Դր. Վազրիկ Բազիլ
Արցախեան աղէտից սերած Հայաստանեան այս դժնդակ վիճակը ընդհանուր օրակարգից տարագրում է հարցեր, որոնք նմանապէս զարկերակային բնոյթ ունեն հայութեան համար, սակայն այսօրուայ կացութեան մէջ հանրային ուշադրութեան կիզակէտում չեն։
Սակայն ճիշտ այս բախտորոշ ժամանակներում է, որ անհրաժեշտ է անդրադառնալ նման արմատական հարցերին, որոնք ընդհանրապէս օրակարգների առաջնային կէտերին չեն պատկանում և այն տպաւորութիւնն են թողնում, որ երկրորդական խնդիրներ են ու երկրորդական են մնալու, որովհետև օրուայ գերակշռող հարցերը միշտ առաջնահերթ են։
Սակայն յարակարծականը այն է, որ առօրեայի առաջնահերթ հարցերի լուծումը եթէ ոչ լիովին, ապա մասամբ կախեալ է նման առերևոյթ «երկրորդական» հարցերի լուծումից։
Եւ այդ հարցերից մէկը լեզուի հարցն է՝ արևելահայերէնի և նամանաւանդ արևմտահայերէնի։
Այն գլխաւոր պատճառը, որը լեզուն վերածել է «ի միջին այլոց» հարցի այն թիւրըմբռնումն է, որի համաձայն «լեզուն հաղորդակցական միջոց է»։
Ըստ այս ըմբռնումի մարդը ընկալում, զգում և մտածում է և ապա մտածածը, զգացածը և ընկալածը «արտայայտելու» համար մի «միջոց»է փնտրում և քանի որ այդ միջոցը ոչ մուրճն է, ոչ աղը և ոչ էլ օճառը, դիմում է միւս «միջոցին»՝ գրին։
Ուրեմն մարդը «գործածում» է գիրը, արտայայտւում և արտայայտուելուց յետոյ այդ «միջոցը» պահարանի մէջ դնում և մինչև յաջորդ «գործածութիւնը» ապահով պահում։
Նման մօտեցումը թերևս կայտառ երևակայութեան արդիւնքը լինի, սակայն մարդաբանութեան հետ որևէ առընչութիւն ունի։
Անշուշտ այս հակիրճ տողերով կարելի չէ հանգամանօրէն անդրադառնալ սոյն հարցին, սակայն ելնելով այն իրադրութիւնից, որ մարդը ընկալում, զգում և մտածում է ոչ թէ լեզուից դուրս, այլ լեզուի մէջ, ապա լեզուի նկատմամբ հոգատարութիւնն ու հոգածութիւնը միաժամանակ մտածման, զգացման և ընկալման խնամք ու մշակում է։
Եւ եթէ ընդհանուր օրակարգի առաջնային կէտերի լուծման համար միտք ու մտածում է պէտք, ապա լեզուի նկատմամբ բծախնդրութիւնը անուղղակիօրէն նպաստում է օրակարգների առաջնային կէտերի լուծմանը։
Հետաքրքրական և օգտաշատ հետազօտութիւն պիտի լինէր քննելը, թէ ինչպէս
Հայաստանում արևելահայերէնի անկումը մղել է պետական կարգ ու սարքի թուլացմանը։
Լեզուի նկատմամբ անհոգութիւնը ընկալման, զգացման և մտածման նկատմամբ անհոգութիւն է։
Սակայն եթէ Հայաստանում արևելահայերէնը իմաստային տագնապի ու երերումների, արևմտահայերէնը գոյութենական տագնապի և հոգևարքի մէջ է՝
ա. Միջին արևելքի հայ գաղութները, մասնաւորաբար Լիբանանը, ուր Պոլսից յետոյ բաբախում է արևմտահայերէնի սիրտը, գնալով հիւծւում է։
բ. Աւանդութիւն ունեցող ուսումնական կեդրոնները փակւում են։
գ. Հայաստանցիների հոսքը դէպի Սփիւռք տեղաշարժում է արևմտահայերէնը։
դ. Առցանցային հաղորդակցութիւնը իր յապաւումներով ու կարճապատումներով վնասում է թէ արևմտահայերէնին և թէ արևելահայերէնին։ Ով միայն յապաւումներով ու կրճատումներով է գրում սկսում է նաև կրճատուած մտածել[1]։
Դժբախտաբար քչերն են, որ գիտակցում են արևմտահայերէնի և արևմտահայ մշակոյթի այս սրտաճմլիկ իրականութեան։
Ծիծեռնակաբերդում միայն ծաղկեպսակ դնելն ու նահատակներին յարգանք հաւաստիքը մատուցելը բաւարար չէ։
Ցեղասպանութիւնը կարելի է վերջնականապէս կասեցնել, եթէ կասեցուի ցեղասպանութեան հետևանքը՝ արևմտահայ մշակոյթի դանդաղ ու անշշուկ կործանումը։
«Գնայ մեռիր, արի քեզի սիրեմ» լոզունքը չի կարող այլևս գործունէութեան կարգախօս լինել։
Մշակոյթը թանգարանում դնելն ու աշխարհում հնապարծիկ ու սնափառ դեգերելը իմաստութիւն նշան չէ։
Իմաստութիւնը եղածն ու ունեցածը խնամելու և մշակելու մէջ է։
Միայն ունեցածը մշակելով է, որ կարելի է ձեռք բերել նաև ցանկալին ու չունեցածը։
Իսկ ով մշակում է, մշակոյթ ունի։
Խնամուած ու կոփուած լեզուն մշակոյթ ունենալու ցայտուն նշաններից է։
Սփիւռքեան շաբաթօրեայ կամ կիրակնօրեայ վարժարանները մեծ նուիրումով ու զօհաբերութեամբ շարունակում են իրենց աշխատանքը, սակայն նման անձնուէր ճիգը հիմնական լուծում չէ։ «Nice to have»ը անհրաժեշտ է, բայց ոչ բաւարար։ Ինչ աղէխարշ էր ինձ համար, երբ տարիներ առաջ Միւնհէնի մէջ տեսնում ու լսում էի, թէ ինչպէս պոլսահայ մի ազնիւ մայր ուրախութեամբ ու ժպիտով բոլորին պատմում էր, որ իր թոռը «անանկ աղուոր բարի լոյս մը կ՛ըսէ» և թոռան ոգևորում էր մեր առջև էլ բարի լոյս ասէր և թոռը արտաբերում էր «փաղի լոյս»՝ հաւանաբար միակ հայերէն դարձուածքը, որին ծանօթ էր։
Այդ տիկինը, որին ճանանչում էի մանկութիւնիցս ի վեր մէկ ուստր և մէկ դուստր ունէր՝ երկուսն էլ հայախօս։ Ինքն ու իր ամուսինն այդ երկու երեխաներին Գերմանիայում մեծացրեցին և ամէն կերպ փորձեցին ամուսնացնել հայերի հետ։ Ուստրը սակայն ամուսնացաւ տեղացիի հետ և ունեցաւ իր հերթին մի մանչ զաւակ՝ այդ անոյշ երեխան, որը մեծանում էր գերմաներէնով և միայն երբեմն մասնակցում համայնքի շաբաթօրեայ դասընթացքներին։
Ի վերջոյ ի՞նչ մնաց այդ ծնողների տասնամեակների ջանքից, որոնք վաթսունական թուականներին Պոլսից Միւնհէն հաստատուեցին, երեխաներ մեծացրեցին և թոռ ունեցան։ Միայն «փաղի լոյս»՞ը։
Այդ տիկնոջ ժպիտի ու ուրախութեան մէջ ծուարել էր խորը մի թախիծ, մի վէրք, որի ցաւը նա ամոքում էր հաւանաբար միայն գիշերներն իր ննջասենեակում լուռ արտասուքով։
Ի՞նչ անել։ Երեք առաջարկ։
Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը, Մխիթարեան Միաբանութիւնը, Զմառռի Կաթողիկէ Կաթողիկոսութիւնը և գործող արևմտահայ քիչ թէ շատ հաստատուն կազմակերպութիւնները թող միասնաբար մշակեն արևմտահայ մշակոյթը խթանելու մի ծրագիր։ Իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսութիւնը պէտք է սփիւռքեան ծուխերում պաշտօնավարող հոգևորականներին յանձնարարի, որ իրենք յատուկ հոգատարութիւն ցուցաբերեն արևմտահայերի և արևմտահայերէնի նկատմամբ, հայթհայթելով լեզուի ու մշակոյթի ուսուցման ու բանեցման միջոցներ։
Բ. Անհրաժեշտ է վերաբացուեն կամ Վենետիկի Մուրատ-Ռափայէլեան և կամ էլ Սևրի Մուրատեան վարժարանը, որոնք Եւրոպայի ամենագեղեցիկ երկրներում ու քաղաքներում գտնուելով կարող են նոր շունչ ու թափ տալ արևմտահայ մշակոյթին։ Ես Մուրատ-Ռափայէլեանի նախկին սան եմ։ Ինչքան տարիները անցնում են և տեսնում եմ արևմտահայ համայնքների փլուզումը, այնքան աւելի համոզւում եմ նման աւանդութիւն ունեցող վարժարանի վերաբացման անհրաժեշտութիւնն ու առաքելութիւնը։
Ամէն գերմանացի, որին ցոյց էի տալիս մեր վարժարանի նկարներն ու կեանքը, հիանում ու նախանձում էր։ «Գնայ մեռիր, արի քեզի սիրեմ» լոզունքը այստեղ էլ չի կարող լինել գործունէութեան կարգախօս։ Այս վարժարանը անհրաժեշտ է ոչ միայն արևմտահայ մշակոյթի զարգացման, այլ նաև Եւրոպայի սրտում հայկական ընտրանի վարժարան ունենալու համար՝ մրցունակ ևրոպական բարձրորակ ուրիշ դպրոցների հետ։
Հայութիւնը քանակով ոչ մէկ մրցակցութիւն է շահելու, այլ միայն որակով։
Գ. Նկատի ունենալով, որ Հայաստանում արդեն մեծ թւով արևմտահայեր են ապրում, Հայաստանը թող արևմտահայերէնը պաշտօնապէս յայտարարի իբրև պետական երկրորդ լեզու։ Սա թոյլ կը տայ արևմտահայերին, որ Հայաստանում զարկ տան իրենց մշակոյթին ու լեզուին։
Սփիւռքը թուլանալով չէ, որ կը հզօրանայ Հայաստանը։
Հզօր Հայաստանը պէտք ունի հզօր Սփիւռքի։
Այդ պատճառով ժամանակն է, որ Սփիւռքը իր ոյժերը կեդրոնացնի նաև իր զարգացման վրայ, նամանաւանդ արևմտահայ մշակոյթի ամրացմանն ու ծաւալմանը։
Հայութեան հարստութիւնը իր զանազանութիւնն ու երփներանգութիւնն է։
Այդ երփներանգութիւնը պէտք է խնամել ու մշակել։
[1] Ի դէպ համակարգիչով և ոչ ձեռքով գրելը նմանապէս վնասում է մտքին։ Ձեռքը միայն իրեր բռնելու գործիք չէ, այլ նաև ըմբռնելու միջոց։ Այդ պատճառով ընտանիքները պէտք է ուշադիր լինեն, որ երեխաները միայն համակարգիչներով չզբաղուեն, այլ իրենց ձեռքերը համապարփակ օգտագործեն։ Ձեռքի շարժումը մտքի ու լեզուի մարզում է։