https://www.azatutyun.am-Մոսկվայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին Փաշինյան – Ալիև թեժ բանավեճին հաջորդած եռակողմ հանդիպումը Ռուասաստանի նախագահի մասնակցությամբ երեկ ուշ գիշերին ավարտվել է առանց համատեղ հայտարարության, կողմերը որևէ փաստաթուղթ չեն ստորագրել։
Երեք երկրների առաջնորդները քննարկել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր, պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները շարունակել մեկ շաբաթից՝ երեք երկրների փոխվարչապետերի հանդիպման շրջանակում, տեղեկացնում է Հայաստանի վարչապետի գրասենյակը։
«Կողմերի միջև դեռ չկարգավորված հարցեր կան»
Հանդիպման մեկնարկին Պուտինը հայտարարել է՝ կողմերի միջև դեռ չկարգավորված հարցեր կան։
«Ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, չնայած բոլոր դժվարություններին և խնդիրներին, որոնք դեռ բավականաչափ են, իրավիճակը զարգանում է կարգավորման ուղղությամբ։ Այդ ուղղություններից մեկը՝ տրանսպորտային հաղորդակցությունների ուղղությամբ աշխատանքն է։ Հենց նոր մենք երեքով դեմ առ դեմ բավական մանրակրկիտ այդ մասին խոսել ենք և դեռ կան մինչ այս պահը չկարգավորված հարցեր», – ասել է Ռուսաստանի նախագահը։
Պուտինի խոսքով՝ չկարգավորված հարցերը բացառապես տեխնիկական բնույթ են կրում, դրանք, սակայն, Կրեմլի ղեկավարի համոզմամբ, հաղթահարելի են։ Թե հատակապես, որ հարցերի շուրջ են տարաձայնությունները, Ռուսաստանի նախագահը չի հստակեցրել, միայն նշել է, որ «հարցը տերմինաբանության մեջ է»։
«Իհարկե, այդ տերմինների հետևում պետք է լինի ճշգրիտ պատկերացում այն իրողությունների և իրադարձությունների մասին, որոնք կհետևեն համապատասխան փաստաթղթերի ստորագրմանը, բայց, մեր կարծիքով, նկատի ունեմ բոլորիս՝ և՛ Ադրբեջանի նախագահի, և՛ Հայաստանի վարչապետի, դրանք հաղթահարելի խոչընդոտներ են։ Մեծ հաշվով՝ դրանք գոյություն չունեն, զուտ տեխնիկական հարցեր են», – ասել է Ռուսաստանի առաջնորդը՝ երեք երկրների փոխվարչապետերին առաջարկելով մեկ շաբաթից կրկին հանդիպել և վերջնական տեսքի բերել այդ հարցերը։
«Հայաստանը շահագրգռված է բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ»
Ավելի վաղ թե՛ ԵԱՏՄ նիստին, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին Ալիևի հայտարարության պատճառով ծագած բանավեճի ընթացքում, թե՛ Պուտինի հետ երկկողմ հանդիպմանը, վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը շահագրգռված է բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ և պատրաստ է սկսել այդ ուղղությամբ աշխատանքները՝ հիմնված Հայաստանի ինքնիշխանության և իրավասության վրա։
Ռուսաստանի նախագահն իր հերթին հավաստիացրել է՝ ճանապարհների ապաշրջափակումը ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար է շահավետ։
«Որովհետև դրանով շահագրգռված են շատ պետություններ, և դա կնպաստի հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով, այդ թվում՝ քաղաքական՝ այս տարածքում ապրող մարդկանց անվտանգության ապահովման առումով»,- համոզմունք է հայտնել Ռուսաստանի առաջնորդը։
Պուտինը, սակայն, նույնքան հաստատակամ չի արձագանքել Փաշինյանի բարձրացրած մյուս հարցին՝ Լաչինի միջանցքի հետ կապված, որը, ինչպես Հայաստանի վարչապետն է իր խոսքում հատուկ ընդգծել, արգելափակվել է ռուս խաղաղապահների ներկայությամբ։
«Ցավոք, հակառակ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, Ադրբեջանն ապօրինի արգելափակեց Լաչինի միջանցքը, ինչի պատճառով Լեռնային Ղարաբաղը հայտնվեց հումանիտար ճգնաժամի մեջ», – ասել է Փաշինյանը և նկարագրել Արցախում տիրող իրավիճակը։
«Բավական լարված է, դադարեցվել է բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը, սննդամթերքի և ապրանքների մատակարարումները բարդ են։ Ռուս խաղաղապահները աջակցում են, բայց, ցավոք, ինչպես ասացի, Լաչինի միջանցքի արգելափակումը տեղի ունեցավ ռուս խաղաղապահների ներկայությամբ», – ասել է Հայաստանի վարչապետը։
Ի պատասխան, Կրեմլի ղեկավարը կրկնել է Լաչինի միջանցքի՝ ավելի քան հինգ ամիս շարունակվող արգելափակման ֆոնին պաշտոնական Մոսկվայի հայտարարությունը, թե Լաչինի միջանցքի վերաբերյալ երբեք չեն փոխել իրենց դիրքորոշումը։
Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող այդ ճանապարհն արգելափակած Ադրեջանի նախագահի հետ երկկողմ հանդիպմանը Ռուսաստանի ղեկավարը բանակցությունների հրապարակային հատվածում այդ հարցին չի անդրադարձել։ Փոխարենը նա գոհունակությամբ է խոսել ռուս-ադրբեջանական, իր բնորոշմամբ, բարձր մակարդակի հարաբերությունների մասին՝ ընդգծելով՝ հաշվի են առնվում միմյանց շահերը։
Ալիևն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահին Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում ներդրած ջանքերի համար և վստահություն հայտնել, թե Փաշինյանի կողմից Ղարաբաղն Ադրբդեջանի մաս ճանաչելու մասին հայտարարությունը, ինչպես նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը՝ տարածքի կոնկրետ թիվը նշելով, հեշտացնում է խաղաղության պայմանագրի մյուս կետերի համաձայնեցման հարցը։