ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Բանահյուսության տեսության և պատմության բաժինը հիմնարար հետազոտություններ է իրականացրել «Հայ բանահյուսական մշակույթի քննական և համեմատական ուսումնասիրություն» ծրագրով: Աշխատանքներ են տարվել բանահյուսական նյութի գրառման և դասակարգման, բանաձևային փոքր ժանրերի գիտական համահավաքների կազմման ուղղությամբ: Հրատարակվել են միջին և մեծ (վիպական) ժանրերի համեմատական բանագիտական վերլուծություններ և բնագրեր [1]:
Աշխատանքները ղեկավարում է բանասիրական գիտությունների թեկնածու Տորք Դալալյանը: Նրա մասնագիտական հետաքրքրությունների շրջանակներում են Հայ–օսական լեզվամշակութային առընչությունները, Հայ բանագիտությունը և առասպելաբանությունը, Համեմատական դիցաբանությունը և էպոսագիտությունը, Իրանական և հայկական լեզվաբանությունը, Իրանական ժողովուրդների ինքնության խնդիրները: Տորք Դալալյանի գիտական հոդվածները անդրադառնում են նաև հայ-սկյութական և հայ-ալանական վիպական պատկերացումներին:
-Պարոն Դալալյան, ի՞նչ ընդհանրություններ կան հայ-սկյութական և հայ-ալանական վիպական պատկերացումներում:
–Նախքան այս հարցին պատասխանելը, նախ և առաջ, անհրաժեշտ է նշել, որ հայ ժողովրդի կազմի մեջ տարբեր ժամանակներում համարկվել են հնդեվրոպախոս տարբեր տարրեր, որոնց թվում եղել են մարական, պարթևական, սկյութական և ալանական առանձին ցեղեր։ Այս հարցով սկսել եմ հետաքրքրվել դեռևս ուսանողական տարիներից, երբ Արևելագիտության ֆակուլտետում սովորում էի իրանագիտություն։ Նշված ցեղերը, տարբեր ժամանակներում բնակվելով Հայկական լեռնաշխարհի առանձին գավառներում, ժամանակի ընթացքում դարձել են հայախոս և հայացել են։ Սակայն նրանց լեզուները որոշակի հետք են թողել հայերենի բառապաշարում, ինչպես նաև Հայկական լեռնաշխարհի տեղանվանական համակարգում։ Այսպես, օրինակ, Արփա անունով բազմաթիվ գետեր ու լճակներ ունենք պատմական Հայաստանում, բայց հայերենով հստակ ստուգաբանություն չունեն այդ ջրանունները։ Մինչդեռ սկյութական խմբի լեզուներում arf- կամ arp- արմատն ունի «խորը» իմաստը, որը հատկապես կիրառվել է ջրային խորքը նշանակելու համար։ Կամ, օրինակ, Հրազդան գետի անունը հայերենով չունի որևէ իմաստ, որ կապ կունենար ջրի հետ, բայց սկյութական արմատներով այն բացատրվում է որպես «առջևից (հոսող) գետ», և «դան» բաղադրիչը հանդիպում է սկյութական ու ալանական բազմաթիվ գետանուններում, իսկ նրա հնչյունափոխված «դոն» տարբերակը մինչև այսօր էլ «գետ» է նշանակում ժամանակակից ալաներենում, որը կոչվում է օսերեն։ Այս և այլ՝ տասնյակներով օրինակները վկայում են ժամանակին տեղի ունեցած՝ հայ-սկյութական և հայ-ալանական սերտ շփումների մասին։ Հետևաբար զարմանալի չէ, որ այդ շփումների արդյունքում առաջացած ընդհանրություններն արտացոլվել են նաև մեր ժողովուրդների առասպելաբանական և վիպաբանական պատկերացումներում։
Այդ պատկերացումների մասին դեռևս Մովսես Խորենացին էր գրում 5-րդ դարում։ Նոր ժամանակներում բազմաթիվ հայագետներ ու հնդեվրոպաբաններ են անդրադարձել հայ-ալանական ընդհանրություններին՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում (օրինակ՝ նշանավոր գիտնականներ Ժորժ Դյումեզիլը, Վասիլի Աբաևը և այլք)։ Հայ-ալանական կապերը վկայված են նաև բազմաթիվ պատմական աղբյուրներով՝ անտիկ և միջնադարյան։ Միևնույն ժամանակ, վիպական առնչություններով առաջին անգամ խորությամբ սկսել են զբաղվել Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Բանահյուսության տեսության և պատմության բաժնի գիտաշխատողները։ Բանագետ Սարգիս Հարությունյանը և հատկապես առասպելաբան Արմեն Պետրոսյանն իրենց տարբեր աշխատանքներում անդրադարձել են հայ-ալանական վիպական կապերին։ Առանձնակի ապշեցնող է մեր ժողովրդական էպոսների նմանությունը, որն արտահայտվում է ոչ միայն միանման կերպարներով, երբեմն նաև՝ գրեթե նույն անուններով, այլև էպոսների միևնույն կառուցվածքով։ Օսական Նարթյան էպոսն իր ճյուղերով ու կառուցվածքով միանգամայն նույնական է թե՛ «Սասնա ծռեր»-ի, թե՛ մեր ամենահին գրառված էպոսի՝ «Երգք վիպասանաց»-ի («Վիպասանք») հետ։ Շատ գեղեցիկ զուգահեռներ կան նաև մեր հեթանոսական աստվածների և դիցուհիների առասպելաբանական կերպարներում։
Առանձին համապարփակ ուսումնասիրություն, դժբախտաբար, երբեք չի կատարվել այս ուղղությամբ։ Փորձելով օգտագործել իմ՝ տասնամյակների աշխատանքը, գիտական հոդվածներս և հավաքած նյութերս, նաև՝ անշուշտ, նախորդ հետազոտողների կատարած աշխատանքը, մտադիր եմ ծավալուն մի մենագրությամբ ներկայացնելու այս խիստ հետաքրքրական թեմայի տարաբնույթ ծալքերը։
-Որքա՞ն ժամանակ է, ինչ ուսումնասիրում եք թեման։
–Ըստ էության, աշխատանքը սկսել ու խնդրին ձեռնամուխ եմ եղել դեռևս ուսանողական տարիներից, սակայն այն լուրջ գիտական հիմքերի վրա է դրվել ասպիրանտական ուսումնառության ընթացքում (1999-2002 թթ.), քանի որ ատենախոսությանս թեման վերաբերում էր հայ-օսական լեզվամշակութային առնչություններին։ Այս առումով պարտական եմ իմ գիտական ղեկավարին՝ լեզվաբան Գառնիկ Ասատրյանին։ Այդ ժամանակ եմ մասնագիտացել օսերենի և նախաօսերենի՝ ալաներենի ու սկյութերենի մեջ, ավելի ճիշտ՝ այն լեզվանյութի մեջ, որը պահպանվել է այդ հնագույն լեզուներից։ Այս խիստ հետաքրքրական արխաիկ լեզուների իմացությունն օգնել է առավել խորությամբ ուսումնասիրելու մեր երկու ժողովուրդների վաղեմի մշակութաբանական կապերը։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող դառնալուց հետո՝ թեման իրականացվել է բազային ծրագրով։
Որպեսզի կարողանամ մի քար ավելացնել նախորդ հետազոտողների ձեռքբերումներին և գիտական նորույթ ավելացնեմ, փորձել եմ խնդիրներն ուսումնասիրել միջգիտակարգային մոտեցմամբ՝ օգտագործելով թե՛ լեզվաբանական կրթությունս, թե՛ փորձառությունս մշակութաբանության, բանագիտության մեջ ու դաշտային աշխատանքներում։ Ջանացել եմ նյութը հետազոտել և վերլուծել պատմահամեմատական լեզվաբանության և առասպելաբանության մեթոդներով, որոնք լայնորեն կիրառվում են միջազգային գիտական հանրության կողմից։ Աշխատանքը, ինչպես և յուրաքանչյուր ընդգրկուն ու բազմաշերտ գիտական ոլորտի ուսումնասիրություն, շարունակական է, նյութը՝ հսկայածավալ, աղբյուրները՝ տարալեզու։
-Ի՞նչ հրապարակումներ ունեք հետազոտության շրջանակներում:
–Հայ-սկյութական և հայ-ալանական վիպաբանական առնչություններին վերաբերող հետազոտությանս հիմնական արդյունքներն ամփոփված են 30-ից ավելի գիտական հոդվածներում, որոնք հրատարակվել են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով (տես, օրինակ, [2-5])։ Ուսումնասիրության առանձին դրույթներ ներկայացվել են տարբեր միջազգային գիտաժողովներում՝ Իրանում (Թեհրան), Վրաստանում (Թբիլիսի), ՌԴ-ում (Սանկտ-Պետերբուրգ, Վլադիկավկազ, Մախաչկալա), Շվեդիայում (Ուփսալա), Ղազախստանում (Ակթոբե, Նուր-սուլթան), Ղրղզստանում (Բիշքեկ), Տաջիկստանում (Դուշանբե)։ Այստեղ, բնականաբար, նշում եմ միայն այն հոդվածներն ու զեկուցումները, որոնք կատարվել են բազային թեմայի շրջանակում, իսկ մնացած ավելի քան 70 հոդվածներս և 50 զեկուցումներս կատարվել են այլ թեմատիկ և անհատական հետազոտական ծրագրերի շրջանակում։
-Ունե՞ք համատեղ աշխատանքներ այլազգի գիտնականների հետ:
–Խնդիրն այն է, որ այլազգի հետազոտողները, որոնք ժամանակին զբաղվել են հայ-կովկասյան և հայ-ալանական վիպաբանական առնչություններով, ներկայում ողջ չեն։ Սակայն հոդվածներումս արծարծված հարցերը լայնորեն քննարկվել են տարբեր միջազգային գիտաժողովներում, որոնց մասնակցել են կովկասագետներ, իրանագետներ, լեզվաբաններ և մշակութաբաններ տարբեր երկրներից։
-Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել մեր գիտական արդյունքի միջազգայնացման համար:
–Անչափ կարևոր է հայաստանյան հումանիտար գիտական մտքի հանրայնացումը օտար լեզուներով։ Կարծում եմ, որ այս խնդիրը միայն գիտաշխատողների ուսերին թողնելը՝ հարցի լիարժեք լուծում չի ապահովի։ ՀՀ համար կարևոր նպատակ կարող է լինել թարգմանական ինքնուրույն դպրոցի ձևավորումը, որը տարբեր լեզուներից և տարբեր լեզուներով՝ այդ թվում գիտական աշխատություններ կթարգմանի՝ մշակված գիտական տերմինաբանությամբ, նախապես որոշված՝ արդիական գիտական թեմաներով։ Այս ծրագրի շրջանակում Գիտությունների ազգային ակադեմիան կարող է առանցքային դեր խաղալ, եթե հատուկ բաժին կամ խումբ կազմավորվի, որը մասնագիտական խորհրդի առաջարկներն ու վերլուծությունները հաշվի առնելով՝ կմշակի առաջիկա տարիների համար թարգմանության համար ենթակա գրքերը և հոդվածները։ Ցանկացած գիտաճյուղ և գիտակարգ չի կարող զարգանալ մեկուսացած՝ մեկ երկրի սահմաններում, անհրաժեշտ է մշտապես կապ ունենալ միջազգային գիտական համայնքի, այն գիտնականների հետ, որոնք զբաղվում են մոտ և միանման թեմաներով։ Սա պարզ ճշմարտություն է, որը գիտակցում է յուրաքանչյուր ոք, ով խորամուխ է լինում իր թեմայի մեջ և օգտվում օտարալեզու գիտական գրականությունից։ Սա հասկացել էին դեռևս 5-րդ դարի հայ լուսավորիչները, որոնք կրթական ու գիտական իրենց դարակազմիկ առաքելությունը սկսեցին հենց օտարալեզու գրականության թարգմանությամբ։
-Ի՞նչ կապեր ունեք արտասահմանյան գիտական կենտրոնների հետ:
–Մեր բաժինը սերտ գիտական կապեր ունի Փարիզի կրթամշակութային հաստատությունների՝ մասնավորապես Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի (INALCO, [6]), «Իրանագիտություն և հնդկագիտություն» ակադեմիական միավորման (UMR 7528), ինչպես և Նուբարեան գրադարանի հետ։ Տեղի են ունեցել ոչ միայն փոխադարձ գիտայցեր, գիտաժողովների մասնակցություն, այլև INALCO-ի՝ արևելահայերենին վերաբերող գիտական նախագծի շրջանակում համագործակցություն է ստեղծվել մեր բաժնի հետ։ Նախատեսվում էր շարունակել և ընդլայնել այս գործակցությունը, սակայն քովիդի տարածումը ժամանակավորապես կասեցրեց փոխադարձ այցելությունները։ 2000-ական թվականներից սկսած Բանահյուսության տեսության և պատմության բաժինն ակտիվորեն մասնակցել է «Սասնա ծռերը և համաշխարհային էպիկական ժառանգությունը» միջազգային գիտաժողովներին, որոնք անցկացվել են չորս տարին մեկ՝ Ծաղկաձորում և Երևանում, Յունեսկօ-ի հովանու ներքո։ Այս գիտաժողովներին իրենց մասնակցությունն են բերել նշանավոր էպոսագետներ, առասպելաբաններ և բանագետներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Իրանից, Վրաստանից, Աբխազիայից և աշխարհի այլ երկրներից։
Սերտ հարաբերություններ են եղել նաև Վենետիկի Ca’ Foscari համալսարանի Հայագիտական ամբիոնի հետ, որի հիմնադիրն ու երկար տարիների ղեկավարն էր՝ նշանավոր հայագետ-աստվածաբան Հայր Լևոն Զեքիյանը։ Նա արդեն ավելի քան 35 տարի շարունակ Վենետիկում կազմակերպում է «Ամառային խտացեալ դասընթացք»-ը։
-Պատմեք, խնդրեմ, Վենետիկի Ca’ Foscari համալսարանի Հայագիտական ամբիոնի նախաձեռնած ամառային դպրոցի մասին:
–Այս համալսարանական դասընթացի գաղափարը Հայր Լևոնը հղացել է արևմտահայերենի դասավանդումն ու հայագիտական առարկաների հանրայնացումը խթանելու նպատակով։ Ամեն տարի 50-60 ուսանողներ են մասնակցում երեք շաբաթ տևող ամառային այս դպրոցին. նրանք գալիս են աշխարհի տարբեր երկրներից (ԱՄՆ, Կանադա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Բելգիա, Իտալիա, Գերմանիա, Հունգարիա, Ռումինիա, Հունաստան, Ռուսաստան, Թուրքիա, Մերձավոր Արևելքի երկրներ, Հայաստան)՝ հայերեն սովորելու կամ հայերենի իրենց իմացությունն է՛լ ավելի խորացնելու նպատակով։ Ուսանողները մեծ մասամբ օտարերկրացիներ են, որոնք գիտական կամ այլ աշխատանքի բերումով առնչվում են հայագիտությանը, թեև լինում են նաև ծագումով հայեր կամ սփյուռքահայեր, հայոց լեզվի և գրականության կամ պարզապես Սփյուռքի հայկական վարժարանների ուսուցիչներ, որոնք Վենետիկում կատարելագործում են իրենց մասնագիտական և մանկավարժական ունակությունները։ Ուսանողներին գրավում են ոչ միայն Վենետիկի դասընթացի հայագիտական առարկաների բազմազանությունը, այլև Հայր Լևոն Զեքիյանի գիտական և մանկավարժական հեղինակությունը, նրա անձնական հմայքը։
Դասախոսները նույնպես տարբեր երկրներից են՝ այդ թվում Հայաստանից։ Ինձ Հայր Լևոնը որպես դասախոս հրավիրեց 2015-ին, երբ բնակվում և աշխատում էի Ֆրանսիայում։ Ինտենսիվ դասերն այստեղ ընթանում են ամեն օր, բացի կիրակիից, չորս մակարդակներով. առաջին մակարդակը զրոյից սկսողների համար է, որոնք սերտում են մեսրոպյան այբուբենը և սովորում կազմել պարզ նախադասություններ, իսկ չորրորդ մակարդակը՝ վարժ հայախոսների և ուսուցիչների համար է։ Հիմնական դասավանդումը կատարվում է արևմտահայերեն, սակայն եղել են տարիներ, որ կախված ուսանողների պահանջարկից՝ դասավանդվել է նաև արևելահայերեն։ Ես ինքս այս 6 տարիների ընթացքում դասավանդել եմ բոլոր մակարդակներում՝ հայերենի երկու գրական տարբերակներով, սակայն հիմնական առարկաներիս շուրջ դասախոսում եմ չորրորդ մակարդակում. այդ առարկաներից է՝ հայոց լեզվի պատմությունը, որի շրջանակում անդրադառնում ենք թե՛ համեմատական լեզվաբանությանը, թե՛ համեմատական առասպելաբանությանը և վաղ միջնադարի գրաբարյան տեքստերին, որոնք առնչվում են այս ոլորտին։ Մեր ուսանողներից շատերը, վերադառնալով իրենց երկրներ, շարունակում են կապ պահպանել դասախոսների հետ։ Ոմանք պաշտպանելով իրենց մագիստրական կամ PhD թեզերը՝ աշխատանքի են անցնում հայագիտության կամ արևելագիտության ոլորտներում, ոմանք էլ իրենց գործի բերումով գալիս են Հայաստան կարճ այցերով կամ երկարաժամկետ ծրագրերով։ Լինում են նաև համատեղ գիտական ծրագրերի առաջարկներ։
-Ի՞նչ գնահատական կտաք հետթեկնածուական (PostDoc) ծրագրերին: Որքանո՞վ է PostDoc-ն օգնել Ձեզ միջազգային գիտական հարթակ դուրս գալու գործում:
–Ետ-պատշտպանական պրակտիկան (post-doc) ներկայում դարձել է միջազգային կրթական համակարգի անբաժանելի մաս։ Արտերկրում անհնար է պատկերացնել ցանկացած մասնագիտական աճ՝ առանց գիտակրթական այս փուլի, որը երբեմն տևում է մի քանի տարի, մի քանի տարբեր երկրների գիտական հաստատություններում։ Բարեբախտաբար, այս մշակույթն աստիճանաբար ներթափանցել է նաև մեր իրականություն՝ թեև ոչ այնքան մեծ ծավալներով, ինչպես որ դրսում է։ Սակայն Հայաստանում ևս մի շարք երիտասարդ մասնագետներ, մասնավորապես՝ հայագետներ, հնարավորություն են ունեցել իրենց թեկնածուական ատենախոսությունների պաշտպանությունից հետո մեկնելու արտերկիր, շփվելու դրսի գործընկներների հետ, ծանոթանալու նրանց գիտական նվաճումներին, գիտական գրականությանը և առավել խորացնելու իրենց գիտական ու լեզվական գիտելիքները։ Անձամբ ինձ բախտ է վիճակվել մի քանի post-doc անելու Ֆրանսիայում և Գերմանիայում 2004-2011 թվականներին, ինչի շնորհիվ կատարելագործել եմ օտար լեզուների իմ իմացությունը և մասնագիտական հարուստ կապեր հաստատել արտերկրի հետ։
–Բանահյուսության տեսության և պատմության բաժնի իրականացրած հետազոտություններին ներգրավվա՞ծ են երիտասարդ գիտական կադրեր:
–Ներկայում մեր բաժնում և հարակից բաժինների հետ համատեղ իրականացվում են մի շարք գիտական արտաբազային ծրագրեր։ Մասնավորապես, Հայ- ռուսական ծրագրի շրջանակում, ազգագրական և բանագիտական դիտանկյուններից ուսումնասիրում ենք Նախիջևանի Գողթն գավառի ժողովրդական սրբավայրերը Այս ծրագիրը կատարում ենք Սանկտ-Պետերբուրգի Ազգագրական թանգարանի մեր գործընկերների հետ համատեղ, որոնք բոլորովին վերջերս՝ մեկուկես ամիս առաջ, Հայաստանում էին, միասին կատարեցինք նաև դաշտային ազգագրական աշխատանքներ։ Այս թեմայում ընդգրկված են երիտասարդ գիտական կադրեր, որոնք նոր են ավարտել մագիստրոսական իրենց կրթությունը կամ ասպիրանտ են, և այս ծրագիրն իրենց համար բարենպաստ միջավայր է ստեղծում գիտական հետազոտություններով, դաշտային աշխատանքներով զբաղվելու համար։ Մեր բաժինը մասնակցում է նաև թեմատիկ ծրագրերին և առաջատար հետազոտությունների ծրագրին, որոնք այս տարի հայտարարել էր Գիտության Կոմիտեն. սրանցում նույնպես ընդգրկված են ասպիրանտներ և երիտասարդ գիտաշխատողներ։
– Ի՞նչ այլ միջոցների եք դիմում բաժնի աշխատանքներին երիտասարդ կադրերի ներգրավելու համար:
–Բացի թեմատիկ ծրագրերից, որոնք հատուկ կետ ունեն երիտասարդների ներգրավման համար, և դա շատ ողջունելի է, բաժինը նախաձեռնել է ամսական սեմինարների շարք, որն անվանել ենք «Հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանագիտական քննարկումներ»։ Դրանք տեղի են ունենում յուրաքանչյուր ամսվա նախավերջին հիգշաբթի օրը, տևում են 2-3 ժամ, ուղեկցվում են բուռն գիտական բանավեճերով, հարց ու պատասխանով։ Ամեն անգամ լինում են նաև առցանց միացողներ՝ Zoom-ի միջոցով։ Օրվա բանախոսը, որը կարող է լինել բաժնի գիտաշխատող, այլ բաժնից կամ ինստիտուտից գործընկեր կամ ասպիրանտ/մագիստրանտ, սովորաբար ներկայացնում է իր ընթացիկ թեման և կենտրոնանում դրա շուրջ ծագած որևէ կոնկրետ հիմնախնդրի վրա։ Այս սեմինարները ոչ միայն աշխույժ կապ են ստեղծում հարակից թեմաներով զբաղվող հետազոտողների միջև, այլև կարևոր հարթակ են՝ երիտասարդ կադրերին գիտական քննարկումների մեջ ներգրավելու համար։ Ամեն քննարկմանը մասնակցում են նաև մագիստրատուրայի ուսանողներ, ովքեր հնարավորություն են ստանում սովորելու իրենց դասախոսներից և ավագ գործընկերներից, ծանոթանում են նրանց գիտական պրպտումներին, նաև ավելի մոտիկից են տեսնում, թե ինչպես է ընթանում գիտական աշխատանքը։ Այս ամենը նրանց օգնում է որոշարկելու իրենց գիտական նախասիրությունները, ընտրելու իրենց հոգեհարազատ թեման, որով նրանք կարող են գրել իրենց ապագա ատենախոսությունը։ Բաժնի համար այս միջ-սերնդային հաղորդակցությունը կարևոր է նոր կադրեր գտնելու և բաժնի կազմը համալրելու առումով։ Սա հիմա մեր առաջնային ուղղություններից է՝ արժևորել ոչ միայն ավագ սերնդի ձեռքբերումներն ու գիտական վաստակը, այլև ապահովել սերունդների միջև փորձի փոխանակումն ու սահուն սերնդափոխությունը, որն անհրաժեշտ պայման է գիտության զարգացման, ստեղծված ավանդույթների, գիտական դպրոցի պահպանման և ընդլայնման համար։
Հղումներ
- ՀՀ ԳԱԱ 2020թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներ, էջ 222, https://www.sci.am/docdwnl.php?id=174&langid=1
- “The Mothers of Night”: An Armenian-East Iranian Parallel (co-author: G.S. Asatrian) – Iran & the Caucasus, vol.-s 3-4, 1999-2000, p. 171-172. https://brill.com/view/journals/ic/3/1/article-p171_13.xml
- On the Character and Name of the Caucasian Satana (Sat‘enik) // Armenian Journal of Near Eastern Studies (Aramazd), vol. I, 2006, p. 239-253. https://www.academia.edu/43903278/On_the_Character_and_Name_of_the_Caucasian_Satana_Sat_enik_2006
- The Terms Concerning the City Life Borrowed from Armenian and Georgian into Ossetic (Alanian) // Revue des etudes arméniennes, 2011, Paris, Tome 33, p. 1-11. https://halshs.archives-ouvertes.fr/halshs-01195527
- An Armenian-Ossetic Isogloss Concerning the Wheel Vehicles // Revue des études arméniennes, 2012, Paris, Tome 34, p. 1-7. https://halshs.archives-ouvertes.fr/halshs-01194792
- Institut national des langues et civilisations orientales (Inalco), http://www.inalco.fr/institut
Զրույցը վարեց Հերմինե Օհանյանը