Երիտասարդ գիտնականի ամպիոն
Գիտութեան մեջ դեռևս իր առաջին քայլերն անող՝ ՀՀ ԳԱԱ ՕԴՔ ԳՏԿ Օրկանական քիմիայի ինստիտուտի հայցորդ Վիքտորիա Ռստակեանն արդէն մօտ հինգ տարի, պաքալավրիատի 3-րդ կուրսից սկսած, զբաղւում է նոր օրկանական նիւթերի սինթեզով (հիտրօքսիմեթիլ պիրազոլների ածանցեալներ): Ունի 9 յօդուած, որոնք տպագրուել են Սանկտ-Փետերպուրկի «Ընդհանուր քիմիայի հանդէս» ամսագրում: Յօդուածները 4 անգամ յղուել են ռուս հեղինակների կողմից. «Վերջերս էլ մի չինական յօդուածի յղումների ցանկում գտայ յօդուածս: Ցաւօք, միայն վերնագիրն ու օգտագործած գրականութեան ցանկն էր անգլերէնով, իսկ յօդուածի տեքստը չինարէն՝ այդպէս էլ մանրամասն չիմացայ, թէ ինչի մասին է» :
Աշխատանքների արդիւնքները ներկայացրել է Geo-Het 2011 միջազգային գիտաժողովին՝ Վրաստանում. «Այս տարի ևս հնարաւորութիւն ունէի, բայց տեխնիկական պատճառներով չմասնակցեցի…» Ցավօք սրտի, լապորատորիան, որտեղ աշխատում է Վիքտորիան, միջազգային գիտական համագործակցութիւններում ընդգրկուած չէ։ Սա հիմնականում պայմանաւորուած է երիտասարդ քատրերի պակասով. «Քանի որ՝ ով պաշտպանում է՝ հեռանում է, և կորիզը միշտ մեծահասակներն են կազմում, ովքեր էլ հասկանալի պատճառներով դժուարանում են նմանատիպ կապեր հաստատել: Սակայն անցած տարի մեր լապորատորիայի ասպիրանտ Արսէն Սահակեանն ստացաւ փոքրիկ դրամաշնորհ ԳԱՏԱՀ–ի կողմից և յաջողությամբ այն իրականացրեց»:
Մի քիչ զրուցեցինք «կեանքից». «Նախ ասեմ, որ իմ պատկերացմամբ գիտնական դառնալը և գիտութեամբ զբաղուելը շատ տարբեր բաներ են: Ես ինձ գիտնական չեմ համարում, ես մէկն եմ, ով պարզապէս գիտութեամբ է զբաղւում… և երևի չեմ էլ դառնայ, չգիտեմ… ամէն դէպքում, ես իմ ապագան աւելի շատ կապում եմ կրթութեան ոլորտի հետ, զուգահեռ դասաւանդում եմ դպրոցում, և դա ինձ շատ դուր է գալիս»։ Հարցրի՝ որպէս գեղեցիկ սեռի ներկայացուցիչ՝ որևէ կարգի «անյարմարութիւն» գիտական շրջանակներում երբևիցե զգացե՞լ է Հայաստանում կամ արտասահմանում. «Չեմ զգացել,- ու ժպտում է.- սակայն ամէն ինչ դեռ առջևում է» 🙂 եւ շարունակում. «Արտասահմանում չեմ աշխատել, սակայն երևի դա էլ է դեռ առջեւում է 🙂 Շատ կ’ուզէի ապագաս Հայաստանի Հանրապետութիւնում պատկերացնել… սակայն, եթէ հնարաւորութիւն ունենամ, անպայման կը փորձեմ արտասահմանում շարունակել…»
Նախասիրութիւննե՞ր. «Շա՜տ ունեմ. բացի Օրկանական քիմիայի ինստիտուտում աշխատելուց, աշխատում եմ նաև «Օհանեան» կրթահամալիրում: Երեխաների հետ աշխատելը շատ դժուար, բայց շատ հաճելի է: Յաճախում եմ Երիտասարդ Առաջնորդների Դպրոց, շատ եմ հետաքրքրւում հռետորիկայով: Սիրում եմ մասնակցել ամենատարբեր դասընթացների ու վերապատրաստումների: Լինելով մասնագիտութեամբ քիմիկոս՝ մասնակցել եմ նոյնիսկ սոցիոլոգների համար նախատեսուած դասընթացների։ Ունեմ շատ ընկերներ ամենատարբեր բնագաւառներից»։ Ժպտացի՝ էլ գիտութեանը տե՞ղ մնաց. «Չէ, չէ, շատ եմ սիրում մասնագիտութիւնս: Մինչև թեկնածուականիս պաշտպանութիւնը պէտք է մոռանամ նախասիրութիւններիս մասին: 8-րդ դասարանից ցանկացել եմ պաշտպանել և ունենալ գիտական աստիճան… Չգիտեմ՝ ինչու, բայց ինձ շա՜տ է դուր գալիս իմ աշխատանքը. քիմիան շատ հետաքրքիր ու զարմանահրաշ գիտութիւն է: Օրը 7 ժամ շաբաթը 5 օր, ինչպէս նաև՝ որոշ ժամանակ տանը… Միայն մնացածը՝ կեանքին» 🙂
Գիտութեան հարցերին վերադառնալու համար հարցնում եմ` ինչպէ՞ս է կոչւում ձեր լապորատորիան. «Հետերոցիկլիկ մոնոմերների և փոլիմերների լապորատորիա №5», ատենախօսական աշխատանքիդ ճշգրիտ վերնագի՞րը. «Պիրազոլկարբինոլների սինթեզը և քիմիական յատկութիւնների ուսումնասիրումը», ե՞րբ է պաշտանութիւնը. «Մայիսին կը պաշտպանեմ»։
– Ասացիք՝ 9 յօդուած ունէք։ Քանի՞ համահեղինակով էք տպագրւում։
– Իմ յօդուածներում ընդգրկուած են 3-4 համահեղինակ: Ընդհանուր առմամբ, աշխատանքը այսպէս ենք կազմակերպում՝ քննարկում ենք ղեկավարի հետ, և յաջորդ շաբաթուայ ընթացքում ես անում եմ այն, ինչ ծրագրել ենք` արդիւնքների մասին զուգահեռ տեղեկացնելով ղեկավարիս: Յետոյ նորից քննարկումներ… Փորձարարական մասը 100 %-ով ես եմ արել: Իսկ թեմայի ընտրութիւնն ու զարգացումը՝ ղեկավարիս օգնութեամբ: Ինչպէս արդէն ասացի, այժմ ատենախօսութիւնը գրելու և վերջնական տեսքի բերելու փուլում եմ:
– Ի՞նչ գիտական մրցանակներ և դրամաշնորհներ էք ստացել, որքանո՞վ են դրանք կարևոր, ի՞նչ չափանիշներով արժէ անցկացնել երիտասարդական գիտական մրցոյթները։
– Քանի որ նոր եմ ոտք դնում գիտութեան աշխարհ, դեռ չեմ արժանացել որևէ դրամաշնորհի կամ հեղինակաւոր մրցանակի: Սակայն դիմել եմ ազդեցութեան գործակից ունեցող ամսագրերում 2010 թ. տպագրուած յօդուածների հետ կապուած մրցոյթին, որը կազմակերպուել էր ՊԳՖԱ-ի ու Ծառուկեան հիմնադրամի կողմից և ստացել եմ դրամական պարգև: Երիտասարդական գիտական մրցոյթները շատ գովելի և շատ կարևոր միջոցառումներ են: Իմ կարծիքով, չափորոշիչների երկու տարբերակն էլ ընդունելի են՝ ազդեցութեան գործակից ունեցող ամսագրերում տպագրութիւններն էլ են կարևոր, յղումների թիւն էլ: Այստեղ ես կարևորում եմ ոչ այնքան ընտրութեան ձևը, որքան այն փաստը, որ երիտասարդ գիտնականները հնարաւորութիւն ունեն ճանաչուելու իրենց կատարած աշխատանքների շնորհիւ: Սակայն այս ամէնը դեռևս նոր է թափ առել և իրավիճակի վրա լուրջ ազդեցութիւնը դեռ չի զգացւում, չնայած որ, ի հարկէ, այդպիսի մրցանակաբաշխութիւնները խթանիչ դեր խաղում են։ Պէտք է մի քանի տարի անցկացուեն յստակ պետական ֆինանսաւորմամբ ամէնամեայ մրցանակաբաշխութիւններ, որպէսզի ազդեցութիւնը սկսի զգացուել։
– Իսկ որո՞նք են՝ բաւարար չափով պետական ֆինանսաւորման բացակայութեան պատճառները։
– Իմ կարծիքով, գիտութեան թերֆինանսաւորման պատճառներից ամենագլխաւորն այն է, որ գիտութիւնը ակնթարթային եկամուտ չի բերում պետութեանը: Չկայ պետական պատուեր: Արդիւնքում՝ Հայաստանում երիտասարդ գիտնականը բախւում է շատ խնդիրների՝ ֆինանսական միջոցների սղութիւն, բնագիտական գիտութիւններով զբաղուողների համար՝ նիւթերի բացակայութիւն, տեխնիկական միջոցների բացակայութիւն կամ դրանց շատ հին լինելը, արտասահմանեան գիտական յօդուածների վճարովի լինելու պատճառով՝ հեղինակաւոր ամսագրերում տպագրուելու դժուարութիւն, գիտաժողովներին մասնակցելու համար ֆինանսական միջոցների բացակյութիւն և այլ։ Բոլոր թուարկուած հարցերը հանգում են ֆինանսաւորման խնդրին։ Միակ լուծումն այստեղ՝ պետութեան ուշադրութիւնն ու ֆինանսական միջոցների աւելացումն է: Պետութիւնը պէտք է գիտակցի, որ գիտնականն անհրաժեշտ է… 🙂
– Իսկ եթէ չի տեսնում, ապա պէ՞տք է բողոքել, ինչպէս դա անում է «Պահանջում ենք գիտութեան ֆինանսաւորման աւելացում» ֆէյսպուքեան նախաձեռնութիւնը, թէ՞ այդ դէպքում գիտնականն էլ այլևս գիտնական չի լինի։
– Ես շատ դրական եմ վերաբերւում ցանկացած նախաձեռնութեան, որն իրականցւում է՝ նպատակ հետապնդելով բարձրաձայնել գիտնականների խնդիրները: Հարցի երկրորդ մասի հետ ընդհանրապէս համաձայն չեմ, քանի որ գիտնականը, մինչև գիտնական լինելը, մարդ է և ունի ամենահասարակ պահանջմունքներ… Իմ կարծիքով, գիտնականը պէտք է ապահովուած լինի ամէն ինչով, այլ ոչ թէ մտածի օրուան հացի մասին:
– Կազմակերպչական առումով ի՞նչ հարցեր էք տեսնում։ Գիտական խումբերի միջև համագործակցութիւնը բաւարա՞ր մակարդակի է։ Կոռուպցիա գոյութիւն ունի՞։ Ինչպէ՞ս եք վերաբերում PostDoc համակարգի ներդրմանը։ Տեսնո՞ւմ էք արդեօք վերջին տարիներին ինչ-որ դրական միտումներ՝ գիտութեան կազմակերպման ու խրախուսման հարցում։
– Գիտական խումբերի միջև համագործակցութիւն Հայաստանում…, որոշ չափով գոյություն ունի, ի հարկէ… սերտ համագործակցութիւնը կը նպաստէր և՛ նոր ծրագրերի իրագործմանը, և և՛… բայց հայկական իրականութեան մէջ սերտ համագործակցութիւնը մի քիչ շատ անհաւանական չէ՞ : Իսկ կոռուպցիան… անձամբ ես չեմ տեսել, գրագողութեան, կամ ղեկավարութեան կողմից շահագործման տիպի խնդիրների չեմ հանդիպել, մեր լապորատորիայում ամէն ինչ արւում է, որպէսզի իւրաքանչիւրը գտնի իր ուրոյն տեղը, բայց այդպիսի բացասական երևոյթներ, ինչ խօսք, մեր իրականութեան մէջ կան: Ինչ վերաբերում է հետ թեկնածուական կարգավիճակի ներդրմանը Հայաստանի Հանրապետութիւնում՝ ես դէմ եմ, քանի որ Հայաստանում հեռանկարներ չեմ տեսնում։ Չնայած, որ գիտութեան կազմակերպման ու խրախուսման հարցում ինչ-որ չնչին տեղաշարժեր նկատւում են, ու յոյսով եմ, որ լավ կը լինի, բայց առանձնապէս հաւատ չունեմ:
Հարցազրոյցը վարեց՝ Մանէ Յակոբեանը