Կիրակի Վրաստանում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները և դրանց արդյունքները ստիպում են գրեթե համոզումով ասել, որ Վրաստանը այլևս հետխորհրդային տարածք չէ համեմատաբար արդար ընտրություններ անցկացնելու, արդյունավետ կառավարման, կոռուպցիայի և տնտեսական ու քաղաքական մենաշնորհների համեմատաբար նվազ ծավալների, աշխարհընկալման, բարոյահոգեբանական և այլ առումներով:
Ի՞նչու Վրաստանը այլևս հետխորհրդային տարածք չէ: Առաջին հերթին այն իմաստով, որ օրվա իշխանությունները հնարավորություն չեն ունենում վերարտադրվել ընտրությունները կեղծելու միջոցով: Արդեն երեք իրար հաջորդող ընտրությունների արդյունքներ հիմնականում արտահայտում են վրաց հասարակության տրամադրությունները:
2012-ի աշնանը կայացած խորհրդարանական ընտրություններում այն ժամանակ գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած և նրա կողմից ղեկավարվող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը պարտություն կրեց նորաստեղծ «Վրացական երազանք» կուսակցությունից, որի հիմնադիրը աշխարհի ամենահարուստ վրացին է` Բիձինա Իվանիշվիլին: Սաակաշվիլին հրապարակավ ընդունեց իր կուսակցության պարտությունը: Հետխորհրդային տարածքի համար գրեթե աննախադեպ էր ոչ միայն իշխող կուսակցության պարտության փաստը, այլ այն, որ երկրի նախագահը ընդունում է այդ իրողությունը:
Մեկ տարի անց` 2013-ի աշնանը, երբ Սաակաշվիլիի կուսակից Դավիթ Բաքրաձեն նախագահական ընտրությունների առաջին փուլով պարտվեց «Վրացական երազանքը» ներկայացնող Գիորգի Մարգվելաշվիլիին, չհապաղեց նրան շնորհավորել և ընդունել, որ ընտրությունները չեն կեղծվել: Բաքրաձեն ստացել էր քվեների ավելի քան 20 տոկոսը:
Անցնող շաբաթ կայացած ՏԻՄ ընտրություններում «Միացյալ ազգային շարժումը» ողջ Վրաստանի տարածքով ստացավ քվեների ավելի քան 22 տոկոսը: Իշխող «Վրացական երազանքը» ստացել է քվեների շուրջ 50 տոկոսը, սակայն ութ քաղաքներում, այդ թվում` մայրաքաղաք Թբիլիսիում, կայանալու է երկրորդ փուլ:
Դուք կարո՞ղ եք պատկերացնել նման բան Հայաստանում: Ոչ միայն տեղական, այլև խորհրդարանական և նախագահական ընտրություններում իշխող ուժը քարի-քարին չի թողնում:
Այսօր, ԽՍՀՄ փլուզումից կամ միութենական հանրապետությունների՝ անկախություն նվաճելուց գրեթե քառորդ դար անց, նախկին խորհրդային տարածքը պայմանականորեն կարելի է բաժանել չորս խմբի:
Առաջին՝ բալթյան երեք հանրապետություններ` Լիտվա, Լատվիա, Էստոնիա, որոնք արևմտյան կառույցների լիիրավ անդամ են: Այս երկրները ժողովրդավարության, մարդու իրավունքների հարգման, օրենքի իշխանության հաստատման, ազատ և արդար ընտրություններ անցկացնելու, կոռուպցիայի ցածր ծավալների, իրավական և սոցիալական պետության կայացման ճանապարհին բացահայտ առաջ են անցել: Անգամ կարելի է ասել, որ արդեն 1980-ական թթ. վերջերին, երբ ԽՍՀՄ-ը մտել էր մահաքուն, բալթյան հանրապետությունները խորհրդային տարածք չէին` այդ բառի բոլոր բացասական հատկանիշներով:
Երկրորդ խմբում Վրաստանն է: Առայժմ այս խմբում նա միակն է: Գուցե Մոլդովան հավակնում է տեղ զբաղեցնել այս խմբում: Վրաստանն ու Մոլդովան, ունենալով բազմաթիվ խնդիրներ, դժվարություններ ու մարտահրավերներ, այդուհանդերձ, արժանի չեն որակվելու անգամ կիսաավտորիտար պետություններ:
Երրորդ խմբում Ուկրաինան, Հայաստանը և Ղրղզստանն են` ավտորիտար կամ կիսաավտորիտար:
Վերջին խմբում Ադրբեջանն ու Կենտրոնական Ասիայի չորս հանրապետություններն են` Ղազախստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը և Թուրքմենստանը:
Հայաստանը Վրաստանից սովորելու բան ունի:
Սիվիլնեթ