ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը չի գործելու հարկադրանքի ներքո և օգտագործելու է բոլոր հասանելի միջազգային լծակները և ձևաչափերը իր իրավունքները պաշտպանելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված օնլայն ասուլիսի շրջանակում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը գրավոր ընթացակարգով դիմել է Ռուսաստանի Դաշնությանը և ՀԱՊԿ-ին, վարչապետը հայտնեց, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու վերաբերյալ դիմել են, իսկ նոյեմբերի 16-ի իրադարձությունները տեղի են ունենում այդ իրադարձությունների շրջանակներում:
Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանի պահվածքը պետք է արժանանա միջազգային գնահատականի, և այդ առումով Հայաստան իրեն չի սահմանափակելու և դիմելու է բոլոր հնարավոր ատյաններին:
«Հայաստանը հետևողականորեն իր իրավունքները պաշտպանելու է բոլոր հնարավոր ատյաններում: Մենք դրա հետ չենք հաշտվելու: Էլի եմ ասում, որ հարկադրանքի քաղաքականությունը Հայաստանը չի ընդունելու, որովհետև չկա «պատերազմը հաղթածի իրավունք» միջազգային հասկացություն: Հայաստանի Հանրապետությունը սուվերեն, ինքնիշխան պետություն է: Ես նաև անվտանգության խորհրդի վերջին նիստում արտահայտեցի մեր կառավարության և ժողովրդի կամքը` սեփական ինքնիշխանությունը, պետականությունը, անկախությունը, նաև՝ ժողովրդավարությունը պաշտպանելու»,- ընդգծեց Փաշինյանը:
Ըստ վարչապետի` դա չի նշանակում, որ բանակցային օրակարգերում Հայաստանը իրեն կպահի դեստրուկտիվ` սկսած սահմանազատումից, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումից, Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումից, վերջացրած խաղաղության բանակցությունը:
«Կարծում եմ, որ պետք է գնալ լուծումների, և մեր կառավարության առաքելությունն է գնալ լուծումների: Մենք պատրաստ ենք և բանակցելու ենք, չարչարվելու ենք, մեր վրա վերցնելու ենք պատասխանատվություն և մենք գնալու ենք լուծումների: Բայց սա չի նշանակում, որ Հայաստանը գործելու է հարկադրանքի ներքո: Հայաստանը չի գործելու հարկադրանքի ներքո և մենք բոլոր մեզ հասու միջազգային լծակները և ֆորմատները օգտագործելու ենք մեր իրավունքները պաշտպանելու համար»,- եզրափակեց Փաշինյանը: