ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վիգեն Սարգսյանի համար շատ հարմար կլիներ Պաշտպանության նախարարի պաշտոնում Դավիթ Տոնոյանին տեսնելը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Վիգեն Սարգսյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչ կարծիք ունի Պաշտպանության նախարարի պաշտոնում Դավիթ Տոնոյանի հնարավոր թեկնածության մասին:
«Նոր կառավարություն ձևավորելը շատ ծանր պատասխանատվություն է: Կարծում եմ, որ մի քանի օրից, ինչպես Սահմանադրությամբ նախատեսված է, բոլոր թեկնածուների, նախարարների նշանակումների մասին կլսեք: Ինչ վերաբերում է Դավիթ Տոնոյանին, ապա նրա հետ մենք երկար ճանապարհ ենք անցել, ավելի քան 19 տարի ծանոթ ենք: Նա Պաշտպանության նախարարությունը շատ լավ գիտի, ինքն այստեղ ծառայել է, երկար ճանապարհ է անցել, ունի փորձ, գիտելիքներ: Անձամբ ինձ համար շատ հարմար կլիներ Պաշտպանության նախարարի պաշտոնում Դավիթ Տոնոյանին տեսնելը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Վիգեն Սարգսյանը:
Նրա խոսքով, այդ դեպքում Դավիթ Տոնոյանը նաև համեմատելու հնարավորություն կունենա, կկարողանա լիարժեք գնահատել վերջին մեկ ու կես տարվա արված աշխատանքը, արդյունավետությունը:
«Միևնույն ժամանակ, ես նշել եմ, որ նախարարը դա վարձու աշխատող չէ, անկախ նրանից նախարարը կուսակցական է, թե ոչ, նա քաղաքական թիմի անդամ է: Ճիշտն ասած մի փոքր զարմացած էի Դավիթ Տոնոյանի արձագանքից, որը եղավ Արարատ Միրզոյանի առաջարկից հետո, այնուամենայնիվ, դա նշանակում է՝ լինելով կառավարության կազմում, բաց թողնել դռները նման բանակցությունների համար: Ես անձամբ երբեք չեմ արել այդպես, դա համարում եմ ինձ համար տաբու, բայց դա նրա անձնական որոշումն է եղել»,-ասաց նա: