պարո՛ն Վարդանյան, գիտաժողովին Դուք հանդես եք եկել «ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղեկատվական արհեստագիտությամբ իրականացվող ծրագրերը և դրանց դերը Հայաստան–Սփյուռք գործակցությունում» զեկույցով: Մանրամասնե´ք, խնդրեմ՝ ինչի մասին էր զեկույցը:
– Հաճելի է, որ զեկույցը մեծ հետաքրքրություն առաջացրեց մասնակիցների շրջանում, և քննարկումների ժամանակ ակտիվ բանավեճ ծավալվեց զեկույցի շուրջ:
Միաժամանակ ամփոփիչ խոսքում կարողացանք համադրել բոլոր զեկույցների տրամաբանությունը, որտեղ կարմիր թելի պես անցնում էր համահայկական մտածողությունը և համահայկական տեղեկատվական միասնական դաշտի ստեղծման գաղափարը, ինչը և ՀՀ սփյուռքի նախարարության գլխավոր նպատակներից, խնդիրներից մեկն է:
Որպես ձեռքբերում կարելի է համարել այն, որ ի դեմս Հայկազյան համալսարանի Հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի, առաջին անգամ հայ իրականության մեջ նման գիտաժողով հրավիրվեց, որը կարևոր էր նրանով, որ բարձրաձայնվեցին այն բոլոր խնդիրները, թերությունները, միաժամանակ այն բոլոր անելիքները, որոնք առաջիկայում անհրաժեշտ է շտկել և հասնել արդեն իսկ ստեղծված կայք-էջերի շաղկապմանը, համադրմանը, համագործաակցությանը՝ հայկական շահի շեշտադրումով:
– Այդ ամենին հասնելու համար ի՞նչ քայլեր են անհրաժեշտ ձեռնարկել:
– Գիտաժողովի նպատակն այն չէր, որ թղթին հանձնվեր այն ամենը, ինչ տեղի ունեցավ այդ օրերի ընթացքում, և որակվեր, որ գիտաժողովին մասնակցեցին աշխարհի տարբեր ծայրերից եկած մասնագետներ, ովքեր հանդես եկան զեկույցներով և այլն, և այլն:
Գիտաժողովի ընթացքում հնչեցին շատ արժեքավոր առաջարկներ: Մասնավորապես, գաղափար առաջացավ, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը Երևանի պետական և Հայկազյան համալսարանների հետ համատեղ նախաձեռնի և առաջիկայում վեր հանի տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ այն բոլոր ծրագրերը, նախագծերը, որոնք գոյություն ունեն Սփյուռքում, և առաջիկայում Երևանում հրավիրել արդեն գործնական համագործակցություն սկսելու հենքով «Հայկական աշխարհը համացանցում» խորագրով գիտաժողով և մասնակից դարձնել ավելի լայն շրջանակների՝ այն համարելով համահայկական միասնական տեղեկատվական դաշտի ձևավորման կարևոր գործոն:
– Պարո՛ն Վարդանյան, Լիբանան այցի շրջանակներում դուք հյուրընկալվեցիք նաև Համազգային հայ կրթական և մշակութային միության Լիբանանի շրջանային վարչությունում: Կցանկանայի, որ այդ այցի մասին էլ մի փոքր պատմեք:
– Համազգային հայ կրթական և մշակութային միության Լիբանանի շրջանային վարչության հրավերով ես և ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը մասնակցեցինք վարչության կողմից կազմակերպված՝ Համազգայինի հետ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող ծրագրերով Հայաստան-Սփյուռք գործակցության հեռանկարների, սփյուռքահայ ուսանողներին ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտում հայագիտության և ցեղասպանագիտության ոլորտներում առաջիկայում մասնագիտանալու շուրջ կայացած քննարկումներին:
Լիբանանում ՀՀ սփյուռքի նախարարության 2013թ. «Արի տուն», «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերին լիբանանահայ պատանիների և երիտասարդների մասնակցության հարցերի շուրջ հանդիպումներ և քննարկումներ ունեցանք Համազգային հայ կրթական և մշակութային միության Լիբանանի շրջանային վարչության ատենապետ, Հայ փոխօգնության հիմնադրամի նախագահ Հակոբ Լադոյանի, վարչության անդամներ Երվանդ Փամբուկյանի, Սեպուհ Հայթամյանի, «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի, Բեյրութի Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարանի տնօրեն Տիգրան Ճինպաշյանի, Ազգային Լևոն և Սոֆյա Հակոբյան քոլեջի տնօրեն Վիգեն Ավագյանի,Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանքի տնօրեն Նարեկ արքեպիսկոպոս Ալեմեզյանի, Կիլիկիո կաթողիկոսության ատենապետ Խաչիկ Դեդեյանի, Համազգայինի մշակույթի կենտրոնի պատասխանատու Կարպիս Գապասգուլյանի, «Սևան» ռադիոյի ծրագրերի վարչության պետ Վերա Սիսեռյանի, լիբանանահայ համայնքի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ:
–Դուք հյուընկալվել եք նաև «Ազդակի» խմբագրատանը:
– Սփյուռքում, հայկական իրականության մեջ պետք է առանձնահատուկ շեշտել «Ազդակի» հսկայական դերը:
Այն համախմբող, կենտրոնացնող դերակատարում ունի ոչ միայն լիբանանյան, այլև սփյուռքյան, հայաստանյան մամուլում:
Հետևելով «Ազդակի» ամենօրյա հրապարակումներին՝ կարող ենք տեսնել, թե ինչքան համապարփակ ինֆորմացիա է կարողանում հրապարակել թե՛ սփյուռքյան, թե՛ հայաստանյան կյանքին առնչվող՝ վեր կանգնելով քաղաքական, կուսակցական կողմնորոշումներից:
Հաջորդ կարևոր խնդիրն այն է, որ «Ազդակ» թերթի խմբագրատունը յուրօրինակ քննարկումների, ապագայի միտումների կանխագծման վայր է, սփյուռքյան, մասնավորապես լիբանանյան մտավոր, գործարար շրջանակների հավաքատեղի: Այս ամենի մեջ շատ կարևոր է «Ազդակի» գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի դերը, որի աշխատանքը այս իմաստով շատ գովելի է:
«Ազդակում» շատ կարևոր իրադարաձություն տեղի ունեցավ, որին նաև ես մասնակից եղա: Տեղի ունեցավ «Այտա Մուրատեան» խմբագրասենյակի և «Արսեն Չաղլասեան» ժողովասենյակի բացման հանդիսավոր արարողությունը: Վերջիններս «Ազդակի» մանկապատանեկան խմբագրակազմի սենյակներ են լինելու: Այսուհետ «Այտա Մուրատեան» խմբագրասենյակում կծավալվեն փոքրիկների ջանքերով «Պստիկ-մստիկ» վերտառությամբ «Ազդակի» հավելվածի աշխատանքները:
Միաժամանակ «Ազդակը» այդ փոքրիկ կառույցի օգնությամբ պատրաստում է վաղվա իր լրագրողներին, խմբագիրներին: Այսօրվա փոքրիկները ապագա մարդուժն են, ովքեր կարող են համալրել և՛ «Ազդակի», և՛ լիբանանյան, սփյուռքյան, ինչու չէ, նաև հայկական մամուլը:
– Պարո՛ն Վարդանյան, կարծում եմ՝ հետաքրքիր էր նաև այցելությունը Այնճար:
– Այո´, հատկանշական էր մեր այցելությունը Այնճար, որն իր էությամբ ինքնակառավարման և ինքնակազմակերպման յուրօրինակ չափանիշ է: Շատ ուրախ եմ, որ ջերմ ընդունելության արժանացանք համայնքի ղեկավարի, համայնքային խորհրդի անդամների և համայնքի ներկայացուցիչների, մտավորականների կողմից:
Բոլոր հանդիպումներին ես և Երևանի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը միասին էինք:
Օգտվելով առիթից՝ ուզում եմ իմ գոհունակությունը հայտնել Մհեր Հովհաննիսյանին, ով աչքի ընկավ հիմնավորված և գերազանց ինֆորմացիայի իմացությամբ, համալսարանի գործունեության, վերջին շրջանում գործածության մեջ դրված կայքերի հմուտ ներկայացմամբ:
Մհեր Հովհաննիսյանը ներկայացրեց Երևանի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտի կողմից թողարկված հայագիտական 7 կայքերը:
Ես ներկայացրի Սփյուռքի նախարարության ծրագրերը, մասնավորապես «Արի տունը», «Ամառային դպրոցը»: Պայմաններին ծանոթանալուց հետո թե´ Այնճարում, թե´ Համազգայինում պատրաստակամություն հայտնեցին օժանդակել, ակտիվ մասնակցություն ունենալ նախարարության ծրագրերին:
– Պարո՛ն Վարդանյան, շատ է խոսվում լիբանանահայ գաղութի, այն հայկականության մասին, որը տիրում է համայնքում: Հետաքրքիր է՝ Դուք ինչպիսի՞ տպավորություներով եք վերադարձել Լիբանանից:
– Ես ուրախ եմ, որ այս պահին եք իմ տպավորությունների մասին հարցնում, որովհետև եթե այդ մասին հարցնեիք անմիջապես իմ վերադառնալու օրը, ապա այդ պահին ավելի շատ զգացմունքները կխոսեին:
Կյանքի և աշխատանքի բերումով հանդիպումներ եմ ունեցել տարբեր համայնքներում, տարբեր երկրներում, մասնավորապես Ռուսաստանում, Վրաստանում, շատ եմ լսել եվրոպական համայնքների մասին: Ու եթե շատ երկրներում համայնքային կյանքին որոշ գուներանգ են ավելացնում նաև Հայաստանից գնացած հայերը, ապա Լիբանանում իրենք իրենցով են:
Ես զգացի ու տեսա ամուր հայկականություն, փոխադարձ հարգանք, անաղարտ հայերեն, զարգացած մարդիկ, ովքեր ամեն ինչ անում են հայ մնալու և ամենօրյա կապը հայրենիքի հետ սերտ պահելու համար:
Կազմակերպված, դեպի առաջ նայող համայնք է, որն իր առաջին խնդիրը համարում է ազգապահպանությունը, լեզվի պահպանումը, երիտասարդների մեջ հայկական ինքնության պահպանումը:
Ամենագլխավորն այն է, որ մեր այցելություների ընթացքում եղանքՄելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարաններում, Ազգային Լևոն և Սոֆյա Հակոբյան քոլեջում, Համազգայինի մշակույթի կենտրոնում, որտեղ ընդգծված, կազմակերպված, օրինակելի դաստիարակության մեթոդներ, ուսումնադաստիարակչական պրոցես էր գործում, ինչը, ըստ իս, մեր հայկական շատ դպրոցներ փորձի փոխանակման կարգով պետք է օրինակ վերցնեն:
Մշակութային կենտրոնը տեխնիկապես շատ հագեցած էր, անգամ երևանյան շատ դպրոցներ դեռևս այդ հնարավորությունները չունեն:
– Պարո՛ն Վարդանյան, ցանկացած միջոցառում մտածելու, խորհելու առիթ է տալիս: Հետաքրքիր է՝ ի՞նչ հետևություններ Դուք կարողացաք անել, և ի՞նչ տվեց լիբանանյան այցելությունը:
– Բոլոր նախաձեռնությունները, ձեռնարկները շատ գովելի էին, կարևոր էր մարդկանց վերաբերմունքը Սփյուռքի նախարարության, հատկապես նախարար Հրանուշ Հակոբյանի հանդեպ: Ցանկացած համայնքում բոլորը ճանաչում, սիրում, հարգում, գնահատում էին նախարարին:
Այդ ամենի հետ մեկտեղ շատ կարևոր է, որ այդ ոգևորությունը, դրական իրավիճակը արժևորենք և նժարի վրա դնենք նաև մեր անելիքները:
Գործուղման արդյունքում ես հիմա պատկերացնում եմ, թե ինչքան գործեր կան, որոնք մենք առաջիկայում պետք է իրագործենք:
Առաջին հերթին բավականին չմշակված, խոպան դաշտ է մնացել՝ կապված հայկական իրականության մեջ տեղեկատվական կայքերի ամբողջական ուսումնասիրության հետ:
Նախարարության տեղակատվական բլոկը, համագործակցելով ԵՊՀ-ի հայագիտական ուսումնասիրությունների ինստիտուտի հետ (որը բավականին ուսանելի փորձ ունի), առաջիկայում պետք է փորձի վեր հանել, ճանաչել, գտնել, հետազոտել, պեղել այն բոլոր կայքերը, տեղեկատվական միջոցները, որոնք գործում են Սփյուռքում և փորձի շաղկապել, համագործակցության եզրեր գտնել բոլորի հետ:
Երբեմն անտեղակության պատճառով կրկնում ենք միևնույն գործը, ինչը ավելորդ ֆինանսներ, ժամանակ, միջոցներ է պահանջում:
Մի պարզ օրինակ բերեմ. եթե Խորենացու «Հայոց պատմությունը» թվայնացված է և տեղադրված է այսինչ կայքում, և դրա մասին չգիտեն շատ այլ կայքերը, նորից նույն գործն են անում: Իմանալու դեպքում միմյանց հետ հղումներով կփոխանակվեն, կհամագործակցեն:
Սա համարում եմ շատ կարևոր գործ, ինչը առաջիկայում մենք պետք է փորձենք իրականացնել:
Այլևս չպետք է հապաղենք և շտապ կարգով, օպերատիվ կերպով պետք է համալրենք նախարարության տեղեկատվական, ուսուցողական կայք-էջերը (էլեկտրոնային գրադարան, սփյուռքի պատմության վիրտուալ թանգարան):
Սփյուռքի ներուժի համախմբման առումով պետք է կարողանանք մեր տվյալների էլետրոնային համապարփակ շտեմարանը վերջնականապես ձևավորել և դնել գործածության մեջ՝ հասանելի դարձնելով նաև սփյուռքյան կառույցներին և կազմակերպություններին:
Շատ կարևոր խնդիր է այսօր հայերենի միասնական ուղղագրության բացակայությունը, ինչը վիրտուալ աշխարհում ևս բերում է մեծ հակասությունների: Հետևաբար միասնական ուղղագրության բացակայության պայմաններում շատ մեծ նշանակություն ունի այս պահին «Հայերենի և հայագիտության ինտերնետային կենտրոն» փոխարկիչ ծրագիրը, որի գործարկման արդյունքում համոզվեցինք, որ հարկավոր է ապահովել շարունակականությունը և նոր կոնցեպտներով համալրումը:
Ամփոփելով խոսքս՝ նշեմ, որ ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվական բլոկի, նախարարության աշխատակազմի, կառուցվածքային ստորաբաժանումների համար առանջնահերթ խնդիր պետք է լինի ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող ծրագրերի զարգացումը:
Գլոբալացված աշխարհում՝ մարդակենտրոն, անձնակենտրոն իրականության մեջ, յուրաքանչյուր մարդ իր համար և՛ խմբագիր է, և՛ թղթակից:
Իրադարձություններից առաջ ընկնելով՝ մենք պետք է կարողանանք համախմբել, դոմինանտ դեր խաղալ, որովհետև համահայկական մտածողությունը պետական դաշտ բերող և այդ իմաստով պետական ուղղվածությունը, պետության քաղաքականությունը իրականացնողը Սփյուռքի նախարարությունն է, և նախարարությունը պետք է լինի սփյուռքյան էլեկտրոնային դաշտը, միջոցները համախմբող ուժը:
Օգտվելով առիթից՝ պետք է նշեմ «Հայերն այսօրի» դերակատարությունը այս հարցերում: Պարբերականը լայն ճանաչում ունի սփյուռքյան իրականության մեջ, շատ-շատ մարդիկ են ընթերցում, և մեր բոլոր հանդիպումներում շեշտվում էր «Հայերն այսօրի» կարևորագույն դերը: Առաջիկայում ևս «Հայերն այսօրի» ձևափոխված, նոր կայքի բովանդակային պամաններով հնարավորություններ կստեղծենք (խմբագրակազմն էլ ի զորու է այդ խնդիրները լուծել), հեռավար հարցազրույցներ կազմակերպել սփյուռքյան գործիչների, անհատների հետ:
Բացի այդ՝ այն ամբողջ տեղեկատվությունը, որը կարողանում ենք «Հայերն այսօրում» հրապարակել և դարձնել սփյուռքյան համայնքների սեփականությունը, նույն կերպ, նույն օպերատիվությամբ հետևողական ենք լինելու սփյուռքյան մամուլում, ԶԼՄ-ներում հրապարակվող տեղեկատվությունը «Հայերն այսօրի» միջոցով լուսաբանելու և հայկական իրականության սեփականությունը դարձնելու ուղղությամբ:
– Պարո՛ն Վարդանյան, ինչո՞վ կցանկանայիք եզրափակել Ձեր խոսքը:
– Որպես ցանկություն՝ կուզեի, որ մեր հնարավորություններն այնքան մեծ լինեին, որ Սփյուռքի նախարարության աշխատակիցները հնարավորինս հաճախ լինեին սփյուռքյան համայնքներում, կարողանային անմիջական շփում ունենալ մեր հայրենակիցների հետ:
Հրանուշ Հակոբյանը բազմաթիվ առիթներով ընդգծում է ճանաչել, վստահել, գործակցել սկզբունքը՝ շատ առաջադեմ գաղափար, ինչով և մենք առաջնորդվում ենք: Սակայն ճանաչելը, վստահելը, գործակցելը վիրտուալ իրականության մեջ, նամակագրական եղանակով այնքան էլ շահեկան չէ:
Իմ կարծիքով՝ անձնական շփումներն ինչան շատ լինեն մեր համայնքներում, այնքան մեր պատկերացումները ավելի կհստակեցվեն:
Մենք, ինչու չէ, պետք է կարողանանք նաև բաղդատել. Սփյուռքը բազմաշերտ է, բազմադեմ, բազմակարծիք, և եթե մենք կարողանանք յուրաքանչյուր վայրում բարձրաձայնված ամենաարժեքավորն ու օրինակելին դարձնել բոլորի համար ընդունելի, կունենանք համահայկական միասնականություն, համահայկական միասնական տեղակատվական դաշտ, և այդ ամենը կնպաստի մեր համազգային իղձերի, նպատակների իրականացմանը, ճիշտ քայլեր կուղենշի՝ հասնելու համար մեր ազգային իղձերի բարձունքներին:
ՀԱՐՑԱԶՐՈւՅՑԸ՝ ԼՈՒՍԻՆԵ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ