Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը բիզնես չունի: Պակաս ցնցող չէ, պայմանով, որ սուտ չէ: Արմագեդոնն էլ ցնցող է, եթե սուտ չէ: Րաֆֆի Հովհաննիսյանի «բադասխան եք տալու» արտահայտությունն էլ է ցնցող: Միակ աներկբա ճշմարտությունն այն է, որ Գալուստ Սահակյանն ԱԺ նախագահ է:
Իսկ դուք գիտե՞ք, թե որտեղ են բիզնես չունենալու մասին Գագիկ Խաչատրյանի, Հովիկ Աբրահամյանի և այլ պաշտոնյաների փուչ կրակոցների արմատները: Չեք էլ պատկերացնի՝ թուրքերի մեջ: Նրանք են, չէ՞, ասում, ցեղասպանություն չի եղել: Եթե եղել է՝ ապացուցեք: Գագիկ Խաչատրյանը երեկ լրագրողներին ասում էր՝ ապացուցեք, որ բիզնես ունեմ: Եթե, հանձին Թուրքիայի, մի ամբողջ պետություն մարսում է ակնհայտ ճշմարտության խեղաթյուրումը հակառակ փաստերի, բիզնեսն ի՞նչ է, որ ասես՝ չունեմ: «Ջազվեն» ու ամբողջ հեռուստադաշտն էլ Միքայել Մինասյանինը չէ:
Երբ ասում ես՝ չունեմ, ընդունում ես, որ բիզնեսը և պաշտոնը անհամատեղելի են: Իտալացիները սա չգիտեի՞ն, երբ Բեռլուսկոնիին դարձնում էին վարչապետ: Գիտեին: Բայց Բեռլուսկոնին նրանց չէր խաբում: Եվ վարչապետի կարգավիճակով քրեական հետապնդման էր ենթարկվում մաֆիայի հետ կապերի համար, որովհետև նրանց օգտագործել էր իշխանության ամենավերևում հայտնվելու համար: Այսինքն՝ բիզնեսը և մաֆիան պաշտոնեական առաջխաղացման հրաշքներ են արձանագրում:
Գագիկ Խաչատրյանը հերքում է իր բիզնես ունենալը, որովհետև մամուլը և հասարակությունն այդքանով չեն բավարարվելու: Դեռ պետք է «բադասխան» տա, թե ինչպես է անկախության առաջին տասը տարիներին ինչ-որ շրջանային ագրոֆիրմա ղեկավարած, իսկ հետո միայն հարկային տեսչության պետ աշխատած Գագիկ Խաչատրյանը դարձել Հայաստանի փաստացի ամենահարուստ մարդը: Մարդը միայն անկախության առաջին հինգ տարիներին է մասնավոր ֆիրմայում աշխատել:
Գագիկ Խաչատրյանը Հայաստանը թալանած բոլոր պետական պաշտոնյաների ինդուլգենցիան է: Քանի դեռ նա բիզնես «չունի», պետական պաշտոնյաներից ոչ ոք բիզնես չունի: Երևի միայն խեղճ Սերգո Կարապետյանը չի թաքցնում, որ «Արտֆուդն» իրենն է, դրա համար էլ նրա բիզնեսի հետ կապված հարցեր չկան: Պարզապես նախարար դառնալուց հետո աջիկայի որակն է գցել և անկեղծորեն ուզում ես հասկանալ՝ ինչո՞ւ: Բայց մյուսները՝ Գագիկ Բեգլարյանը, Արամայիս Գրիգորյանը, Հովհաննես Մանուկյանը (այս մեկի բիզնեսը եզակի է, երբեք ապրանք չի ծախել, միայն դատավճիռներ), ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, Երվանդ Զախարյանը բիզնես չունեն: Վերջինիս պարագան էլ է հետաքրքիր: Թվում է, թե մարդը ինչ հնարավոր վատություն կարելի էր անել այս երկրին Երևանի քաղաքապետ եղած ժամանակ, արել, վերջացրել է, պետք է թոշակի գնա: Բայց՝ ոչ, դարձավ էներգետիկայի և բնական պաշարների նախարար:
Մի դեղատոմս կա հասկանալու այս մարդկանց կոռումպացվածության պոտենցիալը: Պարզ է, չէ՞, որ Հովիկ Աբրահամյանը կամ Սերժ Սարգսյանը պետք է, այսպես ասած, մաքուր ձեռքերից սկսեին նոր հրամայականների «շահագործումը»: Բայց ինչո՞ւ դարձյալ կպան Գագիկ Խաչատրյանից, Երվանդ Զախարյանից կամ Գագիկ Բեգլարյանից: Որովհետև այս մարդիկ տալիք ունեն: Այսինքն, հատկապես այս մարդիկ գիտեն, թե ինչպես պետական բյուջեն դարձնեն մասնավոր:
Երբ Գագիկ Խաչատրյանն ասում է, որ ինքը բիզնես չունի, հենց դա է թաքցնում՝ պետական բյուջեի և իր բիզնեսի սերտ կապը: Որովհետև մեր օրենսդրությունը թույլ չի տալիս հրապարակավ վարվել այդպես և առաջ գնալ Սիլվիո Բեռլուսկոնիի պես: Ուստի, աշխատում է «սուխոյ ատկազի» ինստիտուտը: Ինչպես թուրքերի դեպքում: Բայց նրանք դեռ ընդունում են, որ «հայերի հետ կապված տհաճ միջադեպեր են եղել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ»: Այսինքն, «պատերազմ էր, ամեն ինչ էլ կպատահի»:
Տեղ հասանք: Գագիկ Խաչատրյանը և մյուսները իրենց ներաշխարհում Հայաստանը դրել են պատերազմական իրավիճակի մեջ, որտեղ բյուջեի հաշվին փող աշխատելը մի երևելի հանցագործություն չէ: Չի գալիս այնպիսի մի խաղաղություն կամ թույլ չեն տալիս, որ գա այդ խաղաղությունը, որպեսզի նրանք պատասխան տան պետական բյուջեի ծավալները գերազանցող իրենց բիզնես կայսրությունների ձևավորման աղբյուրների համար:
Սիվիլնեթ