ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Լոս Անջելեսում կը նշուի հայ արդի դասական երաժշտութեան ռահվիրայ, ՀՀ արուեստի վաստակաւոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, երաշժտահան Տիգրան Մանսուրեանի ծննդեան 80ամեակը: Յոբելեանական տարեդարձի առիթով, «Դիլիջան» սենեկային երաժշտութեան համերգաշարը 27 Յունուարին կազմակերպել է «Վարպետ» խորագրով համերգային ձեռնարկ՝ ներկայացնելու աշխարհահռչակ մեր հայրենակցի ստեղծագործութիւնները:
Ծրագրում ներառուած են Մանսուրեանի տարբեր շրջանների գործերը, տեղեկացնում է «Դիլիջան»ի գեղարուեստական ղեկավար Մովսէս Պօղոսեանը: «Համերգը կը սկսուի Մանսուրեանի՝ «Արս Պօէտիկա» երգչախմբի համար գրուած գլուխ գործոցով, որը երգահանի իւրատեսակ յարգանքի տուրքն է իր ամենասիրելի հայ բանաստեղծներից մէկին՝ Եղիշէ Չարենցին: Ներառուած են նաեւ Մանսուրեանի կամերային երաժշտութեան երեք լաւագոյն գործերից՝ «Երէք միջնադարեան տաղ ջութակի եւ հարուածային գործիքների համար», «Ագնուս դէի»ն եւ «Լարային քառեակ համար 3» ստեղծագործութիւնը, որը ստեղծուել է 1993 թ.ին՝ Հայաստանի համար ծանր ժամանակաշրջանում: Դիլիջան համերգաշարի եւ «Լարք» երաժշտական ընկերակցութեան երաժիշտներից բացի, համերգին մասնակցելու են նաեւ հրաւիրուած յայտնի այլ երաժիշտներ, այդ թւում՝ «Գրեմի»ի մրցանակակիր, ալտահար Քիմ Քաշքաշեանը, ում համար Մանսուրեանը բազմաթիւ ստեղծագործութիւններ է գրել, ճանաչուած դաշնակահար Սթիվեն Վանհաուերտը Բելգիայից, թաւջութակահար Մայքլ Քաուֆմանը, տաղանդաւոր կլարնետիստ, Լոս Անջելեսի Ֆիլհարմոնիկ նուագախմբի անդամ Բորիս Ալահվերդեանը», նշում է Պօղոսեանը:
Տիգրան Մանսուրեանի ստեղծագործութիւնները, ազգային ու եւրոպական երաժշտութեան լաւագոյն աւանդոյթների միաձուլման օրինակ է՝ հիմքում կոմիտասեան սկզբունքները:
Երաժշտահանի արուեստի ակունքներում՝ հայ միջնադարեան արուեստն է միաժամանակ՝ արեւմտեան դպրոցը: Ստեղծագործելով տարբեր ժանրերում՝ Մանսուրեանը հիմնականում գերադասում է կամերային երաժշտութիւնը՝ հաւատարիմ մնալով ազգայինին, բայց նաեւ՝ ներառելով ժամանակակից երաժշտութեան ուղղութիւնները: Պօէզիայի սիրահար Տիգրան Մանսուրեանը՝ տեղծագործելիս մշտապէս ոգեշնչուել է հայ բանաստեղծներով՝ Ֆրիկ, Քուչակի, Չարենց, Իսահակեան, Թումանեան, Տէրեան: «Ստեղծագործելով Խորհրդային Միութեան տարիներին՝ Ստալինի, Բրեժնեւի, Խրուշչեվի ժամանակաշրջաններում, երբ արուեստում էլ սահմանուած էին համընդհանուր չափանիշները, Տիգրան Մանսուրեանը միացաւ գործող կարգերին դէմ ըմբոստացող մտաւորականների: Վաղ 60ա-կաններին գրուած նրա ստեղծագործութիւնները շատ համարձակ էին՝ հիմքում ունենալով առաւել արեւմտեան, եւրոպական երաժշտութիւնը: Արդիւնքում, Մանսուրեանը բաւական խնդիրներ ունեցաւ:
Այնուհետեւ, Մանսուրեանը սկսեց շարժուել դէպի Կոմիտաս, դէպի հայկական երաժշտութեան արմատները: Կարող ենք ասել, որ ունենք Կոմիտաս եւ խորհրդային հանճար Արամ Խաչատրեան, եւ Կոմիտասից ուղիղ ճանապարհ Տիգրան Մանսուրեանն է: Եւ այս փաստն ընդունուել է եւ Մանսուրեանը մեծ ճանաչում ունի ոչ միայն հայերի, նաեւ՝ միջազգային երաժշտական հանրութեան կողմից: Նրա մի շարք սկաւառակները ձայնագրուել եւ թողարկուել են դասական երաժշտութեան ոլորտում գործող աշխարհի ամենահեղինակաւոր՝ ECM Records ընկերութեան կողմից: Մանսուրեանի ստեղծագործութիւնները կատարում են աշխարհահռչակ երաժիշտներ», նշում է Մովսէս Պօղոսեանը:
«Դիլիջան» սենեկային երաժշտութեան համերգաշարի գեղարուեստական ղեկավար, «Եու.Սի. Էլ.Էյ» համալսարանի պրոֆեսոր Մովսէս Պօղոսեանը, հիմնադիրն է հանդիսանում նաեւ համալսարանում հայկական երաժշտութեան բաժնի: Նա տեղեկացնում է, որ Մանսուրեանի տարեդարձը Մարտ 6ին նշուելու է նաեւ «Եու.Սի.Էլ.Էյ»ում համերգով եւ «Արեւելք- Արեմուտք. հատման կէտի փնտռտուքներ» խորագրով սիմպոզիումով: Միաժամանակ, համալսարանում, Մովսէս Պօղոսեանի նախաձեռնութեամբ կը ձայնագրուի Տիգրան Մանսուրեանի ստեղծագործութիւնների երկու ձայնասկաւառակ, որտեղ կատարումներով հանդէս են գալու ճանաչուած երաժիշտներ:
Մինչ այդ, Տիգրան Մանսուրեանի յայտնի ստեղծագործութիւնները, ամերիկահայ հանրութիւնը առիթ ունի ունկնդրելու 27 Յունուարին, Լոս Անջելեսի «Զիփր» համերգային դահլիճում: