ԱՆԺԵԼԱ ՓԻԼՈՅԱՆ
Հայ ժողովուրդն իր պատմական զարգացման տարբեր էտապներում հակամարտությունների մեջ է եղել թուրքական տիրապետության դեմ, մի տիրապետության, որը ոչ միայն արգելակում էր տնտեսական ու մշակութային առաջընթացը, այլև տանում էր նրանց դեպի ֆիզիկական բնաջնջում: Դարերով ճնշվել է հայը` թուրք բռնապետների լծի տակ, բայց այս ամենը հայը կրել է համբերությամբ` շարունակելով իր պատմական առաջընթացը, ինչին հասել է ազգային ու մշակութային արժեքները պահպանելու շնորհիվ:
Ամենքս էլ հաշվետու ենք այն ամենին, ինչ կատարվեց 1915 թվականին: Սա լոկ ցանկություն չէ, այլ վաղուց փայփայած երազ ու հրամայական պահանջ: Մեծ Եղեռնի սարսափները` որպես չսպիացող վերքեր, ողջ կյանքում ուղեկցելու են հային:
Սփյուռքի հայությունը, որ ներկայացնում է Արևմտահայության այն մասը, որ փրկվեց Ցեղասպան թշնամու ճիրաններից, իր հողից ու ջրից կտրված, իր հայրենիքի երազը սրտում այսօր օտար ափերում է բախտ որոնում: Արևմտահյության դեմ գործված անիրավությունը չի՛ կարելի գողազերծել ստերով, պետք է պահանջել մեզնից հափշտակված ու բռնագրավված տարածքները, այն տարածքները, որի տերն են այն տարաբախտ հայերը, որ հաստատվեցին օտար, բայց հյուրընկալ երկրներում, որոնք խարիսխն են մայր հողի, և որոնք պետք է ապրեն իրենց արմատներին հարազատ հողում:
Արևմտահայությունը իր ազգային-քաղաքական կյանքից զրկված է, իսկ հայրենիքը իր համար հեռվից- հեռու տեսանելի է, բայց ոչ շոշափելի: Ազգը չի կարող միասնական լինել առանց իր զավակների: Ցեղասպանության իրագործմամբ Արևմտյան Հայաստանը հայաթափվեց և դրանով մեր ազգային ամբողջական կյանքը կազմալուծվեց: Արևմտահայ ժողովուրդը բռնի կերպով հեռացվեց իր հայրենիքից, իր հողից, դարձավ` հայրենազուրկ, խեղճ ու անպաշտպան:
Ցեղասպանությունից մազապուրծ, արցունքն աչքերին հայը այնժամ գաղթականության ցուպը ձեռքին սկսեց ապաստան որոնել հյուրընկալ երկրներում: Ապրեց հանուն իր զավակի, հանուն իր հայրենիքի գոյատևման, հանուն իր գոյությունն ու ինքնությունը պաշտպանելու:
ՀԻՇՈՒՄ ԵՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ…
Այս խոսքերը հենց այնպես չեն առաջացել, սրանք այն բառերն են, որ շարունակ հնչել են ու դեռ պիտի հնչեն աշխարհի տարբեր ծայրերում: Խոսքեր, որոնց մեջ և՛ ցավ կա և՛ պահանջ և՛ ապագայի նկատմամբ լցված տենչ: Անցյալը չի մոռացվում, անցյալը ուրանալ հնարավոր չէ: Մեր ամեն մի օր նախորդ օրվա շարունակությունն է և այդպես շարունակ: Կյանքը անցնում է, հայ ազգը առաջ գնում, զարգանում, բայց Ցեղասպանությունը երբեք չի մոռացվում, այն միշտ մեր մտքերում է և մեր պարտքն է փոխանցել մեզնից հետո եկող սերունդներին, որ երբեք չմոռացվի 1915 թվականը:
Ցեղասպանության մասին շատ է գրվել և դեռ պիտի գրվի, որովհետև բոլորիս պարտքն է այն հավերժացնելը, քանի որ դա մեր նախնիների դաժան ճակատագիրն է. նախնիներ, որոնց կյանքի օրերն անցան աքսորավայրերում` քաղցած ու մերկ. նախնիներ, որոնք տեսել են հարազատ եղբոր, մոր, կնոջ մահ, և վերջապես ավանդել իրենց հոգիները Ցեղասպան թշնամու դաժան և անհագուրդ արյան ծարավը հագեցնելուց հետո, սպանվել ինչ-որ մեկի դատարկ ու անարդար ծրագրի իրագործման համար:
Հայ ժողովրդի զավակները պատվով կատարեցին իրենց նախնիների պատգամը: Հայը ամեն տեղ, բոլոր գաղութներում նույն Հայն է. աշխատասեր, ժրաջան, նախաձեռնող, հնարամիտ, և ուր հայտնվում է շենացնում ու ծաղկեցնում է և հենց դրանով է պայմանավորված Հայության հավերժականությունը :
Հետզհետե պետք է էլ ավելի զորացնենք հայկական միասնությունը, միասնություն, որը զերծ կլինի դասակարգային ու գաղափարական բաժանումներից, ամրապնդենք Սփյուռք-Հայաստան կապերը և համատեղ ուժերով հասնենք մեր նպատակին` Հայկական Հարցի լուծմանը: Մեր հարցը նախ և առաջ սփյուռքահայությանը հայրենիք վերադարձնելն է և հետո բռնագրավված հողերի վերադարձումը:
Օտարությունը հայրենիք չի դառնա, երբե՛ք… Հայաստան աշխարհն անփոխարինելի է հայի համար: Միայն Արևմտահայության` մեր մի մասնիկի. հետ միավորվելով հաստատ ու հաղթական քայլերով կընթանանք դեպի առաջավոր մարդկության վսեմ նպատակը` դեպի Ցեղասպանության ճանաչում:
Այնժամ հայրենիքս իր տարագիր որդիներին իր գիրկը կառնի, հեռացող քարավանները նորից տուն կդառնան և վերակառուցման լույսի տակ հայ ժողովուրդը իր պատմության քառուղիներից կընթանա` դեպի Հայկական Լեռնաշխարհ:
24 Ապրիլ 2020