Ցեղասպանության հարցը և ժամանակակից դիվանագիտությունը
https://evnreport.com-Սուրեն Մանուկյան
Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը երկար տարիներ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն է: Այս մասին նշված է Հայաստանի անկախության հռչակագրում, ինչպես նաև Ազգային անվտանգության հայեցակարգերում: Այդ ուղղությամբ աշխատել են Հայաստանի դիվանագիտական կառույցները, ժողովրդական դիվանագիտությունը, մեկտեղվել է Հայաստանի և սփյուռքի գիտական, մշակութային, քաղաքական ներուժը: Եվ կարելի է ասել, որ հետանկախական շրջանում սա այն եզակի ոլորտներից է, ուր Հայաստանի Հանրապետությունն անշեղորեն աշխատանք, ջանք և միջոցներ է ներդրել և հասել է հաջողությունների: Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է աշխարհի մի քանի տասնյակ երկրների կողմից, որոնց թվում են այնպիսի խոշոր և ազդեցիկ պետություններ, ինչպիսիք ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Բրազիլիան, Արգենտինան, միջազգային կազմակերպություններ՝ Եվրոպայի խորհուրդը, Եվրամիությունը, Մերկոսուրը, Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը:
Հայոց ցեղասպանության հիմնախնդիրը հնարավոր է եղել դարձնել ժամանակակից միջազգային հարաբերությունների մաս: Սակայն այսօր, 2020-ի Արցախյան պատերազմից հետո, թվում է, թե այս հարցը որոշակիորեն երկրորդ պլան է մղվել՝ թե՛ իշխող քաղաքական ուժի դիրքորոշման, թե՛ նոր աշխարհաքաղաքական զարգացումների, և թե՛ անորոշության այս համատարած մթնոլորտում, երբ անհասկանալի է՝ ինչպես և ուր շարժվել ու ինչպես օգտագործել այս քաղաքականությունն արտաքին քաղաքական և ներքաղաքական օրակարգում:
Փորձենք հասկանալ, ինչքանով կարևոր է այդ թեման այսօրվա աշխարհում, ինչպես է Հայաստանը փորձում հասնել Հայոց ցեղասպանության խնդրի բարձրաձայնմանը և ինչպես այն կարող է օգնել Հայաստանին այսօր՝ բարձրացնելով երկրի ազգային անվտանգության մակարդակը, և հայանպաստ լուծումների հասնել Արցախում:
Մաս I. Ցեղասպանության գործոնի քաղաքական նշանակությունը ժամանակակից աշխարհում
Կա մտայնություն, որ ցեղասպանության թեման միայն հայերին է հետաքրքրում և միայն հայերն են, որ ցեղասպանության ճանաչումը դարձրել են իրենց արտաքին քաղաքական առաջնահերթություններից:
Սակայն ցեղասպանությունների՝ սեփական օրակարգի մաս և քաղաքական շահերի առաջմղման միջոց դարձնելը միայն Հայոց ցեղասպանության հետ չի կապված:
Անցյալում կատարված ոճրագործությունների և այսօր էլ աշխարհում ընթացող մարդկայնության դեմ հանցագործությունների խնդիրն օգտագործվում է ոչ միայն քաղաքական հռետորաբանության մեջ, այլ նաև միջազգային զանազան խաղացողների կողմից իրենց շահերի սպասարկման համար: Ավելին, այսօր այն շատ գործնական հարցեր է լուծում՝ կտրուկ ավելացնելով ցեղասպանության գործոնի քաղաքական կշիռը և կարևորությունը։
Դա ստուգելու համար բավարար է վերլուծել ընդամենը վերջին մեկ-երկու տարվա ընթացքում տեղի ունեցող մի շարք կարևոր զարգացումները:
Ռուսական ներխուժումը և «ցեղասպանությունը» Դոնբասում
Ուկրաինա զորք ուղարկելուց առաջ իր ծավալուն ելույթում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ութ տարի Դոնեցկի և Լուգանսկի բնակչության նկատմամբ ցեղասպանություն է իրականացվել։
«Այսպես կոչված քաղաքակիրթ աշխարհը, որի միակ առաջամարտիկ են իրենց հռչակել Արևմուտքի ինքնակոչ ներկայացուցիչները, նախընտրում է չնկատելու տալ այդ ամենը, այդ ամբողջ մղձավանջը, ցեղասպանությունը, որին ենթարկվում է գրեթե 4 մլն մարդ, և միայն նրա համար, որ համաձայն չեն եղել 2014-ին Ուկրաինայում Արևմուտքի կողմից աջակցվող պետական հեղաշրջմանը»,- ասել է Պուտինը:
Նույն պնդումը նա կրկնեց մարտի 18-ին՝ ելույթ ունենալով Ղրիմը Ռուսատանին միացնելուն նվիրված միջոցառմանը։
Պետք է հիշել, որ ցեղասպանության հնարավոր սպառնալիքն առաջին անգամ չի օգտագործվում Ռուսաստանի կողմից որպես ռազմական գործողություններ սկսելու պատրվակ։ 2008-ին Վրաստան ռուսական զորքի մուտքը նույնպես «օսեթ ժողովրդին ցեղասպանությունից փրկելու» հիմնավորմամբ էր արվում։
Ցեղասպանությունների թեման ակտիվորեն շարունակեց արդեն Ուկրաինան, որի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, հենց սկզբից հերքելով ռուսական պնդումները, իր հերթին հայտարարեց, որ «Ռուսաստանի հանցավոր գործողություններն Ուկրաինայի դեմ ցեղասպանության նշաններ են ցույց տալիս»։ Ավելին, Ուրկաինան դիմեց Միջազգային քրեական դատարան՝ խնդրելով հերքել Ռուսաստանի մեղադրանքները [1]։
Կիևի մատույցներից ռուսական զորքերի հեռացումից հետո այդ տարածքներում հայտնաբերվեցին բազմաթիվ սպանված քաղաքացիական անձանց մարմիններ։ Ցեղասպանության թեման ավելի մեծ հնչեղություն սկսեց ստանալ, մասնավորապես, Բուչա բնակավայրում այս փաստի բացահայտումից հետո։ Այսպես, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, ով նախընտրում էր անվանել կատարված հանցանքները պատերազմական հանցագործություններ, Բուչայից հետո ավելի խստացրեց իր բառապաշարը՝ կատարվածը որակելով որպես ցեղասպանություն:
Ույղուրների ցեղասպանության մասին պնդումները
Արդեն տևական ժամանակ ԱՄՆ-ն և եվրոպական շատ պետություններ շեշտադրում են Չինաստանում բնակվող մեծ թյուրքական համայնքի ներկայացուցիչների՝ ույղուրների նկատմամբ բռնաճնշումների մասին, դրան նույնիսկ տալով ցեղասպանություն բնորոշումը։
2022-ի հունվարին Ֆրանսիայի խորհրդարանը ճանաչեց և դատապարտեց ույղուրների ցեղասպանությունը: Բանաձևում նշվում է, որ ույղուրները ենթարկվում են ստերջացման, բռնաբարությունների, ստիպողական աբորտների և այլ կտտանքների, նրանց տեղավորում են հատուկ ճամբարներում, իսկ այս թյուրքական ժողովրդի մշակութային և կրոնական ժառանգությունը ոչնչացվում է չինական իշխանությունների կողմից։
Նմանատիպ բանաձևեր արդեն իսկ ընդունել են Արևմուտքի այլ խոշոր խաղացողները՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Բելգիան, Նիդերլանդները և Կանադան։
Տեղեկատվության շատ իրարամերժ և ոչ ամբողջական լինելու, ինչպես նաև երկրի ամբողջ տարածքում և ողջ բնակչության նկատմամբ չինական կառավարության քաղաքականության կոշտ լինելու պայմաններում, որոշ ցեղասպանագետներ վարանել են այն որակել որպես ցեղասպանություն՝ նախընտրելով «մշակութային ցեղասպանություն» կամ էթնոցիդ տերմինը: Սակայն նոր ապացույցներից ելնելով՝ փորձագետների մեկ այլ խումբն ույղուրների դեմ կատարած վայրագությունները, այնուամենայնիվ, որակում են որպես մարդկության դեմ հանցագործություն և ցեղասպանություն: Այս հարցը, սակայն, չափազանց քաղաքականացված է և Չինաստանի դեմ որպես գործիք օգտագործվում է նրա հակառակորդների կողմից։
Ցեղասպանության թեմայի օգտագործման Թուրքիայի քայլերը
Թվում է, որ ույղուրական թեման պետք է շատ գրավիչ լիներ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի համար, ով իրեն տեսնում է թյուրքական ժողովուրդների իրավունքների պաշտպանի և միավորիչի դերում: 2000-ականներին հենց այդպես էր: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը մեղադրում էր Պեկինին՝ Սինձյանում համակենտրոնացման ճամբարների համակարգի ստեղծման մեջ: Իսկ Էրդողանը 2009-ին Սինձյանի վարչական կենտրոն Ուրումչիում տեղի ունեցած ճնշումներն անվանեց ցեղասպանություն: Սակայն հետագայում Անկարան հրաժարվեց այս հռետորաբանությունից Չինաստանի նկատմամբ՝ այն զոհաբերելով աշխարհաքաղաքական նպատակահարմարությանը:
Միաժամանակ, Թուրքիան նույնպես փորձում է օգտագործել ցեղասպանությունն իբրև գործիք՝ իր քաղաքական խնդիրների լուծմանը հասնելու համար։ Պետական մակարդակով ժխտելով Հայոց ցեղասպանությունը, այն միաժամանակ բավականին ակտիվ է Բոսնիայում, մշտապես շեշտադրելով այնտեղ կատարված ցեղասպանությունը, միջամտում է Մյանմարում մուսուլման ռոհինջաների ցեղասպանության հարցերում։
Իսկ 2021-ի հուլիսի 15-ին, Էրդողանի հրամանագրով, ստեղծվել է Ցեղասպանության ու մարդկայնության դեմ հանցագործությունների ուսումնասիրության միջազգային ինստիտուտը։ Այն գործելու է Ստամբուլի համալսարանի ռեկտորատի ենթակայության ներքո և փորձ է արվելու մեծ ֆինանսավորման շնորհիվ իրենց կողմը գրավել հայտնի ցեղասպանագետներին և հետագայում նրանց աստիճանաբար տեղափոխել ժխտողականության դաշտ։ Գործարկվել է նաև «Մենք հիշում ենք» կայքը, որը նվիրված է նույն թեմային: Այն գործում է Թուրքիայի նախագահի գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ներքո։
Գերմանական ռեպարացիաները Նամիբիային
2021-ին Գերմանիայի և Նամիբիայի միջև հնգամյա բանակցային գործընթացի արդյունքում Բեռլինը համաձայնել է 1.1 մլրդ եվրո ներդրումներ կատարել հարավաֆրիկյան այդ պետության տնտեսության մեջ՝ որպես իր գաղութային պատմության մեղքերի որոշակի հատուցում։
Նամիբիան Գերմանիայի գաղութ էր 1884-1915 թթ. և այդ տարիներին տեղացիների նկատմամբ դաժան քաղաքականություն էր վարում։ Դրա գագաթնակետը 1904-1908 թթ. տեղացի հերերո ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունն էր։
Հերերոների ցեղասպանության փաստը և սեփական պատասխանատվությունը Գերմանիան ընդունել էր դեռ 2015-ին, որից հետո երկու երկրների միջև սկսվել էին բանակցություններ։
Առաջին քայլով 2018-ին Գերմանիան վերադարձրեց իր թանգարաններում ցուցադրվող և գիտական հետազոտությունների համար օգտագործվող նամիբիական ցեղերի ներկայացուցիչների մասունքները։ Որպես երկրորդ քայլ Գերմանիան պաշտոնապես ներողություն խնդրեց Նամիբիայից:
«Հաշվի առնելով Գերմանիայի պատմական և բարոյական պատասխանատվությունը, մենք Նամիբիայից և զոհերի ժառանգներից հայցում ենք ներում»,- հայտարարեց Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը և նշեց, որ հետայսու Գերմանիան պաշտոնական մակարդակում Նամիբիայում 1904-1908 թթ. տեղի ունեցած զանգվածային սպանությունները կոչելու է ցեղասպանություն։
Եվ վերջապես գործը հասավ փոխհատուցման հարցերին։ 1,1 մլրդ եվրոյի ֆինանսական օգնությունը նախատեսված է տրամադրել 30 տարվա ընթացքում՝ իրականացնելով մեծ ենթակառուցվածքային նախագծեր՝ ճանապարհաշինություն, դպրոցաշինություն, առողջապահության արդիականացում, ինչպես նաև բնակչության կրթության և մասնագիտական վերապատրաստման ծրագրեր։
Բոլորը չէ, որ գոհ են այս ընթացքից։ Նամիբիայում բազմամարդ ցույցերի մասնակիցները պահանջում են Գերմանիայից ավելացնել վճարումը մինչև 9 մլրդ եվրոյի։ Պահանջում են նաև վերադարձնել տեղաբնիկների գյուղատնտեսական հողերը, որոնց 70 տոկոսը ցեղասպանությունից հետո բաժանվել են գերմանացի վերաբնակեցված ֆերմերների միջև։
Գերմանիան իր հերթին խուսափում է այս գործընթացը փոխհատուցում անվանելուց` այն ձևակերպելով որպես անհատույց օգնություն։ Եվ սա ոչ միայն Բեռլինի ցանկությունն է, այլ Եվրամիության միասնական պահանջը, քանի որ մտավախություն կա, որ մեկ փոխհատուցման համաձայնագիրը կարող է նախադեպային իրավունքի տրամաբանությունը գործարկել և բերել նոր հայցերի: Օրինակ՝ Կոնգոն կարող է բարձրացնել Բելգիայի գաղութային քաղաքականության հետևանքների հարցը, իսկ Ալժիրը՝ Ֆրանսիայի տիրապետության շրջանի չարաշահումները: Տանզանիան և Բուրունդին արդեն իսկ փոխհատուցում են պահանջում Գերմանիայից՝ գաղութային շրջանում իրենց կրած զրկանքների համար։
Բելառուսի օրենքը ցեղասպանության վերաբերյալ
Ցեղասպանության թեման փորձում են օգտագործել նույնիսկ պետություններ, որոնք դրանով նախկինում առանձնապես չեն հետաքրքվել։ 2021-ի վերջին Բելառուսի խորհրդարանն ընդունեց Բելառուս ժողովրդի ցեղասպանության մասին օրենքը, որով ընդունվում է Մեծ հայրենական պատերազմի տարիներին և հետպատերազմյան շրջանում (մինչև 1951-ը) իրականացված հանցագործությունը: Օրենքը նաև քրեական պատասխանատվություն է նախատեսում բելառուս ժողովրդի ցեղասպանության ժխտման համար:
Այս օրենքը Գերմանիայի նկատմամբ ճնշում գործադրելու գործիքների ստեղծման ցանկությունն էր, երբ Բեռլինը շատ կոշտ արձագանք տվեց 2020-ի ընտրություններից հետո Ալեքսանդր Լուկաշենկոյի իրականացրած բռնաճնշումներին:
Ռոհինջաների ցեղասպանությունը և Գամբիան
2019-ի նոյեմբերին աֆրիկյան փոքրիկ պետություն Գամբիան Արդարության միջազգային դատարան հայց է ներկայացրել հարավ-արևելյան Ասիայում գտնվող Մյանմա պետությանը` մեղադրելով ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործության կանխարգելելու և դատապարտելու կոնվենցիայի խախտման մեջ: 2017-ի օգոստոսին 900 հազար մուսուլման ռոհինջաներ Մյանմայից փախել էին Բանգլադեշ, իսկ երկրում մնացած նրանց մոտ կես միլիոն ազգակիցներին իշխանությունները շարունակում են բռնաճնշումների ենթարկել:
Սա շատ հետաքրքիր զարգացում է, երբ ուղղակիորեն խնդրի մեջ չներգրավված երկիր դատական գործընթաց է նախաձեռնում մեկ այլ մայրցամաքում գտնվող պետության դեմ։ Գամբիան անմիջական տուժող երկիր չէր, սակայն այն մատնանշում էր, որ Ցեղասպանության կոնվենցիայի բոլոր մասնակից պետություններն ունեն ընդհանուր շահագրգռվածություն ցեղասպանական գործողությունները կանխարգելելու և ցեղասպանության համար մեղավորներին պատժելու գործում, համաձայն այն հանգամանքի, որ Ցեղասպանության կոնվենցիան erga omnes partes (բոլորին վերաբերող) պարտավորություն է դնում բոլոր պետությունների վրա։ Հետևաբար, այս հայցը սատարեցին նաև Կանադան և Նիդերլանդները, ինչպես նաև Իսլամական համագործակցության կազմակերպության (Organization of Islamic Cooperation) մասնակիցները, որի ակտիվ անդամ-պետություն է նաև Գամբիան։ Վերջինս դրանով բարձրացնում է իր սեփական կշիռը մուսուլմանական աշխարհում, միաժամանակ, այս միջոցով փորձարկվում է երրորդ պետությունների օգտագործումն իրավական վեճերի մեջ:
Սա շատ հետաքրքիր օրինակ է նաև իրավաբանական մրցակցության տեսակետից, քանի որ Գամբիայի այս գործընթացի մեջ մտնելու որոշման վրա ազդել է այդ երկրի արդարադատության նախարար Աբուբաքար Թամբադուն (Abubacarr Tambadou), ով նախկինում Ռուանդայի ցեղասպանությունը քննող Միջազգային տրիբունալի դատավոր էր, և անձամբ այցելելով Մյանմա կատարվածը որակեց որպես ցեղասպանություն, իսկ դատարանում երկիրը ներկայացնում է միջազգային մակարդակի իրավաբան Ֆիլիպ Սենդսը (Philippe Sands), այն պարագայում, երբ Մյանմայի կողմից հանդես է գալիս միջազգային իրավունքի մեկ այլ ճանաչված իրավաբան Ուլիամ Շաբասը, ով ժամանակին նույնիսկ եղել է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախագահը։
Որոշ եզրակացություններ
Վերոնշյալ օրինակները միայն մի մասն են այն դեպքերից, երբ միջազգային հարաբերությունների խաղացողները նորից ակտիվացնում են ցեղասպանությունների թեման։
Այն ակտիվորեն օգտագործվում է հակառակորդների վրա ճնշում գործադրելու, նրանց քաղաքական կշռին հարված հասցնելու համար:
Այն հաճախ է օգտագործվում ավելի ահագնացող դարձնելու կատարված զանգվածային բռնությունները՝ հավելյալ լեգիտիմություն տալով հետագա քայլերին, ինչպես Ռուսաստանն արեց Վրաստանի դեպքում՝ օգտագործելով «օսեթական ցեղասպանությունը», որպես երկիր ներխուժման պատճառ։ Եվ խոսքը միայն հանրային գիտակցության վրա ազդեցություն գործելու մասին չէ, թեև տեղեկատվական պատերազմը ժամանակակից հակամարտություններում ոչ պակաս կարևոր նշանակություն ունի, քան ավանդական գործողությունները: Այն նաև որոշակի իրավական և քաղաքական հնարավորություններ է ընձեռում:
Օրինակ, ուժի մեջ կարող է մտնել Պաշտպանելու պարտավորվածությունը (R2P – Responsibility to Protect)` միջազգային իրավունքի համեմատաբար նոր մի նորմ, որն ընդգծում է, որ ինքնիշխանությունը ոչ թե արտոնություն է, այլ պարտականություն, և այն պարտավորեցնում է բոլոր երկրներին պաշտպանել իրենց սահմաններում ապրող մարդկանց իրավունքները։ Իսկ երբ պետությունը չի կարողանում պաշտպանել սեփական քաղաքացիներին՝ կախված ցանկության կամ միջոցների բացակայությունից, այս պարտավորությունն անցնում է միջազգային հանրությանը։ Եվ այս դեպքում ցանկացած պետություն կարող է միջոցներ ձեռնարկել ցեղասպանությունը թույլ չտալու կամ այն կանգնեցնելու համար:
Թեև մենք տեսնում ենք ժամանակակից միջազգային հարաբերություններում ուժի գործոնի դերի բարձրացում, սակայն տեսանելի է նաև այդ ուժի գործադրմանը հարմար իրավական փաթեթավորում տալու միտումը։ Նույնիսկ բռնապետությունները, որոնց նախկինում բոլորովին չէին հետաքրքրում իրենց հանրային պատկերի, իմիջի մաքրությունը, այսօր դրանից չեն կարող խուսափել։ Տեղեկատվական, փոխկապակցված աշխարհն իր խաղի կանոններն է թելադրում։ Եվ այս պայմաններում նույնիսկ անցյալի ոճրագործություններն են սկսում ակտուալացվել, և անգամ մեծ տերություններն են պատրաստակամություն հայտնում փակել սեփական պատմության սև էջերը, միգուցե ռացիոնալ կերպով հաշվարկելով, որ նախնիների սխալների ճանաչումը և զոհ խմբին փոխհատուցման տրամադրումը քաղաքական առումով հնարավոր է ավելի էժան կնստի, քան երկարաժամկետ կտրվածքով հնարավոր կորուստները։
1․ Պետք է նշել, սակայն, որ Ռուսաստանը չի ճանաչում Միջազգային Քրեական Դատարանի իրավասությունը:
Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի անատոմիան
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ընթացքը հանրային գիտակցության մեջ ընկալվում է որպես Երրորդ Հանրապետության գոյության անբաժանելի մաս և արդյունք։
Սակայն այս պատկերացումը խաբուսիկ է։ Գործընթացը սկսվել է մինչև Հայաստանի անկախացումը, իսկ Հայաստանի Հանրապետության առաջին տարիներին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն աջակցելը չէր հռչակվել ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություն։
Լռության դավադրությունը
Հետցեղասպանական շրջանում, երբ ստեղծվեց Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը և այն դարձավ ԽՍՀՄ-ի մաս, թեման փակի տակ էր։ ԽՍՀՄ ղեկավարները բնավ էլ չէին ցանկանում փոքրիկ Հայաստանի պատճառով սրել առանց այդ էլ ոչ միանշանակ հարաբերությունները հարևան Թուրքիայի հետ։ Բացի այդ, Մեծ Եղեռնի հիշողությունները կապվում էին Էրկրի՝ Արևմտյան Հայաստանի մասին հիշողությունների հետ, մի բան, որ դուրս էր խորհրդային գաղափարախոսական վերահսկողությունից։ Հայրենիքը, պատմական Հայաստանն արթնացնում էր ազգային, նույնիսկ ազգայնական հույզեր, որը դեմ էր միահարթեցման ուղին բռնած Մոսկվայի քաղաքականությանը։ Ազգայինը թույլատրելի էր միայն այն չափով, որը չէր խանգառում Սովետական մարդու՝ Հոմո սովետիկուսի ստեղծմանը։ Այս պայմաններում բազմաթիվ վերապրողներ 1920-30-ականներին ստիպված էին ոչնչացնել հայրենիքից բերված մասունք դարձած պատառիկները՝ նկարներ, նամակներ, գրի առնված հիշողություններ, քանի որ բռնաճնշումների շրջանում դրանք կարող էին ներկայացվել իբրև բուրժուական և ազգայնական ուժերի՝ մասնավորապես Դաշնակցության հետ կապի ապացույց։
Սակայն չպետք է կարծել, որ լռության դավադրությունը պատել էր միայն խորհրդահայ հասարակությանը։
Աշխարհը, միանգամայն, մոռացել էր հայերի ողբերգությունը և Առաջին Աշխարհամարտի տարիներին հայերին տված խոստումները։ Հայոց ցեղասպանությունը դարձել էր մոռացված պատմություն։ Աշխարհի մարդիկ ուզում էին մոռացության մատնել Մեծ Պատերազմը և նրա տառապանքները։ Իսկ հայերը չափազանց փոքրաթիվ էին, չափազանց ցրված և չափազանց տարված առօրյա գոյատևման հարցերով։
Ցեղասպանությունից հրաշքով փրկված մի քանի հարյուր հազար արևմտահայեր թուրքական ճնշման տակ ստիպված էին վերջնականապես լքել իրենց հայրենիքը, ապաստան գտնել աշխարհի տարբեր մասերում՝ Սիրիայում, Լիբանանում, Եգիպտոսում, Կիպրոսում, Հունաստանում, Բուլղարիայում, Ռումինիայում, Վրաստանում և Հարավային Կովկասում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում։ Նրանք նոր կյանք էին սկսում զրկված ամեն ինչից՝ նյութական տարրական միջոցներից մինչև սոցիալական կապերը, քանի որ հայտնվել էին նոր միջավայրում, հաճախ բոլորովին օտար և այլ օրենքներով ապրող հասարակություններում։ Հետագայում նրանք դուրս կգան փախստականների ճամբարներից և շատերը կդառնան ընդունող հասարակությունների պարծանքը, սակայն այս շրջանում դեռ զբաղված էին նախ և առաջ գոյատևման հարցերով։ Նրանք դեռ շատ թույլ էին և անկազմակերպ՝ արդարության վերականգման նպատակով պայքար սկսելու համար։
Հետզհետե, սակայն, ձևավորվեցին հայկական համայնքները, ստեղծվեցին ազգային նոր կառույցներ, որոնք պետք է փորձեին վերականգնել և պահպանել հայկական ինքնությունը Սփյուռքում։
Պետք է հիշել, որ այս ամբողջ կես դարը Սփյուռքի հայկական ընտանիքներում Հայոց ցեղասպանությունը նույնպես ճնշված հիշողություն էր։ Շատերն ընտրել էին անցյալը չհիշելը և միայն ներկայի և ապագայի համար ապրելը։ «Մոռցիր» հորդորին էր հանդիպում Մեծ ոճրի մասին ցանկացած բարձրաձայնումը։
Վերապրողների մի մասի համար տրավմատիկ հիշողությունն այնքան ճնշող էր, որ նրանք նախընտրում էին հուշերից ջնջել հնարավոր բոլոր արձագանքները, շատերն էլ կարծում էին, որ իրավունք չունեն երեխաների վրա դնել ցեղասպանված ազգի ներկայացուցիչ լինելու բարդույթը։
Սակայն ամեն ինչ փոխվեց 1965-ին։
Զարթոնք
1960-ականներին Սփյուռքը բոլորովին փոխված էր։ Այն տարբեր երկրների հասարակություններ ինտեգրված, կայացած համայնքներից բաղկացած մի ցանց էր, որը կարող էր կազմակերպված դիմագրավել թուրքական ժխտողականությանը։
1965-ին նշվում էր Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցը, որն ազդարարեց ոչ միայն թեման փականներից հանելու և հանրայնացնելու մի շրջան, այլ նաև հայ ժողովրդի քաղաքական պայքարի սկզբնավորումը։ Ավելին, նոր սերունդը սկսեց քննադատել ավագ սերնդին՝ վերջինիս պասիվ և ձայնազուրկ կեցվածքի համար։ Բազմամարդ հանրահավաքներ կազմակերպվեցին աշխարհի տարբեր երկրներում գտնվող թուրքական դեսպանատների և հյուպատոսարանների մոտ, ինչին հաջորդեց ԱՍԱԼԱ-յի մարտիկների գործողությունները։ Այս բռնության ալիքի ամենակարևոր հետևանքը թեմայի բարձրաձայնումն էր։ Աշխարհի թերթերը սկսեցին գրել ոչ միայն թուրքական դիվանագիտական հաստատությունների ահաբեկման, այլ նաև դրա հետևում երկար տասնամյակներ թաքցրած պատճառների մասին։ Գրավվեց ոչ միայն աշխարհի ուշադրությունը, այլ նաև արթնացվեց հենց հայկական հասարակության հիշողությունը։
ԽՍՀՄ-ում նույնպես հսկայական փոփոխություններ տեղի ունեցան։ Միայն 1965-ին, երբ ամբողջ աշխարհով մեկ հայկական համայնքները նշում էին Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցը, խորհրդային իշխանությունները հայ գիտամշակութային և կուսակցական վերնախավի նախաձեռնությամբ որոշում կայացրին կառուցել Հայոց ցեղասպանության հուշահամալիրը։ Իհարկե, այն կապված էր աշխարհաքաղաքական որոշ զարգացումներով, այդ թվում նաև Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելով, սակայն ժողովրդական ճնշման գործոնը նույնպես չպետք է անտեսել։ 1965-ի ապրիլի 24-ը, բացի պաշտոնական արարողություններից, որոնք նախատեսվում էր անցկացնել Օպերայի Մեծ դահլիճում, նշանավորվեց հարյուր հազարանոց հանրահավաքով Լենինի (այժմ Հանրապետության) հրապարակում, և երթով դեպի Օպերայի (այժմ Ազատության) հրապարակ։ Հանրային ճնշումն ավելի զորեղ դարձրեցին Խորհրդային Հայաստանի ղեկավարների առաջարկները։ Որոշումը կայացված էր, սկսվեց շինարարությունը և 1967-ի նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի բացումը, որն այդ օրվանից դարձավ Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշողությունը հարգելու կենտրանական վայրը։
Երրորդ Հանրապետության շեշտադրումները
1988-ի Ղարաբաղյան շարժման առանցքային թեմաներից մեկը նաև Հայոց ցեղասպանությունն էր: Բազմաթիվ հրապարակումներ, քննարկումներ, ելույթներ փորձեցին լույս սփռել մութ կամ մոռացված հարցերի շուրջ և դուրս գալ այն սահմաններից, որոնք դրվում էին խորհրդային գրաքննության կողմից, երբ 1965-ից թեմայի քննարկման թույլտվությունը գործում էր միայն որոշակի սահմաններում:
Այն նաև քաղաքական դիսկուրսի մաս էր: Անկախական շարժումը չէր կարող անտեսել Ցեղասպանության հանցագործության նկատմամբ վերաբերմունքը և ապագա ռազմավարություն մշակելու անհրաժեշտությունը: Բուռն բանավեճերից հետո 1990-ի օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագրում հայտնվեց հետևյալ 11-րդ կետը՝ «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915-ին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:
Սա ուղենիշ էր, որով Հայաստանը պետք է զարգանար մոտ ապագայում, սակայն ՀՀ առաջին իշխանություններն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ, առաջնահերթ համարելով Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների հաստատման և զարգացման հարցը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը բոլորովին էլ իրենց քաղաքականության հիմնական ուղղություններից չհամարեցին: Ինքը՝ Տեր-Պետրոսյանը, համարում էր, որ Ցեղասպանության հարցը Հայաստանի անկախության Հռչակագրում դնելը քաղաքական և դիվանագիտական տեսակետից ճիշտ չէր և դրան կարելի էր մեկ այլ փաստաթղթում անդրադառնալ:
1998-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրաձայնում է Մեծ Եղեռնի խնդիրը և Հայոց ցեղասպանության ճանաչումը դարձնում ՀՀ արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից մեկը: Այն բավականին արդյունավետ էր, ինչի վկայությունը կարելի է համարել ոչ միայն տասնյակից ավելի պետությունների (այդ թվում Ֆրանսիայի) կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը, այլ նաև թեմայի՝ միջազգային մամուլում ավելի ակտիվ քննարկվող նյութ դառնալը և, ընդհանրապես, այս գործոնի կարևորության բարձրացումը: Պատահական չէ, որ այս ընթացքում է Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ, այժմ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ գրում Քոչարյանին՝ առաջարկելով պատմաբանների հանձնաժողով ստեղծել՝ կատարվածը քննելու համար:
Գործընթացը շարունակվեց նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում: Այն որոշակիորեն դանդաղեց 2008-2010 թվականներին, երբ նորից որդեգրվել էր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման կուրսը, որը պատմության մեջ կմտնի որպես ֆուտբոլային դիվանագիտություն: Սակայն, հետագայում այս գործընթացի տապալման և Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի մոտենալուն համահունչ ավելանում էր նաև նյութի կարևորությունը հայկական դիվանագիտական և քաղաքական ասպարեզներում: 2015-ի միջոցառումները թե՛ տեղեկատվական, թե՛ քաղաքական առումով գագաթնակետն էին, ինչը նշանավորվեց ոչ միայն միջոցառումների առատությամբ և բարձր մակարդակով, այլ նաև ճանաչման գործընթացին հաղորդեց շատ մեծ իներցիա, որի հետևանքները զգացվեցին նույնիսկ պաշտոնական միջոցառումների ավարտից հետո:
Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման թեման կորցրեց իր դիվանագիտական առաջնայնության դերը: Թեև կառավարության և՛ 2018, և՛ 2020 թվականների ծրագրերում այն ընդգրկված է, սակայն տեսանելի է՝ որքան քիչ տեղ է տրվում այս հարցերին Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում: Բացի իշխանությունների դիրքորոշումից, պետք է հաշվի առնել նաև 2020-ի Արցախյան պատերազմի հետևանքով առաջացած նոր իրավիճակը, իսկ վերջին շրջանում նաև հայ-թուրքական կարգավորման բանակցությունները:
Հայոց ցեղասպանության ճանաչման երկու մեխանիզմ
Շատ հաճախ մարդիկ չեն գնահատում կամ գերագնահատում եմ տարբեր երկրների, քաղաքների և նույնիսկ ավելի փոքր վարչական միավորների կամ կազմակերպությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։ Ավելի տարածված ընկալում է միջազգային քաղաքականության մեջ Մեծ Եղեռնի թեմայի մշտական և անընդունելի շահարկման գործիք լինելը: Այս անհամաչափ գնահատումը, ինչպես նաև զգացմունքայնությունը չափազանց պարզունակեցնում են երևույթը։
Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը մի առանձին մեծ երևույթ է, որը թեև խարսխված է Հայոց ցեղասպանության թեմայի վրա, սակայն ներկայում ձեռք է բերել որոշակի «ինքնուրույն կյանք»: Այն մի ֆենոմեն է, որի հետևում կանգնած են տասնյակ հազարավոր մարդիկ, ազգային ու վերազգային մեծ կառույցներ, համաշխարհային մակարդակի շահեր և հետաքրքրություններ։
Հայոց ցեղասպանության ճանաչման յուրաքանչյուր առանձին վերցված դեպքում գործում է երկու մեխանիզմ․
ա․ հայկական գործոնի գերակայություն․
որոշ երկրների, քաղաքների կամ կազմակերպությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը հստակ ու անվիճելի կերպով կապված է տվյալ երկրի մեծ և/կամ ակտիվ հայկական համայնքի գոյության (օրինակ՝ Լատինական Ամերիկայի երկրներում) և լավ աշխատող դեսպանության առկայության հանգամանքներից (որպես վերջին օրինակ կարելի է նշել Լատվիայի կողմից ճանաչումը)։ Այս երկու միավորներն աշխատանք են տանում Հայոց ցեղասպանության դատապարտման և ճանաչման գործում հաջողություններ ունենալու համար։ Գործի է դրվում համայնքի ռեսուրսը, շարունակական աշխատանք է տարվում պատգամավորների հետ, ինչպես ընտրողների/համայնքի միջոցով, այնպես էլ քաղաքական/դիվանագիտական մակարդակում, նախաձեռնվում է տեղեկատվական արշավ։
Հայոց ցեղասպանության թեման լուսաբանող միջոցառումներ են կազմակերպվում։ Դրան է գումարվում տեղի հասարակության հիմնականում արդեն իսկ դրական վերաբերմունքը հայերի նկատմամբ, ինչպես նաև որոշակի գիտելիքների պաշարը, որը Հայոց ցեղասպանության եղելությունը կասկածի տակ չի դնում։ Հարյուրավոր մարդիկ ներգրավվում են այս գործընթացում, քաղաքական ուժերի հետ հանդիպելուց և բանակցելուց մինչև ճանաչման օրը խորհրդարանների դիմաց եռագույներով հանրահավաքներ կազմակերպելը՝ շատ դեպքերում բախվելով թուրքերի հակազդեցությունը:
Հայկական համայնքների համար այս գործընթացին մաս կազմելը կարևորագույն միջոց է սեփական, հայկական ինքնությունը պահելու և ընդգծելու համար: Ես կարծում եմ, որ հենց այս պայքարի մաս լինելը և ոչ թե ցեղասպանություն վերապրելն է այսօր այս ինքնության պահպանման հիմնաքարը:
բ․ Միջազգային քաղաքական գործոնի գերակայություն․
որոշ երկրներում կարող է և չլինել մեծ/ուժեղ հայկական համայնք, և ՀՀ դեսպանությունն էլ չհամարի Հայոց ցեղասպանության ճանաչման թեման ամենաառաջնային իր գործունեության համար, սակայն թեման լինի ակտիվ քննարկումների առարկա և նույնիսկ ճանաչմամբ պսակվի: Սա կապված է միջազգային քաղաքական գործընթացների զարգացման տրամաբանության հետ: Հիմնականում այս թեման տարբեր պետություններ օգտագործում են Թուրքիայի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով: Հաճախ Անկարայի հետ պետության հարաբերությունների վատթարացումն ուղեկցվում է նաև նման խոսակցություններով/հանրային խոսքով, երբեմն գործը կարող է հասնել քաղաքական ուժերից մեկի կողմից ճանաչման վերաբերյալ հայտարարության պատրաստման, իսկ որոշ դեպքերում այն կարող է մտնել տվյալ երկրի խորհրդարան: Տարբեր երկրների խորհրդարաններն ունեն տարբեր ընթացակարգեր և դեպքերի մեծամասնությունում այս գործընթացը կարող է տևել տարիներ, ինչպես օրինակ՝ Մեծ Բրիտանիայում, կամ ամեն անգամ կանգ առնել ոլորտային հանձնաժողովի քննարկման մակարդակում, ինչպես տեղի է ունենում Իսրայելում:
Սակայն կան նաև հաջողված օրինակներ: Այսպես, ԱՄՆ-ի կողմից ճանաչման գործընթացը երկարատև ելևէջներից հետո 2019-ին ավարտվեց երկրի Օրենսդիր մարմնի՝ Կոնգրեսի երկու պալատների կողմից բանաձևի ընդունմամբ, իսկ 2021-ին դրան ավելացավ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության բառակապակցության հնչեցմամբ, որը թեև իրավաբանորեն լուրջ նշանակություն չուներ, սակայն հոգեբանական տեսանկյունից շատ կարևոր էր: Վերջին ճանաչումներից Գերմանիայի կամ Սիրիայի կողմից հաջողությամբ ավարտին հասցված գործընթացները հենց Թուրքիայի հետ դժվար հարաբերությունների արտահայտություն էին:
Հայոց ցեղասպանության ճանաչումը որպես զենք/գործիք
Որքան սարսափելի էր Հայոց ցեղասպանության ոճիրը, այդքան մեծ է այն միջազգային քաղաքական հետևանքը, որն առաջանում է այդ հարցի արծարծումից: Որքան մեծ էր հանցագործությունը, այնքան զորեղ է զենքը, որ ստացել է միջազգային հանրությունն այն ոճրագործ պետության հանդեպ մշտապես գործածելու համար: Իր ազդեցությամբ և ուժով այն համարժեք է հաճախ Միջազգային քաղաքականության այնպիսի մեծ գաղափարական զենքերին, ինչպիսին են, օրինակ՝ Ահաբեկչության դեմ պայքարը, Դեմոկրատիայի տարածումը և այլ: Ավելին, ես կարծում եմ, որ շատ դեպքերում այս թեման ավելի մեծ խաղացող է միջազգային ասպարեզում, քան, ցավոք, Հայաստանի Հանրապետությունը: Եվ այս պարագայում, եթե նույնիսկ մի օր հայկական ինչ-որ կառավարություն որոշի հրաժարվել այս թեմայի բարձրացումից, ապա մեր կարծիքը կարող է նույնիսկ հաշվի չառնվել:
Թեմայի միջազգային քաղաքականության սեփականությունը դառնալու մեջ վատ բան չկա: Բոլոր հարցերն էլ օգտագործվում եմ, բոլոր թեմաներն էլ՝ շահարկվում, հարցն այն է՝ ինչ կարող ենք մենք ստանալ ստեղծված իրավիճակում: Կարևորն է գտնել դրանում սեփական շահն ու հետաքրքրությունը և փորձել այն առաջ տանել: